Հաջի Մանվել, Սեյրան, Լիսկա…

shame.am -Ապրիլի 13, 2015

Երեք առաքինի, աստվածավախ ու բարեպաշտ քրիստոնյաներ ուխտագնացության են մեկնել Երուսաղեմ: Հավատացյալ հոտը նրանց լավ է ճանաչում` գներալ Մանվել Գրիգորյան, գեներալ Սեյրան Սարոյան և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան: Սուրբ քաղաքից հիմա բերնեբերան պատմություններ են հասնում մեզ այն մասին, որ հիշյալ ուխտագնացները, մի-մի մոմ ձեռքներին, ծնկաչոք հասել են Քրիստոսի գերեզմանին, համբուրել են քարը և թողություն են խնդրել իրենց մեղքերի համար… Բայց հենց այս կետում էլ պատմությունն ընդհատվում է, քանի որ ոչ ոք չգիտի` ներողամիտ ո՞ր աստվածն իր սրտում այնքան գթառատություն կգտնի, որ ներում պարգևի այս հրաշալի եռյակին: Հայրենի սրբավայրերն ու աղոթարանները նրանց համար քիչ եղան: Մնացել էր վերջին հույսը` Երուսաղեմը:

 

Դարեր ի վեր նրանց, ովքեր ուխտի են մեկնել Երուսաղեմ, մարդիկ կոչել են «հաջի»: Այսօր նորաթուխ հաջիներ Մանվելը, Սեյրանը և Լիսկա կարող են իրագործած համարել իրենց առաքելությունը` աստծո լույսը բերելով Հայաստան աշխարհ իբրև նոր օրերի առաքյալներ: Սակայն, պարզվում է, որ նրանք մեկ այլ նպատակ էլ ունեին, և դա հատկապես շեշտում է սույն նվիրյալների գործի կարևորությունը: Մինչև Երուսաղեմ մեկնելը նրանցից առաջ այնտեղ էր հասել մի խաչքար, որը պիտի տեղադրվեր Երուսաղեմի հայոց պատրիարքության «Պարոնտեր» հողակտորի վրա և որի մոտ մեր հերոսները պիտի աղոթք հղեին Տիրոջը, որպեսզի նրա աջը պահապան լինի մեր երկիրը պաշտպանող զինվորին:

Այս ազնիվ ու աստվածահաճո նախաձեռնությունը միայն գովասանքի պիտի արժանանար, եթե դրա իրագործողները իրենց վարքով ու գործով արժանի լինեին բանակի ու զինվորի համար աղոթք արտասանելու: Արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը բարոյական իրավունք ունի խոսել հայ զինվորի մասին, եթե նրա ձեռքով սպանվեց այդ նույն բանակի զինվորական Ավետիք Բուդաղյանը: Մանվելն ու Սեյրանը կարո՞ղ են անկեղծորեն ցանկանալ մեր բանակի հզորացումն ու ամրացումը, եթե տարիներ շարունակ թալանել են այդ բանակը և շահարկել են նրա անունը իրենց անձնական բարեկեցության և իշխանության համար:

Անքննելի են Աստծու գործերը, սակայն քննելի են այն մահկանացուների արարքները, որոնք թաքնվում են սրբությունների թիկունքում` կարծելով, թե այդ լույսի տակ տեսանելի չեն լինելու իրենց սև գործերը:

Բայց մեր երևելի ուխտավորների հոգին ու դեմքը ծածկել չի լինի: Նույնիսկ հեռավոր Երուսաղեմում:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert