էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, դրա դեմ բողոքի ակցիաների, Հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա մենաշնորհային ընկերությունները պետական ակտիվներ դարձնելու, ՀՀ-ում հեղափոխությունների կամ բարեփոխումների անհրաժեշտության, Պերմյակովի անհետացման-չանհետացման և այլ հարցերի շուրջ Times.am-ը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ով երեկ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից հետևում էր հոսանքի թանկացման դեմ պայքարի զարգացումներին:
-Սրբազան, որքանո՞վ եք Դուք հիմնավոր համարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:
– Հիմնավոր համարելու կամ չհամարելու մասնագետը չեմ, ես տնտեսագետ չեմ: Բայց այն, որ սա մեր ժողովրդի սոցիալական ծանր պայմաններին հավելյալ բեռ է, երկրորդ կարծիք լինել չի կարող:
– Արդարացումները, որ առաջ են քաշում իշխանությունները Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են:
– Ես արդարացում չեմ էլ լսել, ի՞նչ արդարացում:
-Այն, որ 6.93 դրամով թանկացնելուն այլընտրանք չկա, քանի որ համակարգի անվտանգության խնդիր կա:
– Բացարձակապես այդպես չէ, մեր էներգետիկ համակարգը բավական կայուն է, կարող եմ ասել խորհրդային միության ամենակայացած համակարգն է եղել: Ինչ ներդրում պիտի անեն, առ այսօր ինչ են արել, որ հիմա ինչ ներդրում անեն:
– Այսօր մարզերում, ինչու չէ նաև երևանյան որոշ հատվածներում մի փոքր քամուց էլեկտրասյուները վնասվում են, կամ բաց և դարն ապրած հոսանքալարերը, դրանք բարոյապես լքված վիճակում են: Այսինքն՝ համակարգն արդիականացման կարիք ունի, որը չի արվել:
-Ուժեղ քամուց ԱՄՆ -ում էլ են լույսերն անջատվում, այսինքն՝ քամին չափանիշ չէ: Իհարկե, համաձայն եմ, որ անմխիթար վիճակում գտնվող էլեկտրասյուներ կան, բայց նյութական ներկա ապահովվածության պայմաններում էլ դա կարելի նորոգել կամ այդ հարցերը լուծել:
– Ազգայնացնել պետք չէ՞ երկրի էներգետիկ համակարգը:
-Կարծեմ ազգայնացված էր (ծիծաղում է): Անշուշտ, ինչպես կարող է լինել ուրիշի տիրապետության տակ, ոնց կարող է հեռախոսը լինել ուրիշի տիրապետության տակ, ինչպես կարող է երկաթգիծը լինել ուրիշի տիրապետության տակ, սրանք ստրատեգիական նշանակություն ունեն: Բայց դե մեր բերանը փակելը շատ հեշտ է. կասեն տերտերի խելքը չի հասնում ու կփակեն կպրծնի (ծիծաղում է):
-Հեղափոխության Ձեր բանաձևը, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխություններին բոլոր ոլորտներում:
-Ես հեղափոխություն ասվածը չեմ հասկանում, դա նշանակում է բարեփոխում, իսկ բարեփոխում ամեն տեղ պետք է, և մենք հասկանում ենք դա, քանի որ սա մեր երազած Հայաստանը չէ դեռ, և եթե մեր երազած Հայաստանը չէ, ուրեմն շատ բան կա բարեփոխելու:
-Երբ որևէ հարցի շուրջ կա ընդվզում, ինչին այս օրերին ականատես ենք, եկեղեցու հասցեին հնչում են տարբեր մեղադրանքներ: Եկեղեցու, եկեղեցականի դեր ո՞րը պիտի լինի նման դեպքերում:
-Բնական է, բայց եկեղեցականն իր հովվական գործն իր տարածքում անում է:
– Խոսքը ժողովրդի կողքին լինել-չլինելու մասին է:
– Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ հոգևորականը ոչ ժողովրդի կողքին պիտի լինի, ոչ էլ իշխանության, հոգևորականը պիտի լինի ճշմարտության կողքին, իսկ ճշմարտությունը երբեմն ոչ մեկի կողքին է, ոչ էլ մյուսի, այլ մի երրորդ տեղում: Երբեմն իշխանությունն էլ է է սխալվում, ժողովուրդն էլ, ուրեմն հոգևորականը պետք է լինի ոչ թե ժողովրդի կողքին կամ իշխանության, այլ ճշմարտության. եթե ճշմարտությունը ժողովրդի կողքին, ուրեմն՝ ժողովրդի կողքին, եթե իշխանության՝ իշխանության: Եթե ճշմարտությունը ոչ մեկի կողքին էլ չէ, ուրեմն ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության կողքին:
–Որքանո՞վ է հաջողվում այսօր հոգևորականին մնալ ճշմարտության կողքին, քանի որ քիչ չեն կարծիքները, երբ նրանք մեղադրվում են հիմնականում իշխանության կողքին լինելու մեջ:
-Հոգևոր ճշմարտությունը սուբյեկտիվ ճշմարտություն չէ, աստվածային ճշմարտություն է: Իսկ սուբյեկտիվ ճշմարտությունները կարող են տարածվել, տատանվել, ամեն մարդ իր ճշմարտությունը կարող է ունենալ: Հոգևորականը ոչ թե իր սուբյեկտիվ ճշմարտության կողքին պիտի լինի, այլ աստվածային օբյեկտիվ ճշմարտության:
-Տեղափոխվենք Գյումրու ողբերգական դեպքերի հարթություն. ասում են Պերմյակովն անհետացել է, գործը տեղում դոփում է:
-Չեմ կարծում, որ էդպիսի բան կա, գործը քննվում է:
-Գյումրիում այս մասով պահանջատիրությունը որքանո՞վ է այսօր ակտիվ:
-Պահանջատիրությունն ակտիվ օդում կախված է: Այո, որևիցե դեպք, դիպված չի գրանցվել և լավ է, որ չի գրանցվել:
– Վերջերս ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպ եղավ:
– Սպանվածն իրենց մեջից է, ներզորամասային հարաբերությունների տիրույթում է, հայերն այդտեղ ասելիք և անելիք չունեին: Կրկնում եմ՝ պահանջատիրությունն օդում կախված է, բայց հանգիստ է, ժողովուրդը սպասում է: Գյումրեցին համբերատար ժողովուրդ է, 27 տարի տնակներում համբերում են, 27 ամիս չե՞ն կարող համբերել, որ դատավարությունը սկսվի: Բայց եթե համբերությունը հատեց, այ էդտեղ դուք սարսափեք…
–Հայկական կողմը ռազմաբազայում տիրող իրավիճակի հետ կապված բավարար պահանջներ ներկայացրե՞ց զուտ գյումրեցիների անվտանգության առումով, որ ծառայության պատահական մարդկանց չընտրեն, որ խստացվի կարգուկանոնը:
– Ես հայկական կողմից ոչ մի պահանջատիրություն չեմ տեսել: Ձեր նշած պահանջներն իհարկե եղան, բայց լուրջ ընդունվե՞ց, թե՞ օդում մնացին: Ռազմաբազայի ղեկավարին փոխեցին, բայց էլի չեպեի մեջ հայտնվեցին, սպանություն եղավ:
-Համակարգը պիտի փոխվի:
– Է՜, ռուսական համակարգը նույնիսկ բոլշևիզմը չկարողացավ փոխել, ցարիզմը չկարողացավ փոխել, պուտինիզմն էլ չի կարողանալու փոխել: Ռուսական համակարգը… ասում են՝ «Умом Россию не понять, аршином общим не измерить»: Ռուսական համակարգը փոփոխության ենթակա համակարգ չէ, դրա համար էլ սարսափելի է աշխարհի համար, կարծես թե մենակ հայերիս համար սարսափելի չէ:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
http://times.am/?p=131158&l=am