hetq.am – Մարինե Մարտիրոսյան

Ստեփանակերտի հոսպիտալի երկար միջանցքում բուժվող զինվորները՝ կապույտ հանդերձանքով, ներս ու դուրս են անում: Նրանց ձայները լսելի չեն` քայլում են անաղմուկ, խոսում են ցածր: Քիչ անց մեզ է մոտենում բուժքույրերից Արևիկ Անդրյանը: Ժպիտով բարևում է, ու մի պահ թվում է, թե նրա ժպիտը հեղեղի պես լցվում է միջանցք: Ղարաբաղյան բարբառով է խոսում, երբեմն գրական մի քանի բառ է «խցկվում» բարբառի մեջ, հետո դուրս մնում: Արևիկի հումորն ու ժպիտը նույնիսկ պատերազմի դաշտում կային: Այս մասին հարևանցի ասում են նրա բուժքույր-ընկերուհիները:

Արևիկը 26 տարեկան էր, երբ պատերազմն սկսվեց: Աշխատում էր Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում: Այդտեղ բուժքույրերը ծանուցագիր էին ստացել՝ պատերազմի դաշտում վիրավորներին օգնելու համար: Ասել էին, որ տեղում հոսպիտալներ պիտի բացեն: Ինքն էլ իր և ընկերուհու՝ Անյուտայի անուններն էր ներկայացրել՝ առանց տեղյակ պահելու նրան (Անյուտան այդ ժամանակ գտնվում էր Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում):

«Ես ապրում էի քրոջս տանը: Ծնողներս արդեն չկային: Այդ ժամանակ Ասկերանի շրջանի մեր Խրամորթ գյուղը թուրքերն այրել էին: Քրոջս ամուսինը շատ «ստրոգի» էր իմ հանդեպ: Գործից ուղիղ պիտի գայի տուն»,- ժպիտը հանկարծ կորում է: Աննկատ նայում եմ նրան: Շարունակում է խոսքը, ասում, որ իրեն պահող բան չկար՝ ամուսանցած չէր, երեխա չուներ, ծնողներ չուներ, հետո ամեն մեկն իր պարտականությունն ունի հողի հանդեպ, պիտի գնար: Երբ գնաց «բունկեր», որտեղ հավաքում էին կամավոր բուժքույրերին, տեսավ, որ իր պես մտածողները շատ չեն: Ասում է, որ մինչ իրենց գնալը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից արդեն տարել էին բուժքույրեր: «Մենք հազիվ 7-8 հոգի կլինեինք: Մարդ չկար, որ կանչեին»,- նկատում է Արևիկը: Պիտի գնային Ջանհասանի ուղղությամբ, սակայն այդ անգամվա գնալը չստացվեց. քրոջ ամուսինը սպանվել էր:

«Մենք սառնասիրտ էինք դարձել»

«Սկզբից շատ էինք տխրում, լացում, բայց թող Աստված ների ինձ, էնքան բաներ տեսանք, որ մեզ համար սովորական դարձավ: Պատկերացրու, երբ մեր գյուղում մեկը մահանում էր, ամբողջ օրը հաց չէի ուտում, չէի քնում, իսկ էդ ժամանակ, պատկերացրու, դիակներն էնտեղ դրած, մենք հաց էինք ուտում: Պա հինչ անինք»,- ասում է Արևիկն ու լռում: Ընկերուհիները հաստատում են նրա ասածը՝ ավելացնելով, որ ուրիշ ելք չունեին: Խոսակցության տխրությունը ցրվում է, երբ հիշում են «հայտնի» կանաչ կոնյակի մասին: Դրա համը նույնիսկ մինչ օրս հիշում են՝ դառն էր ու դժվար ըմպելի: Իրենք մեկ-երկու բաժակ խմում էին, բայց ոչ հաճախ, որովհետև մարդկայնորեն հնարավոր չէր դիմանալ. «Մեզ մոտ բերում էին տարբեր վնասվածքներով մահամերձ տղերքի…»: Ժամանակի ընթացքում լացուկոծն անցավ: «Մարդիկ ասում էին՝ վայ-վայ, զոհեր, իսկ մենք սառնասիրտ էինք դարձել»,- նշում է Արևիկը:

Ժամանակի այդ սառնությունն այսօր անդրադարձել է նրանց առողջական վիճակին: Բուժքույրերից գրեթե բոլորն ունեն առողջական խնդիրներ: Արևիկը հիշում է, որ այն տարիներին իրենք ամիսներով կարող է լինեին «վիեզդների» (մարտական ելք) մեջ: ««Չէ», «չեմ կարող» բառեր չկային: Մենք, կարծես, ուժ էինք ստանում: Մի անգամ եկա տուն, որ հանգստանամ, ասացին՝ պատրաստվիր «վիեզդի» ես, Ֆիզուլի պիտի գնաս: Ու չէինք էլ հարցնում՝ ինչի՞ ես, ախր նոր եմ եկել: Միանգամից շորերս հավաքեցի, գնացի»,- ասում է բուժքույրը:

Երբ հարցնում եմ, թե ինչ կետերում է եղել, կարճ է պատասխանում՝ որտեղ ասես, այնուհետ թվարկում է մի քանիսը՝ Մարտակարետի, Մարտունու շրջաններում, Ղուբաթլու, Ֆիզուլի, Հադրութ:

Արևիկի «բաղնիքային հուշերից»

Արևիկն ասում է՝ «էն տարիներին մենք համախմբված էինք, ընկերություն կար, ընկերասիրություն կար»: Մինչ հիմա էլ բուժքույր-ընկերուհիներով մոտ են, եթե անգամ մեկ-մեկ նեղանում են իրարից, արագ անցնում է: «Ուրիշի կողքին մենք, եթե նույնիսկ իմանանք, որ մեզնից մեկը ճիշտ չէ, հաստատ չենք ասի, կպաշտպանենք, բայց հետո երբ մենակ մնանք, կասենք»,- ասում են նրանք:

 

«Էն ժամանակ մեկի մտքով վատ բան չէր անցնում: Գնացել էի բաղնիք, փայտի վառարանը պիտի վառես, նոր լողանաս: Վառարանը վառեցի, մի աթոռ էլ դրեցի դռան հետևին, որ հանկարծ չբացեն: Մեկ էլ արդեն լողանում եմ, մեր Մարութը՝ բժիշկ Մարությանը, մեր ֆելդշեր Վրեժին է ման գալիս, համ էլ ձեն է տալիս: Եկել է բաղնիքի դռան մոտ, ասում եմ՝ դոկտոր Մարության, էստեղ ես եմ, դե ասում եմ, որ հանկարծ դուռը չբացի, իմանա, որ ներսում մարդ կա: Դոկտոր Մարությանն ասում է. «Վրեժը ըտեղ ա՞»: Հիմա ասես՝ Վրեժը հի՞նչ գործ օնի էստեղ»,- ծիծաղելով պատմում է Արևը: Բոլորս սկսում ենք ծիծաղել: Հետո հիշում է մեկ այլ, ինչպես ինքն է ասում, «բաղնիքային» պատմություն: Ասում է՝ ամոթ է, որ պատմի: Համոզում ենք նրան, թե ամոթ բան չկա, պատմի: «Էս Գայանն ու Մարան (բուժքույրեր Գայանեի և Մարինեի մասին է խոսքը- հեղ.) ասացին գնում ենք լողանանք, դուք էլ ֆրուկտ հավաքեք: Ձմեռ էր: Ես ու Վրեժն էլ մտածեցինք՝ ի՞նչ անենք, բերեցինք փակեցինք ծխնելույզը, ծուխը հետ է գնում բաղնիք, սրանք սկսում են հազալ: Ես ու Վրեժը ծիծաղից թուլացել էինք, հիմա ներսից ձեն են տալիս մեզ, թե հաստատ Վրեժն ու Արևն են արել, մենք ձայն չենք հանում: Էնքան հասցրեցինք, որ վերջը դուռը բացեցին»,- պատմում է Արևը: «Մեկ էլ մի անգամ «Ալենկոյով» (ռադիոկապ- հեղ.) զանգում եմ դոկտոր Մարությանին, ասում ա՝ փակ եմ խոսում, Տարոնն իր խմբով կարող է գա (Տարոնը բժիշկներից է- հեղ.)»,- շարունակում է նա:

«Որ չասեն՝ ի՞նչ եք արել»

Հոսպիտալի սենյակներից մեկում ուզում ենք լսել այս կանանց կատարած աշխատանքի մասին, հետաքրքրվում ենք, թե ինչ են մտածում այսօր: Հպանցիկ են պատմում ամեն բան: Ինչ-որ բան, կարծես, կապկպվել է ներսում, չեն ուզում ասել այն, ինչ զգացել են, այն, ինչ արել են: «Մեզ բամբիտ էլ են արել Լիսագորում, Չլդրանում, շատ տեղերում: Մի անգամ Լիսագորում էինք, էլի բամբիտ էին անում, սաղ թաքնվում էին կառավատների տակ: Էս Մովսիսյան Սերյոժան ասաց` Արև, խի՞ դու էլ չես թաքնվում, էն ժամանակ ասացի` ծնողներ չունեմ, էրեխա չունեմ, ո՞վ պիտի լացի ինձ վրա: Ում տանը սպասող կա, թող նա թաքնվի, կակ բուդտը մտնեի կառավատի տակ, չէին խփելու մեզ, բախտ ա, ճակատագիր է, ինչ կլինի, կլինի»,- ասում է Արևը: Քիչ անց ավելացնում է, որ հիմա բոլորը երեխաներ ունեն: Եվ եթե, Աստված չանի, պատերազմը վերսկսվի, դարձյալ գնալու են, այս անգամ նաև իրենց երեխաներին պաշտպանելու համար:

Արևը «պատերազմ» բառը միայն այս դեպքում է օգտագործում, մնացյալ դեպքերում ասում է «էն ժամանակները»: Եվ «էդ ժամանակներում» թաքնված մարդիկ, ասում է, այսօր բարձր դիրքեր են զբաղեցնում: «Աստված իրենց հետ, ուղղակի մեզ էլ որոշ չափով գնահատեն, մարդ ես, էլի, վիրավորվում ես»,- ասում է նա:

Արևի ժպիտին, կենսուրախությանը փաթաթված է այն տարիներից եկող տխրությունը: Ասում է՝ մեդալ, նյութական որևէ բան չի ուզում, ուղղակի չվիրավորեն, հարցականի տակ չդնեն իրենց արածը: «Պրոստը, որ մի բան է լինում, վիրավորում են, ասում են` հինչք ըրա՞լ: Մի բան էնպես չի լինում, ասում են` գնա ձեր տուն, հենա էնքան մարդ կա: Տենց են հարգո՞ւմ: Պրոստը ասեն` հա, արել եք: Էն օրը մի աղջիկ էր եկել, ասաց` հինչ ա, է~, ասում ըք` ըրալընք, ըրալընք… Այ բալամ, նստած տեղս ասում եմ` ըրալ ը՞մ, մի վիրավորեք, որ մենք էլ չվիրավորենք»,- ասում է նա:

Արևի խոսքով՝ իրենց հետևից ասում են, թե մեծ բան են արել, ամեն ղարաբաղցի կռվի մասնակից է: «Բայց կեսը պադվալներում էին, հենց տղամարդիկ, որ գլուխները չէին հանում, բայց մենք աղջիկ տեղներովս շտեղ ասիք քեցալընք»,- նշում է նա:

Մեր զրույցի վերջում դարձյալ ուրախ պահերն է մեջբերում: Ասում է՝ պատերազմի տարիներին Ղարաբաղից երեխաներ էին տարել Երևան՝ ճամբար, մի անգամ բժիշկ Բազյանից հարցրել էր, թե ոնց են երեխաները: «Բժիշկն ասաց՝ հունց պիտի նին, ամեն իրիկուն «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» են երգել տալիս մըր ղարաբաղցի էրեխեքին: Էլ ասում չըն, է, գնանք Ստեփանակերտ, ասում են՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»»,- սա ասելուն պես բոլորս սկսում ենք ծիծաղել, Արևը հայացքը մի պահ կախում է սեղանին: Անցած ճանապարհի, դժվարությունների մասին չի կարողանում խոսել:

«Երբեմն հարցնում են` Արև, ոնց է, որ էդքան բաներ ես տեսել, բայց էլի աշխույժ ես` համ կատակում եմ, համ բան… Միգուցե մեր ապրած կյանքից է»,- ավելացնում է Արևը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Ա. Անդրյանի անձնական արխիվից

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert