Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ավարտվեց System of a Down խմբի համերգը, որը կրում էր Wake up the Souls` «Արթնացրեք հոգիները» խորագիրը: Երևանյան համերգով աշխարհահռչակ խումբը եզրափակեց Հայոց ցեղասպանության նվիրված շրջագայությունը, որը մեկնարկել էր ապրիլի 6-ին: Wake up the Souls խորագրով համերգը կայացել էր Լոս Անջելեսում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում. Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և երեք մասից բաղկացած բացօթյա համերգը մեկնարկեց հորդառատ անձևի տակ, ինչը ոչ միայն չխանգարեց, ավելին` համերգն առավել տպավորիչ ու անմոռանալի դարձրեց:
Համերգի ընթացքում ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես եկավ կարճ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ ԱՄՆ-ի` ցեղասպանությունը ժխտող քաղաքականությանը, իր նախնիներին, Հայաստանի կառավարությանը:
«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միայն տատուս ու պապուս մասին եմ մտածում։ Տատս շատ փոքր էր, երբ ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսների, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։ Պապս 5 տարեկան էր, երբ տեսավ իր հորը՝ մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը։
Ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան մանկատանը։ Միացյալ Նահանգների «Մերձավոր արևելք հիմնադրամը» անհավանական մարդասիրական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես որ, այն փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում՝ ճանաչելու այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեզ համար, այլ նաև ամերիկացիների։
Ռուսաստանը նույնպես շատուշատ որբերի և երեխաների է փրկել Առաջին աշխարհամարտի ընթացքում, Օսմանյան կայսրության արևելյան սահմանին։ Նրանք հիանալի մշակութային դաշնակից, հարևան են եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ, պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով այս կամ այն երկրի հաճախորդը։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։
Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է՝ ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող համակարգային անարդարությունից և դադարեցնել բնակչության արտագաղթը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս ամենը և միաժամանակ ռոքի միջոցով ցնցել ձեզ»,- ասաց Թանկյանը:
Մի քանի տասնյակ հազարավոր երկրպագուներ շարունակ երգում էին աշխարհահռչակ խմբի հետ, իսկ համերգի ավարտին System of a Down խմբի անդամները` Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը, Ջոն Դոլմայանը և Սերժ Թանկյանը շնորհակալություն հայտնեցին երկրպագուներին ու շնորհավորեցին միմյանց: Սա նրանց առաջին համերգն էր հայրենիքում: Այդպես ավարտվեց Ցեղասպանությանը հարցը միշտ բարձրացնող ու արդարություն պահանջող խմբի՝ Wake up the Souls խորագրով շրջագայությունն ու երևանյան համերգը: