Բայց ինչու՞ ընտրողաբար, ինչու՞ ակնհայտ միտումնավորությամբ

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մեր մի շարք լրատվամիջոցների հրապարակումներին հետևելիս՝ կարելի է կարծել, թե երկրում լուծված են բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները, Հայաստանը դարձել է տարածաշրջանի տնտեսական ,,վագրը,, , ուստի, այլ թեմաներ չունենալով, անցել ենք Պաշտպանության նախարարի տիկնոջ թանկարժեք մուշտակի, նրա ճաշակավոր զգեստների քննարկումներին՝ այսպես գուցե այն երևութականությունը ստեղծելու, թե պայքարում ենք սոցիալական արդարության համար, թե թույլ չենք տա, որպեսզի նախարարի տիկինը հանկարծ թանկարժեք մուշտակ հագնի, քանի որ այսօր Հայաստանում նույն այդ մուշտակից բոլորը պիտի հագնեն:

Ինչպես խորհրդային տարիներին, երբ բոլորին հագցնում էին նույն Կլարա Ցետկինի անվան կամ ,,Կրասնի շվեյնիկ,, ֆաբրիկաների զգեստները՝ երկիրը վերածելով յուրատեսակ ինկուբատորի: Անտարակույս, շատ լավ է, որ պետական պաշտոնյաների ֆինանսական միջոցները դառնում են քննարկումների առարկա, որ հանրային զգոնության դաշտ են բերվում նրանց ունեցվածքի խնդիրները:

Այսպես, այո, հեշտ կլինի հասնել սոցիալական արդարության: Բայց ինչու՞ ընտրողաբար, ինչու՞ ակնհայտ միտումնավորությամբ: Ինչու՞ չեն նույն կրքով ներկայացվում գրեթե բոլոր նախարարների, կառավարության այլ անդամների հագուստներն ու շքեղաշուք ավտոմեքենաները, մի քանի հարկանի առանձնատներն ու ամառանոցները, ինչու՞ չեն հարցնում, թե լրատվալան դաշտում իր կենսագրությունը հյուսած և տևական ժամանակ իրեն ընդդիմադիր հռչակած պատգամավորներից մեկին որտեղի՞ց երեք բնակարան Երևանում, 2000 եվրո արժողությամբ կոշիկներ, ավտոմեքենա… Ինչու՞ մյուսներին չեն հարցնում: Ինչու՞ չեն գրում, թե գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն որտեղի՞ց այնքան միջոցներ, որ դարձել է ,,Արտֆուդի,, համասեփականատեր… Ինչու՞ չեն գրում ֆինանսների նախարարի անբավ հարստությունների մասին, որոնց ծագումնաբանությունը, բնականաբար, չի կարող չառնչվել նրա վարած պաշտոններին…

Թիրախում պաշտպանության նախարարն ու նրա կինն են: Ինչու՞: Բանն այն է, որ շրջանառության մեջ է դրվել այն վարկածը, թե ՀՀ հաջորդ նախագահը Սեյրան Օհանյանն է լինելու: Եվ ահա նախագահական ախորժակներ ունեցողները, ինչպես նաև որոշ ,,աբիժնիկներ,, , խառնվել են իրար, գտել են համապատասխան պատվիրակատարներ, գործի դրել իրենց ,,վառ երևակայությունը,,՝ նշավակելու, ամբաստանելու, ստի ու կեղծիքի պարույրների մեջ առնելու պաշտպանության նախարարին: Բայց որպեսզի շատ ավելի դիպուկ լինեն հարվածները, որպեսզի մեծ լինի նրան պատճառվող ցավը, որպեսզի մեծանա հանրային ըմբոստացումը՝ հարվածի տակ են առել նաև նրա տիկնոջը՝ հորինելով այլազան պատմություններ, որոնք, իհարկե, պայթում են օճառի պղպջակի նման: Գաջի գործարանում տեղի ունեցած սպանության մեջ ,,խառնելով,, Ռուզաննա Խաչատրյանին՝ այդ ստի հեղինակները լավ գիտեն ճշմարտությունը, անգամ նրանցից մեկը ժամանակին հոդված է գրել, հիշատակել այդ հանցագործության մեջ մեղադրվողի անունը: Բայց հիմա տարիներ են անցել, մարդիկ մոռացել են Հայրապետյան ընտանիքին պատուհասած ողբերգության մանրամասները, ուրեմն, կարելի է գործող անձ դարձնել Ռուզաննա Խաչատրյանին:

Ոմանք կհավատան, ոմանք չեն հավատա: Կարևորը դա չէ: Այլ այն, որ շրջանառության մեջ կդրվի ՊՆ Սեյրան Օհանյանի տիկնոջ անունը: Մենք ուսումնասիրել ենք ժամանակին հարուցված քրեական գործը, ծանոթ ենք շատ մանրամասների, ծանոթ ենք նաև հրապարակումների: Որևէ տեղ չի հիշատակվում Ռուզաննա Խաչատրյանի անունը, որևէ մեկը հանգուցյալի ծանոթների և կապերի շրջագծերում չի հիշատակել նախարարի տիկնոջ անունը: Բայց սուտը շարունակում է իր համար ճանապարհ հարթել: Որովհետև պատվիրատուներն ուզում են ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ Սեյրան Օհանյանը նախագահ չդառնա՝ փակելով իրենց ճանապարհը: Իսկ թե այսօր ովքեր են նրանք, որոնք պայքար են մղում նախագահական աթոռի համար՝ շատերս գիտենք: Հետևաբար, պատվիրատուների մեջ նրանց պետք է փնտրենք: Անուններ չենք տալիս, որպեսզի մեր վայ-գործընկերների սխալը չկրկնենք, չզրպարտենք ու հանիրավի չմեղադրենք…
Լրագրության մեջ թե-ականությունը չի արգելվում, ուստի, գուցե գրվեր՝ ըստ շրջանառվող լուրերի, ենթադրաբար, ըստ մեր ունեցած չստուգված տեղեկությունների և այլն:

Բայց այդպես չի գրվել: Գրեթե դատավճիռ է կայացվել: Հենց այդպես վճռաբար էլ հայտարարվել է, թե նախարարի տիկնոջ մուշտակն արժե 100 հազար դոլար: Դժվար չէր մասնագետների հետ այդ մուշտակի գինը ճշտելը, պարզելը, որ 2006-2007 թ. արտադրության մուշտակը, որն այլևս նորաձև չի համարվում, մոտ չորս անգամ էժան է նշված գնից, քանի որ խիստ թանկարժեք մորթի չէ… Մենք արդեն անդրադարձել ենք Նիսի հիվանդանոցի խնդրին, ինչը նույնպես երևակայության ոլորտից է: Համոզված եմ, կգա ժամանակ, որ իմ լրագրող գործընկերները կհայտարարեն, որ առաջնորդվել են որոշակի առաջադրանքներով՝ այդպես նպաստելով իրականության քողարկմանը: Իսկ իրականությունն, իսկապես, այլ է:

Սեյրան Օհանյանի անունը դնելով շրջանառության մեջ և երբևէ նրա ցանկությունը չհարցնելով, ոմանք մի նոր անամոթ խաղ են ձեռնարկել՝ այսպես թաքցնելով այն մարդու անունը, որին որոշակի շրջանակներ պատրաստում են որպես ժառանգորդ: Հիմա հանրությունը կսևեռվի Սեյրան Օհանյանին, որոշ չստացված գեներալներ իրենց մտքերում կչարախնդան, ոմանք կհրճվեն, որ կարողացան ,,ջախջախել,, իրենցից շատ ավելի ճաշակով հագնվող տիկին նախարարուհուն, իսկ ,,հմուտ խոհարարները,, կեփեն այն ճաշը, որը համընդհանուր սրտխառնոց է առաջացնելու: Բայց մենք այլևս այլընտրանք չենք ունենալու…

Ինչու՞ գրեցի այս ամենի մասին, երբ որևէ պատվեր ու հանձնարարություն չունեմ, երբ սակավ եմ անդրադառնում նման թեմաների: Պարզապես վտանգավոր նախադեպեր տեսա, տեսա մի հետք, որը կարող է շատ ավելի սահմռկեցնող լինել: Երբ պատերազմող երկրի պաշտպանության նախարարին են դարձնում անամոթ խաղերի և զրպարտությունների թիրախ, ապա հարված են հասցնում երկրի անվտանգությանը, նրա բանակին: Իսկ քիչ չեն նրանք, ովքեր այս պահին կամենում են խարխլված տեսնել Հայաստանի անվտանգությունը: Հիշենք 1999 թվականի Հոկտեմբեր 27-ը, որը տեղի չէր ունենա, եթե որոշ արտաքին ուժեր չկամենային խարխլել Հայաստանը, խառնակություններ ձևավորել, կազմաքանդել պետական կարգը:

Ես մինչև հիմա չեմ բացառում Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ողբերգության մեջ արտաքին հետքը, քանի որ այդ ոճրագործությամբ ցանկանում էին Հայաստանին տրամադրել որոշ ուժերի դեմ, սարսափի ու վախի մթնոլորտ ձևավորել Գյումրիում՝ այն դատարկելու համար… Հիմա նույն տագնապներն ու անհանգստություններն ունեմ՝ կատարվածի մեջ տեսնելով նաև դրսից եկող ,,մեսիջներ,,… Միայն թե այս հարցում սխալվեմ, միայն թե ամեն ինչ պարփակվի հայաստանյան պատվիրատուների սահմաններում…

http://www.analitik.am

 

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net