Մահացել է Արցախյան պատերազմի գերգաղտնի մարդը` Սերգեյ Աթարբեկյանը (RK)

Երեկ իր մահկանացուն կնքեց Արցախյան պատերազմի լեգենդներից մեկը` պատերազմի գերգաղտնի մարդը, որի գաղտնանունն էր RK. Էռկա: Խոսքը Սերգեյ Աթարբեկյանի մասին է, եզակի մարդու, որի տանը մինչ օրս ժապավենների վրա պահպանվում են ազատամարտի ժամանակ հնչած բոլոր ռադիոխոսակցությունները:

Այժմ ներկայացնում ենք բացառիկ նյութեր, այս բացառիկ մարդու մասին:

Պատերազմի առաջին օրերից մինչև հաղթական ավարտ ռազմադաշտի ամենաթեժ կետերից, խրամատներից ու երկրի բարձրագույն ղեկավարության առանձնասենյակներից կապի մեջ մտած խոսակցությունները, օգնության կանչերը, հրահանգները բացառիկ վկայություններ են և լույս են սփռում բազմաթիվ մութ, առեղծվածային պատմությունների վրա: Սա իրական ճշմարտությունն է, որը կեղծել չի կարելի: Այս ամենը մեզ է տրամադրել արցախյան ազատամարտի գերգաղտնի մարդը` Էռկան (PK), Սերգեյ Աթարբեկյանը, ով առաջին օրերից ստեղծեց և մինչև վերջ ապահովեց ռադիոկապը խրամատների և ղեկավարության միջև: Կցկտուր այս հաղորդումներում բացահայտ երևում է մեր ժողովրդի հզոր կամքն ու հայրենիքին մինչև վերջ նվիրվածությունը: Անշուշտ, կան պետական գաղտնիք պարունակող եզակի խոսակցություններ, որոշ մարդկանց համար «ոչ նպաստավոր» նյութեր, որոնք խմբագրությունը կաշխատի հանրության սեփականությունը չդարձնել:

Տպագրում ենք ռազմաճակատի թեժ կետերից ռադիոկապով հնչած այս բացառիկ խոսակցությունները:

Գերգաղտնի այս մարդու մասին մենք առաջին անգամ գրել ենք, երբ «Հայացք» ստեղծագործական խումբը տպագրում էր «Հայաստանի զրուցակից» թերթը: Անհաշիվ հեռախոսազանգեր ստացանք, բազմաթիվ արձագանքներ: Իսկ ի՞նչ արդյունքներ եղան, արդյո՞ք պետական պատկան մարմիններին հետաքրքրեցին RK-ի ձեռքի տակ եղած նյութերը` պատերազմի ընթացքում ռադիոկապով հնչած բոլոր խոսակցությունների ձայնագրությունները, արխիվային եզակի մատյան-վավերագրերը: Այս ամենը պարզելու նպատակով կրկին հանդիպեցինք մեր նյութի հերոսին: Եվ նա մեզ տրամադրեց Արցախյան պատերազմի գրեթե ողջ ռադիոկապի խոսակցությունների ձայնագրությունները:

Իսկ մինչ այդ` հակիրճ ներկայացնենք նրան:

Սերգեյ Աթարբեկյան: Այս անունը շատ քչերին որևէ բան կասի: Իսկ նա Ղարաբաղյան պատերազմի թերևս ամենաչբացահայտված ու գաղտնի մարդն է: Մարդ, ով Արցախում և Հայաստանում ստեղծեց ռադիոկապի ցանց: Ով գերգաղտնի տեղեկություններ էր հայթայթում խորհրդային բանակի շտաբից, գաղտնալսում ադրբեջանցի զորահրամանատարների խոսակցությունները, կապ ապահովում խրամատներում կռվող մեր տղաների ու երկրի գերագույն հրամանատարության միջև: Նա կարողանում էր պատերազմի խառնակ օրերին ամենահավաստի ինֆորմացիա հաղորդել ՀՀ և ԼՂՀ ղեկավարություններին, կանխավ տեղեկացնել թշնամու տեղաշարժերի ու մտադրությունների մասին, տարածած ստահոդ տեղեկություններով շեղել հակառակորդի ուշադրությունն ու թուլացնել նրա զգոնությունը:

1988-ին Սերգեյը Ստեփանավանի օդանավակայանի տնօրենն էր: Միաժամանակ նրա տրամադրության տակ էին Օձունի և Բագրատաշենի օդանավակայանները:

88-ի ավերիչ երկրաշարժից հետո Ստեփանավանի օդանավակայանը փակվեց: Սա օգնեց Սերգեյին` ավելի ակտիվորեն մասնակցելու շարժմանը: 1989 թ. մայիսին ինքնակամ դիմում գրեց պետի պաշտոնից հրաժարվելու մասին և տեղափոխվեց Երևան: Սերգեյ Աթարբեկյանն աշխատանքի է անցնում«Զվարթնոցում»` որպես սովորական ռադիոօպերատոր:«Այդ օրերին ոչ հոսանք կար, ոչ կապ: Իսկ պատերազմի շեմին գտնվող երկրի համար կապը կենսական է: Այդ պատճառով էլ գնացի«Զվարթնոց», որպեսզի կարողանամ ուժերիս ներածին չափով օգնել, օգտակար լինել»: Հանրապետության մեծ ու փոքր գրեթե բոլոր օդանավակայաններում աշխատած, կապավորի 37 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սերգեյը գերազանց էր պատկերացնում, թե կապը ռազմավարական ինչ նշանակություն կարող է ունենալ: Եվ նա հղացավ ֆանտաստիկ և անիրական թվացող մի գաղափար` կապավորել քիչ, թե շատ նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները, շտաբները, սահմանամերձ գյուղերը, նույնիսկ հակակարկտային կայանները, կապ տեղադրել«Զվարթնոցում»,«Էրեբունիում», Արզնու սպորտային օդանավակայանում, դպրոցներում, կամուրջների վրա, մարտավարական նշանակություն ունեցող սարերում ու ձորերում: Նախնական շրջանում նա գործում էր կամավոր: Այնուհետև ստանալով համապատասխան հրահանգ` կապավորել է կառավարական բոլոր ամառանոցները, երկրապահների բոլոր մեքենաները, խրամատները: Առաջին արդյունքներն սպասել չտվեցին:

Նախնական շրջանում նրան ոչ ոք չէր ճանաչում: Միայն ձայնն էին լսել և գիտեին կապավորի իր անունը` PK:

ՀՀՇ ղեկավարությունը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, որոշում է կայացնում` բարձր մակարդակով աջակցել Սերգեյ Աթարբեկյանին, նրան տրամադրել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս մեծանա ռադիոկապի ցանցի աշխարհագրությունը և առավել ստույգ ու հստակ ինֆորմացիա հաղորդվի ղեկավարությանը:

Հակառակորդը նույնպես զգոն էր: Նա արդեն հասկացել էր, որ իրեն գաղտնալսում են: Սկսվեցին հետապնդումներն ու բացահայտման փորձերը: Սերգեյը գտավ ելքը:«Երկար մտածելուց հետո վճռեցի գնալ Օձուն: Վերջիվերջո Օձունի ու Ստեփանավանի օդանավակայանի պետն եմ: Կգնամ, այնտեղից կապը կապահովեմ»: Որոշումը կայացվեց: 1989-ի ձմռանը Սերգեյը տեղափոխվեց Օձունի օդանավակայանի ծառայողական տուն, որտեղից էլ հետագա ողջ ընթացքում շարունակեց գործը: Սկզբում նա մենակ եկավ, որոշ ժամանակ անց Սերգեյին միացան կինը` տիկին Հռիփսիմեն և հինգ զավակները:

Կապի իր համակարգը

Սերգեյն ստեղծում է կապի համակարգ, մի ամբողջ աշխարհ, որն ուներ իր կանոնները և որոնց պետք է ենթարկվեին բոլորը` շարքային զինվորից մինչև գեներալ: Կապի առաջին կանոնն է խոսել ծածկագրով: PK-ն հորինում է կոդերի, գաղտնագրերի ու ծածկանունների մի ամբողջ համակարգ, որոնք անգիր պետք է իմանային նրա հետ կապի դուրս եկող բոլոր կապավորները: Ընդ որում, նա մի քանի անգամ փոխել է գաղտնագրերի ողջ համակարգը` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու և շեղելու նպատակով:

Ծածկագրերով խոսելը մեկ անգամ չէ, որ պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, ազատել վերահաս վտանգից: Կապի երկրորդ կանոնը թշնամու«լսողությունից» օգտվելն է:«Գիտեի, որ հակառակորդն ամեն վայրկյան մեզ լսում է: Ստեղծեցի մի անհասկանալի ծածկագիր: Տղաների հետ պայմանավորվեցինք, որ այդ հեռագրերը կտամ«հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏե վերտառությամբ, որպեսզի հակառակորդը լարված նստի այդ հաճախության վրա ու չխանգարի մեր մյուս կապերին»:

Պատերազմի օրերին PK-ն եղել է կապի գծով Վազգեն Սարգսյանի լիազորված անձը: Նա ապահովել է ոչ միայն խրամատ-ղեկավարություն, այլև խրամատ-խրամատ, խրամատ-օդուժ կապը:«Հատուկ սարքերի միջոցով բոլոր ուղղաթիռներին լսում էի: Եթե Ղարաբաղից ուղղաթիռ պետք է գար Հայաստան, առաջինը իմ հետ էին կապի մեջ մտնում, խնդրում, որ հաղորդեմ, որպեսզի հանկարծ չկրակեն»: Սերգեյը լսում էր նաև հակառակորդի օդաչուներին: Այսպես. Քելբաջարում մարդասիրական միջանցք էր բացվել, որպեսզի ադրբեջանցիները դուրս գան:«Ես կապի մեջ լսում եմ օդաչուին: Վերջինս Կիրովաբադին տեղեկացնում է, որ օդ է բարձրանում: Բայց հենց նույն պահին էլ ուղղաթիռը վայր է ընկնում: Այնքան գորգ, կահ-կարասի էին բարձել, որ ուղղաթիռը չէր կարողացել ծանրությանը դիմանալ: Ես եմ մերոնց հաղորդել, որ Քելբաջարի էսինչ տեղում ռուսական վարձու ուղղաթիռն ընկավ»:

«Մի անգամ մի գյուղից կապ են տալիս, թե գյուղի մյուս ծայրին գտնվող մեր հիմարներին ասա` թող չկրակեն, մենք ենք: Անմիջապես կապի մեջ եմ մտնում, ստուգեմ, տեսնեմ` ի՞նչ: Արդեն մի շաբաթ է, թուրքն է նստած գյուղի ծայրին, բայց ոչ ոք այդ մասին չգիտի»:

Ճշմարտությունն իր մոտ է

Մինչ օրս շատերի համար անհասկանալի և մեծ հարցականների տեղիք են տալիս Արծվաշենի, Շահումյանի ու Գետաշենի կռիվների ընթացքն ու հանգուցալուծումը: Որտե՞ղ է ճշմարտությունը: Այն կարող է լինել միայն մեկ մարդու մոտ: Նրա, ով լսել է կռվողների, հրամանատարների ողջ խոսակցությունը: Ընդ որում` ոչ միայն լսել, այլև ձայնագրել: Սերգեյ Աթարբեկյանն այն միակ մարդն է, ով տիրապետում է այդ ողջ հարստությանը: Ունի այդ կռիվների ժամանակ տեղի ունեցած բոլոր խոսակցությունների ձայնագրությունները:

Խորհրդային զորքն էլ` նրա«ցանցում»

Իր ստեղծած ռադիոցանցի շնորհիվ PK-ն գաղտնալսում է նաև պատերազմի դաշտում գործող խորհրդային հրամանատարությանը: Ստորև ներկայացնում ենք հարյուրավոր գաղտնալսումներից մեկի սեղմ բովանդակությունը:

-Անդրկովկասի օկրուգից խորհրդային բանակի գեներալը կապվում է Ղարաբաղում գտնվող մեկ այլ գեներալի հետ: Ձայնագրության մեջ գեներալները խոսում են, որ գիշերը ժամը 3-ին Սմիրնովի բրիգադը գալու է Խոջալուի օդանավակայան, անհրաժեշտ է Ստեփանակերտում առկա զինվորական ողջ տեխնիկան` մինչև վերջին փամփուշտը, տեղափոխել Վազիանի: Ընդ որում, դա պետք է արվեր խիստ գաղտնի, նույնիսկ հայերին ու ադրբեջանցիներին կաշառելու,«խրախուսելու» գնով:

Գեներալների խոսակցությունը ցնցում է Սերգեյին: Նա անմիջապես զանգահարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, նաև` Աշոտ Մանուչարյանին և հեռախոսով միացնում ձայնագրությունը: Մեր ղեկավարությունն անմիջապես կապվում է Մոսկվա: Որոշ ժամանակ անց գեներալների կարգադրությունը չեղյալ է հայտարարվում: Զինվորական տեխնիկան մնում է Ստեփանակերտում: Իսկ հետո Սերգեյն իմանում է, որ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը խիստ զարմացել էր հայկական կողմի օպերատիվությունից.«Մենք դեռ խոսքը չենք վերջացրել, դուք եկել, բողոքում եք, որ տեխնիկան տանում են»:

Ղարաբաղյան պատերազմի արխիվը ոչ մեկին պետք չէ

Պատերազմի գրեթե առաջին օրերից Սերգեյ Աթարբեկյանը ձայնագրել և գրի է առել ռադիոկապով հաղորդվող բոլոր խոսակցությունները, տեղեկությունները: Նրա պահոցում կան մի քանի արկղ մատյան-վավերագրեր, ձայներիզներ: Նրա մատյաններում կա շուրջ 70000 տող կոդավորված ինֆորմացիա: Իսկ յուրաքանչյուր տող վերծանման դեպքում կներկայացնի մեր պատմության ճշմարիտ մի էջը:

Այդ ամբողջ արխիվը Սերգեյ Աթարբեկյանի հարստությունը չէ: Պետությանն է: Դա իմ և ձեր պատմությունն է, մեր երկրի ու հայրենիքի վավերագրությունն է:

Եվ ի՞նչ: Այդ ամբողջ արխիվն այսօր խոնավությունից փչանում է: Պատերազմից հետո հատուկենտ մարդիկ են այցելել Սերգեյին և հետաքրքրվել նրա պահոցով: Նույնիսկ մեր պաշտպանական գերատեսչությունը փորձ չի արել` ձեռք բերելու այն: Մնացած կառույցների մասին խոսելն իսկ ավելորդ է:

Սերգեյի արխիվը ոչ մեկին պետք չէ: Հարց է ծագում` ինչո՞ւ: Համապատասխան կառույցներն ու անձինք չգիտե՞ն նրա և նրա ստեղծած վիթխարի պահոցի մասին: Հազիվ թե: Պատճառն անտարբերությո՞ւնն է: Թե՞ մեր օրերում ճշմարտությունը գրոշ չարժի` յուրաքանչյուրն ունի սեփականը:

Արփի Սահակյան

Շահումյանի անկումը (վերջին ժամերը)

1992 թ. հունիսի 13-ին խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը սկսեցին և կարճ ժամկետում (հունիսի 13-14-ը) իրագործեցին Շահումյանի բռնազավթումը:

13.06.1992: Ժամը 13:50- Հաղորդում է 24-ը (Շահումյան).- Բոլոր կետերից խփում են: Բարձունքները վերցրել են: Առաջ են շարժվում դեպի մեր գյուղերը: Շտապ օգտագործեք բոլոր միջոցները:

17:00- Շահումյանի հետ կապի է դուրս գալիս գեներալ Ֆելիքս Գզողլյանը.

-24, բացատրիր` ո՞նց է իրավիճակը: Ո՞վ կա այդտեղ:

-Մենակ եմ: Մարդ չկա:

-Եղանակը (իրադրությունը.- խմբ.) ո՞նց է: Ի՞նչ է կատարվում:

-Տանկերը մտնում են:

-Որտե՞ղ ես:

-Ես իմ կետում եմ: Պատուհանից երևում են: Ավելի մոտեցան:

-Բա դո՞ւ ինչի չես տեղափոխվում:

-Հեսա ես էլ եմ դուրս գալիս (խոսում է շատ հանգիստ, առանց խուճապի.- խմբ.):

-Շուտ, շուտ, շուտ:

-Ես կապից դուրս եմ գալիս: Տեղափոխվում եմ: Ռեզերվը դուրս կգա կապի:

18:00- Հաղորդում է 24-ը` անտառից.- Մեկ ժամ առաջ դուրս եմ եկել: Ժողովուրդը Գյուլիստանում է: Գյուղերը վերցված են` Հայ-Բարիս, Էրքեջ, Բուզլուխ: 24-ն աշխատում է ծառերի արանքից, ուրիշ տեղից: Գյուլիստանի վրա էլ 2 անգամ օդից աշխատանք է կատարվել:

14.06.1992: 05:30- 24-ը հաղորդում է. – Տղաները գտնվում են K-28 և K-26-ի միջև: Նոր հրամանատարն այստեղ էր: Նրանք կռվում են, ոչ մի միրաժ (շրջափակում.- խմբ.) չկա:

15.06.1992: 02:17- Հաղորդում է 33-ը (Մարտակերտ).- Դրությունը վատանում է: Մեծ ինտենսիվությամբ խփում են Չայլուի վրա: Մեկ օր առաջ ուժեղ կռիվներ են եղել: Մոտ 10 տեխնիկա կա:

24-ից (Շահումյան) փախած ժողովուրդը գտնվում է Թալիշում: Այն ջոկատները, որոնք գնում էին 24, տեսան, որ ժողովուրդը փախչում է, էլ չշարունակեցին իրենց ճանապարհը:

16.02.1992: 09:50- Հաղորդում է 24-ը (Խոսում է Շահեն Մեղրյանը).- 3500 հոգի մնում է անտառում: Ճակատագիրը հայտնի չէ: Գնդի կեսը Հաթերքում է: Իսկ այստեղ` 25 հոգի: Ճանապարհի վրա 7 կին սովից մահացել է: Ժողովուրդն անտառներում է: Իսկ իմ ջոկատի տղաներն ընկել են անտառ, որպեսզի իրենց հարազատներին գտնեն:

Հակառակորդը մեծ ուժեր է տեղաբաշխել Գյուլիստանի բարձունքներում:

Կապի մեջ է մտնում Գրազան (Վազգեն Սարգսյանի կեղծանունը` կապի դուրս գալիս): Նրա և Շահեն Մեղրյանի խոսակցությունն աղմկոտ է, անհասկանալի:

17.06.92: 11:50- Հաղորդում է

24-ը.- Ժողովրդի վիճակը ծանր է: Տրանսպորտ է հարկավոր տեղափոխման համար:

19.06.92: 09:52- Հաղորդում է ԿՁԽ-6-ը (Շահումյան).- Հայտնեք Դերենիկին, որ շտապ մեքենաներ բերեն ժողովրդին փրկելու համար: Դրությունը ծանր է: Կոտորվում են:

http://nyut.am/archives/352250

 

споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net