Մենք այս նամակով դիմում ենք ձեզ` Ռուսաստանում բնակվող հայրենապաշտ մտավորականներ և հայրենասեր ակտիվ երիտասարդներ.

Հայ ազգը մի շաբաթից հարգելու Է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ պատմական իրադարձությունների պատճառով մենք ոչ միայն կորցրեցինք ազգի լավագույն զավակներին, այլ նաև մեր պատմական հայրենիքի մեծ մասը, ինչը ստիպեց հայությանը ցրվել աշխարհով մեկ:

Հարյուր տարի անց մենք պետք է հասկանայինք, թե ինչն էր ցեղասպանության առաջնային պատճառը։ Վերլուծելով այդ իրադարձությունները, հանգում ենք այն եզրակացության, որ պատճառը ազգային պետականության ու պետության բացակայությունն էր: Այսօր, մենք` ՀՀ տարածքից դուրս բնակվող հայերս, պիտի գիտակցենք, որ Հայաստանի հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում։ Այն շրջափակված է և սահմանակից մյուս դարավոր թշնամի Թուրքիայի հետ։ ՀՀ աշխարհաքաղաքական դիրքից 20 ժամ դեպի հարավ և 18 ժամ դեպի հյուսիս լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են ընթանում Սիրիայում և Ուկրաինայում։ Տարածաշրջանում կատարվող աշխարհաքաղաքական փոփոխությունները պարտադրում են մեզ զգոն լինել և նաև`լծվել ՀՀ–ի և Արցախի ազգային միացյալ պետություն ստեղծելու գործին, քանզի հայ ազգի անվտանգության միակ գրավականը և երաշխիքը կարող է լինել նոր որակի ազգային հայկական պետությունը։

Այսօր Հայաստանում այդ գաղափարով տոգորված իր պայքարն է տանում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր Խորհրդարան» քաղաքական միավորումը։ Այդ կառույցի կողմից ղեկավարվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը, որը իր առջև դրել է նպատակ` մաքրել Հայաստանը քրեա-օլիգարխիկ համակարգից, և Հիմնադիր Խորհրդարանի մշակված հայեցակարգի հիման վրա ստեղծել նոր որակի հայկական պետություն նոր պետական համակարգով:

Հիմնադիր Խորհրդարանը վերջի ամիսների ընթացքում ՀՀ ներքին քաղաքական գործընթացների արդյունքում կամա թե ակամա դարձել է միակ իրական ընդդիմադիր ուժը, որից սարսափում են իշխանությունները և ենթարկում են հալածանքների Հիմնադիր Խորհրդարանի անդամներին։ Անցյալ տարի նոյեմբերից սկսվեցին հալածանքները։ Հրկիզվեցին շարժման մասնակիցների մեքենաները, ծեծի ու մահափորձի ենթարկվեց շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը, հունվարի 31–ին Արցախում «ռեյդային ստուգումներ» անվան տակ ծեծի ենթարկվեցին Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերները, որոնք խաղաղ ավտոերթով ուղևորվում էին Արցախ, ընտանիքներով ու երեխաներով, Արցախի մեր քույրերի ու եղբայրների հետ շփվելու և նրանց Հիմնադիր Խորհրդարանի գործողությունների մասին տեղեկացնելու նպատակով: Հալածանքները շարունակվեցին նաև մարտի 7–ին Գյումրիի մոտակայքում, երբ իշխանությունների հրամանով, քաղաքի մուտքի մոտ հավաքվել էին մոտ 300 քրեական տարրեր որպեսզի խոչնդոտեն Հիմնադիր Խորհրդարանի մուտքը Գյումրի։ Այդ օրը Հիմնադիր Խորհրդարանը չմտավ Գյումրի, խոստանալով գյումրեցի համախոհների հետ հանդիպել մեկ այլ օր։ Հիմնադիր Խորհրդարանը հետևելով իր խոստմանը մարտի 28–ին Գյումրիում հրավիրեց հանրահավաք: Մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում սադրանքների արդյունքում դանակահարվեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը: Միջադեպը տեղի ունեցավ մի վայրում, որտեղ այդ պահին բազմաթիվ ոստիկաններ կային, ովքեր հավաքվել էին, իբրև թե հասարակական կարգը պաշտպանելու համար:

Այսքանով հալածանքները չավարտվեցին։ Սույն թվականի ապրիլի 7–ին առավոտյան ժամը 06:30 սկսվեցին խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Իրենց բնակարաններից բերման ենթարկվեցին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, արցախյան հերոսամարտի լավագույն հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանը, պատերազմի լեգենդար մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավոր Պավել Մանուկյանը, Հիմնադիր Խորհրդարանի նախագահ, մտավորական, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, պահեստազորի գնդապետ, Հիմնադիր Խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը և քաղաքական ակտիվիստ, Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: Ապրիլի 9–ին նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ «զանգվածային անկարգություններ ապրիլի 24–ին նախապատրաստելու» հատկանիշով։

Մեղադրանքը չունի ոչ մի հիմք և իրավապահ մարմինները չունեն ապացույցներ: Շարժումը բազմիցս նշել է, որ իրենց գործողությունները կրելու են բացառապես խաղաղ բնույթ, ՀՀ Սահմանադրությամբ ընձեռնված իրավունքներով։ Հետևաբար, նրանց ձերբակալությունը ունի քաղաքական ենթատեքստ, և ձերբակալված քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ են:

Կոչ ենք անում Ռուսաստանի հայրենապաշտ մտավորականներին, ակտիվ քաղաքացիներին և հատկապես երիտասարդությանը դադարեցնել զսպված կեցվածքը, որն այս պահին հավասար է հանցանքի: Մեր բոլորիս լռությունը գործող վարչախմբի ապօրինի որոշումներին ու գործողություններին համաձայնվել է նշանակում։ Ի՞նչ ենք պատասխանելու մեր երեխաներին, երբ նրանք հարցնեն, թե ինչու են ազգի հերոս և նվիրյալ հայորդիները գտնվում բանտերում, և, թե ինչու են Ժիրոյի և Պավլիկի նման հայրենանվեր տղաները պատժվում:

Հարգելի հայրենակիցներ, երկրորդական հարցերը մեզ չպետք է շեղեն մեր երկրում կատարվող իրադարձություններից, այդ թվում, ազգի լավագույն զավակների ձերբակալումներից: Մենք պիտի հասկանանք, որ բոլոր հայկական հարցերի լուծումը և հիմքը հայկական ազգային պետության հիմնադրման մեջ է: Դատապարտելով մեր հերոսներին, իշխանությունները կրկնում են նախկին ԽՍՀՄ տոտալ-բռնապետական քաղաքականությունը, հալածելով այլախոհներին, հետևաբար, Ռուսաստանի հայ համայնքը լռելու իրավունք չունի:

Վերջապես մենք պիտի ընտրություն կատարենք։ Մնալ կյանքի հատակո՞ւմ հավատարիմ մնալով քավոր-խնամիական սկզբունքներին (լավ գործ, կողմնակի եկամուտ…), սերունդներին հավերժ դատապարտելով , թե՞ գնալ Ժիրայր Սեֆիլյան–Պավել Մանուկյան հայ տեսակի ետևից, ընտրել Գարեգին Չուգասզյանի կոմիտասյան Հայաստանն ու Վարուժան Ավետիսյան ասպետի կերպարը:

Հայկական Վերածնունդ Մոսկվայի մասանճյուղ


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert