İsmail Naim Bey (Sanıvar) 1865 – 1924 – TBMM Albümü

armfvn.com-ը 01.03.2015 թ. գրում է. – «Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում թուրք պաշտոնյա Նայիմ բեյի «Աքոսրն ու կոտորածը Ռաս ուլ-Այնում և Դեյր Զորում 1916թ.» հուշերից մի հատված, որտեղ թուրք պաշտոնյան ներկայացնում է հայերի բնաջնջմանը վերաբերող մի շարք պաշտոնական անձանց գործողությունները, գաղտնի հրամանները՝ հայերի աքսորի և տեղահանության վերաբերյալ: Նշենք, որ Նայիմ բեյը 1915-1917թթ. եղել է Հալեպի գաղթականների տեսչության գլխավոր քարտուղարը: Հենց այդ տեսչությանն էր հանձնարարված կազմակերպել կայսրության բոլոր ծայրերից Հալեպ աքսորված հայերին Դեյր Զոր անապատ քշելու գործը: Նայիմ բեյի հուշերը 1920 թվին տպագրվել են Լոնդոնում: Ստորև ներկայացնում ենք մի հատված:

«Ես կարծում եմ, որ հայերի աքսորն ու կոտորածը … իրենց հավասարը չունեն անմարդկային արարքների մասին մինչև այժմ գրված պատմությունների մեջ: Թուրքիայի ընդարձակ տարածքի որ անկյունն էլ, որ հայացք նետես, որ խոր կիրճն էլ որ նայես՝ ամենուրեք կարելի է գտնել ամենադաժան կերպով խոխողված ու այլանդակված հազարավոր հայերի դիակներ ու կմախքներ:

Այն ժամանակ ինձ դեռ չէր վիճակվել գործ ունենալ աքսորյալների հետ . Ռաս ուլ – Այնում ես քարտուղար էի ծառայում Ծխախոտի մոնոպոլիայում : Գյուղից  անդին՝ գետի ափի մոտ, ես տեսնում էի հարյուրավոր դժբախտ կանանց ու երեխաների՝ մի քարավան, որոնք ամեն առավոտ գյուղ էին գալիս ողորմություն մուրալու: Նրանցից ոմանք ջուր էին կրում՝ փորձելով գոյությունը պահպանել այդ կերպ վաստակած հացի փշրանքներով:

Բայց այն ժամանակ դեռ ամառ էր, և նրանք կարող էին ապաստան գտնել ժայռերի կամ բլուրների փապարներում: Իսկ երբ վրա հասավ ձմեռը, գիշերվա խավարում լսվում էին ցրտից ու սովից մեռնողների թառանչները…

Երբեք չեմ մոռանա այդ գիշեերը: Ես Կայմակամի տանն էի: Դրսում մոլեգնում էր փոթորիկը: Մեր գտնված տեղից տաս րոպե քայլելու հեռավորության վրա լսելի էին տարերքի քմայքին մատնված այդ դժբախտ մարդկանց հառաչանքներն ու լացը: Կայմակամ Յուսուֆ Զիա բեյը բարի, սրտացավ մարդ էր: Մենք միասին դուրս եկանք տանից և ուղղվեցինք դեպի մի աղայի տուն, հետո էլի մի քանի ուրիշների և դժվարությամբ երկու-երեք վրան ճարեցինք: Տաս թե տասնհինգ ժանդարմների և ուրիշ մարդկանց օգնությամբ մեզ հաջողվեց վրանները խփել, որոնք կարող էին պատսպարան ծառայել տարաբախտ զոհերի համար: Նրանց մահը մի տխուր տեսարան էր, բայց էլ ավելի սարսափելի էր տեսնել, թե շներն ինչպես էին խժռում մարդկանց դիակները:

Դրանք Սեբաստիայի, Դիարբեքիրի և Խարբերդի տարաբախտ հայ բնակչության մնացորդներն էին: Հինգ կամ վեց նահանգից աքսորվել էին մոտ մեկ միլիոն բնակիչներ: Աքսորավայր հասնելու պահին յուրաքանչյուր քարավանում հազիվ 100-150 կին ու երեխա էին մնում: Դա ասում է այն մասին, որ մեծ մասը կոտորվել էին ճանապարհին:

Ժամանեցի Հալեպ: Պատահեց այնպես, որ Աբդուլահադ Նուրի բեյը, որը երեք-չորս օր առաջ էր ժամանել իբրև աքսորյալների գործերի գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ, ինձ նշանակեց իր գլխավոր քարտուղար:

Չնայած որ ես Ռաս ուլ-Այնում ականատես էի եղել հանցագործությունների, այնուամենայնիվ, չէի կարողանում հասկանալ դրանց նպատակը: Միայն հետագայում ընբռնեցի դրանց իմաստը: Ես սարսռում էի ամեն անգամ, երբ հարկ էր լինում գրանցել ծածկագրված գաղտնի հրամանները: Մահվան էր դատապարտված մի ամբողջ ազգ, այդ թվում կանայք ու մանկահասակ երեխաները:

Կառավարությունը սկզբում որոշել էր տարագրված հայերին ուղարկել Մահարա, Բաբ և Հալեպի հեռավոր այլ շրջաններ: Այնուհետև, սակայն, հետևեց Խան Զոր գետի հովիտը (Դեյր Զորի մոտ) աքսորավայր նշանակելու հրամանը:

Մի անգամ ներքին գործերի մինսիտր Թալեաթ փաշայից ստացվեց հետևյալ հեռագիրը. «Հայտնի ժողովրդին աքսորելու նպատակն է ապահովել մեր հայրենիքի բարօրությունն ապագայում, քանի որ նրանք որտեղ էլ որ ապրեն, երբեք չեն հրաժարվի խռովարար գաղափարներից: Ուստի մենք պետք է ձգտենք ինչքան հնարավոր է նվազեցնել նրանց թիվը»:

Այդ հեռագիրն ստացվեց 1915թվականի նոյեմբերին: Ութ օր անց այն հանձնվեց Ադուլահադ Նուրի բեյին նույնիսկ առանց գեներալ-նահանգապետի հաստատման: Նույն երեկոյան ժամը 11 անց 30 րոպեին աքսորյալների պետ Էյուբ բեյը և ժանդարմերիայի պետ Էմին բեյը շտապեցին նահանգապետի վարչություն՝ հանդիպելու Նուրի բեյի հետ: Նուրի բեյը անմիջապես նրանց ցույց տվեց ստացված հեռագիրը, և նրանք զեկուցեցին ևս մի ժամի չափ: Նրանց զրույցի նյութը հայերի ոչնչացման եղանակների հարցն էր: Էյուբ բեյը բացահայտ ջարդի կողմնակից էր, բայց Աբդուլահադ Նուրի բեյը, որ շատ խորամանկ մարդ էր, այդ պլանի հետ չհամաձայնեց: Նրա մտահղացումն այն էր, թե ավելի նպատակահարմար է նրանց ծանր փորձությունների ենթարկել կարիքի ու ձմռան միջոցով: Սպանելով նրանց այդ կերպ՝ կարելի էր ապագայի համար կանխապահովել այն ապացույցը, թե նրանք իբր մեռել էին բնական ճանապարհով:

Մինչ այդ պահը ժանդարմները չէին միջամտում Հալեպ աքսորվածների գործերին: Այժմ ժանդարմներն սկսեցին գործել ոստիկանության հետ համատեղ:

Շուտով Հալեպում ձեռնամուխ եղան եռանդուն գործողությունների: Աքսորյալներին կենտրոնացրին Գարմայի և Քիլիսի շրջաններում, ինչպես նաև Հալեպի շուրջը: Նրանց խմբերով ուղարկում էին Աքթերիմ, իսկ այնտեղից էլ Բաբ: Հետևանքը եղավ այն, ինչի հույս ունեին իշխանության ներկայացուցիչները: Ամեն օր զեկուցագրեր  էին ստացվում սովից, ցրտից ու հիվանդություններից հարյուրավոր մեռածների մասին: Էյուբ բեյը մեկնեց Ազազ: Վերադառնալուց հետո նա ներկայացավ նահանգապետի վարչություն և ուրախությամբ հաղորդեց, որ այրել է վրանները: Բաբը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ամենուրեք մոլեգնում էր տիֆը: Կայմակամն ու աքսորավայրի գործերը տնօրինող պաշտոնյաները ամեն օր զեկուցագրեր էին ուղարկում մահացության մասին: Մահը ճարակում էր ոչ միայն հայերին, այլև հնձում էր նաև տեղական բնակչությանը:

Մի անգամ Աբդուլահադ Նուրի բեյին ասացի. «Բեյ էֆենդի, եկեք հայերի աքսորի խստությունը նվազեցնենք, այլապես մահը կսպառնա ողջ Միջագետքին: Այս ընդարձակ մարզերում սատանաներից բացի ոչ ոք չի մնա: Ռաս ուլ-Այնի կայմակամը տագնապալի տեղեկություններ է հաղորդում»:

Նուրի բեյը ծիծաղեց. «Տղաս,- ասաց նա,- այդպիսով մենք միանգամից կազտվենք երկու վտանգավոր տարրից: Չէ որ հայերի հետ միասին մեռնում են արաբները: Մի՞թե դա վատ է: Չէ որ մաքրվում է ճանապարհը թրքության համար»:

Այդ ահավոր պատասխանից սարսռացի:

Ի՞նչն էր այդ մարդուն ստիպում այդպես համարձակ ու աներկյուղ իրագործել այդ դաժան ու դիվային ծրագիրը: Այդ մասին շատ բան կարելի է ասել, բայց աքսորի գործերի կոմիտեի թղթերի մեջ գտածս մի հրամանի պատճենը ինքնըստինքյան բավական է բացատրելու այն համարձակությունն ու վստահությունը, որով Նուրի բեյը կատարում է իրեն հանձնարարված խնդիրը՝ բնաջնջել բոլոր հայերին: Ահա այդ հրամանը:

«Թեև հայ տարրը բնաջնջելու հարցը, որ դարեր շարունակ ջանում էր ավերել մեր Կայսրության ամրակուռ հիմքը, իսկ ներկայումս իրական վտանգ է դարձել, վճռվել էր ավելի վաղ, սակայն հանգամանքները թույլ չէին տալիս իրագործել այդ սրբազան գործը: Այժմ, երբ բոլոր արգելքները վերացված են, և հասել է մեր հայերնիքը այդ վտանգավոր տարրից ազատելու ժամանակը, հաստատակամորեն խորհուրդ է տրվում չենթարկվել կարեկցանքի զգացմունքին՝ ի տես նրանց թշվառ վիճակի, այլ վերջ տալ բոլորին և ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում: Հետևեք, որ նրանք, ում կվստահվի այդ խնդրի իրագործումը, հայրենասեր և հուսալի մարդիկ լինեն»:

Հայտնի չեն փաստաթղթի ամսաթիվը, ոչ էլ այն անձը, ում այն հասցեագրված էր, քանի որ դա պատճեն էր: Սակայն ամեն ինչ մատնանշում է, որ հրամանը ուղարկվել էր Թալեաթ փաշայի՝ ներքին գործերի մինիսիտրի անունից անմիջապես գեներալ-նահանգապետին և նրա կողմից հանձնվել աքսորի գործերի կոմիտե: Այդ հրամանը պետք է Հալեպ հասած լիներ նախքան Աբդուլահ Նուրի բեյի ժամանումը, հավանաբար դեռևս Ջելալ բեյի կառավարման օրոք: Թերևս հենց այդ առիթով էր Ջելալ բեյը հեռագրել Կոստանդնուպոլիս. «Ես նահանգի նահանգապետն եմ, և չեմ կարող լինել նրա դահիճը»: Նա անմիջապես ազատվել էր, և նրա փոխարեն ուղարկել էին Բեքիր Սամի բեյին, որը նույնպես կոտորածի հակառակորդ էր:

Գլխավոր վերակացու Շյուքրի բեյը արդեն մի քանի ամիս Հալեպում էր՝ կազմելով աքսորի ու կոտորածի ծրագրերը: Բայց նա չէր կարողացել բավականաչափ հուսալի մարդիկ գտնել ահավոր ծրագրի կատարման համար: Գեներալ-նահանգապետ Ջելալ բեյը դեռևս ազատված չէր և չէր կարելի հույս դնել նրա օգնության վրա: Միակ մարդը, որի վրա Շյուքրի բեյը հույս էր դնում, Ջեմալ բեյն էր, որը հատուկ ուղարկվել էր հայերի կոտորածը ղեկավարելու համար: Երկուսը համատեղ աշխատում էին իրականացնել չարագործությունը, բայց նրանք ոչինչ չէին կարող անել…

Միայն այն բանից հետո, երբ Հալեպի գեներալ-նահանգապետ նշանակեցին Մուստաֆա Աբդուլհալիդ բեյին, տեղի ունեցավ այդ ահավոր կոտորածը:

Սկզբում հայերին անապատային շրջաններ աքսորելն իրականացնում էր Հալեպի աքսորման գործերի կոմիտեին առընթեր գործադիր հանձնախումբը: Քանի դեռ այդ գործով գործադիր կոմիտեն էր զբաղվում, աքսորյալները համեմատաբար պաշտպանված էին բռնությունից ու կոպիտ վերաբերմունքից: Կառավարությունը պարզ հասկանում էր, որ այդ հանգամանքներում չէր կարող հասնել վերջնական նպատակին, ուստիև ազատեց նահանգապետին՝ Բեքիր Սամի բեյին, և նրա տեղը նշանակեց Մուստաֆա Աբդուլհալիդ բեյին, որին կարողացավ գրավել իր կողմը: Այդ մարդը հայերի թշնամին էր և ձգտում էր իբր հանուն Թուրքիայի բնաջնջել ողջ հայ ժողովրդին: Հրամանները, որ նա արձակում էր աքսորի գործերի կոմիտեին, այն աստիճան անգութ էին, որ դժվար է բացատրել…

Կառավարությունը այդ մարդու օգնական էր նշանակել Աբդուլահադ Նուրի բեյին: Աքսորի գործերի գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ Նուրի բեյը շատ խելացի, բայց ի բնե դաժան մարդ էր: Հայերի հանդեպ համակված լինելով ատելությամբ՝ նա նրբացված դաժանության մարմնավորում էր: Հայերի չարչարանքներն ու դժբախտությունները, ինչպես նաև նրանց մահվան դեպքրի մասին հաճախակի զեկուցագրերը նրան այնպիսի ցնծություն էին պատճառում, որ նա քիչ էր մնում ուրախությունից պարեր, քանի որ այդ ամենը նրա կարգադրությունների արդյունքն էր: «Կառավարությունը չի ցանկանում, որ այդ ժողովուրդը գոյություն ունենա»,- ասում էր նա սովորաբար: Նա դա կրկնել էր, երբ Հալեպ մեկնելուց առաջ նրան կանչել էին կառավարություն դիվանատուն: Ներքին գործերի մինիստրությանն առընթեր խորհրդականը նրան առաջարկել էր տեսնվել Թալեաթ փաշայի հետ: Նուրին մեկնել էր Բարձր Դուռ: Փաշայի մոտ մի քանի այցելուներ էին եղել:

«Ե՞րբ եք մեկնում»,- հարցրել էր Թալեաթը նրան տանելով մի կողմ՝ լուսամուտի մոտ, ցածր ձայնով ավելացրել էր. «Դուք, անշուշտ, գիտեք ձեր վրա դրված խնդիրը: Մենք պետք է Թուրքիան տեսնենք այդ անիծված ժողովրդից (հայերից) ազատված»…

Աբդուլահադ Նուրի բեյի գլխավոր գործակիցը իր անմիջական ենթական Էյուբ Սաբրի բեյն էր, մի արյունախում ու կաշառակեր մարդ: Սպանությունները, իսկ էլ ավելի շատ կողոպուտները նրա կյանքի նպատակն էին: Այդ պաշտոնում ծառայելու շրջանում նա մեծ կարողություն կուտակեց…

Հալեպի նահանգապետ Աբդուլհալիդ Նուրի բեյի կարգադրությանը համապատասխան, աքսորի գործերի կոմիտեի ներկայացուցիչ Աբդուլահադ Նուրի բեյը ձեռնամուխ եղավ տարագրումների կազմակերպմանը, և երբ դրանք սկսվեցին, հանցագործությունները հաջորդեցին մեկը մյուսին:

Ներքին գործերի մինիստրությունից նոր ահասարսուռ հրաման եկավ, որը նրանց գործողությունների լիակատար ազատություն որ ընձեռում, թեպետև նրանք դրա կարիքը չէին էլ զգում:

Այդ հրամանը ասում էր.

«Հալեպի նահանգապետին:

9 սեպտեմբերի 1915 թվականի: Թուրքական հողի վրա հայերի ապրելու և աշխատելու իրավունքը լիովին վերացված է: Դրան համապատասխան կառավարությունը իր վրա է վերցնում ամբողջ պատասանատվությունը և հրամայում  չխնայել անգամ օրորոցի երեխաներին: Մի քանի նահանգներում այս հրամանի իրագործումը արդեն տվել է իր արդյունքները: Չնայած դրան, մեզ անհայտ պատճառներով բացառություն էին արվել հանրահայտ մարդկանց նկատմամբ. Փոխանակ աքսորված լինելու ուղիղ աքսորավայր, նրանք թողնվել են Հալեպում: Դա էլ ավելի դժվարին կացության մեջ է դնում կառավարությանը: Ուշադրության չառնելով նրանց առարկումները՝ այդտեղից հեռացրեք բոլորին, ինչպես կանանց, այնպես էլ երեխաներին, անգամ նրանց, ովքեր ի վիճակի չեն շարժվելու: Մարդկանց թույլ մի տվեք պաշտպանելու նրանց, քանի որ իրենց անգիտակցականության հետևանքով նրանք նյութական օգուտները հայրենասիրական զգացմունքներից բարձր են դասում և չեն կարողանում հասկանալ կառավարության մեծ քաղաքականությունը, որը պնդում է այդ միջոցառումների իրականացումը: Բնաջնջման զարտուղի միջոցների փոխարեն, որ կիրառվում են ուրիշ վայրերում, ինչպես օրինակ խստությունը, հապճեպ աքսորը, տեղափոխումների դժվարությունները և զանազան ձախորդությունները, կարելի է առանց վտանգի դիմել անմիջական միջոցառումների: Միայն թե գործեք ջանադրաբար:

Ռազմական մինիստրությունը ընդհանուր կարգադրություն է արել բանակի հրամանատարներին, որ նրանք չմիջամտեն աքսորի գործին:

Այս առաջադրանքի համար նշանակման պատասխանատու անձանց հորդորեք, որ իրենք պարտավոր են կենսագործել մեր բուն մտադրությունը՝ չվախենալով պատասխանատվությունից: Հաճեք ամեն շաբաթ թվական հաշվետվություններ ներկայացնել Ձեր գործունեության մասին:

Ներքին գործերի մինիստ Թալեաթ»:

 

Շարունակելի…

——————————-

İsmail Naim Sanıvar, (d. 1865 Erzurum) – (ö. 20 Aralık 1924), Türk siyasetçi.

Harbiye mezunudur. Erzurum İdadisi Dâhiliye Zabitliği, 4.Ordu Bölük ve Tabur Komutanlığı, 9.Kolordu Tabur Komutanlığı, 50.Alay Komutan Yardımcılığı, 29.Fırka Kayseri Asker Alma Şubesi Baskan Vekilliği, 29.Fırka Erzurum Askerlik Şubesi Başkanlığı, Erzincan 15.Kolordu Askerlik Şubesi Başkanlığı, TBMM I. Dönem Erzurum Milletvekilliği yapmıştır. Gümüş Liyakat Madalyası sahibidir. Evli ve beş çocuk babasıdır.

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert