Ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքն անձամբ է տեղեկացրել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի առաջնորդներին Բաղդադում Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ համատեղ տեղեկատվական կենտրոնի ստեղծման մասին` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կազմակերպելու նպատակով:

Կենտրոնի ստեղծումը Մերձավոր Արևելքում ԻՊ-ի դեմ պայքարի մեջ իրականում հետաքրքրված պետությունների դաշինքի ձևավորման վերաբերյալ ռուսաստանյան ղեկավարության առաջարկի իրագործումն է, – ասում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը:

«Դեռևս խոսքը տեղեկատվական դաշտում ԻՊ-ին հակազդելու և ոչ թե ռազմական գործողությունները ղեկավարող շտաբի մասին է: Այն կառույցը, որը կմիավորեր դաշինքի մասնակից երկրների ռազմական ստորաբաժանումները դեռևս ստեղծված չէ: Դրա ստեղծման դեպքում տեղեկատվական կենտրոնը տվյալներ կփոխանցի ԻՊ-ի ահաբեկիչների գտնվելու վայրի վերաբերյալ դաշինքի ռազմական մարմիններին, որոնք էլ համապատասխան հարվածներ կհասցնեն», – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Դոլգովը:

Ըստ փորձագետի, Բաղդադում տեղեկատվական կենտրոնի ստեղծմանը կարող է մասնակցել նաև Հայաստանը:

«Կենտրոնին միանալը բխում է Հայաստանի շահերից, որի նախաձեռնողականությունն այս հարցում կդիտվի որպես արդյունավետ քայլ: Հայաստանի մասնակցությունը շատ արդյունավետ կարող է լինել, եթե հաջողվի օգտագործել Սիրիայի և Իրաքի հայերի ներուժը, որոնք ակտիվորեն պայքարում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ և տիրապետում են ավելի շատ տեղեկատվության, քան արտասահմանցի մասնագետները», – համոզված է Դոլգովը:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի դեմ տեղեկատվական կենտրոնում ծառայության կանցնեն Ռուսաստանի, Սիրիայի, Իրաքի և Իրանի գլխավոր շտաբերի ներկայացուցիչները: Կենտրոնի հիմնական նպատակն է լինելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու ընդհանրացումը` հիմնականում ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով: Հետագայում տեղեկատվական կենտրոնի հիման վրա նախատեսվում է ստեղծել ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների պլանավորմանն ուղղված համակարգող կոմիտե:

http://rusarminfo.ru

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert