«Պատմության կեղծարարներին պետք է կախել,
ինչպես կեղծ դրամ կտրողներին»:
Սերվանտես
(Հիշեցնենք՝ շեղատառերով մեջբերումները ԵՊՀ հրատարակած «Հայոց պատմություն» դասագրքից քաղվածքներ են՝ փակագծերում համապատասխան էջի նշմամբ)
1. Ինչպես Համաժողովրդական շարժման երկուսուկես տարիների, առավել եւս՝ նրա իշխանության հաջորդ ութ տարիների պատմությունը բուհական եւ դպրոցական դասագրքերում աղավաղվել է եւ անտեսվել նույնպիսի հետեւողականությամբ։ Հայոց համազգային շարժման իշխանության տարիների համար վերեւում ներկայացրած (տե՛ս ՄԱՍ 4-րդ) իրողություններից եւ քաղաքական արդյունքներից հետք անգամ չկա Հայոց պատմության դասագրքերում։
Ինչպես 1988-1990 թթ. վերաբերող բաժնում ասացինք, պատմությունը, որպես այդպիսին, ոչ միայն իրադարձություններ են, այլեւ այդ ընթացքում դերակատարում ունեցած անհատներ։ Այստեղ եւս 100-ից ավելի անունների մեջ (այս անգամ չենք թվարկի՝ ընթերցողին չձանձրացնելու համար) չկան պետականության կայացման, պետական կառույցների ստեղծման ու արդյունավետ ղեկավարման գործում առանցքային դեր խաղացած, հիշատակման արժանի մարդկանց անունները։
Նշենք միայն, որ երկրի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը երեք անգամ արձանագրային կարգով պարտադրված հիշատակվում է 1991, 1996 թվականների նախագահական ընտրությունների եւ 1998 թ. հրաժարականի առիթով։ Իսկ այդ ընթացքում ՀՀ հիմնադիր-նախագահը, որպես երկրի ղեկավար, որպես պատերազմող երկրի գերագույն գլխավոր հրամանատար, որպես պետության արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ արժանահիշատակ որեւէ այլ բան չի՞ արել։ Պարզվում է՝ հիշատակման արժանի նրա միակ գործն այն է եղել, որ Ռ. Քոչարյանին «բերեց Հայաստան»։ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի, դժվարագույն բարեփոխումներ իրականացրած կառավարության վարչապետ Հրանտ Բագրատյանի անունները չկան։
Իշխանության կրող ուժը՝ նախորդ բաժնում (ՄԱՍ 4) արձանագրված քաղաքական արդյունքների հեղինակ Հայոց համազգային շարժումը, հիշատակվում է չորս անգամ, եւ չորս անգամ էլ, պարտադիր, բացասական կոնտեքստով (մի քանիսին կանդրադառնանք ստորեւ)։ Ընդհանրապես՝ ամբողջ շարադրանքը կարելի է բաժանել երկու մասի՝ անհաջողություններ, սխալներ, կորուստներ, չարաշահումներ, որոնց հեղինակն ու պատասխանատուն ժամանակի իշխանությունն է, եւ հաղթանակներ, հաջողություններ ու ձեռքբերումներ, որոնք հեղինակ ու պատասխանատու չունեն։
2. «(Հայաստանի անկախության մասին հռչակագրով)…վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Հատուկ հոդված մտցվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության եւ հայկական տարածքների մասին։ Հռչակագիրը հաստատում էր Հայաստանի վճռականությունը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մաս ճանաչելու վերաբերյալ» (էջ 742)։
Այստեղ ակնհայտ վերագրումներ ու կեղծիքներ կան։
Ա) Հռչակագրում Հայ առաքելական եկեղեցու անվան հիշատակում պարզապես չկա։ Հորինված է։
Բ) 1915 թվականի Ցեղասպանության մասին Հռչակագրում համապատասխան հոդվածը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Դրանում «հայկական տարածքների մասին» խոսք չկա։
Գ) Հռչակագրում Արցախը Հայաստանի «անբաժանել մաս», եւ այն էլ՝«վճռականորեն», հայտարարելու մասին եւս խոսք չկա։ Այդ փաստաթղթի մուտքի մասում ասվում է, թե ինչի վրա է հենվում Գերագույն խորհուրդը սույն փաստաթուղթն ընդունելիս, հիշատակում է նաեւ «1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը»։ Բառերն ու արտահայտությունները քաղաքական տեքստերում խիստ որոշակի նշանակություն ունեն։ Դեկտեմբերի 1-ի որոշման մեջ խոսքը երկու հավասարազոր սուբյեկտների համատեղ որոշմամբ «վերամիավորման» մասին է, ինչը բոլորովին այլ բան է, քան «անբաժանելի մաս» հայտարարելը։ Հակառակ դեպքում այդ որոշումը կկայացներ Հայաստանի Գերագույն խորհուրդը միայնակ, եթե Արցախը դիտարկվեր որպես «անբաժանելի մաս»՝ տարածք, ոչ թե որպես ինքնորոշվող սուբյեկտ։ Արցախը Հայաստանի «անբաժանելի մաս հայտարարելը» այլ բան չէր նշանակի, քան Ադրբեջանին պատերազմ հայտարարել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Կամ՝ երբ Արցախը մեկ տարի հետո իրեն անկախ հայտարարեց, Հայաստանը պիտի ինչ-որ ռեակցիա չտա՞ր (ինչպես՝ եթե նման որոշում կայացներ, ասենք՝ Զանգեզուրը) իր «անբաժանելի մասի» «անջատողական» քայլի առիթով։
Դասագրքի տիտղոսավոր հեղինակներն ու պատասխանատուները չե՞ն հասկացել այս «նրբությունները»։ Շատ լավ էլ հասկացել են. պարզապես, չկարողանալով անտեսել, չհամարձակվելով ինչ-որ կերպ անվանարկել կամ ստվերել Հայոց համազգային շարժման ծրագրի վրա հենվող Անկախության հռչակագիրը, որոշել են այն հայդատականացնել՝ դրան կեղծ ազգայնական դրույթներ վերագրելով։
(Ծանոթագրություն – Պատմության դասագրքերի ստեղծողները որոշակի կենտրոնից կեղծիքների ու վերագրումների կոնկրետ քաղաքական հրահանգներ են ստացել, թե ինչն ինչպես ներկայացնել։ Հրահանգները երբեմն անփույթ են կատարվել, ինչի հետեւանքով տարբեր հեղինակներ «պատահաբար» բառացի կրկնել են նույն նախադասությունը, ինչն այլ բան չէ, քան բուն քաղաքական հրահանգը։ Դպրոցական դասագրքում (բոլորովին այլ հեղինակի կողմից) բառացի կրկնված է վերոբերյալ քաղվածքի իրականությանը չհամապատասխանող միտքը. «Հռչակագիրը հաստատում էր ՀՀ վճռականությունը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մաս ճանաչելու վերաբերյալ» («Հայոց պատմություն», 9-րդ դասարանի դասագիրք, «Զանգակ» հրատ., Եր., 2014 թ., էջ 127)։
Քաղաքական պատվիրատուի պատվերի անտաղանդ կատարելու մի այլ օրինակ է 1995 թ. ընդունված ՀՀ Սահմանադրության մասին հետեւյալ միտքը. «Նոր Սահմանադրությունն, իր թերություններով հանդերձ կարեւոր երեւույթ էր» (էջ 746), ինչը բառացի նույնությամբ գտնում ենք դպրոցական դասագրքում. «ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին։ Այն իր թերություններով հանդերձ կարեւոր երեւույթ էր» («Հայոց պատմություն», 9-րդ դասարանի դասագիրք, «Զանգակ» հրատ., Եր., 2014 թ.,էջ 148)։
3. ԳԿՉՊ-ի՝ Մոսկվայում հետադիմական ուժերի պետական հեղաշրջման տապալումից հետո (1991 թ. օգոստոսի 19-21) «Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ու նպատակներից, ինչպես նաեւ բացահայտ հակահայկական քաղաքականություն վարող Կենտրոնից ձերբազատվելու եւ ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից՝ Հայոց խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու հարցով» (էջ 744)։
Անկախության հանրաքվեի եւ այն սեպտեմբերի 21-ին անցկացնելու որոշումը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել էր դրանից հինգ ամիս առաջ՝ մարտի 1-ին (տե՛ս՝ Տեղեկագիր ՀՀ Գերագույն խորհրդի, 1991, 19. Հոդված 19)։ Սա նույնպես նպատակադիր պարզունակ կեղծիք է՝ չանդրադառնալու համար այս խնդրի նախապատմությանը։ Մարտի 1-ին կայացած հիշյալ որոշումը խորհրդարանական ծանր բանավեճերից հետո Հայոց համազգային շարժման հաղթանակն էր։ Դրա դեմ պայքարում էին հակաանկախական ուժերը՝ ի դեմս հայդատականության, եւ «արմատական» ուժերը, որոնք պահանջում էին օր առաջ անկախություն հռչակել։
4.«Նոր Սահմանադրությունն, իր թերություններով հանդերձ, կարեւոր երեւույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքը…» (էջ 746)։
Խոսքը վերաբերում է Հայաստանի՝ 1995 թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությանը։ Եւ այն, կարծես թե, նաեւ գնահատվում է ըստ էության։ Սակայն ի՞նչ «թերությունների» մասին է խոսքը։ Բնականաբար, չենք ելնում տեսական այն կանխադրույթից, թե «աշխարհում ոչինչ անթերի չկա»։ Ի՞նչ կերպ էին դրսեւորվել այդ «թերությունները», որ առանց դրա անհնար էր հիշատակել Հայաստանի առաջին Սահմանադրության ծնունդը։ Նման բան արձանագրելու համար պետք է այս Սահմանադրության գործունեության տասնամյա շրջանում (1995- 2005թթ.) առնվազն առաջացած լիներ այնպիսի մի իրավիճակ, որը, սահմանադրական լուծում չունենալով, ճգնաժամի հանգեցրած լիներ։ Առնվազն պետք է որեւէ մեկի կողմից արձանագրված լիներ Սահմանադրության դրույթների մեջ որեւէ հակասություն։ Չի եղել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ուրեմն՝ ինչո՞ւ է Հայոց պատմության մեջ ստեղծված անկախ պետականության առաջին Սահմանադրության ընդունման կարեւորագույն փաստն անպայման արձանագրվում «թերություններ» բառի զուգակցմամբ։
Պատասխանը պարզ է. ՀՀ առաջին Սահմանադրությունը հիմքում ունենալով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, կապվում է Հայոց համազգային շարժման ու նրա իշխանության հետ։ Այս դեպքում եթե ավելին անել (շրջանցել, չհիշատակել) հնարավոր չէր, գոնե մի «թերություն» բառ է կպցվել։ Բացի այդ, դրանով ընթերցողը նախապատրաստվում է այդ «թերությունները» վերացնելու նպատակով 2005 թ. Ռ. Քոչարյանի կողմից Սահմանադրության մեջ կատարած անհարկի փոփոխություններին։ Եւ, չսպասելով իր տեղում այդ բանն արձանագրելուն, հենց այստեղ հավելում է. «Հետագայում հանրապետության քաղաքական եւ սոցիալ տնտեսական կյանքի զարգացումներն առաջացրին սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն» (էջ 747)։ Չեք գտնի նաեւ մասնագիտական կամ հրապարակախոսական որեւէ հոդված, որը հիմնավորեր այդ «բարեփոխումները»՝ նշելով Սահմանադրության 1995 թ. տեքստում կոնկրետ բացթողումներ, անհամապատասխանություններ, նորմերի հակասություններ եւ այլն։ Իսկ թե որքանով «բարեփոխված» Սահմանադրությունը 2005 թվականից հետո բարեփոխեց պետական կառավարումը, նվազեցրեց իշխանավորների չարաշահումները, զարգացրեց ժողովրդավարությունը, նպաստեց մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը, հասարակության բարեկեցության աճին, արդարության հաստատմանը, յուրաքանչյուրը կարող է դատել դրանից հետո Հայաստանի տնտեսական ու սոցիալական եւ հենց իր կյանքում կատարված «բարեփոխություններով»։
5. «1992 թ. մայիսի սկզբին ԼՂՀ մայրաքաղաքում եւ ուրիշ բնակավայրերում օրհասական դրություն էր։ Մայրաքաղաքը սովի եզրին էր։ Բնակիչներից յուրաքանչյուրը օրական միջին հաշվով ստանում էր 11 գրամ ալյուր եւ 2,5 գրամ շաքարավազ» (էջ 755)։
Կեղծիքի սովոր գրիչը նաեւ անիմաստ ու զավեշտալի ստեր է հորինում. այդ ի՞նչ կշեռքով էին կշռում ու բաժանում 11 գրամ ալյուրն ու 2,5 գրամ շաքարավազը։ Հայաստանը միշտ ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կենսապահովումը մի մակարդակով ավելի բարձր լինի։
6. «Հետագա խայտառակությունից խուսափելու համար ադրբեջանական իշխանությունները ստիպված էին Ռուսաստանի միջնորդությամբ եւ Մինսկի խմբի օգնությամբ 1994 թ. մայիսին զինադադար խնդրել» (էջ 759)։
Կեղծիք է։ Զինադադարի նախաձեռնությունը պաշտոնապես ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովինն էր։ Այն փաստը, որ մայիսի 5-ին կրակի դադարեցման մասին Բիշքեկում ստորագրված փաստաթղթին Ադրբեջանը միացավ միայն 3 օր անց՝ մայիսի 8-ին, իսկ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների՝ կրակի դադարեցման մայիսի 17-ի փաստաթղթին իր համաձայնությունը տվեց մեկ ամիս ուշացումով, առնվազն նշանակում է, թե նա չի եղել նախաձեռնողը։ Փաստն այն է, որ դիվանագիտական հմտությունների գործադրմամբ եւ միջազգային մեխանիզմների օգտագործմամբ Հայաստանն է իր համար շահեկան իրավիճակում հասել զինադադարի։ Բայց այսպիսի մի փաստի արձանագրումը կլիներ հօգուտ «ՀՀՇ-ական իշխանության» ու նրա ղեկավարի, եթե անգամ նրանց անունը չտրվեր։ Դասագրքում այս կեղծիքը կատարված է՝ սնուցելու համար հաջորդ (այսօրվա) իշխանության կողմից խրախուսվող ու տարածվող ցածրակարգ այն սնապարծ քարոզչությունը, թե այդ ժամանակ հայկական զորքերը կարող էին հասնել Քուռ, կարող էին գրավել Բաքուն, բայց «Լեւոնը չթողեց»։
7. «Միայն Ադրբեջան-Ղարաբաղ ուղղակի բանակցությունների միջոցով կարելի էր սահմանել հակամարտող կողմերի փոխզիջումների շրջանակը եւ քննել խնդրի քաղաքական կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակը։ Հակառակ սրան՝ Ադրբեջանը համառորեն չէր ճանաչում ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ։ Փաստորեն 1995-1996 թթ. որոշակի ձեռքբերումներ չեղան» (էջ 761)։
Ստացվում է, որ Ղարաբաղն այդ շրջանում այդպես էլ չճանաչվե՞ց որպես հակամարտության կողմ։ Կեղծիք է։ Արդեն 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը օժտվեց հակամարտության լիարժեք ու հավասար կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատով։ Որպես այդպիսին է, որ Մինսկի խումբը մինչեւ 1998 թ. նաեւ նրան է ուղարկել հակամարտության կարգավորման՝ իր մշակած տարբերակները, որոնց վրա «վետո» դնելու իրավունք ուներ Ղարաբաղը (եւ օգտվեց այդ իրավունքից)։ Սա հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու ամենակարեւոր խաղաքարտը։
Իսկ այս կեղծիքը դասագրքում կատարվել է երկու նպատակով։ Նախ՝ որպեսզի դրական մի բան (ըստ էության՝ դիվանագիտական բացառիկ մի ձեռքբերում) չարձանագրվի «ՀՀՇ-ական» իշխանության համար։ Երկրորդ՝ որպեսզի սքողվի ու իր տեղում չհիշատակվի դրա հետ կապված խայտառակ այն իրողությունը, որ հետագայում Ռ. Քոչարյանը, գավառամտություն դրսեւորելով կամ հայդատականությանը տուրք տալով, մեծագույն նվեր մատուցեց Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղին զրկելով հակամարտության կողմի միջազգային այդ մանդատից։ Դրանով ինքնորոշվող սուբյեկտ Ղարաբաղը զրկվեց հակամարտության կողմի կարգավիճակից եւ վերածվեց տարածքային վեճի օբյեկտի։ Իսկ նման դեպքերում ավելի հեշտ է հարցի լուծումը տեղափոխել «տարածքային ամբողջականության» հարթություն, ինչին ականատես եղանք հետագա տարիներին եւ ականատես ենք այսօր՝ ի դեմս «Մադրիդյան սկզբունքների»։
8. «1996 թ. վերջին Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովում փորձ արվեց Արցախյան խնդրի լուծումը կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որը չընդունվեց, եւ բանակցությունները մտան փակուղի։ 1997 թ. մի քանի անգամ գումարված ԵԱՀԿ համաժողովում քննարկումներն արդյունք չտվեցին…«1998 թվականից սկսվեց ղարաբաղյան բանակցությունների նոր փուլը։ Այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացրեց գործունեությունը՝ նոր առաջարկներ ներկայացնելով կողմերին (էջ 761-762)։
Լիսաբոնի մասին արդեն գրել ենք 3-րդ բաժնում՝միջանկյալ ավելացնելով նաեւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» թեզի հետագա ընթացքը։ Վերոբերյալ մեջբերումից հասկացվում է, որ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի բանաձեւում Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետը չի ընդունվել, ասենք, բավարար ձայներ չունենալու պատճառով։ Բանաձեւը ավելի քան բավարար ձայներ ուներ։ Այն պաշտոնական փաստաթուղթ չդարձավ, քանի որ, հակադրվելով բոլորին, դրա վրա վետո դրեց Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Սա այն բազմաթիվ բնորոշ օրինակներից է, երբ ստիպված արձանագրվում է անշրջանցելի իրողությունը, բայց չհիշատակելու համար դրա հեղինակին՝խեղաթյուրվում է իրադարձության էությունը։
Բացահայտ կեղծիք է նաեւ, թե դրանից հետո բանակցությունները մտան փակուղի։ Բանակցությունները միայն սեղանի առջեւ նստել, խոսելը չէ, այլ ընդհանրապես կարգավորման գործընթացը։ Հենց դրանից հետո՝ հաջորդ մեկ տարվա ընթացքում, Մինսկի խումբը, մեկը մյուսի ետեւից, երեք կողմերին (նաեւ Ղարաբաղին) ներկայացրեց կարգավորման երկու տարբերակ՝ հայտնի «փաթեթային» եւ «փուլային» անուններով։ Էլ ո՞ւր մնաց «փակուղին»։Կեղծիքն էլ, ահա, կատարվել է նրա համար, որ քիչ հետո արձանագրվի, թե, ահա, 1998-ից (արդեն Ռ. Քոչարյանի շնորհիվ) բանակցությունները «փակուղուց» դուրս եկան, եւ Մինսկի խումբն ակտիվ աշխատելու հնարավորություն ստացավ։
9. «Կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու կեղծ ամբաստանությամբ 1994 թ. դեկտեմբերի 28-ից կասեցվել է Դաշնակցության գործունեությունը» (էջ 792)։
Կուսակցությունների գործունեությունը այդ պահին կարգավորվում էր 1991 թ. փետրվարի 26-ին ընդունված «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով։ Օրենքի 1-ին հոդվածը սահմանում էր, որ «հասարակական-քաղաքական կազմակերպությունը կամավոր հիմունքներով միավորված՝ Հայաստանի Հանրապետության ընտրական տարիք ունեցող քաղաքացիների միավորում է»։ Մեկ այլ՝ 1994 թ. հունվարի 17-ին ընդունված «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում էր. «Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական որեւէ կազմակերպության»։ Մինչդեռ ՀՅԴ Բյուրոյի 13 անդամներից 9-ը եւ ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի 11 անդամներից 1-ը օտարերկրյա քաղաքացիներ էին։
Սրանք փաստեր էին, որ հաստատել են նաեւ ՀՅԴ ներկայացուցիչները պաշտոնական գրություններով ու վկայություններով։
Այս հիման վրա էլ, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 190-197 հոդվածներով եւ «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածով, դատարանի վճռով 1995 թ. հունվարի 13-ից 6 ամիս ժամկետով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը՝ այդ խախտումը վերացնելու համար։
Ո՞ւր մնաց «կեղծ ամբաստանությունը»:
Այնպես որ՝ կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու ամբաստանությունը չէ, որ կեղծ էր, իրական կեղծիքը՝ գիտակցված մերկապարանոց կեղծիքը, դասագրքի հեղինակների այս ողորմելի զրպարտությունն է։
10. «Հաճախակի տեղի էին ունենում սպանություններ։ Ելուզակային խմբերի կողմից պատվերով կատարված արյունալի հաշվեհարդարների զոհ էին դառնում օրվա իշխանավորների համար անհաճո պաշտոնյաները, քաղաքական հակառակորդները, նույնիսկ շարքային անմեղ մարդիկ» (էջ 794)։
Մինչեւ 1994 թվականը տեղի է ունեցել երեք աղմկահարույց սպանություն, որոնք հնարավոր չեղավ բացահայտել (Համբարձում Ղանդիլյան՝ 3.05.1993, Մարիուս Յուզբաշյան՝ 21.07.1993, Համբարձում Գալստյան՝18.12.1994 )։ Պատկերավոր ասած՝ եթե այդ շրջանի իշխանության համար «անհաճո» մարդկանց ու քաղաքական հակառակորդների 1000 հոգանոց մի ցուցակ կազմվեր, սրանցից ոչ մեկն այդ ցուցակում չէր լինի։
Զարմանալի մի «պատահականությամբ» այդօրինակ սպանությունները դադարեցին հենց ՀՅԴ-ի կասեցումից անմիջապես հետո (1994-ի դեկտեմբեր) եւ նոր թափով վերսկսվեցին 1998-ին նրա գործունեության արտոնումից քիչ անց՝ օգոստոսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությամբ։ Մեկուկես տարի անց սպանությունների այդ շարքը գրանցեց իր բարձրակետը՝ ի դեմս հոկտեմբերի 27-ի՝ աշխարհը ցնցած ոճրագործության, որի կատարողները «նախկին դաշնակցականներ» էին։ Սրանք փաստեր են, որոնց եզրահանգումները թողնում ենք ընթերցողին։ Ավելացնենք նաեւ, որ եթե սպանվելու դատապարտվածների ինչ-որ «սեւ ցուցակ» այդ տարիներին հայտնաբերվել է, ապա այդ ցուցակը կապվում է նույն ՀՅԴ-ի հետ, եւ դրանում եղել են հենց իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների անուններ։
11. «1996 թ. սեպտեմբերի 25-ի հանրահավաքը վերածվեց հանրապետության Ազգային ժողովի շենքի վրա գրոհի։ Այս առիթն օգտագործելով՝ իշխանություններն ընդդիմության դեմ անցան վճռական գործողությունների։ Սկսվեցին նրա առաջնորդների ու ակտիվիստների ձերբակալությունները, բռնություններն ու պատվիրված դատավարությունները» (էջ 794)։
Սա եւս զավեշտի ժանրից է։ Ստացվում է հետեւյալը. Ազգային ժողովի շենքը գրոհելը (նաեւ գրավելը, ջարդուխուրդ անելը, ԱԺ նախագահին ու փոխնախագահին գազանաբար ծեծելը, առեւանգելը – ինչի մասին խոսք չկա) ընդդիմության կողմից նորմալ է։ Իսկ, այ, այդ ամենն «առիթ» դարձնելով՝«վճռական գործողություններ» կատարելը իշխանության համար դատապարտելի քայլ է։ Հենց դասագրքի ձեւակերպած՝ «Ազգային ժողովի շենքի վրա գրոհ»-ը ակնհայտ քրեական հանցագործության ձեւակերպում է, էլ ի՞նչ պատվիրես դատարանին։ Եթե որպես զավեշտ չընդունենք, ապա սա վիրավորանք է մարդկային բանականությանը եւ, առաջին հերթին՝ այն ուսանողներին, որոնց համար գրվել է սույն դասագիրքը։
(Ծանոթագրություն – 2008 թվականի մարտի 1-ին տրամագծորեն հակառակ իրավիճակն էր։ Ազատության հրապարակում շուրջօրյա խաղաղ հանրահավաքներ էին։ Պետական որեւէ շենքի վրա ոչ միայն հարձակման խոսք չկար, այլեւ բազմիցս հայտարարվել էր նման քայլի անընդունելի լինելու մասին։ Մարտի 1-ին, լույսը չբացված, մթի քողի տակ, առանց զգուշացման՝ իշխանությունն էր, որ հարձակվեց խաղաղ ցուցարարների վրանային ավանի վրա։ Բայց այստեղ արդեն, տրամագծորեն հակառակ այս իրավիճակում, մեղավորը, ըստ բուհական դասագրքի (էջ 834-837), ոչ թե իշխանությունն էր, այլ ընդդիմությունը, որը հրաժարվում էր ճանաչել ընտրության կեղծված արդյունքները եւ ընդունել «օրինապես նախագահ ընտրված Ս. Սարգսյանի» «համագործակցության առաջարկը»։ Ո՛չ Ազատության հրապարակում Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական զորքերի իրականացրած վայրագությունները, ո՛չ ցուցարարների դեմ բանակի ուժերի օգտագործման հակասահմանադրական փաստը, ո՛չ նույն օրը երեկոյան հրազենի օգտագործմամբ պատճառած 10 զոհերը իշխանությանն ամենաչնչին չափով մեղադրելու հիմք չեն տալիս։ Դասագրքում կրկնվում են այն մեղադրանքներն ու հերյուրանքները, որոնք այդ օրերին քարոզվում էին իշխանության կողմից։ Եւ դա՝ այն դեպքում, երբ դրանցից ոչ մեկը հնարավոր չեղավ ապացուցել 150-ից ավելի մարդկանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատավարությունների ընթացքում, երբ ամբողջությամբ հաստատվեց իշխանության մեղավորության, նրա հակաօրինական գործողությունների՝ ընդդիմության վարկածը, ինչը տեղ գտավ նաեւ միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, իսկ 10 սպանություններն առ այսօր շարունակում են մնալ չբացահայտված)։
12. «Ի վերջո տեւական առճակատումը հանգեցրեց գործող նախագահի հրաժարականին» (էջ 794)։
«Առճակատում» ասելով՝ նկատի ունի նախորդ պարբերությունում իր հիշատակած՝ 1996 թ. սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ցույցերը եւ «Ազգային ժողովի շենքի վրա գրոհը» սեպտեմբերի 25-ին։
Հայտնի փաստերի կեղծիք է, զեղծարարություն եւ իրողությունների շրջանցում։
Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի շենքի վրա խայտառակ գրոհից հետո ընդդիմությունը, որպես հրապարակային քաղաքական գործոն, ըստ էության, գոյություն չուներ, ու նրա հետ «առճակատում» չէր կարող լինել։ Ճգնաժամը, ինչպես արդեն ասել ենք, միայն ներիշխանական էր՝ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի առիթով։ Այն հակիրճ, բայց ամբողջական ու հստակ ներկայացված է Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարության մեջ, ավելի մանրամասն՝ նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում (1 նոյեմբերի, 1997 թ., տե՛ս «Ընտրանի», էջ 625-639) եւ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում (7-8 հունվարի, 1998 թ., տե՛ս «Ընտրանի», 647-660)։ Դրանցից ոչ մեկում ժամանակի տվյալ ընդդիմության մասին խոսք անգամ չկա։ Իսկ հրաժարականի հայտարարության մեջ որոշակի ասվում է, թե ում պահանջով է հրաժարական տալիս. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ» (Ընտրանի, էջ 661)։ Խոսքը վերաբերում է հայտնի եռյակին՝ Վ. Սարգսյանին, Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին։ Վերջիններս էլ իրենց պահանջի հիմքում դրել էին Ղարաբաղի հարցը, ինչի մասին էլ նույն հայտարարության մեջ ասվում է. «Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանական ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր»։
Որեւէ մեկի համար գաղտնի՞ք է այլեւս, որ 1994-ի զինադադարից ի վեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեւէ այնքան աննպաստ վիճակում չի եղել, որքան այսօր։ Որեւէ մեկի համար գաղտնի՞ք է այլեւս, որ հակամարտության կարգավորման լավագույն պահը բաց թողնվեց այս, ըստ էության, պետական հեղաշրջման հետեւանքով։
Այս ամենը թաքցնելու համար է, ահա, որ կեղծվում եւ շրջանցվում է իրականությունը։
13. Իշխանափոխությունից հետո էլ ՀՀՇ-ն չի ազատվում «մեղադրանքներից». «ՀՀՇ-ական եւ նրան հարող ընդդիմադիր ուժերը (1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո)սկսեցին հետեւողականորեն օգտվել դրանից։ Նրանք իրենց առաջ խնդիր էին դրել՝ օգտագործելով խառը կացությունը՝ հետ բերել իշխանությունը։ Հիմնական դիմակայությունն ընթանում էր ոչ թե քաղաքական տարբեր ուժերի, այլ իշխանության թեւերը ներկայացնող պաշտոնյաների միջեւ» (էջ 796)։
Սա ոչ միայն կեղծիք ու հերյուրանք է, այլեւ, իր ներքին հակասությամբ՝ զավեշտ։ Փաստերը սրանք են.
– 1998 թ. փետրվարին Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տվեց նրա քաղաքական թիմը՝ իշխանական համակարգի մի քանի տասնյակ առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ։
– Ազգային ժողովում հենց այդ ժամանակ «Երկրապահ» խմբի հիման վրա ձևավորվեց նոր մեծամասնություն՝Հանրապետական կուսակցությունը, որ այդ պահից եւ առ այսօր իշխանության է։
– 1999 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀՇ-ն, որպես քաղաքական ուժ, բացակայում էր նաեւ օրենսդիր մարմնից (ընտրվել էր միայն մեկ հոգի՝ Վանո Սիրադեղյանը)։
Այսինքն՝ երբ նույն 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ հայտնի ոճրագործությունը, իշխանական կուսակցությունը նույն այդ Հանրապետական կուսակցությունն էր։ Այնպես որ, եթե «հիմնական դիմակայությունը» իշխանության մեջ էր, ապա այդտեղ ՀՀՇ-ն արդեն կես տարուց ավելի չկար ու «իշխանության թեւ» չէր կարող լինել։ Եւ ավելի անհեթեթ բան կարելի՞ է ասել, քան՝ այսինչ ուժը, լինելով իշխանության մաս՝ փորձում էր հետ բերել իշխանությունը։ Կարելի է, եթե արհամարհում ես ընթերցողիդ, տվյալ դեպքում՝ ուսանողի բանականությունը։
Ավելացնենք, որ ոճրագործությունից անմիջապես հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի հայտարարություն, որով կոչ արեց համախմբվել գործող նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը։
Հետաքրքիր է, որ հենց անմիջապես հաջորդ պարբերության մեջ որոշակիացվում է, թե հանվանե ում միջեւ էր «դիմակայությունը». մի կողմից՝ «Հանրապետության նախագահը (Ռ. Քոչարյան) եւ իր շրջապատը», մյուս կողմից՝ «կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականության մի մասը (իրականում՝ ամբողջը), «Երկրապահ» կամավորների միությունը» (նույն տեղում), այսինքն՝ Վազգեն Սարգսյանի քաղաքական ազդեցության ողջ սպեկտրը՝ իշխող Հանրապետական կուսակցությամբ հանդերձ։ Իսկ ո՞ւր մնաց ՀՀՇ-ն։
Խիստ բնութագրական է վերոբերյալ մեջբերման մեջ «Հանրապետության նախագահը եւ իր շրջապատը» ձեւակերպումը, կարծես խոսքը քրեական, գողական «ռազբիրատի» մասին է, ոչ թե քաղաքական երեւույթի։ Ցավալի է, բայց բնական, որ գողական հասկացություններն ու լեքսիկոնը իշխանական հարթությունից տեղափոխվում են նաեւ նրան սպասարկող պատմագիտության մեջ։
14. Զավեշտի ժանրից եւս մի օրինակ։ Այսպես՝ 1995 թ. խորհրդարանական ընտրության առիթով իշխանության «անարդարություններն ու օրինախատումներն» են թվարկվում, եւ այդ ցանկում, իշխանությանն ուղղված մահացու մեղադրանքների շարքում՝ նշվում է.«կանանց բազմաթիվ կազմակերպությունների կողքին ստեղծեց նաեւ «Շամիրամը» (էջ793)։ Եթե արդեն գոյություն ունեին կանանց բազմաթիվ կազմակերպություններ, ինչո՞ւ էր այս մեկի ստեղծումը դատապարտելի, ինչպե՞ս կարող է որեւէ կազմակերպության ստեղծում համարվել «ընտրությունների անարդարությունների ու օրինախախտման» օրինակ։
15. «Հայրենիք գալով՝ նրանք (ՀՅԴ, ՀՌԱԿ, Հնչակ) փորձեցին մասնակից դառնալ երկրի կառավարմանը։ Ցավոք, ՀՀՇ-ն հալածական բիրտ քաղաքականություն որդեգրեց ավանդական կուսակցությունների հանդեպ (ՀՅԴ-ն արգելվեց, ՀՌԱԿ-ը պառակտվեց)։ Հայաստանի իշխանությունները փորձեցին վարկաբեկել այդ կուսակցությունների գործունեությունը նաեւ արտասահմանում» (էջ 803)։
Սփյուռքի կուսակցությունների հետ Ղարաբաղյան շարժման, ապա նրա իշխանության հարաբերությունների հետ կապված փաստերը հետեւյալն են.
Ա) Այս երեք կուսակցությունները, Կոմունիստական կուսակցության հետ դաշնակցած, պայքարել են Համաժողովրդական շարժման դեմ 1988-ի փետրվարից սկսած (այս մասին տե՛ս, օրինակ, ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանի հարցազրույցը, «Հայաստանի Հանրապետություն», 04.07.1992)։ Ի սկզբանե ոչ մի հրապարակային արձագանք չտալով միջազգային հնչեղություն ստացած Հայկական ժողովրդավարական շարժմանը՝ նրանց առաջին համատեղ պաշտոնական դիրքորոշումը 1988 թ. սեպտեմբերի 29-ով թվագրված մի հայտարարություն էր, որն ուղղված էր Շարժման դեմ, դատապարտում էր Շարժման գործելակերպը եւ կոչ անում Լեռնային Ղարաբաղի խնդիրը վստահել խորհրդային իշխանություններին:
Բ) Երեք կուսակցությունները, դրանից հետո արդեն նաեւ հրապարակավ, շարունակեցին պայքարը Հայաստանի անկախության՝ Շարժման քաղաքական ուղեգծի դեմ։ Այս բանը վկայող տասնյակ հոդվածներ կան, մասնավորապես՝ ՀՅԴ կենտրոնական մամուլում, կան նաեւ տասնյակ փակ փաստաթղթեր, որոնց մի մասը, ժամանակին մատչելի դառնալով, հրապարակվել է։
Գ) Կոմկուսի հետ մինչեւ վերջ դաշնակից լինելու փաստը վկայել են ՀՅԴ նշանավոր գործիչներ։ Օրինակ՝ հայտնի պատմաբան, ՀՅԴ երկարամյա անդամ ու նրա պատմության լավագույն գիտակ Անահիտ Տեր-Մինասյանը. «Դաշնակցական կուսակցությունը ընտրությունների ընթացքում ՀՀՇ-ի դեմ պաշտպանեց կոմկուսի թեկնածուներին» (Տե՛ս «Հայք», 23 հունվարի, 1991 թ.)։ ՀՅԴ մեկ այլ նշանավոր գործիչ՝ Պերճ Մըսրլյանը, կուսակցության ղեկավարությանը մեղադրում է, որ նրա հրահանգով դաշնակցական պատգամավորները 1990թ. օգոստոսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում քվեարկեցին հօգուտ կոմունիստ թեկնածուի (ՀՀԱՆԱ, 25/ 06.06.94)։
Դ) Ինչպես այս, այնպես էլ մյուս կուսակցությունները մեկ անգամ չէ, որ առանց ՀՀՇ-ի «օգնության» էլ պառակտվել են նաեւ Սփյուռքում ե՛ւ մինչ այդ, ե՛ւ դրանից հետո։ ՀՅԴ-ից էլ մի թեւ առանձնացավ («ՀՅԴ վերականգնումի շարժում» անվանումով)՝այս կուսակցության՝ Ղարաբաղյան շարժման եւ Հայոց համազգային շարժման իշխանության դեմ որդեգրած վարքագծի պատճառով։
Ե) ՀՅԴ-ն, ի տարբերություն Ռամկավար եւ Հնչակյան կուսակցությունների, հայդատականության հիմքի վրա, անկախության դեմ պայքարը հրապարակայնորեն շարունակեց ընդհուպ մինչեւ հանրաքվե։ Եւ այդուամենայնիվ, իշխանության գալուց հետո, առաջնորդվելով անձնական արժանիքների ու կարողությունների սկզբունքով, ՀՀՇ-ն աշխատեց Հայաստանի կառավարմանը մասնակից դարձնել բոլորին։ Փաստ է, որ պետական բարձր ու պատասխանատու պաշտոններում Սփյուռքը երբեք այնքան ներկայացված չի եղել, ինչքան Հայոց համազգային շարժման իշխանության տարիներին։ Նախարարական պորտֆելներ են առաջարկվել նաեւ ՀՅԴ անդամների՝ Կարո Արմենյանին եւ Գեւորգ Քեփենեկյանին, սակայն մերժում է ստացվել (մանրամասները տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», էջ 372-373)։
Զ) Ինչպես արդեն ասել ենք, ՀՅԴ-ն ոչ թե արգելվեց, այլ նրա գործունեությունը դատարանի վճռով ժամանակավորապես կասեցվեց՝ մինչեւ նա իր կանոնադրությունը եւ գործելակերպը համապատասխանեցրեց ՀՀ գործող օրենսդրությանը։
Է) Այդ տարիներին անգամ իշխող կուսակցություն ՀՀՇ-ն էլ մի քանի «պառակտումներ» ունեցավ (առանձնացան ԱԺՄ-ն եւ ավելի մանր միավորներ)։ Իրականում այդ ամենը ավելի շուտ հենց ժողովրդավարական գործընթացի մաս էր ու հաստատվող ժողովրդավարական մթնոլորտի արդյունք։
Այսինքն՝ Սփյուռքի հետ կապված այս մեղադրանքը Հայոց համազգային շարժման իշխանությանը նույնպես ողորմելի սուտ է ու կեղծիք։
16. Ինչպես սկզբում խոստացել էինք, չենք անդրադառնալու 1990-1998 թթ. իշխանությունների մասին «Հայոց պատմություն» անունով բուհական այս դասագրքի տասնյակ էջեր կազմող էժան, արհամարհելի հերյուրանքներին ու զազրախոսություններին։ Մենք բերեցինք միայն կոնկրետ փաստերի նպատակադիր խեղաթյուրման ու կեղծման, իրողությունների միտումնավոր ուրացման օրինակներ։ Սակայն պիտի անդրադառնանք մի հերյուրանքի, որով անկախ Հայաստանի առաջին իշխանությունը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։
«Կառավարման համակարգում տիրապետող դարձան շահամոլությունը, ընչաքաղցությունը» (էջ 771)։
«Արդյունաբերական ձեռնարկությունները, ինչպես եւ առողջապահական, կրթական եւ այլ հաստատություններ հապճեպ սեփականաշնորհվեցին, աներեւակայելի ցածր գներով «վաճառվեցին» երկրի նորաթուխ կառավարողների կողմից հովանավորվողներից շատերին» (էջ 772)։
«Արտասահմանյան վարկերից հարյուր միլիոնավոր դոլարներ հանգրվանեցին կոռումպացված պաշտոնյաների գրպաններում» (էջ 778)։
Այս դեպքում, առանց մեկնաբանության, մենք պիտի ապավինենք միայն ընթերցողի բանականությանն ու անաչառությանը՝ նրա դատին հանձնելով հետեւյալ իրողություններն ու փաստերը։
Ա) Խոսքը չի վերաբերում առանձին պաշտոնյաների չարաշահումներին, կաշառակերության դեպքերին, պաշտոնեական դիրքի չարաշահումներին։ Այդ չարիքը այս կամ այն չափով միշտ եղել է, ինչպես պատկերավոր ասում են՝ Հին Հռոմից սկսած, եւ այս կամ այն չափով այսօր էլ կա աշխարհի անգամ ամենաերանելի համարված երկրներում։ Կայացած ու զարգացած պետություններում դրանք ավելի քիչ են, քիչ կայացած ու թույլ զարգացած, նորանկախ պետություններում՝ սովորաբար ավելի շատ։ Հայաստանը բացառություն լինել չէր կարող։
Խնդիրը հետեւյալն է. տվյալ քաղաքական իշխանությունն իր ուժերի ներածին չափով պայքարո՞ւմ է նեգատիվ այդ երեւույթների դեմ, թե՞ ինքն է դառնում այդ ամենի կազմակերպիչն ու համակարգողը։ Առաջին դեպքում քաղաքական իշխանության կրողները որեւէ հարստություն չեն դիզում, երկրորդ դեպքում քաղաքական իշխանության կրողները հսկայական հարստություն են դիզում՝ ըստ իշխանական համակարգում իրենց գրաված դիրքի։
Բերված քաղվածքներում խոսքն, ըստ էության, համակարգված կոռուպցիայի մասին է, երբ այդ ամենը ոչ միայն համատարած է, այլեւ լիովին վերահսկվում, կոորդինացվում ու տնօրինվում է բարձրագույն իշխանության կողմից։
Բ) 2007 թվականի աշնանից Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2008 թ. փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, սկսեց գործող իշխանության՝ որքան անողոք, նույնքան փաստարկված հրապարակային քննադատությունը։ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ստեղծած ռեժիմը որակելով որպես ավազակապետություն՝ նրա հիմնական մեղադրանքներից մեկը հենց նրանց ստեղծած ու նրանց իսկ կողմից ղեկավարվող կոռուպցիոն համակարգին էր վերաբերում, երկիրն ու ժողովրդին թալանելով ահռելի անձնական հարստություն դիզելուն։
Գ)1998 թ. հաստատված իշխանությունը՝ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ, հսկայական ջանքեր է գործադրել իր նախորդի եւ նրա քաղաքական թիմի գործունեության մեջ չարաշահումների փաստեր գտնելու համար։ Ահա այդ մասին ամենատեղյակ աղբյուրի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վկայությունը.
«Մի քանի տարի շարունակ ստուգումներ կատարեցին վերը նշված բոլոր պաշտոնյաների (նկատի ունի իր հետ հրաժարական տված պաշտոնյաներին – Ա. Ս.), այդ թվում՝ անձամբ իմ գործունեության ոլորտում։ Դավիթ Վարդանյանին հատուկ նշանակեցին Նախագահի վերահսկողական ծառայության պետ, որպեսզի բացահայտի իմ «մաֆիոզ» կերպարը։ Ստեղծեցին մի քանի խորհրդարանական հանձնաժողովներ՝ հետաքննելու համար իմ, Հրանտ Բագրատյանի եւ ուրիշների «չարաշահումները»։ Ցանկացած գործով դատախազությունում ընթացող քննությունների ժամանակ փորձեցին տարբեր մարդկանցից վկայություններ կորզել իմ, Բագրատյանի, Սիրադեղյանի եւ նույնիսկ հանգուցյալ եղբորս՝ 1985-ից «Հրազդանմեքենա» միավորման գլխավոր տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանի դեմ։ Ոչինչ չստացվեց՝ հարյուր դոլարի յուրացում անգամ չհայտնաբերվեց (ընդգծումն իմն է – Ա. Ս.)։ Պատկերացրեք, եթե ունենային որեւէ կոնկրետ փաստ, մեզ բոլորիս ի՞նչ կանեին. ուղղակի կբզկտեին, կոչնչացնեին, հենց այս հարթակում կախաղան կհանեին» (տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, էջ 84)։
Մեջբերումը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2007 նոյեմբերի 16-ի հանրահավաքի ելույթից է, երբ նա արդեն իրեն հայտարարել էր նախագահի թեկնածու՝ մահացու վտանգ ստեղծելով ռեժիմի՝ իշխանության վերարտադրման ծրագրի համար։ Սա նաեւ յուրատեսակ մարտահրավեր էր իշխանությանը, որին ոչ մի արձագանք չեղավ։ Հիմա պատկերացնենք, եթե նրանք ունենային այդօրինակ որեւէ փաստ, ինչպես դա կօգտագործեին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ նրա հաղթարշավը տեղնուտեղը չեզոքացնելու, տապալելու համար։ Տասնյակ միլիոններ կտային նման մի փաստ ունենալու համար։
Նույն միտքն ավելի ընդարձակ հիմքով, դարձյալ որպես ռեժիմին ուղղված մարտահրավեր, Լեւոն Տեր-Պետրոսյանը մի այլ անգամ ձեւակերպել է հետեւյալ կերպ.
«Կոռուպցիան ոչ թե, կամ ավելի ճիշտ, ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան քաղաքական չարիք է։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի՝ վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդը։ Ավազակախմբի առջեւ կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլեւ հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը։ Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլեւ հազար մարդ։ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը (ընդգծումն իմն է – Ա. Ս.)։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն» (Ելույթ 2010 թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում)։
Այս անգամ էլ նետած ձեռնոցը վերցնող չեղավ, քանզի Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնացույց անելու նմանօրինակ մեկը պարզապես չկար։
Դ) Կոռուպցիայի մեղադրանքը միայն ասելով չէ։ Կյանքում անմիջապես երեւում են դրա առարկայացումները։ Դեռ մի կողմ թողնենք մամուլում բազմիցս հրապարակված՝ այսօրվա բարձրագույն իշխանավորների (որոնք պաշտոնապես բիզնեսով չեն զբաղվել) հարյուր միլիոնավոր, ոմանց՝ միլիարդավոր դոլարների արժողությամբ ունեցվածքների ցանկերը։ Մի կողմ թողնենք այդ մասին վկայող այնպիսի հավաստի փաստաթղթեր, ինչպիսիք «Վիկիլիքսի» հրապարակումներն են։ Մի կողմ թողնենք անգամ մեզնից յուրաքանչյուրի ունեցած իմացությունները, թե մեր շրջապատում ինչն ում է պատկանում։ Կոռուպցիայի ամենափայլուն իլյուստրացիան այն է, որ երկրի առաջին դեմքերից մեկի՝ Ռ. Քոչարյանի՝ դեռ նոր ուսանող տղան, մյուսի՝ Ս. Սարգսյանի՝ ընդամենը ավտոբուսի վարորդ եղբայրը հանկարծ դարձան միլիարդատերեր։ Որեւէ մեկը կարո՞ղ է ժխտել այն իրողությունը, որ Հայաստանում ամենահարուստ 10 անձանցից առնվազն 8-ը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Սա էլ մի կողմ թողնենք։ Ս. Սարգսյանից սկսած՝ բարձրագույն պաշտոնատար անձանց՝ իրենց ունեցվածքի եւ եկամուտների մասին ամենամյա պաշտոնական հայտարարագրերն անգամ (թեկուզ հազարապատիկ նվազեցված) բավական են, որպեսզի նրանց դատարանում հարցնեն՝ «որտեղի՞ց»։ Փաստ է, որ նման հարց, չնայած գործող ռեժիմի ամենաբուռն ցանկությանն ու տարիների ջանքերին, չի տրվելԼեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի անդամներից եւ ոչ մեկին։
Կոռուպցիան նաեւ պետական իշխանության ծախվածություն է ենթադրում արտաքին աշխարհում, երկրի ազգային շահերի վաճառք՝ հանուն նույն անձնական շահերի։ Դրա ամենացայտուն դրսեւորումների մասին արդեն խոսել ենք։ Այդպես, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կողմից ծախվեց Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատը, այդպես ծախվեց Հայոց ցեղասպանությունը, այդպես ստորագրություն դրվեց միջազգային փաստաթղթերի տակ, որոնք կանխորոշում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այդպես այսօր, բոլորիս աչքի առաջ ծախվում է Հայաստանը։
Վերջաբան-եզրակացություն
Ո՞րն է, ուրեմն, իշխող ռեժիմի կողմից 1988-1998 թթ. իրական պատմության կեղծման, խեղման, ուրացման քաղաքական շարժառիթը, հիմքը, պատճառը։
Նախ՝ասենք, որ խորհրդային տարիներին որպես կուսակցական չինովնիկներ պաշտոնավարած Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը «նախորդի» շրջանը կեղծելը, ուրանալը կամ յուրացնելը չէին կարող ընդօրինակած չլինել կոմունիստական շրջանի իրենց առաջնորդներից։ Այդպես ամեն անգամ արմատապես փոխվում էր ԽՍՀՄ պատմությունը ամեն մի «գենսեկի»՝ պետության առաջին դեմքի փոխվելու հետ մեկտեղ։ Եւ եթե «գենսեկները» դա անում էին ավելի շատ սեփական փառասիրությունը բավարարելու համար, ապա Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի դեպքում դա կենսական խնդիր է:
Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը վճռականորեն մերժեց հայդատականությունը, մշտական թշնամու, արտաքին քաղաքական կողմնորոշման, երրորդ ուժի ապավինելու, պատմական իրավունքի հիմնավորմամբ պահանջատիրության նրա առանցքային, կեղծ ազգայնական գաղափարները։ Որդեգրելով իրատեսության, սեփական ուժերին ապավինելու, հարեւանների հետ խաղաղ դրացիական հարաբերություններ ունենալու սկզբունքները` Հայկական ժողովրդավարական շարժումը, ի դեմս իր քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման իշխանության, պատմականորեն կարճ ժամանակում կարողացավ լուծել հենց հայդատականության հարյուր տարի հետապնդած հանրահայտ «Ազատ, անկախ, միացյալ» կարգախոսի առաջին երկու խնդիրներն ամբողջությամբ եւ երրորդը՝ մասամբ։ Սա մահացու հարված էր հայդատականությանը, որը վաղուց արդեն վերածվել էր կրոնական բնույթի մի գաղափարախոսության՝ ծառայելով որպես առանձին անձանց համար զբաղմունք, հասարակական դիրք ու բարեկեցություն ապահովող միջոց։ Վերջինս չէր կարող վրեժխնդիր չլինել։
1998 թ. փետրվարյան պետական հեղարշրջման արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարության մեջ, որպես առանցքային միտք, շեշտվում է՝ «…իշխանական ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների (ընդգծումն իմն է- Ա.Ս.), խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»։ Հայաստանի հետագա քաղաքական ընթացքը ցույց տվեց այս արձանագրման կանխատեսելի հետեւանքը. հենց պետականության մասին ունեցած բոլորովին այլ պատկերացումների, այլ հիմնադրույթների վրա ստեղծվեց այն համակարգը, որը միջազգային քաղաքագիտական տերմինով հայտնի է «կլեպտոկրատիա», հայերեն թարգմանությամբ՝ ավազակապետություն։ Դրա իրական գաղափարախոսական հիմքը եւ քողածածկույթն այլ բան չէր, քան նույն՝ ի սկզբանե չարիքներ բերած հայդատականությունը։ Պատահական չէ, որ ստեղծված ռեժիմի առաջին պարագլուխ Ռ. Քոչարյանը անմիջապես ՄԱԿ-ի ամբիոնից հայդատական ելույթ ունեցավ Ցեղասպանության մասին, իսկ երկրորդ պարագլուխ Ս. Սարգսյանը Ցեղասպանության 100-ամյակի առիթով աշխարհին դիմեց հայդատական խայտառակ մի փաստաթղթով։
Ավազակապետության հաստատման ճանապարհին կար երկու կարեւոր խոչընդոտ։
Առաջինը 1988-1998 թթ. իրողությունների հիմքի վրա հայ ժողովրդի, մասնավորապես՝ հայաստանյան հասարակության մեջ տեղի ունեցած հոգեբանական հեղափոխությունն էր՝ թույլի, խեղճի, անօգնականի, ճնշվածի, զոհի բարդույթի փոխարեն ձեռք բերած՝ հաղթողի, Պատմահոր խոսքով՝ «արիական գործեր» կատարելու ունակի, ուժեղի, կարողի հոգեբանությունը, մարդկային եւ ազգային բոլորովին այլ որակի արժանապատվության ու հպարտության զգացումը։ Չաղարտված պատմությունը ոչ միայն պիտի ամրապնդեր այդ նոր հոգեբանությունը, այլեւ կարող էր նույնպիսի որակներ դաստիարակել նաեւ հաջորդ սերնդի մեջ։ Հաղթողի հոգեբանությամբ, ազգային եւ մարդկային արժանապատվությամբ օժտված, ազատության մեջ ապրած անհատը, ժողովուրդը խոչընդոտ էր ոչ միայն հարեւանի ագրեսիվ նկրտումների, այլ նաեւ իրեն ունեզրկելու, կողոպտելու, իրավազրկելու, ճորտացնելու նպատակ դրած սեփական իշխանության համար։
Հասարակության նույն այդ հոգեբանական վերափոխման հիմք հանդիսացած 1988-1998 թթ. տասնամյակի իրական պատմությունը, իր գրանցած քաղաքական արդյունքներով որպես համեմատության եզր՝ երկրորդ խոչընդոտն էր ավազակապետության հաստատման ու պահպանման ճանապարհին։ Համեմատության մեջ տանուլ չտալու համար ռեժիմը պետք է ամեն կերպ աղավաղեր, սեւացներ, այլանդակեր նախորդ շրջանի պատմությունը։
Ուստիեւ, պետականության բոլորովին այլ հիմնադրույթներ դավանող նոր իշխանության քարոզչամեքենան, մասնավորապես`1999-ի Հոկտեմբերի 27-ից հետո, որպես հիմնական խնդիր, լծվեց այս երկու խոչընդոտների վերացման՝ 1988-1998 թթ. պատմության իրողությունների անտեսման եւ ուրացման, փաստերի կեղծման, խեղաթյուրման գործին՝ դրա համար որպես գաղափարական հիմք ունենալով նույն այդ տարիների նկատմամբ վրեժխնդիր հայդատականությունը։ Պետական պատվերով ԵՊՀ-ի ստեղծած պատմության, ինչպես նաեւ դպրոցական դասագրքերը, որպես ամենապաշտոնական փաստաթուղթ, դրա ցայտուն ապացույցն են։
***
Եւ այսպես.
Դեռ պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ, հանուն իրենց ազգային շահերի եւ ի վնաս մեզ, հնուց ի վեր մեր պատմությունը կեղծել, նվաստացրել, անտեսել են օտարները, թշնամիները։
Առ այսօր, մեր աչքի առջեւ, կրկին հանուն իրենց ազգային շահերի եւ ի վնաս մեզ, այդ բանը շարունակում են անել դարձյալ օտարները, մասնավորապես՝ թուրքական եւ ադրբեջանական պատմագիտությունը։
Բայց ահա, դրա կողքին շատ ավելի վայրենի ու հետեւողական, հանուն իրենց անձնական շահի, սեփական ժողովրդի պատմությունը կեղծում, աղարտում, անտեսում է գործող ռեժիմը։
«Անձնասիրությունից» դրդված՝ իր երկրի պատմությունը ժամանակին կեղծեց, ոչնչացրեց աշխարհակալ Ասորեստանի թագավոր Նինոսը, եւ նրա երկիրն ու ժողովուրդը վերացան պատմության թատերաբեմից։
Ահա թե ինչու՝ սեփական պատմության կեղծումը, անտեսումը, ոչնչացումը դավաճանությունից շատ ավելի ծանր հանցանք՝ ոճիր է սեփական ժողովրդի նկատմամբ, իսկ դրա հանդուրժումը՝ ազգային ինքնասպանություն։
Ահա թե ինչու, իրոք, իրավացի է Սերվանտեսը՝ ամենածանր պատժի արժանի համարելով պատմության կեղծարարներին։
————-
Հ.Գ. Նման դեպքերի համար տարածված, մխիթարիչ մի վերջաբան կա. «Ոչինչ, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։ Իրականում դա չափազանց վտանգավոր, անգործությունն արդարացնող ու անգործության մատնող, հենց պատմության կեղծարարների օգտին աշխատող բանաձեւ է։ Երբեք այդպես չի լինում։ Խնդիրը վերաբերում է ներկային, մեզ՝ այսօր ապրողներիս, մեր իսկ կենսագրությունը հանդիսացող այդ պատմության ականատեսներիս, մասնակիցներիս, դերակատարներիս, դրան ժամանակով ամենամոտ գտնվող մեր սերնդին։ Եւ դրա համար մենք ենք պատասխանատու։
Իսկ դաժան իրականությունն այն է, որ եթե ներկան ամեն ինչ իր տեղը չի դնում, պատմությունն ավելի հաճախ սրբագործում է կատարված կեղծիքը՝ աղարտելով սերունդների ազգային ինքնությունը, հոգեբանությունը, մարդկային որակները՝վտանգելով ազգի ներկան եւ ապագան։ Ցավոք, նման՝ արդեն ոսկրացած կեղծիքների փաստերը քիչ չեն նաեւ մեր հնամյա պատմության մեջ։
Ու քանի որ պատմությունը ոչ միայն ակադեմիական գիտություն, ժամանցի նյութ, հիշողության մատյան, այլեւ, առաջին հերթին` հենց ներկայի վրա ազդող ակտիվ քաղաքական գործոն է, ու դրա կեղծումը` ծանրագույն հանցանք, ոճրագործություն ազգի նկատմամբ, ուստիեւ՝ դրա հեղինակ վարչախմբին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօ՛ր պիտի կանգնեցնել համազգային դատաստանի, պատասխանատվության առաջ։
Եւ դա յուրաքանչյուրիս պարտքն է՝ եթե չենք ուզում դառնալ նույն այդ ոճրագործության մեղսակիցն ու զո՛հը՝ միաժամանակ։
Աշոտ Սարգսյան