hetg.amՏիգրան Բաղդասարյան

Մեկ շաբաթ առաջ Գերմանիայի և Հոլանդիայի կայացրած որոշմանը միացավ ևս մեկ եվրոպական երկիր` Ավստրիան: Այս պետությունները որոշել են ետ վերադարձնել իրենց ոսկին Մեծ Բրիտանիայից:

Ավստրիան չի վստահում «Bank of England»-ին եւ որոշել է այդ բանկում պահվող ազգային պահուստներից 140 տոննա ոսկի վերադարձնել հայրենիք: Ավստրիայի կենտրոնական բանկը «Kronen-Zeitung»  պարբերականի միջոցով հաստատել է այս տեղեկությունը, ավելացնելով, որ մինչև 2020 թվականը Ավստրիայի կենտրոնական բանկն իր ոսկու պահուստի 50 %-ը կամ 140 տոննան պահեստավորելու է իր երկրում: Այսօր երկրի տարածքում է գտնվում ոսկու պահուստի 17 %-ը:

«Bank of England»-ում պահվում է Ավստրիայի ոսկու պահուստի 80 %-ը, և 140 տոննա հայրենիք տեղափոխելու դեպքում Անգլիայում կմնա ոսկու պահուստի ընդհամենը 30 %-ը: 140 տոննա ոսկուց 92,4 տոննան պահվելու է Վիեննայում, իսկ 47,6 տոննան՝ Շվեցարիայում:

Ինչով է բացատրվում այս որոշումը

Կենտրոնական բանկը ընդունել է այս որոշումը Ավստրիայի հաշվիչ պալատի՝ դեռևս փետրվարին ներկայացրած առաջարկի հիման վրա: Վերջինս, հաշվի առնելով, որ երկրի ոսկու պահուստի մեծ մասը պահվում է Անգլիայում, ռիսկային է համարել նման կենտրոնացումը: Այդ ժամանակ Ավստրիայի կենտրոնական բանկը հակադարձել էր այս հայտարարությանը, պատճառաբանելով, որ Լոնդոնը ոսկու առևտրի միջազգային խոշոր կենտրոն է: Վերջին ամիսների ընթացքում Ավստրիայի կենտրոնական բանկի կարծիքը փոխվել է, նրանք որոշել են իրականացնել հաշվիչ պալատի առաջարկը և ետ վերադարձնել ազգային ոսկու պահուստի զգալի մասը: Վիեննան հաստատել է, որ մոտ ժամանակ կսկսի գործընթացը և արդեն այս ամառ կտեղափոխի 92,4 տոննա ոսկի իր տարածքում պահեստավորելու համար, ևս 47,6 տոննա կտեղափոխվի Շվեցարիա:

Ավստրիայի կենտրոնական բանկ

2015 թվականի մայիսի դրությամբ Ավստրայի կենտրոնական բանկում պահվում է 280 տոննա ոսկի: Այս ցուցանիշը չի փոփոխվել 2007 թվականից:

Ավստրիայի ոսկու խնայողություններն ամբողջովին պատկանում են Ավստրիայի կենտրոնական բանկին: Ոսկու պահուստի 17 %-ը պահվել է Ավստրիայում, 80 %-ը` Անգլիայում, 3 %-ը` Շվեյցարիայում:

Վերջերս հրապարակվել է Ավստրայի կենտրոնական բանկի ռազմավարությունը: Այնտեղ նշված է, որ մինչև 2020 թվականը Ավստրիայի ոսկու պահուստի առնվազն 50 %-ը պետք է պահվի հենց Ավստրայում, 30 %-ը` Անգլիայում և 20 %-ը` Շվեցարիայում:

Ոսկու գործառույթը

Ոսկին աշխարհում միակ ակտիվն է, որը չունի արժույթին բնորոշ ռիսկեր և միակն է, որն ընդունվում է աշխարհի ցանկացած վայրում անկախ բոլոր հանգամանքներից: Ճգնաժամի ընթացքում ոսկին հանդիսանում է երկրի տնտեսական անվտանգության վերջին պաշտպանը: Ճգնաժամի տարբեր դրսևորումների ժամանակ ոսկին օգտագործում են առանձին տարածաշրջանների զարգացման և բարեփոխումների համար:

Ոսկին ներկայումս ունի տնտեսական եւ ֆինանսական ռիսկերը չեզոքացնելու գործառույթ: Ոսկին, որպես մոնետար ակտիվ, դառնում է պարտավորությունների մարման հզոր գործիք:

Երբ բրիտանական ֆունտը և ամերիկյան դոլարը դարձան միջազգային պահուստային արժույթներ, այս երկրների ոսկու պահուստները կազմում էին աշխարհի ոսկու պահուստի 50 և 60 %-ը:

Երբ գործածության մեջ մտցվեց եվրոն, Եվրամիության երկրների ընդհանուր ոսկու պահուստը 10.000 տոննայով գերազանցեց ԱՄՆ-ի ոսկու պահուստը:

Վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական մի քանի երկրներ միաժամանակ որոշեցին այլ երկնրեում պահվող ոսկու պաշարները տեղափոխել իրենց երկրներ:

Գերմանիա

Գերմանիան ոսկու պահուստներով աշխարհում երկրորդն է, սակայն դրա  զգալի մասը պահվում երկրի սահմաններից դուրս:

Գերմանիայի կենտրոնական բանկը որոշում էր կայացրել հետ տեղափոխել 84 տոննա ոսկի, սակայն վերադարձվել է ընդհամենը 37 տոննա: Ընդ որում՝ 5 տոննա հանվել է Նյու Յորքի Դաշնային պահուստային համակարգից: Դրանից հետո գործընթացն ամբողջովին դադարեցվեց, և պատճառը, ըստ երևույթին, քաղաքական է: Ոսկու մի մասը հետ վերդարձնելուց հետո Գերմանիան հայտարարեց, որ այլևս այսպես չի վարվելու, որ նա լիովին վստահում է Դաշնային պահուստային համակարգին, որը շատ հոգատար է իրենց ոսկու նկատմամբ:

2014 թվականին, ըստ մամուլի հաղորդագրությունների, Գերմանիայի տարածք է տեղախոխվել ընդհանուր առմամբ 120 տոննա ոսկի, որից 35 տոննան` Ֆրանսիայից և 85 տոննա` Նյու Յորքիից: Ոսկին հայրենիք վերադարձնելու գործընթացը, իրականացվում է երկրի կենտրոնական բանկի` «Bundesbank»-ի ներկայացրած ծրագրի համապատասխան, որը հրապարակվել է 2013 թ. հունվարին:

«Bundesbank»-ի հայտարարության համաձայն՝ մինչև 2020 թվականը Գերմանիայի տարածքում կպահեստավորվի ոսկու ընդհանուր պահուստների 50 %-ը, մնացածը կպահվի Նյու Յորքում և Լոնդոնում:

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գերմանիայի ընդհանուր ոսկու պահուստների 35,2 %-ը (1.192 տոննա) պահվում է «Bundesbank»-ում, ԱՄՆ-ում՝ 42,8 % (1.447 տոննա ), Մեծ Բրիտանիայում՝ 12,9 % (438 տոննա) և Ֆրանսիայում 9,1 % (307 տոննա):

Հոլանդիա

Հոլանդիայում տիրող իրավիճակը գրեթե նույնն է: Անցած տարի հայտնի դարձավ, որ Հոլանդիայի կենտրոնական բանկը` «De Nederlandsche Bank»-ը, իր պահուստներից սկսել է երկիր վերադարձնել 600 տոննա ոսկի: Հոլանդիան իր ոսկու պահուստների 51 %-ը պահում է Նյու Յորքի ԴՄՀ-ում, և երկիրը պատրաստվում է կրճատել այն մինչև 31 %: Միևնույն ժամանակ ոսկու պահուստների մի մասը շարունակելու է պահել Լոնդոնում և Կանադայում:

2014 թ. նոյեմբերին Հոլանդիայի կենտրոնական բանկը հայտարարել էր, որ Նյու Յորքում գտնվող ոսկու խնայողություններից 120 տոննան տեղափոխելու է Ամստերդամ:

Պաշտոնապես այս որոշումը բացատրվել է նրանով, որ Հոլանդիան ուզում է ավելի հավասարաչափ բաշխել իր ոսկու պահուստները, սակայն դժվար է անտեսել այն հանգամանքը, որ երկիրը որոշում էր կայացրել դուրս բերել իր ոսկին հենց ԱՄՆ-ից, իսկ Լոնդոնում և Կանադայում պահվող ոսկու չափը թողնել անփոփոխ: Լոնդոնում պահվում է ոսկու 20 %-ը, իսկ Կանադայում` 18 %-ը:

Ընհանրապես բազմաթիվ երկրներ որոշում են կայացրել, ոսկու պահուստների մեծ մասը վերադարձնել հայրենիք:

Ֆրանսիա

Ֆրանսիայի ոսկու խնայողությունները աշխարհում ամենամեծերից է, մոտավորապես (2.435) տոննա: Անցած տարի «Front National» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը (Marine Le Pen) բաց նամակ է գրել Ֆրանսիայի կենտրանական բանկին` պահանջելով ոսկու պահուստները վերադարձնել Փարիզ: Բացի դրանից՝ նա կոչ է արել բանկին օգտվել ոսկու ցածր գներից և ավելացնել ոսկու պահուստները:

Իտալիա

Իտալիայում նմանատիպ գործողություններ դեռևս չեն սկսվել: Երկրի ոսկու պահուստները գնահատվում են 2.451 տոննա: Այս ցուցանիշն աշխարհում չորրորդն է: Այս տարի հրապարակված տեղեկության համաձայն, խնայողությունների կեսը պահվում է ԱՄՆ-ում: Բազմաթիվ վերլուծաբաններ պնդում են, որ սա միայն ժամանակի խնդիր է, և մոտ ապագայում իտալական իշխանությունները կպահանջեն, որպեսզի ոսկին հետ վերադարձվի Հռոմ:

Ինչպես հայտնի է Չինաստանը ոսկու տենդով է տառապում և վերջերս աննկարագրելի ծավալների ոսկի է գնում, նրան է միացել նաև Ռոսաստանը, որը սկսած այս տարվա սկզբից յուրաքանչյուր ամիս ավելի շատ ոսկի է գնում:

Հայաստան

Իսկ Հայաստանը միջազգային պահուստներում ոսկի չունի: Այն՝ որպես միջազգային պահուստների տարր, պահպանվել է մինչև 2003 թվականը: Այդ տարվա վերջին ՀՀ Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը՝ 1,4 տոննա: Ամբողջ քանակությունը գնահատվեց 17,8 մլն դոլար: Ոսկու պահուստների վերականգնման ուղղությամբ հստակ քայլեր և ռազմավարություն ՀՀ կառավարության կողմից առայժմ չեն նկատվում:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert