Երկար եմ պայքարել, որպեսզի մի դրական բան արվի Բյուրականում, սակայն՝ ապարդյուն, և այլևս ինձ Հայաստանյան գիտության մաս չեմ կարողանում պատկերացնել. Լուսինե Սարգսյան Լուսինե Սարգսյան, Փետրվար 28, 2013

Լուսինե Սարգսյան։ Ավագ գիտաշխատող՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի Աստղադիտարանում և այցելող գիտաշխատող՝ Կորնելի Համալսարանում (ԱՄՆ)։ Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու։ Ներկա դրությամբ Բյուրականի աստղադիտարանում գտնվում է արձակուրդում՝ նախատեսված` երեխայի խնամքի համար, սակայն աշխատում է Կորնելի Համալսարանում, քանի որ այնտեղ նման արձակուրդի իրավունք չունի։

Գիտության մեջ ակտիվ գործունեություն ծավալողի ահա՝ չոր ու ցամաք այսքան տվյալներ, բայց, կարո՞ղ է պատկերացնել այս տողերը կարդացողը, թե իրականում ինչքան դառնություն, վիրավորանք ու հիասթափություն կա միաժամանակ…

Բարև Ձեզ, Լուսինե։ Ես լրագրող եմ և նյութեր եմ պատրաստում երիտասարդ գիտնականների մասին, հրապարակում եմ շարք՝ «Երիտասարդ գիտնականի ամբիոն» խորագրով։ Ձեզ դիմում եմ՝ որպես ակտիվ գիտնականի։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի: Նախապես շնորհակալություն։ Հարգանքով՝

Բարև Ձեզ, Մանե։ Անչափ շնորհակալ եմ, որ Ձեր հոդվածների միջոցով արտահայտվելու հնարավորություն եք տալիս երիտասարդներին։ Ես մանրամասն կարդացի հարցերը, սկսեցի դրանց պատասխանել, սակայն նյարդերս չդիմացան, ներեցեք, սակայն այն լրացնել պարզապես ի վիճակի չեմ։ Բավական երկար ժամանակ ես պայքարել եմ, սակայն անարդյունք, ես հույսս կտրել եմ որ Հայաստանում, հատկապես Բյուրականի աստղադիտարանում, որտեղի աշխատակից եմ համարվում, որևէ բան երբևէ կփոխվի։ Ես արդեն մի FaceBook-յան գրառման տակ գրել եմ իմ կարծիքը, այն է, որ ես այնքան եմ ամեն ինչից հիասթափված, որ հեռանում եմ հայկական գիտությունից, և հնարավոր է նաև ընդհանրապես գիտությունից (աշխատում եմ նաև Կորնելի համալսարանում)։ Երևի չեք հավատա, եթե ասեմ, որ իմ անձնական գումարների միջոցով ես համակարգիչներ եմ գնել աստղադիտարանի երիտասարդների համար, դրամաշնորհ եմ ստացել, որպեսզի նրանց թեմայի մեջ ընդգրկեմ, պայքարել եմ նրանց իրավունքների համար միջազգային դպրոցները կազմակերպելիս… սակայն այս ամենից մի բան եմ հասկացել, ամեն ինչ իզուր է և անիմաստ։ Քանի դեռ ղեկավար աթոռներին նստած են մարդիկ, ովքեր իրականում իրավունք չունեն այդ պաշտոններն ստանձնելու, ոչինչ երբեք չի փոխվի, թեկուզ և պետությունը միլիարդներ տրամադրի գիտությանը։ Հարգանքներով՝

Այնուամենայնիվ, Լուսինեն տեղի տվեց խնդրանքիս և պատասխանեց հարցերիս։

Այսպիսով՝ Պատասխաններ։

Ինչով ձգեց ինձ գիտությո՞ւնը։ Նորը «տեսնելու» և իմանալու իր «խոստումով»։ Սա ծնողներիս շնորհիվ է, մայրս միշտ սիրել է ֆիզիկան, իսկ հայրս մաթեմատիկան։ Մայրս փոքրուց եղբայրներիս և ինձ սովորեցնում էր հասկանալ մեզ շրջապատող երևույթները… Ես սովորում էի անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում, սակայն հետո, հետևելով ավագ եղբորս, ընդունվեցի ֆիզ.-մաթ. թեքումով դպրոց և այդ ժամանակ արդեն որոշեցի զբաղվել ֆիզիկայով։

Նախասիրություններից։ Սիրում եմ ֆոտոնկարչությունը… դա իմ տարերքն է… չնայած ոչ մի կերպ ժամանակ չեմ կարողանում հատկացնել դրան։

Կյանքիս և կարիերայիս ամենաշրջադարձային պահն իհարկե ապագա ամուսնուս հետ հանդիպումն էր՝ 2006 թ.-ին։

Գիտական խնդիրներց, տպագրություններից, միջազգային գիտաժողովներից, հղումներից… Որպես բակալավրի դիպլոմային աշխատանք՝ ուսումնասիրել եմ մոլորակաձև միգամածություններ։ Մագիստրոսական ավարտական աշխատանքս նվիրված էր բռնկվող աստղերի բռնկումների վիճակագրությանը, որը հետագայում տպագրվեց՝ որպես գիտական հոդված. իմ առաջին գիտական հոդվածը։ Մագիստրատուրան ավարտելուց հետո սկսեցի զբաղվել արտագալակտիկական աստղագիտությամբ։ Շատ մարդկանց հետ եմ աշխատել, քանզի յուրաքանչյուրից էլ սովորելու շատ բան ունեի։ Երբ Հայաստանում առաջին անգամ սկսվեց վիրտուալ աստղադիտարանի նախագիծը, ես ևս ընդգրկվեցի այդ նախագծի մեջ։

Թեկնածուական ատենախոսությունս նվիրված էր ինֆրակարմիր տիրույթում գալակտիկանների ուսումնասիությանը. պաշտպանել եմ 2010 թ.-ին։

Ներկայումս ընդհանուր առմամբ, ունեմ 21 գիտական հոդված, 12-ը՝ տեղական, 9-ը՝ արտասահմանյան ամսագրերում։ 8 հոդվածում հանդես եմ գալիս՝ որպես առաջին համահեղինակ։ Եվս երկու հոդված կտպագրվի արտասահմանյան ամսագրերում այս տարվա ընթացքում։

Մասնակցել եմ 2007 թ-ին անց կացված Joint European and National Astronomy Meeting-ին: 2007-ին աշխատանքս ներկայացրել եմ նաև Հռոմի համալսարանում կազմակերպված workshop-ին

Մանսակցել եմ 2001 և 2002 թթ. Վատիկանի աստղադիտարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցներին, Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված միջազգային ամառային դպրոցին 2006 թ.-ին։

2008թ-ին դասավանդել եմ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված միջազգային ամառային դպրոցում, իսկ 2010-ին նաև հանդես եմ եկել որպես դպրոցի քարտուղար։

Վերջին տարիների իմ աշխատաքները նվիրված են տիեզերական փոշու էվոլյուցիային և կլանմանը։ Ուսումնասիրությունները կատարվում են ամերիկյան «Սպիտցեր» և եվրոպական «Հերշել» տիեզերական դիտակներից ստացված դիտումների հիման վրա։ Ասեմ, որ առաջին հերթին ուսումնասիրել ենք այդ դիտակների միջոցով մեր կողմից ներկայացված դիտողական ծրագրի հիման վրա ստացված սպեկտրները։ Արդյունքում հայտանբերել ենք ամենամեծ լուսատվությամբ օժտված ինֆրակարմիր գալակտիկաները, որոնք տիեզերական փոշու կողմից կլանման հետևանքով, կամ շատ թույլ են կամ պարզապես անտեսանելի են սպեկտրի տեսանելի տիրույթում։ Գնահատել ենք փոշու կլանման չափը, որի հետևանքով տիեզերքի ամենահզոր օբյեկտները՝ քվազարները, կարող են անտեսանելի լինել սպեկտրի տեսանելի հատվածում։ Բացատրել ենք հեռու ինֆրակարմիր տիրույթում գրանցվող մեկ անգամ իոնացած ածխածնի ատոմի ճառագայթման բնույթը։

Ինչ վերաբերում է հղումներին, ապա դրանց թիվը տարբեր է և հիմնականում, ինչը բնական է, հղումներն արված են արտասահմանյան ամսագրերում տպագրված հոդվածների վրա։

Որպես խմբի անդամ՝ ներգրավված եմ եղել ANSEF և CRDF դրամաշնորհների շրջանակներում կատարված աշխատանքներում։ 2011-ին, որպես խմբի ղեկավար, ինքս եմ ստացել ANSEF դրամաշնորհ։

Որպես հրավիրված գիտաշխատող՝ ներկա պահին աշխատում եմ Կորնելի համալսարանում մի նախագծի վրա, որը ֆինանսավորվում է NASA-ի կողմից։ Նպատակն է՝ ուսումնասիրել տիեզերական փոշու էվոլյուցիան։ Պետք է նշեմ, որ խումբը, որի հետ համագործակցում եմ, յուրահատուկ տվյալների բազա է ստեղծել, այն բավականին մեծ արձագանք է ստացել միջազգային գիտական հանրության կողմից, քանի որ, ի տարբերություն այս խմբի անդամների, շատ քչերը կարող են արդյունավետ մշակել «Սպիտցերի» դիտակից ստացված սպեկտրնեը։ Խմբի մեկ այլ կարևոր արդյունքներից է «Հերշելի» դիտակով ստացված սպեկտրերի վերլուծության ծրագիրը, որը փաստորեն առ այսօր համարվում է ամենաարդյունավետը։ Աշխատելով այս խմբի հետ՝ ես հնարավորություն եմ ստացել թեստավորել  և  առաջինը կիրառել մշակման այդ ծրագրերը։

Ինչ վերաբերում է Բյուրականի աստղադիտարանում ունեցած աշխատանքին, ապա ընդգրկված էի մի խմբում, որը զբաղվում է հայկական վիրտուալ աստղադիտարանի ստեղծմամբ։ Խումբը սերտորեն համագործակցում էր Հռոմի համալսարանի հետ։ Արդյունքում՝ թվայնացվել են Բենյամին Մարգարյանի կողմից իրականացված հայտնի առաջին շրջահայության թիթեղները (որն, ի դեպ, թվայնացման առաջին փորձն էր Հայաստանում) Իտալական կողմի օգնությամբ ստեղծվել է թվայնացված թիթեղների մշակման ծրագիրը և տվյալների առաջին բազան։ Խումբը համագործակցում է նաև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ, որի արդյունքում նմանատիպ տվյալների բազա ստեղծվել է նաև Հայաստանում, սակայն, ի տարբերություն իտալականի, այն համապատասխանում է վիրտուալ աստղադիտարանների ստանդարտներին։ Երկար ժամանակ է՝ չեմ աշխատում այդ խմբի հետ։

Ցավոք, աստղադիտարանն ունեցել է միայն մեկ բարեհաջող համագործակցություն այլ հիմնարկի հետ, այն է՝ վերը նշված Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, սակայն, կարծում եմ, որ այն բավականին արդյունավետ էր։ Ինչ վերաբերում է արտասահմանյան կապերին, ապա նման կապերը շատ էին, սակայն աստիճանաբար թուլանում են՝ տիրող բացասական երևույթների պատճառով, քանի որ օտարերկրացի գիտնականները կամաց-կամաց հիասթափվում են՝ տեսնելով աստղադիտարանում տիրող վիճակը։ Այս ամենի մեղավորը՝ ինչպես մեր գիտական աշխատանքների մակարդակի անկումն է, այնպես էլ մեր գիտական միջավայրում գոյություն ունեցող կառուցվածքային խնդիրները։

Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից… Երկու անգամ արժանացել եմ Հայկական աստղագիտական ընկերության կողմից սահմանված մրցանակին, և մեկ անգամ Գյուլբենկյան մրցանակին։ Անձամբ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս նման մրցանակներին, քանի որ առավել պատվաբեր եմ համարում ավագ սերնդի հարգալից վերաբերմունքը երիտասարդի հանդեպ, քան ինչ–որ թղթի կտոր, որը ստանալուց հետո էլ երիտասարդը մնում է ստվերում։

Իմ աշխատանքներում համահեղինակների քանակը կախված է աշխատանքի բնույթից և ծավալից, կարող է լինել մեկ, կարող է լինել 7 և ավելի։ Վերջին հոդվածումներում տեխնիկական բոլոր լուծումները հիմնականում իրականացնում եմ ես, այն է՝ տվյալների բեռնում, համեմատում և մշակում։ Լիարժեքորեն ներդրում ունեմ նաև գիտական հատվածում։

Թե որոնք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները հարցին դժվար է հակիրճ պատասխանել, քանի որ սա ամենացավալի թեման է հայաստանյան ցանկացած գիտնականի համար։ Իհարկե, հիմնականում, որպես պատճառ, բերվում է պետության կողմից ոչ արժանի վերաբերմունքը և փոքր չափի ֆինանսավորումը։ Ես համակարծիք եմ, սակայն կարծում եմ նաև, որ խնդիրը նաև կառուցվածքային է` ֆինանսականին զուգահեռ։ Վերջինիս վերաբերյալ շատ են եղել արտահայտվողները, քննարկենք մյուսը։

Ամբողջ աշխարհում Ակադեմիաները վեր են ածվել հանրային կազմակերպությունների, իսկ մեզ մոտ այն դեռևս շարունակում է պահպանել Խորհրդային ժամանակներից եկող իր դիրքը։ Ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների կարգավիճակը նման է ստրուկի կարգավիճակին, ինստիտուտները չեն կարող ընտրել իրենց տնօրեններին, ակադեմիան է որոշում թե ով պետք է լինի տնօրեն և ով` ոչ, և կյանքը ցույց է տվել, որ գիտաշխատողների կարծիքը, մեղմ ասած, չի համընկնում Ակադեմիայի ընտրության հետ։ Բոլոր զարգացած երկրներում  վաղուց կիրառվում է բավականին դրական մի մեթոդ։ Հիմնարկի տնօրենի ընտրության ժամանակ հայտարարվում է բաց մրցույթ և թեկնածուների ցանկն ուսումնասիրվում է անկախ փորձագետների կողմից՝ որոնց անդամներ են հանդիսանում տվյալ հիմնարկի հետ բոլորովին կապ չունեցող գիտնականներ, ինչպես նաև օտարերկրացի գիտնականներ՝ ապահովելով օբյեկտիվ քննարկումներ, որի արդյունքում ընտրվում է այն թեկնածուն ով ներկայացնում է տվյալ հիմնարկի զարգացմանն ուղղված լավագույն ռազմավարական ծրագիրը։ Իսկ մեզ մոտ որոշումը կայացնում են ակադեմիական խորհրդի անդամները, արհամարհելով օտարերկրացի գիտնականի առաջարկը կամ անհանգստությունը։

Ակադեմիան համարում է, որ հիմնարկի տնօրեն կարող է լինել միայն հոդվածներ տպագրող, դոկտորականը պաշտպանած անձնավորությունը՝ առանց հաշվի առնելու տվյալ անձի ադմինիստրատորական ունակությունները և կարողությունները։ Կրկին անդրադառնանք միջազգային փորձին, որտեղ բազմաթիվ են այն դեպքերը երբ տնօրեններ են դառնում տվյալ բնագավառում մասնագիտություն ստացած, սակայն երկար տարիներ զուտ գիտական  գործունեություն չծավալած, բայց ադմինիստրատորական աշխատանքում փայլուն հաջողությունների հասած անձիք։

Կարծում եմ, որ պետք է զուգահեռաբար իրականացնել գիտության ղեկավարմանն ուղղված բարեփոխումներ, քանի որ առանց այդ բարեփոխումների, տրամադրված գումարները փոշիանալու են։

Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվող տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին դրական վերաբերմունք չունեմ, այդ իսկ պատճառով երբեք  չեմ մասնակցել, քանի որ ոչ թե մրցանակներն են կարևոր, այլ ֆինանսների նպատակային ուղղումը, այն է՝ օգնել երիտասարդներին ստեղծել իրենց լաբորատորիաները և նորմալ աշխատանքային պայմաններ։ Այնինչ, այս մրցանակներն ավելի շուտ նմանվում են մրցանակը սահմանող կազմակերպության կամ անձի էժանագին ինքնագովազդի՝ նկատի ունենալով, թե իրականում նրանք որքան ներդրումներ կարող էին կատարել գիտության զարգացման մեջ։ Ավելի լավ կլիներ, օրինակ, «Ծառուկյան» հիմնադրամի անունը գրվեր ոչ թե մի թղթի կտորի վրա, որը լավագույն դեպքում փակցվելու է պատին, այլ փոխարենը գրված լիներ գիտական լաբորատորիայի մուտքի մոտ՝ որպես լաբորատորիայի ստեղծմանը նպաստած կազմակերպություն։

Գիատական աշխատանքների լիարժեք գնահատականի համար, անհրաժեշտ է հաշվի առնել և՛ տպագրությունների քանակը, և՛ հղումների թիվը։ Գիտնականի համար պատվաբեր եմ համարում  միջազգային ազդեցության մեծ գործակից ունեցող ամսագրերում տպագրվելը, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ դեպքերում շատ լավ աշխատանքներ չեն կարողանում տպագրվել նման ամսագրերում, քանի որ դրանք հիմնականում վճարովի են։ Այո, անչափ կարևոր են նաև հղումները։ Այնպես որ, անհրաժեշտ է երկուսն էլ հաշվի առնել։

Բերեմ մեկ օրինակ. աստղագիտության դեպքում մենք ունենք մեր տեղական ամսագիրը, որը ժամանակին բավականին հարգի և պատվաբեր ամսագիր էր, սակայն խորհրդային կարգերի փլուզման հետ այն ևս անկում ապրեց։ Շատ կուզեի, որպեսզի այդ ամսագիրը կրկին գտնի իր տեղը։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ մինչ այժմ խմբագրությունը պահանջում է հեղինակներից՝ հոդվածները ներկայացնել ռուսերեն լեզվով, իսկ դրանից հետո թարգմանվում են անգլերեն, այն էլ՝ բավականին անմակարդակ ձևով՝ խեղաթյուրելով աշխատանքի իմաստը։ Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու է խմբագրությունն ամեն կերպ հրաժարվում տպագրել անգլերեն լեզվով։

Վերջերս մենք հոդված էինք ներկայացրել խմբագրություն՝ գրված անգլերեն լեզվով։ Մեզ ստիպեցին այն թարգմանել ռուսերեն, որից հետո միայն այն տպագրվեց։ Դրանից հետո ստանում ենք նրանց կողմից ներկայացված անգլերեն տարբերակը՝ աննկարագրելի անգրագետ թարգմանությամբ։ Կարծում եմ, սա խոսուն օրինակ է, թե ինչու է կարևոր տպագրվել օտարերկրյա բարձր ցուցանիշ ունեցող ամսագրերում, քանի որ զարգացած գիտական աշխարհը կարդում է ոչ թե վերոնշյալ որակի ամսագիր, որն ունի անհամեմատ ավելի ցածր գործակից, այլ միջազգային ամսագրերը, հետևաբար և հղումները կլինեն միջազգային տպագրությունների վրա։

Տեսական և դիտողական գիտությունները չի կարելի գնահատել միևնույն չափորոշիչներով։ Դրանք տարբերվում են իրենց բնույթով։ Տեսաբանը կարող է աշխատել՝ հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող տվյալների վրա, սակայն դիտողական գիտությամբ զբաղվողների աշխատանքների հաջողությունները կախված են լաբորատոր աշխատանքների հետ։ Իսկ մեր օրերում, ինչպես գիտենք, լաբորատորիաները գտնվում են շատ վատ վիճակում։ Ինչպե՞ս կարելի է վերջիններից պահանջել նույնչափ արդյունավետ աշխատանք, որքան որ տեսաբաններից, եթե նրանք չեն կարողանում ստանալ ուսումնասիրության համար անհրաժեշտ արդյունքները։ Այնպես որ, նախ պետք է պայմաններ ստեղծել դիտողական  գիտությամբ զբաղվողների համար, որից հետո միայն պահանջել նրանցից ակտիվ աշխատել։

Ինչ վերաբերում է աստղագիտությանը, ապա մենք ունենք բավականին հարուստ տվյալների բազաներ, այն է՝ դիտողական տվյալներ։ Այնպես որ, այս խնդիրը մի փոքր մեղմ է մեր դեպքում։ Սակայն միայն տվյալների բազաներից օգտվելու հետևանքով ուսումնասիրությունների շրջանակները նեղանում են. պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հասանելի է այդ բազաներից։ Կան ուսումնաիրություններ, որոնք պահանջում են նոր դիտողական նյութ, սակայն, օրինակ, մեր աստղադիտարանում այն պարզապես հնարավոր չէ իրականացնել։

Բերեմ մեկ օրինակ. մեր աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նոր դիտումներ իրականացնել։ Հետևաբար,  ներկայացրեցինք 2.6 մետրանոց դիտակի միջոցով դիտողական ծրագիր, դիտումները սարսափելի էին, քանի որ ամբողջ գիշերվա ընթացքում հնարավոր եղավ դիտել 3 օբյեկտ, որոնց որակը սարսափելի էր։ Մեր դիտակի որակը ստուգելու համար խնդրանքով դիմեցինք Կորնելլի համալսարանի HBO 0.65 մետրանոց դիտակով դիտումների համար։ Կես գիշերվա ընթացքում դիտեցինք մոտ 10 օբյեկտ, իսկ ստացված արդյունքներն իրենց բարձր որակով անհամեմատելի էին։

Թե արդյոք ինչպե՞ս գնահատել կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները և h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է… այս հարցին կտամ այսպիսի պատասխան՝ երբեք գիտական աշխատանքը մի փորձեք վերածել շոուի։ Երբեք էլ հնարավոր չէ գտնել աշխատանքների գնահատման լավագույն չափորոշիչ։ Միանձնյա աշխատությունների դարն ավարտվել է, քանի որ մեր օրերում տվյալներն այնքան շատ են, որ մեկ հոգին դրանք ուսումնսաիրել չի կարող։ Կոլաբորացիաների ժամանակ յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և չի կարելի ասել մեկի ներդրումը քիչ է և ոչ կարևոր, մյուսինը ավելի շատ և կարևոր։ Այդ իսկ պատճառով, ևս մեկ անգամ պետք է նշեմ, այս մրցանակներն անօգուտ են։

Սարսափելին այն է, որ մեր ղեկավար անձիք մրցունակություն բառը սխալ են հասկանում, դրանք ոչ թե այս կամ այն անձի կողմից հրատարկված հոդվածների քանակի կամ որակի գնահատումն է, այլ գիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ստացված հետաքրքիր և կարևոր արդյունքները։ Այս մրցանակների միջոցով նրանք փորձում են ֆինանսավորման ավելացման մասին բարձրաձայնող երիտասարդների բերանը փակել՝ ասելով, թե լավ աշատեք՝ մրցանակ ստացեք։ Այդ մրցանակի շրջանում ստացված գումարը երիտասարդը ծախսեց մեկ կամ երկու ամսվա ընթացքում, իսկ դրանից հետո տարվա մնացած ամիսները պետք է ապրի նույն չարքաշ աշխատավարձով։

Մրցանակների փոխարեն ես կխնդրեի օգնել գիտնականներին՝ վերականգնել իրենց լաբորատորիաները, օգնել ստեղծել մարդկային աշխատանքային պայմաններ և աշխատավարներ, այդ դեպքում մենք՝ գիտնականներս, ինքնե՛րս մրցանակներ կսահմանենք մեզ օգնող անհատների կամ կազմակերպությունների համար։

Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը ավագ սերնդի բացասական վերաբերմունքն է երիտասարդների հանդեպ։ Սա խորհրդային տարիներից ժառանգած դժբախտություն է, որից ոչ մի կերպ չի ստացվում ձերբազատվել։ Եվ քանի դեռ ղեկավար աթոռներին նստած են նման մարդիկ, ես ոչ մի լուծում այդ խնդրի համար չեմ տեսնում։ Քանի որ միակ լուծումը պետք է լինի կառուցվածքային՝ սերնդափոխության ֆոնի վրա։

Երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում լավ եմ վերաբերվում։ Շատ ուրախ եմ՝ նման նախաձեռնությունների գոյության համար։

Գիտնական լինել, չի նշանակում գլուխը կախ զբաղվել միայն գիտությամբ և թույլ տալ նվաստացուցիչ վերաբերմունք իր հանդեպ։ Գիտնականը պետք է վաստակի ավելի շատ, քան հավաքարարը կամ քարտուղարուհին, ավելի շատ, քան խորհրդարանում նստած պատգամավորը։ Եթե չլինեին միջուկային ֆիզիկայի մասնագետները, ապա չէր լինի ինտերնետ հասկացողությունը, չլիներ տեսաբանների մի խումբ, չէր լինի մալուխային օպտիկան և մեծ արագության ինտերնետը։ Մեր նախագահին, նախարարներին կամ պատգամավորներին ի՞նչ է թվում, այս ամենը մարդկությանը երկնքից Աստվա՞ծ է նվիրել։

Վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսնում։ Ինչ էլ որ կազմակերպվում կամ արվում է, նման է շոուի։ Լավագույն օրինակն է Համբարձումյանի անվան մրցանակը։

Այն որ կոռուպցիա կա նաև գիտական աշխարհում, փաստ է։ Անձամբ ես դրանից չեմ տուժել, սակայն, այո, նման դեպքերի մասին գիտեմ, թե ինչպես են երիտասարդին զրկել դասավանդման իրավունքից՝ այն տալով այնպիսի մարդկանց, ովքեր, մեղմ ասած, պատկերացում անգամ չունեն այն ոլորտից, որը պետք է դասավանդեն։ Եվ սա այն դեպքում, երբ երիտասարդն, ի տարբերություն նրանց, տիրապետում է ժամանակակից գիտական նորություններին, ի տարբերություն նրանց 60 տարվա վաղեմություն ունեցող գիտելիքների։

Արդյունքում տուժում են ուսանողները։ Ես աշխատում եմ ուսանողների հետ, վիճակը սարսափելի է, նրանք շատ ընդունակ և խելացի են, սակայն ոչնչի չեն տիրապետում, այնպիսի տպավորություն է, թե նրանց կողմից վճարված ուսման վարձավճարները չեն ծառայում իրենց նպատակին։ Նրանք ավարտում են համալսարանը՝ ստանալով դիպլոմ, որը պարզապես թղթի կտոր է և հետևում չկա գիտելիք։ Պարզ է, որ այդ ուսանողը ավարտելուց հետո երկար ժամանակ է կորցնում՝ փորձելով տիրապետել ժամանակակից խնդիրներին, ծրագրերին և սարքավորումներին։

Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հիմնական տարբերությունների մասին… Առաջին գիտական գործուղումս եղել է 2002 թ.-ին։ Գործուղումների տևողությունները տարբեր էին՝ սկսած 2 շաբաթից մինչև 2 ամիս։ Տարբեր ծրագրերի հիման վրա գործուղվել եմ Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Գերմանիա և ԱՄՆ։ Հայաստանում և արտերկրում իրականացվող գիտական աշխատանքները պարզապես անհամեմատելի են։

Հայաստանում աշխատանքային պայմաններ չկան, ինտերնետը, որն անչափ կարևոր է գիտական աշխատանքի համար, սարսափելի վիճակում է, չկան հզոր համակարգիչներ։ Այն ծրագիրը, որով ես հիմա աշխատում եմ, պահանջում է բավականին հզոր համակարգիչ, չեմ կարծում, թե աստղադիտարանը կարող է ինձ ապահովել նման համակարգչով, այդ իսկ պատճառով Կորնելի համալսարանն է տրամադրել համակարգիչը։ Ցավոք, ամեն ինչ միակողմանի է ցանկացած համագործակցության դեպքում, ամեն ինչով ապահովում է օտարերկրյա կողմը։ Մենք օգտագործում ենք կորպորատիվ ծրագրավորման լեզու, որը շատ թանկ արժե, պարզ է, որ աստղադիտարանը երբեք իրեն թույլ չի տա՝ գնել այդ ծրագիրը։ Այն օրինական ճանապարհով օգտագործելու համար նվեր էինք ստացել այդ ծրագրով հագեցած մի համակարգիչ, սակայն այն գողացվել էր, իսկ տնօրինությունն այդպես էլ ոչինչ չարեց գտնելու համար։

Ինչ վերաբերում է գենդերային խնդրին, ասեմ, որ արտերկրում նման բան չեմ նկատել, իսկ Հայաստանում ինքս եմ դրա միջով անցել։

Երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը դժվար է որևէ բան մաղթել, երբ ինքդ արդեն հույսդ և հավատդ լիովին կորցրել ես։ Դժվար է նրանց խորհուրդ տալ պայքարել, քանի որ պայքարի դուրս եկողները արդյունքում պատժվում են։

 

Եվ վերջապես վերջին «ավանդական» հարցը Լուսինեին. -Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

–Տարիներ շարունակ պայքարել եմ, որպեսզի մի դրական բան փոխվի աստղադիտարանում, սակայն ապարդյուն, և այլևս ինձ Հայաստանյան գիտության մաս չեմ կարողանում պատկերացնել։ Տեսնելով ընկերներիս անելանելի վիճակը Հայսատանում, չեմ կարողանում հանգիստ սրտով կարիերա ստեղծել արտերկրում։ Միակ լուծումը տեսնում եմ գիտությունից ընդհանրապես հեռանալում։

Մանե Հակոբյան

www.armversion.am

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert