ԹՈՒՐՔԻԱՆ, ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՄԵՆՔ

xkurdish-women«Հայաստան» լրատու ցանց.

«Հայաստան» շաբաթաթերթ,

Աթենք, 6 հուլիս 2015թ., թիվ 931, Խմբագրական:

Խոսք «Հայաստան»-ի

Ամեն մի ազգ եւ պետություն առաջին հերթին, սովորում է իր սեփական փորձից:

Երկու համաշխարհային պատերազմ ճաշակած Եվրոպան, թեև տատանումներով, այլևս քայլում է համակեցության և մերձեցման ուղիով, մինչդեռ Մերձավոր Արևելքը ազգային և դավանանքային ատելության ծայրահեղ բախումների ճանապարհով է ձևավորում իր նոր պետական սահմանները: 20-րդ դարասկզբի, ֆրանս-անգլիական Սայքս Պիկո և Բալֆուր գաղտնի համաձայնագրերով Մերձավոր Արևելքում արհեստական երկրներ ձևավորելու իրողությունը, 21-րդ դարասկիզբին ԱՄՆ-ի հովանավորությամբ, համաձայնությամբ կամ հանդուրժողականությամբ, փոխարինվում է նոր իրավիճակով՝ նոր սահմանների, նոր քարտեզի ձևավորմամբ:

Մինչ Թուրքիան, գիտակցաբար կամ անգիտակցաբար, առանցքային դեր է կատարում տարածաշրջանում քրդական պետություն ստեղծելու գործում, ու նաեւ բարենպաստ պայմաններ առաջացնում Հայկական Հարցի արծարծման համար, Հայաստանի հերթական իշխանությունները քաղաքացիներին աղքատության մատնելով ու Հայաստանը հայաթափելով ամենամեծ ծառայությունն են մատուցում հայկական պետականության թշնամիներին:

Քրդերը այլևս խաղատիկնիկներ՝ տարածաշրջանում ընդհամենը լծակ ծառայող գործոններ չեն, այլ խաղադաշտի կենտրոնում գտնվող ազդեցիկ դերակատարներ:

Հայրենիք ունենալու կարոտախտով ապրող քրդերի երազանքը, այլևս, ոչ միայն անհասանելի չէ, այլ դարձել է տեսանելի իրողություն:

Արդարև, Իրաքյան Քուրդիստանը ներկայանում է ոչ թե որպես դաշնային կառավարության ենթակա ինքնավար շրջան, այլ ինքնիշխան պետություն: Իսկ նրա անկախության հռչակման հետաձգումը, ոչ թե Բաղդադի սպառնալիքի, այլ քրդերի հեռատեսության արդյունք է:

Սիրիայի իրադարձությունների առանցքային շահողը, նույնպես, քրդերն են: Մինչ այդ երկրի քրդերը աշխարհագրական ամենադժվար պայմաններում են գտնվում, այդուհանդերձ նրանց հաջողվել է նվաճել այնպիսի կարգավիճակ, որ այսօր կազմակերպվածության առումով գերակշռում են Իրաքյան Քուրդիստանի ինքնավար հանրապետությանը:

Սիրիայի քրդերի դեմ Էրդողանի սպառնական հերթական հայտարարություններն ու թուրք-սիրիական սահմանում թուրքական բանակի հսկայական տեղաշարժերը, իր բոլոր ռիսկային գործողություններով հանդերձ, անզոր են կասեցնել սկսված ընթացքը, և Անկարան, ուշ թե շուտ, այնպես ինչպես մոռացության մատնեց Իրաքյան Քուրդիստանի անկախություն հռչակելու «կարմիր գիծը», տեսանելի ապագայում հաշտվելու է նաև Սիրիայի քրդերի Քանթոնների՝ Սիրիայում քրդական պետության գոյության հետ և, ինքնաբերաբար, նրանց հետ եւս բացելու է երկխոսության դուռը:

Էրդողանի Թուրքիան, կամա թե ակամա, ինքն է զորացրել քրդերին.

–  սատարելով Արբիլի քրդական ինքնավար հանրապետության, Իրաքի կենտրոնական իշխանության դեմ,

– սպառազինելով Իսլամական Պետության՝ «Դաեշ»-ին, Սիրիայի իշխանությունը տապալելու և Սիրիայի քրդերին զսպելու նպատակով, որի հետևանքով քրդերը ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների ռազմավարական զինակիցի վերածվեցին,

– և վերջապես «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար, ցմահ բանտարկյալ՝ Օջալանին, որպես քրդերի առաջնորդ ընդունելով և նրա հետ բանակցություններ վարելով, ի չիք դարձրին միջազգային մասշտաբով այդ կազմակերպությանը ահաբեկչական ներկայացնելու պաշտոնական Անկարայի դիվանագիտական երկարամյա ջանքերը:

Թուրքիան իր ներքին ու արտաքին քաղաքականությունը իրար կապելով, ի վնաս իրեն կատարել է ռազմավարական մեծ սխալ, տարածաշրջանում քրդերին վերածելով արևմտյան պետությունների ամենավստահելի և դերակատար ուժի, հետևաբար՝ Թուրքիային կանգնեցնելով պետական սահմանների տապալման անխուսափելի հարցի առջև:

Թուրքիայում, մինչ ընդհատումներով, շարունակվում է քուրդ-թուրք երկխոսությունը, ՔԲԿ-ին հարող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» հաջողվեց անցնելով 10 տոկոսի արգելքը, 81 ձայնով մուտք գործել խորհրդարան, զգայուն դերակատարի վերածվելով Թուրքիայի քաղաքական կյանքում:

ՔԲԿ-ի  սիրիական մարտական թևը, որն հայտնի է «Քրդական ժողովրդային պաշտպանության» ջոկատներ անունով, հետզհետե ավելի են հզորանում, վերածվելով քրդական մարտական հիմնական ուժի, գերակշռելով ներիշխանական մրցակցությունների և կոռուպցիայի գիրկն ընկած Իրաքյան քրդստանի ինքնավար հանրապետությանը:

Հետևաբար, թող զարմանալի չթվա, եթե «Քրդական բանվորական կուսակցությունն» իր պետության հիմնադրումը, առաջինը հայտարարի ոչ թե Թուրքիայում, այլ Սիրիայում:

Ակնհայտորեն, եթե Ռուսաստանը զբաղված է կովկասյան և անդրկովկասյան զարգացումների տնօրինելով, ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի նոր քարտեզն է գծում իր «ճարտար գրչով»:

Առկա փաստերի և ընթացող զարգացումների լույսի ներքո, հայությունը կանգնած է անկյունադարձային խաչմերուկի և առիթների դիմաց:

Մեր կամքից անկախ լայնածավալ մասշտաբով ընթացող փոփոխությունները, հայության առջև ստեղծել են «պատմական առիթների»  հնարավորություն: Սակայն այդ առիթներից ճիշտ օգտագործելու համար նախապայման է լինել կազմակերպված և հեռատես:

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net