Հայաստանի և Հայաստանից դուրս ապրող հայազգի բոլոր ունևորները սկսել են մեկը մյուսի ետևից եկեղեցիներ կառուցել: Համաճարակի վերածված այդ ցանկությունը կյանքի կոչելու համար մարդիկ պատրաստ են հսկայական միջոցներ զոհաբերել: Միայն թե այդ ցանկության մեջ ոչ հավատ կա, ոչ հնազանդություն, ոչ ժուժկալություն, ոչ բարոյականություն: Սա ընդամենը մրցակցության պես մի բան է, մոդայիկ դարձած քայլ, մյուսներից ետ չմնալու ցուցամոլություն: Եվ արդյունքում այդ եկեղեցիները երբեք չեն դառնում սրբատեղի, քանի որ Աստծո տուն կոչվելու համար մի քիչ ավելին է պետք, քան պատերը, գմբեթը, խաչերն ու ներսում վառնող մոմերը: Բայց այդ հավելյալն արդեն ոչ փողով կգնես, ոչ իշխանությամբ կնվաճես, ոչ էլ զոռբայությամբ ձեռք կբերես:

Վերջին դեպքը եղածներից ամենատխուրն է, քանի որ պիտի իրագործվի ոչ միայն անմաքուր ձեռքերով ու մտադրություններով, այլև սրբագույն անունների շահարկմամբ: Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օրերս տեղի ունեցավ այստեղ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությունը: Այս անգամ պատվիրատուն ու փողատերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է՝ Տաշիր գրուպի սեփականատեր Տաշիրի Սամոն: Հաշվի առնելով, թե ինչ տեսք ու ծավալներ է ունենալու ապագա կառույցը, արդեն իսկ կարող ենք ասել, որ խոսքը մի քանի միլոն դոլարանոց նախագծի մասին է (հիշենք, որ Աբովյանում Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին շուրջ 6 միլիոն դոլար էր արժեցել):

Կարապետյան Սամվելի ինչի՞ն է պետք Պանթեոնում եկեղեցի ունենալը: Մենք այս հարցը տալիս ենք, քանի որ մեծ տարբերություն կա բարերարի, մեկենասի, հովանավորողի և եկեղեցատիրոջ միջև: Իսկ Սամոն միայն տեր կարող է լինել` իր բնույթի և պատկերացումների համապատասխան, քանի որ հովանավորը անպայման կհասկանար, թե Հայաստանում այսօր ինչն է առաջնային աջակցություն պահանջում և որ հազարավոր եկեղեցիներով լցված երկրում մի հավելյալ կառույցով չէ, որ պիտի ամրապնդվի հավատը: Նույն Սամոն պիտի նաև լսած լիներ վերջերս խելոք մեկի հնչեցրած հորդորն այն մասին, որ «եթե հաշվենք եկեղեցաշինության համար ծախսված հայկական կապիտալը, ապա հնարավոր կլիներ հայկական բանակը համալրել արդիական սպառազինությամբ, ինչը կնպաստեր մարդկային կորուստների նվազեցմանը»: Բայց նա ու նրան խրախուսողներն այդպես չեն մտածում, քանի որ այլ է նպատակը և ուրիշ է ներքին պահանջը: Հայ մեծ գրող Րաֆֆին բարեբախտություն է ունեցել չճանաչելու Տաշիր Սամոյին ու մյուս հայ օլիգարխներին: Վստահաբար կարող ենք ասել, որ Սամոն էլ իր հերթին շատ բան չգիտի Րաֆֆու մասին, որովհետև եթե իմանար, ապա գոնե ականջների մեջ արձագանք կտային մեծ գրողի այն մարգարեական խոսքերը, որ նա արտասանել էր շատ ու շատ տարիներ առաջ. «Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այդ անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ… Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ…»:

www.shame.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert