Արցախյան ազատամարտի մասնակից Օֆելյա Գրիգորյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնի առիթով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացել է <<Գարեգին Նժդեհ>> մեդալի: Մեդալը, ինչպես տիկին Օֆելյան է նշում, գնահատանք է, թեպետ ինքը գտնում է, որ իրենից առաջ շատերն իրենց տղերքից պիտի ստացած լինեին նույն պարգևը: Ընդհանրապես ազատամարտիկների խնդիրները՝ սկսած սոցիալականից, վերջացրած առողջականով, կենցաղայինով, կրթականով, տիկին Օֆելյայի թույլ տեղն են: Բոլոր մարտական ընկերների հետ  սերտ կապեր է պահպանում, գիտի բոլոր խնդիրները և բոլորին օգնելու տարբերակներ միշտ փորձում է գտնել: Ճակատագրի բարեհաճությամբ, թե Աստծո նախախնամությամբ՝ ծնունդով թիֆլիսցի Օֆելյան իր ամուսնուն՝ բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանին հանդիպել է Արցախում՝ պատերազմի տարիներին: Պատերազմից տարիներ անց, թերևս վերարժևորելով իրենց հարաբերությունները, նրանք ընտանիք կազմեցին և այժմ երկու հրաշալի դուստր ունեն՝ Նանեն ու Գիսանեն: Տիկին Օֆելյան արդեն երկար տարիներ աշխատում է կրթության և գիտության նախարարությունում: Արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած է երիտասարդ տարիներից, դեռևս 1988-ից սկսած, երբ Թբիլիսիում հիմնադրվեց <<Կանչ>> կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկն էր: Այդ տարիներին արդեն ՀՅԴ անդամ էր, իսկ հետագայում արդեն Վրաստանի հատուկ նշանակության խմբի պատասխանատուն էր՝ զբաղվում էր առավելապես կազմակերպչական գործերով, ինչպես նաև մասնակցում էր տարատեսակ հատուկ նշանակության գործողությունների, որոնց մասին մինչև վերջ բաց խոսելուց առ այսօր հրաժարվում է: Մեր զրույցը տիկին Օֆելյայի հետ՝ Արցախի  պատերազմի օրերի, ինչպես նաև այսօրվա խնդիրների մասին է:

-Տիկի՛ն Օֆելյա, Դուք ապրում էիք Թբիլիսիում, երբ Հայաստանում սկսվեց շարժումը: Ինչպե՞ս ինտեգրվեցիք արցախյան ազատամարտին:

1988 թվականի օգոստոսին Թբիլիսիում հիմնադրվեց <<Կանչը>>: Դա իրականում ռուսական հապավում էր, քանի որ անդամները հիմնականում ռուսախոս էին՝ կամիտետ արմյանսկիխ նացիոնալնիխ չայնի: Հետագայում այս հապավումը հայկական իմաստ ստացավ ու շատ խորհրդանշական դարձավ՝ հոգու կանչ, հայրենիքի կանչ: Հիմնադիրներից մեկը ես եմ, Վիգեն Ներսիսյանը, Մարինե Ալավերդյանը, Յուրա Մարկարովը, ով արդեն չկա, և Սուրիկը՝ ազգանունը հիմա չեմ հիշում: Երևանում կատարվող իրադարձությունները շատ արագ արձագանք էր գտնում նաև այնտեղ, մենք Թբիլիսիում կազմակերպում էինք միտինգներ՝ համապատասխան պահանջներով: Հանգանակություններ էինք անում, սահմանների պահպանության համար խմբեր էինք կազմավորում:

-Վրաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն էր՝ այստեղով էին անցնում Հայաստան բերվող զենքը, սնունդ բերող գնացքները, որոնց Ձեր կազմակերպությունը որոշակիորեն նպաստել է: Դուք գաղտնի՞ էիք աշխատում:

-Չի կարելի ասել՝ գաղտնի. ես այդ ժամանակ արդեն երդվյալ դաշնակցական էի, և բոլորը շատ լավ գիտեին, թե մենք ինչով էինք զբաղված, և բնականաբար մենք շատ արագ դարձանք թիրախ: Մենք համագործակցված աշխատում էինք և՛ ՀՀՇ-ի հետ, և՛ Վազգեն Սարգսյանի ու Երկրապահի հետ՝ զենքի ներկրման, բազմաթիվ այլ հարցերի հետ կապված: Հետևում էինք այնտեղի ինֆորմացիոն հոսքերին, որը համակարգված ներկայցնում էինք հայաստանյան կենտրոններին, և պետք է ասեմ, որ բոլորը մեզ շատ վստահում և հավատում էին: Մեզ շատ էին օգնում նաև տեղի հոգևորականները՝ բոլոր հարցերում: Գիտե՞ք՝ դրանք տարիներ էին, երբ պետք էր գիժ լինել, խելառ լինել, հաշիվ չտալ, թե ինչ ես անում և ինչ կարող է քեզ պատահել:

-Կային խոսակցություններ, որ այդ ժամանակ ինչ-որ բարձրաստիճան  անձանց մերձավորներ են անհետանում, որոնք հետո հայկական ուժերի կողմից օգտագործվում են փոխանակումների նպատակով: Նման բաներ եղե՞լ են:

Իհա՛րկե եղել են: Չէի ուզենա շատ մանրամասներ հայտնել, բայց պատերազմն ունի իր գրված ու չգրված օրենքները: Պատերազմի ժամանակ երկու կողմն էլ իրենց տրված առաջադրանքները կատարելու համար դիմում են այս կամ այն քայլին. դա բնական է: Կան իրողություններ, որոնց մասին, գիտե՞ք, խիստ սահմնանափակ թվով մարդիկ:

Օրինակ՝ մի անգամ Վազգեն Սարգսյանից հանձնարարական եկավ՝ շտապ բերել մեկին, ում կարելի էր փոխանակել: Նույն օրը անհետացավ գրբացությամբ զբաղվող ադրբեջանական մոլլայի յոթնամյա երեխան: Մոլլան երիտասարդ աղջկա վրայից <<թուղթուգիր>> էր հանում, որ նա հաջող ամուսնանա, իսկ երեխան կորավ…

-Դու՞ք էիք այդ աղջիկը:

Այո՛, ես էի /ծիծաղում է-խմբ./… Հետո արդեն երեխան վերադարձվեց ինչ-որ բանակցության արդյունքում: Մի խոսքով՝ նման բաներ լինում էին:

1992-ից ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանի ռեֆերենտ օգնականն էի, լուրջ վերլուծական խումբ էր աշխատում /Սերգեյ Քալանթարյանն էր պատասխանատուն/, ինձ վրա դրված էր վրացական մամուլի թարգմանությունն ու մոնիթորինգը: Նոր եկող տղաները, ովքեր պիտի մարտական գործողությունների մասնակցեին, նախնական զորավարժությունների ու պատրաստվածության փուլ էին անցնում Արդանիշում: Թբիլիսիից եկող խմբերի հետ ես էի աշխատում, բոլորի համար առնվազն 5-6 օր կոփվելը պարտադիր էր: Պատահում էր՝ գնում էի դիրքեր, մասնակցում հետախուզության, որը շատ հետաքրքիր աշխատանք է:

-Դուք այդ ժամանակ փաստորեն երիտասարդ ազջիկ էիք, օրիորդ. մտավախություն չկա՞ր՝ բա որ գերի ընկնեի՞ք:

Մտավախություն, իհարկե, միշտ կար: Ես երբեք հետախուզության գնալիս զինվորական համազգեստ չեմ կրել. սովորական հագած-կապած, քսված- դզված աղջիկ էի, բայց նաև երբևէ Օֆելյա Գրիգորյանի, այսինքն՝ իմ իրական  անձնագրով չեմ եղել: Կարող էի լինել ուկրաինուհու, իսկ ավելի հաճախ՝ վրացուհու ազգանունով, քանի որ վրացերենին  լավ էի տիրապետում, համարյա կասկած չէր առաջանում:

Նման գործողությունների գնացողները, ասում են, որ վերջին փամփուշտ միշտ պահում էին իրենց համար, որպեսզի բռնվելու դեպքում ինքնասպան լինեն.  Դո՞ւք էլ ունեիք այդ փամփուշտը:

Միշտ պատրաստ եմ եղել ինքնասպանության, բայց իմը փամփուշտ չէր, թույն էր: Ես ինձ հետ ատրճանակ չէի տանում, դա վտանգավոր էր, թույն ունեի, որը, եթե բացահատվեի, անպայման պիտի խմեի: Սուտ կլինի, որ ասեմ՝ երբեք չեմ վախեցել բռնվելուց, կտտանքներից, տանջանքներից, բայց հոգեբանորեն թույնով ինքնասպանություն գործելու միշտ պատրաստ էի՝ ոչ միայն ինքս իմ, այլև ընդհանուր գործին չվնասելու համար:

Հիմա, երբ հետադարձ հայացքով վերլուծում եմ, ինքս ինձ հաճախ հարցնում եմ՝ կկարողանայի՞ գնալ այն նույն  քայլերին, որոնց այն ժամանակ շատ հանգիստ գնում էի: Գիտե՞ք՝ հիմա արդեն, երբ երեխաներ ունեմ, ու պատասխանատու եմ նրանց կյանքի համար, երևի չէ, չէի գնա: Բայց այն ժամանակ կյանքին այլ կերպ էինք նայում: Օրինակ՝ մոտ մի տարի հարազատ եղբորս հետ չեմ խոսել միայն այն բանի համար, որ ես եկել էի Արցախ, մասնակցում էի մարտական գործողություններին, իսկ ինքը չէր գալիս: Ես ինձ բարոյապես շատ վատ էի զգում: Հետո եկավ, միացավ Շուշիի առանձնակի գումարտակին /խոսքը Սամսոն Գրիգորյանի մասին է-խմբ/:

-Ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր ամուսնուն՝ դոկտորին, պատերազմի տարիներին:

Առաջին անգամ ես Արցախ եմ գնացել նրա հետ. գնում էի, որ օգնեմ իբրև բուժքույր: Հունահայ Ալիս ունեինք, ես էի ու երկու երիտասարդ բժիշկներ՝ Արտակ Խաչատրյանը, որը հետագայում Շահենի հետ զոհվեց, և դոկտորը՝ Նորիկը, ուղևորվեցինք Արցախ: Այդ օրը շատ լավ եմ հիշում, որովհետև դա նաև Դուշման Վարդանի զոհվելու օրն էր: Հիշում եմ՝ տոպրակով ծիրան ունեինք, տվեցինք տղաներին՝ հույսով, որ մի քիչ կօգտվեն, մնացածն էլ մեզ կվերադարձնեն մեզ: Մի քանի րոպե հետո տոպրակը տվեցին՝ մեջը միայն կորիզներ: Պարզվեց՝ 4 օր ոչինչ չէին կերել, սոված էին, ծիրանով հագեցրել էին քաղցը: Էդպես պատերազմի տարիներին հաճախ էինք հանդիպել, բայց այդ ժամանակ նույնիսկ մտքովս էլ չէր անցնում, որ կարող է հետագայում մենք միասին լինենք: Պատերազմից հետո դոկտորը մնաց Արցախում: Տարիներ անց՝ արդեն 2000 թվականին, երբ ինքը եկել էր Երևան, միասին Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի անվան դպրոցի վերանորոգման ծրագիրը նախաձեռնեցինք և միասին մոտ մեկ տարի աշխատում էինք: Այդ ժամանակ վերարժևորեցինք և գնահատեցինք մեր հարաբերությունները: Ինձ համար՝ իբրև կին, միշտ ամենաբարձր աստիճանին եղել են կռվող տղաները, և երևի սա ճակատագիր էր:

-Գանք այսօրվա խնդիրներին. ազատամարտի մասնակիցներից շատերն այսօր սոցիալական բազում խնդիրներ ունեն, և մի տեսակ անտեսված  ու խեղճացած են : Ես գիտեմ, որ Դուք կապ ունեք մարտական ընկերների հետ, բոլորի հոգսերով ապրում եք, բոլորից տեղյակ եք.  ո՞ւր հասցրեց կյանքը երբեմնի առյուծ տղաներին,  ո՞րն է լուծումը:

Ամենաացավոտ տեղին կպաք: Այսօր մենք շատ ընկերներ ունենք՝ իսկապես ապրելու խնդիր ունեն. աշխատանք չունեն, տուն չունեն: Նախ մի քիչ հեռվից գամ. չգիտես ինչու, տևական ժամանակ փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե պատերազմի առաջնագծում հայտնվել են նրանք, ովքեր կրթություն չունեին, ովքեր մտավորական չէին, նարկոման, հանցագործ կամ խուլիգան էին և գնում էին այլևայլ նպատակների համար: Իրականում այդպես չի եղել, որովհետև եթե ես անուն առ անուն հիմա փորձեմ մեր գումարտակի բոլոր տղաներին ներկայացնել, ովքեր սովորական զինվոր են եղել, ո՛չ հրամանատար, ունեին բարձրագույն կրթություն, որոշներն էլ համալսարանը կիսատ թողած էին եկել՝ հայրենիքի կանչով: Այսօր այդ տղաները հայտնվել են սոցիալական հորձանուտի մեջ. մեկն ուզում է իր երեխային արժանապատիվ կրթություն տալ՝ չի կարողանում, մյուսը տուն չունի, չի կարողանում ընտանիքը պահել: Կռված տղաները հպարտ և արժանապատիվ մարդիկ են, գիտեք նրանք չեն կարող ողորմություն ընդունել, բայց ես վստահ եմ, որ նրանք չեն հրաժարվի աշխատելուց: Նրանց պետք չի աջակցություն ցուցաբերել, փող տալ. դա մուրացկանության ճանապարհն է, որը մերժելի է: Նրանց պետք է աշխատանք տալ, որ իրենք արժանապատիվ վաստակեն իրենց ապրուստը:

-Պետությունը թոշակ կամ նպաստ չի՞ վճարում:

Վճարում է, բայց դա շատ քիչ է, դրանով հնարավոր չէ արժանապատիվ ապրել: Ես գտնում եմ, որ ազատամարտիկին պետք է հնարավորություն տալ, որ մարդիկ դրսևորվեն նաև խաղաղ աշխատանքում: Ես կարծում եմ, որ ՊՆ սոցիալական վարչությունը դրանով պետք է լրջորեն զբաղվի. դա իրենց թիվ 1 գործը պետք է լինի:

-Բայց եթե մարդը մասնագետ է, ինչո՞ւ պետք է խնդիր ունենա աշխատելու:

Ես մի օրինակ պատմեմ՝ ամուսնուս հետ կապված՝ ի միջի այլոց, նա, լինելով բժիշկ, այսօր օրինական աշխատանք չունի, թեպետ մեր տղաները մինչև այսօր անպայման հարցնում են իր խորհուրդը և ցանկացած բժշկի նշանակած դեղատոմս համաձայնեցնում են Նորիկի հետ: Իրենց համար դոկտորի ասածն ամենա-ամենան է: Մի շատ բարձրաստիճան անձի կողմից միջնորդություն էր արվել, որ Նորիկին ինչ-որ բուժհիմնարկում աշխատանքի ընդունեն: Բուժհիմնարկի տնօրենը վերցրեց կենսագրությունը, կարդաց՝ ավարտել է բուհը, երկու տարի աշխատել ինչ-որ հիվանդանացում և մեկնել Ղարաբաղ՝ մինչև 2000 թվականը: Վերջում գրված է՝ պարգևատրվել է <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով՝ 1994 թվականին / Մարտական առաջին խաչը զոհվածներին էին տալիս այն ժամանակ/: Այդ մարդը նայեց-նայեց և գիտե՞ք՝ ի՛նչ ասաց. << Կենսագրություններ կան, որ խանգարում են տնօրեններին կներեք՝ ես Ձեզ աշխատանքի ընդունել չեմ կարող>>: Սրանով ամեն ինչ ասված է:

Դեռ ամուսինս բժիշկ է և կարողանում է ինչ-որ ձևով աշխատել: Բայց ազատամարտիկներ կան, որ մասնագիտություն չունեն, այդ հարցն էլ պիտի լուծում ստանա, դրանով պետք է պետությունն զբաղվի: Ազատամարտիկները չեն ուզում բեռ դառնալ պետության համար, ուզում են արժանապատիվ ապրել:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Նկարը՝ Օֆելյա Գրիգորյանի ՖԲ էջից:

Նկարում՝ տիկին Օֆելյա Գրիգորյանը ամուսնու՝ ազատամարտիկ Նորիկ Շահբազյանի՝ դոկտորի հետ:

hayeli.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert