«Պատմության կեղծարարներին պետք է կախել, ինչպես կեղծ դրամ կտրողներին»: Սերվանտես 

Սկիզբը

1. Ղարաբաղյան շարժման պաշտոնական մեկնարկն ընդունված է համարել 1988 թվականի փետրվարի 20-ը՝ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի հայտնի որոշումը եւ Երեւանում այդ առիթով առաջին համաժողովրդական հանրահավաքների շարքի սկիզբը։ Առաջի ն օրերին հայտարարվեց հանրահավաքները կազմակերպող «Կազմկոմիտեի» մասին (որ ժողովրդի մեջ կոչվեց «Ղարաբաղ» կոմիտե)` Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որում ընդգրկված էին մինչ այդ հարցի նախապատրաստման շրջանում (ստորագրահավաքներ եւ այն) դերակատարում ունեցած այլ ակտիվիստներ, մասնավորապես՝ ծագումով ղարաբաղցիներ։ Այս կազմը ու դրան կից՝ հայտնի մտավորականներից ստեղծված «Ավագների խորհուրդը» համատեղ, պարբերական լրացումներով, փոփոխություններով ղեկավարեց Շարժումը մինչեւ մայիսի վերջը։

Այդ ամիսների ընթացքում արձանագրվեցին հետեւյալ կարեւոր քաղաքական արդյունքները.

Ա) Ի դեմս ԼՂԻՄ մարզխորհրդի՝ իշխանության սահմանադրական մարմինը, ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ, առանց համապատասխան վերադաս կուսակցական մարմնի հրահանգի, ինքնուրույն որոշում կայացրեց.

Բ) Փետրվարյան բազմահազարանոց հանրահավաքների կազմակերպումն ու անցկացումը, որպես այդպիսին, նույնպես առաջինն էր ԽՍՀՄ պատմության մեջ.

Գ) ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցան համապետական գործադուլներ, ըստ էության՝ քաղաքական պահանջով.

Դ) Ի դեմս տեղական «Ղարաբաղ» կոմիտեների՝ բնակավայրերի ու հիմնարկների մակարդակով ստեղծվեցին Շարժման կառույցները.

Ե) Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեծ հնչեղություն ձեռք բերեց ոչ միայն ԽՍՀՄ- ում, այլեւ միջազգային ասպարեզում։

2. Ըստ էության՝ պատմական իրավունքի ու պահանջատիրական պատկերացումների վրա հենվող («Ղարաբաղը մերն է» «Միացում» կարգախոսներով) շարժումը 1988թ. մայիսի կեսերին հայտնվեց փակուղային իրավիճակում։Ակնհայտ էր, որ այն հույսերը, թե «Վերակառուցման» պայմաններում ներքին վարչական սահմանների փոփոխության միջոցով Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի որպես ստալինյան կամայականության շտկման, պատմական իրավունքի վերականգնման, ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր, մերժվելու է (ինչը եւ վերջնականապես հաստատվեց քիչ ուշ՝ ԽՍՀՄ ԳԽ-ի նախագահության հուլիսի 18-ի որոշմամբ)։ Այդ պայմաններում Շարժման՝ այդպես էլ վերջնական չհստակեցված կազմով ղեկավարության մեջ մարտավարական ու ռազմավարական խնդիրների շուրջ առաջացան էական տարակարծություններ։ «Ավագ սերունդը» համարում էր, որ պայքարը պետք է սառեցնել կամ ավարտել՝ խնդիրը վստահելով կենտրոնական իշխանությանը։ Մի մասը, զգացական հիմքի վրա, հակված էր չհաշվարկված, ըստ էության՝արկածախնդրական գործողությունների (մայիսի 19-ին, իր կողմից հրավիրված հանրահավաքում առաջին Կոմիտեի ղեկավար Իգոր Մուրադյանը կոչ արեց «բենզինով շշերովեւ երկաթյա ձողերով» հարձակվել Նախիջեւանի վրա): Երրորդ մասը, հավասարապես դեմ լինելով առաջին երկուսին էլ, համարում էր, որ տվյալ պայմաններում պայքարի շարունակման հնարավորություն կարող է ընձեռել Շարժման օրակարգում լայն ժողովրդավարական խնդիրների ներառումը եւ հիմնական՝ Լեռնային Ղարաբաղի հարցն այդ հիմքին խարսխելը։Ահա հենց այս երրրորդ մասի հիմքի վրա էլ մայիսի վերջին կազմվեց Շարժման նոր ղեկավար մարմին՝«Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե» պաշտոնական անվամբ (սա նույնպես շարունակեց կարճ կոչվել «Ղարաբաղ» կոմիտե

Նոր ղեկավար մարմինը, հաստատված հանրահավաքում, կազմված էր 11 հոգուց. Բաբկեն Արարքցյան (Պետական համալսարանի դասախոս, դոցենտ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու), Համբարձում Գալստյան (պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող), Սամվել Գեւորգյան (հեռուստալրագրող), Ալեքսան Հակոբյան (պատմական գիտությունների թեկնածու, ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող), Ռաֆայել Ղազարյան (ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ),Սամսոն Ղազարյան (ուսուցիչ), Վազգեն Մանուկյան(Պետական համալսարանի դասախոս, դոցենտ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու), Աշոտ Մանուչարյան (դպրոցի ուսմասվար), Վանո Սիրադեղյան (գրող), Դավիթ Վարդանյան (լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու), Լեւոն Տեր-Պետրոսյան (բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող)։

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, անփոփոխ կազմով, ղեկավարեց համազգային շարժումը մինչեւ վերջ։ Ի տարբերություն նախորդ ղեկավարության՝ խիստ որոշակիացված կազմով այս միավորումը կազմվեց քաղաքական այն համոզմունքի հիման վրա, որ ստեղծված փակուղու պայմաններում՝

Ա) Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար սկսված պայքարը չի կարելի ընդհատել կամ սառեցնել՝ տեղի տալով ուժային ճնշումներին եւ ապավինելով Կենտրոնի կիսատ-պռատ խոստումներին։

Բ) Ելք չի կարող լինել նաեւ արկածախնդրության հավասար ծայրահեղականությունը։

Գ) Շարժման շարունակությունը հնարավոր է ապահովել եւ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե խնդիրը լիովին դուրս բերվի պատմական իրավունքի եւ պահանջատիրական հարթությունից, առավելագույնս հստակեցվի որպես ժողովրդավարության մաս կազմող  ինքնորոշման իրավունքի քաղաքական հարց եւ խարսխվի ընդհանուր ժողովրդավարական խնդիրների համապարփակ մի օրակարգի։

Դ) Միայն այս կերպ Ադրբեջանի եւ խորհրդային Կենտրոնի դաշինքի կողմից կիրառվող բռնության գործոնի դեմ կարելի էր հուսալի հակակշիռ հայկական գործոն ստեղծել՝որպես դաշնակից վաստակելով, մի կողմից՝ ԽՍՀՄ-ում նոր սկսվող ժողովրդավարական շարժումների ու առաջադեմ գործիչների համակրանքը, մյուս կողմից՝ միջազգային առաջադեմ հանրային կարծիքի աջակցությունը։

Եւ այս հաշվարկը լիակատար կերպով իրականացավ։

Օրակարգում դրվեցին ամենալայն ժողովրդավարական խնդիրներ՝ դրանց մեջ առաջին տեղում պահելով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Ու հենց այս հիմքի վրա է, որ Շարժումը, պահպանելով հանդերձ «Ղարաբաղյան շարժում» անվանումը, հատկապես դրսում, ստացավ «Հայկական ժողովրդավարական շարժում» երկրորդ անվանումը։

Սա նշանակում էր Համաժողովրդական շարժման ՈՐԱԿԱՊԵՍ նոր փուլ։

Շարժման արդյունավետ շարունակականությունն ապահովելու իմաստով միակը լինելով հանդերձ՝ դա նաեւ ԽԻԶԱԽ  քաղաքական որոշում էր՝ առնվազն հաջորդ կետերում ներկայացվող հարթությունների վրա։

3. Նկատի ունենալով պայքարի հնարավոր տեւականությունը՝ Կոմիտեի առաջին գործերից մեկը եղավ Շարժման որակապես նոր քաղաքական ծրագրի մշակումը եւ փետրվարյան օրերին հախուռն ստեղծված «տեղական կոմիտեների» հիմքի վրա Շարժման հստակ, կանոնակարգված կազմակերպական կառույցի ձեւավորումը։ Կոմիտեի առաջարկով եւ հանրահավաքի հաստատմամբ Շարժման կառույցը պիտի կոչվեր «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ)։ Շուտով Կոմիտեն կազմեց եւ ներկայացրեց Շարժման կազմակերպական կառուցվածքը, գործելակերպը, ռազմավարությունը, մարտավարությունը, գաղափարական հիմնադրույթներն ու քաղաքական ծրագիրն ամփոփող համապարփակ մի փաստաթուղթ՝ «Հայոց Համազգային շարժման ծրագիր» անվանմամբ։ Այն ներկայացվեց եւ 1988թ.օգոստոսի 19-ին որպես նախագիծ ընդունվեց բազմահազարանոց հանրահավաքում։Ըստ էության՝ Կոմիտեի գործունեության ավելի քան երկու տարվա ընթացքում սա կարելի է համարել նրա քայլերի ու նախաձեռնությունների մեջ ամենախիզախը, ամենաշրջադարձայինն ու ամենարդյունավետը: Դա Ղարաբաղի փրկության, համակարգային փոփոխությունների, ժողովրդավարական բարեփոխումների՝ հստակորեն, բայց անցնցում անկախության տանող դասական քաղաքական ծրագիր էր։

Այս ծրագիրն էականորեն տարբերվում էր Խորհրդային Միությունում նոր միայն ծայր առնող, այդ թվում՝ նաեւ մերձբալթյան երկրների շարժումների ծրագրերից, եւ բարձր գնահատվեց ԽՍՀՄ-ում տեղի ունեցող հասարակական գործընթացներին ակնդետ հետեւող միջազգային քաղաքական մտքի կողմից։ Տասնյակ այդօրինակ գնահատականներից հիշատակենք միայն մեկը։ Ֆրանսիացի հայտնի վերլուծաբան-քաղաքագետ Ֆ. Ռ. Մերսյեն ԽՍՀՄ-ում ընթացող քաղաքական գործընթացների մասին 1989 թ. հրապարակած (գրված 1988-ի վերջին) մոտ 100 էջանոց վերլուծության մեծ մասը նվիրում է Հայկական ժողովրդավարական շարժմանը, իսկ դրա ավելի քան 10 էջը (ըստ հայերեն թարգմանության՝ էջ 64-75)՝ Հայոց համազգային շարժման այս Ծրագրի՝ որպես կարեւորագույն փաստաթղթի մանրակրկիտ ներկայացմանը։ Նա արձանագրում է, որ Հայկական շարժումն իր որդեգրած ընդհանուր ժողովրդավարական խնդիրներով, համառությամբ, քաղաքական հասունությամբ, ազգայնականության բացառմամբ եւ արդյունավետ գործելակերպով դրականորեն առանձնանում է ոչ միայն մերձբալթյան երկրների շարժումներից, այլեւ լեհական «Սոլիդարնոստից» (Mercier P. R. Aspects des luttes sociales en U.R.S.S., Paris, 1989։Օգտվում ենք հայերեն անտիպ թարգմանությունից՝ կատարված նույն թվականին Մատենադարանում,- ՀՀԱՆԱ, 15/1989)։

Հայոց համազգային շարժման ծրագիրը հայ ժողովրդի ճակատագրին վերաբերող, գործողության մեջ դրված առաջին քաղաքական ծրագիրն էր, որ կազմվել էր ոչ թե դրսում, այլ Հայաստանում։

Այս փաստաթուղթը վերջին դարերի հայ իրականության մեջ հայ քաղաքական մտքի բարձրակետն էր ոչ միայն իր փիլիսոփայությամբ, այլ նաեւ քաղաքական որակով։

Այս ծրագիրը դրվեց Հայաստանի անկախության մասին հռչակագրի, ապա եւ առաջին Սահմանադրության հիմքում։

Սա հայ իրականության մեջ միակ քաղաքական ծրագիրն է, որին վիճակված էր ընդամենը 10 տարվա ընթացքում իրականություն դառնալ իր բոլոր կետերով։

Ձեւական իմաստով տեղավորվելով հանդերձ «Վերակառուցման» կարգախոսների շրջանակներում եւ իրավական առումով չհակասելով որեւէ օրենքի՝Հայոց համազգային շարժման ծրագիրը, այնուամենայնիվ, ուղղված էր խորհրդային 70-ամյա ռեժիմի քաղաքական հիմքերի դեմ։

Դա նշանակում էր ձեռնոց նետել խորհրդային համակարգին՝ ընդհանրապես, ու, բնականաբար, դառնալ այդ համակարգի թիվ 1 հակառակորդն ու թիրախը։

4. Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ներկայացրած Ծրագիրը արմատական հեղաշրջում էր հայ քաղաքական մտքի պատմության մեջ։ Միայն սեփական ուժերին ապավինելու եւ ըստ այդմ քայլեր կատարելու, արտաքին քաղաքական կողմնորոշումները՝ «մշտական բարեկամի» եւ «մշտական թշնամու» գաղափարները մերժելու, բոլոր հարեւանների հետ խաղաղ գոյակցության, քաղաքական իրատեսությամբ առաջնորդվելու եւ նմանօրինակ այլ հիմնադրույթներով Ծրագիրը տրամագծորեն հակադրվում էր հայ հասարակական-քաղաքական մտքի ավանդական ու սրբագործված պատկերացումներին, կարծրատիպերին ու կաղապարներին: Այն հակադրվում էր նաեւ քաղաքական գործունեության ավանդական պրակտիկային: Տարածված լինելուց զատ՝ավանդական այդ պատկերացումները նաեւ որոշ հասարակական խմբերի (Հայաստանում՝ նոմենկլատուրային մտավորականության եւ քաղքենիության, Սփյուռքում՝ «ավանդական կուսակցությունների» ու նրանց ազդեցության շրջանակների) համար հասարակական դիրքի, համարումի, շատերի համար՝ աշխատանք, ընդհուպ յուրատեսակ բիզնես, բարեկեցության հիմք էին։ Եթե Կոմիտեին չհաջողվեր հաղթահարել հասարակական մտածողության ավանդական այդ կարծրատիպերը, ապա կարող էր կորցնել լայն զանգվածների աջակցությունը։

Այսինքն՝ սա նշանակում էր ձեռնոց նետել նաեւ հայ հասարակության մեջ ծանր իներցիայով նստած պատմական իրավունքի, հայդատական ավանդական պատկերացումներին ու դրանց կրող հասարակական խմբերին ու խավերին։

Կոմիտեն, մի կողմից՝ իր ամենօրյա պայքարի ոգեշնչող գործնական արդյունքներով, մյուս կողմից՝ հրապարակը քաղաքական կրթության բաց համալսարան դարձնելով՝ հետեւողականորեն կարողացավ փոխել լայն զանգվածների մտածողությունը եւ պատկերացումները։

Ի տարբերություն առաջին ղեկավարության (երբ Շարժումն իր կարգախոսներով ու ծրագրերով ուղղված չէր ո՛չ ԽՍՀՄ քաղաքական հիմքերին, ո՛չ հայ քաղաքական մտքի սրբագործված պատկերացումներին)՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն շատ արագ ունեցավ երեք կատաղի քաղաքականհակառակորդ՝ ա) Մոսկվան, բ) Հայաստանում՝ կուսակցական պաշտոնեությունը, նոմենկլատուրային մտավորականությունը եւ քաղքենիությունը, գ) Սփյուռքում՝ «ավանդական» կուսակցությունները։

Կոմիտեն գիտակցված գնաց ներքին եւ արտաքին մահացու հակառակորդներ վաստակելու այս ռիսկերին, քանզի Ղարաբաղի համար պայքարի շարունակման այլ ճանապարհ պարզապես չկար։

5. Կայացրած որոշումը իրական խիզախության մի դրսեւորում էր նաեւ Կոմիտեի անդամների անձնական կյանքի հարթության վրա։ Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրն, անշուշտ, գիտակցում էր, որ անձամբ իր համար ամենահավանական հեռանկարը անկանխատեսելի ժամանակով խորհրդային բանտերում հայտնվելն է։ Պետք է նկատի ունենալ, որ ոչ միայն 1988-ին, այլ անգամ 1990-91-ին, նույնիսկ աշխարհի հայտնի քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, չէին կանխատեսում ԽՍՀՄ նմանօրինակ արագ վախճանը։ Իսկ 1991 թ. օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը ցույց տվեց, որ հնարավոր էր նաեւ՝ ԽՍՀՄ-ը առժամանակ վերադառնա, ասենք, 30-ական թվականների ռեժիմին։

Համոզված լինելով հանդերձ, որ իրենց գործունեությունը ցանկացած պահի կարող է ընդհատվել ձերբակալություններով ու ազատազրկմամբ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները դրանից խույս տալու համար երբեւէ չդավաճանեցին Շարժման տրամաբանությանը, հռչակած սկզբունքներին եւ օրակարգային հարցերին։ Ավելին՝ երբ ազատազրկման հեռանկարը դարձավ ավելի քան իրական, Շարժման շարունակականությունն ապահովելու համար նրանք սառնասրտորեն ստեղծեցին Կոմիտեի փոխարինող, պահեստային (գաղտնի) մի կազմ (Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան)՝ իրենց ազատազրկման պարագայում Շարժումը ղեկավարելու համար։ Ազատազրկումն, իրոք, տեղի ունեցավ, որ տեւեց վեց ամիս, եւ Կոմիտեի փոխարինող կազմը (որին ավելացանՎիտյա Այվազյանը, Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան) եւՍմբատ Հակոբյանը) վեցամսյա այդ շրջանում նույն հաջողությամբ ղեկավարեց Շարժումը։

Կոմիտեի ազատազրկումը մոսկովյան բանտերում առավել ցայտուն ցուցադրեց ընդամենը կես տարվա ընթացքում նրա վաստակած հսկայական հեղինակությունը ինչպես Հայատանում եւ ԽՍՀՄ ժողովրդավարական շրջանակներում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Մոսկվան 6 ամիս անց՝ 1989 թ. մայիսի վերջին, պարզապես ստիպված եղավ նրանց ազատ արձակել երեք հզոր գործոնների՝ Հայաստանում հասարակական ընդվզման ծավալման, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի, միջազգային հանրության՝ ամնաբարձր մակարդակով կատարված անկասելի ճնշումների տակ։ Պատկերացնելու համար նրանց միջազգային հեղինակությունը, նշենք, որ Ֆրանսիայի 11 խոշոր քաղաքներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից յուրաքանչյուրին պատվավոր քաղաքացու կոչում շնորհեցին։

6. Կոմիտեի հանրահավաքները միայն քաղաքական պայքարի ու ժողովրդի իշխանության իրականացման միջոց չէին։ Դրանք նաեւ հասարակության կրթման, քաղաքական գիտելիքների ձեռքբերման բաց համալսարան էին: Հանրապետությունում, Խորհրդային Միությունում եւ աշխարհում կատարվող նշանակալից իրադարձություններն այստեղ մանրամասն ու մատչելի վերլուծվում եւ գնահատվում էին։ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամները, ի տարբերություն Շարժման առաջին ամիսների ղեկավարության, հաճախ ստիպված էին լինում խոսել նաեւ «դժվար» թեմաներով: Խոսքը չի վերաբերում Մոսկվայի կամ Հայաստանի իշխանության մարմինների կամ առանձին ղեկավարների դեմ ուղղված համարձակ ելույթներին, նրանց անողոք քննադատությանը ու համարձակ գնահատականներին: Դրանք սովորական էին ի սկզանե։ Խոսքը վերաբերում է այն ելույթներին, որոնք հակադրվում էին հայ հասարակական-քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին՝ սրբագործված կեղծ-հայրենասիրական, կեղծ-ազգային, կեղծ-քաղաքական արժեքներին՝ այս կամ այն չափով նստած յուրաքանչյուրի մտապատկերում։ Եւ սա, որքան էլ որ չնկատվող ու չնկատված, սական Կոմիտեի պայքարի ամենանուրբ մոտեցում պահանջող եւ ամենադժվարին ճակատն էր: Հարյուր հազարանոց, երբեմն՝ բորբոքված, ամեն վայրկյան անկառավարելի ամբոխի վերածվելու եզրագծին կանգնած մարդկային զանգվածի առջեւ այսպիսի թեմաներով ելույթները ոչ միայն բարձր պատրաստություն էին պահանջում, խոսքի արվեստ, հեղինակություն, այլեւ, առաջին հերթին՝ բացառիկ քաղաքական ռիսկ ու քաջություն: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ունեցավ այդ ռիսկը եւ քաջությունը:

Կոմիտեի շուրջ Շարժման ընթացքում ձեւավորվեց իրական քաղաքական մտածելակերպով օժտված գործիչների ստվար մի խումբ, արմատական փոփոխություններ կրեցին նաեւ հասարակական պատկերացումները։ Այսինքն՝ որքան էլ արտաքուստ հակասական, սակայն որպես փաստ պետք է արձանագրել, որ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի քաղաքական հաջողության գրավականներից հիմնականը ոչ թե հոսանքին տրվելն էր, այլ հասարակական կարծիքին ու տարածված ավանդական պատկերացումներին դեմ գնալն էր, այն հաղթահարելը, հոսանքն առաջնորդելը:

7. «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն», ի տարբերություն իր նախորդի, մինչեւ վերջ գործեց անփոփոխ կազմով, որպես համախոհների եւ հավասարների համախումբ՝ չունեցավ իր նախագահը կամ ղեկավարը: Իրադրության թելադրանքով ու գործնական նկատառումներով որդեգրված այս ձեւը, թերեւս, դարձավ նաեւ նրա ուժի, հեղինակության եւ հաջողությունների կարեւոր գրավականներից մեկը: Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրը հսկայական ծանրություն եւ պատասխանատվություն էր ստանձնել, անմնացորդ կատարում էր իր գործը, փոխադարձաբար լրացնում միմյանց: Հարցերի քննարկման անկաշկանդ մթնոլորտ, աշխատանքի եւ բնագավառների բնական բաժանում եւ ներդաշնակություն կար Կոմիտեում: Կոմիտեի անդամների վկայությամբ՝ ամենաբուռն քննարկումներ ու բանավեճեր էին լինում նրա նիստերում։ Սակայն դժվար է հիշել դեպք, երբ որեւէ հարցում Կոմիտեն ներկայանար ոչ միասնական, ոչ հստակ, չպատճառաբանված ու չհիմնավորված դիրքորոշմամբ: Դա ավելացնում ու բազմապատկում էր նրա նկատմամբ հասարակական վստահությունը՝ հասցնելով ընդհուպ նրա անսխալականության աստիճանի։

8. Ավելի քան երկու տարի Կոմիտեն, ըստ էության, գործում էր որպես հանրապետության երկրորդ, փաստական իշխանություն։ Նա կարողանում էր Գերագույն խորհրդի արտահերթ նիստեր պարտադրել ու դրանցում անցկացնել ժողովրդի ուզած որոշումները (ինչպես, օրինակ՝ 1988 թ. հունիսի 15-ին)։ Որոշ դրվագներում երկիշխանական դրությունը անգամ թեքվում էր հօգուտ Կոմիտեի մենշխանության, այնքան, որ, ի հեճուկս պաշտոնական իշխանության մերժման, ինքն էր կարողանում սեփական նախաձեռնությամբ օրենսդիր մարմնի նիստ հրավիրել (ինչպես նույն թվականի նոյեմբերի 24-ին՝ Օպերային թատրոնի շենքում, եւ ինչպես 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստերը)։

«Երկրորդ» այդ իշխանությունը Կոմիտեն իրականացնում էր համաժողովրդական բացառիկ վստահության ու աջակցության պայմաններում։ Նրա հարյուրհազարանոց հանրահավաքները հիշեցնում էին հին հունական ժողովրդավարության «ժողովրդական ժողովները» («Ագորա»), որի մասնակից յուրաքանչյուր քաղաքացի զգում էր իր ներկայության կարեւորությունը, ձայնի արժեքը եւ իրադարձություններին բերած գործնական մասնակցությունը։ Հանրահավաքներում կարեւորագույն որոշումներ էին ընդունվում, ապա դրանք պարտադրվում կոմունիստական իշխանություններին կամ իրականացվում Շարժման կառույցների ու մասնակիցների ուժերով։ Անգամ իշխանության միջին օղակները, մասնավորապես՝ Ղարաբաղին, փախստականությանը վերաբերող եւ այլ հարցերում, հաճախ էին հանձնարարություններ ստանում Կոմիտեից, դրանք կատարում եւ զեկուցում նրան։

9. Մարդկանց ու նրանց խմբերի հոգեբանությունն ուսումնասիրող գիտության արձանագրմամբ՝ մարդկային անգամ ոչ մեծ խմբերը, ինչ-որ կայծից՝ հակված են ձեռք բերել ամբոխի հատկանիշներ ու հեշտությամբ գնալ չկշռադատված քայլերի ու գործողությունների։ Դա առավել եւս անխուսափելի է համարվում հոծ զանգվածների դեպքում՝ սովորաբար կործանարար հետեւանքներով։ Երբեմն դրա համար բավարար է լինում ամենափոքր կայծը, ամենաչնչին սադրանքը։ Երկուսուկես տարվա ընթացքում հարյուրհազարանոց հանրահավաքներում հաճախ եղան ե՛ւ նմանօրինակ կայծեր, ե՛ւ բազմաթիվ սադրանքներ ու առիթներ։ Որեւէ անգամ դրանք էական հետեւանքներ չունեցան, չկարողացան շեղել Շարժման բնականոն ընթացքը։ Կոմիտեի անդամները ժամանակին եւ հաջողությամբ կարողանում էին չեզոքացնել սադրանքները, կանխել չմտածված գործողություններն ու դեպքերի անկանխատեսելի ընթացքը։ Նրանց հաջողվեց 1988-90թթ. բուռն փոթորիկների պայմաններում ամուր պահել Շարժման ղեկը եւ համաժողովրդական շարժման հսկայածավալ նավը, ինչպես ասում են, հասցնել խաղաղ նավահանգիստ, ավելի ճիշտ՝ հաղթական հանգրվանի։

10. «Ղարաբաղ» կոմիտեն հայ քաղաքական իրականության մեջ, կարելի է ասել, աննախադեպ հաջողված եւ կայուն քաղաքական թիմ էր, որն իր առջեւ դրեց անլուծելի թվացող խնդիրներ եւ հաջողությամբ լուծեց դրանք:

Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ նրան բաժին ընկած խնդիրներն ու մարտահրավերները տասնապատիկ ավելի ծանր ու բարդ էին, քան այդ տարիներին ԽՍՀՄ-ում եւ Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական շարժումներից որեւէ մեկի առջեւ դրված հարցերը:

Որեւէ մեկը չի կարող նաեւ վիճարկել, թե Կոմիտեի դեմ գործող ուժերը պակաս անհանդուրժող էին, ագրեսիվ ու վտանգավոր, քան մյուս երկրների ժողովրդավարական շարժումների դեմ գործողները:

Եւ որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ պատմականորեն իրեն տրված ավելի քան երկու տարի ժամանակահատվածում նա իր դերը կատարեց բացառիկ արդյունվետությամբ, պատասխանատվությամբ եւ անձնազոհությամբ՝ ապահովելով այնպիսի քաղաքական արդյունք, որի 1%-ի չափով մինչ այդ չէր ապահովել որեւէ քաղաքական ուժ՝ անգամ 100 տարվա ընթացքում:

Որպես անառարկելի փաստ պետք է արձանագրել եւս երեք իրողություն։

Առաջին. անշուշտ, Խորհրդային Միությունը, ինչպես եւ ամեն մի բռնապետություն ու կայսրություն, պատմականորեն դատապարտված էր: Բայց սա տեսական մի դրույթ է եւ արդարանում է դարձյալ տեսական այն դատողությամբ, թե պատմության մեջ ամեն մի բռնապետություն ու կայսրություն իր ճգնաժամային պահերին փլուզվել է միայն ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հարվածների տակ: Եւ նման արդյունքի հասած յուրաքանչյուր ժողովուրդ դա համարում է իր պատմության բարձրակետը, ամենահերոսական էջը։ Խորհրդային կայսրությունը ու նրա շուրջ ստեղծված «սոցիալիստական ճամբարը» նույնպես փլուզվեցինժողովուրդների ազգային-ազատագրական պայքարների հարվածների տակ։ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարած Հայկական ժողովրդավարկան շարժումը, վերածված իրական ազգային-ազատագրական պայքարի, պատմական այդ առաքելության առաջամարտիկն էր: Ի սկզբանե առաջինը եւ մոտ կես տարի միակը լինելով՝ Հայկական ժողովրդավարական շարժումը հսկայական ազդեցություն եւ ներգործություն ունեցավ ԽՍՀՄ-ում եւ Արեւելյան Եվրոպայում նմանատիպ շարժումների առաջացման ու ընթացքի վրա՝ հետագայում էլ այդ շարժումների մեջ մնալով բռնապետության դեմ պայքարի առաջատարն ու յուրատեսակ օրենսդիրը, ինչն անվերապահորեն ընդունվում էր ինչպես միջազգային քաղաքական վերլուծական մտքի, այնպես էլ՝ նույն այդ շարժումների կողմից։ Ավելին՝ այդ բանն արձանագրվում էր պետական պաշտոնական փաստաթղթերում։ Ստորեւ, որպես մի օրինակ, մեջբերենք հեղինակավոր քաղաքական գործիչ, ԱՄՆ Սենատի անդամ Ջոզեֆ Լիբերմանի հեղինակած եւ ԱՄՆ Սենատի կողմից 1991 թ. նոյեմբերի 12-ին ընդունված «Բանաձեւ Հայաստանի մասին» փաստաթղթից մի հատված.

«Պատմաբաններն իրավամբ կարող են արձանագրել, որ կոմունիզմի փլուզումը խորհրդային բլոկի ներսում սկսվեց ոչ թե Ռուսաստանի սրտից կամ Կենտրոնական Եվրոպայից, այլ Հայաստանից։ 1988 թվականի փետրվարին հայ ժողովուրդը բողոքի խիզախ ալիք բարձրացրեց կոռումպացված կոմունիստական վարչակարգի դեմ, որը նրան պարտադրվել էր Կրեմլի կողմից։ Կոմունիստական տիրապետության դեմ այս ըմբոստությունը որպես մոդել եւ ոգեշնչման օրինակ ծառայեց նույն տարում ավելի ուշ Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցած ապստամբությունների համար (ընդգծումն իմն է – Ա. Ս.)։ Ոգեշնչելով Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդներին՝ հայերն, իրենց հերթին, քաջալերվեցին Բեռլինի պատի փլուզմամբ։ 1990 թվականի օգոստոսին Հայաստանի՝ ժողովրդավարական հիմունքներով ընտրված խորհրդարանը ընդունեց երկրի անկախության հռչակագիրը, 1991-ի սեպտեմբերին հանրապետության ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը, իսկ հոկտեմբերի 16-ին քվեների 83 տոկոսով նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ԵԱՀԽ դիտորդները ողջունեցին այդ ընտրությունները» (Պատմաբանասիրական Հանդես, 2015, 1, էջ 260)։

ԽՍՀՄ փլուզումը միջազգային մասշտաբի, համաշխարհային պատմության առումով կարեւորագույն, շրջադարձային մի երեւույթ էր։ Ուստիեւ, պետք է արձանագրել (ինչն, ըստ էության, արված է վերոբերյալ քաղվածքում), որ 2,5-3 տարվա այդ շրջանում Հայաստանն, ըստ էության, դարձել էր համաշխարհային պատմության վրա ազդող գործոն։ Համաշխարհային պատմության վրա ազդող գործոնի դեր Հայաստանըխաղացել էր մեկ էլ ավելի քան երկու հազար տարի առաջ՝ Տիգրան Մեծի օրոք։

Երկրորդ.Շարժման քաղաքական ծրագրի իրականացումն, ըստ էության, նշանակում էր նաեւ երկիրը նախապատրաստել անկախության։ 1989-90 թվականներին, դեռ կոմունիստական իշխանության պայմաններում, Շարժման ճնշման տակ եւ խորհրդարանում Շարժման մի քանի պատգամավորների ջանքերով, Հայաստանի Գերագույն խորհուրդն ստիպված եղավ ընդունել տասնյակ օրենքներ եւ որոշումներ, որոնք արդեն իսկ անկախության նախապատրաստման ուղղությամբ առարկայական քայլեր էին։ Այս հիմքի վրա էլ, անկախության հասնելը որպես նախընտրական ծրագրի հիմնական դրույթ ունենալով՝ Հայոց համազգային շարժումը կարողացավ գալ իշխանության՝ հաջորդ մեկ տարվա ընթացքում փաստական եւ իրավական առումով իրականություն դարձնելով Հայաստանի անկախությունը։ Դա տեղի ունեցավ Կոմիտեի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի ձեռքբերած համաժողովրդական վստահության շնորհիվ՝ հաղթահարելով Մոսկվայի, Հայաստանի կոմունիստական իշխանության, նրա դաշնակից հակաանկախական նոմենկլատուրային մտավորականության, սփյուռքյան կուսակցությունների քարոզչական եւ գործնական բուռն դիմադրությունը։

Այսինքն՝ 1988-90թթ. այդ պայքարը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեի, նրա ղեկավարած Շարժման շնորհիվ էր, որ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ձեռք բերեց  ուրիշների համեմատ դրան շատ ավելի ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ վիճակում՝ մի հանգամանք, որ ճակատագրական նշանակություն ունեցավ հաջորդ տարիների հաջողությունների եւ հաղթանակների գործում։

Երրորդ. 1988-ի մայիսին առաջացած փակուղին հաղթահարելով եւ համաժողովրդական պայքարի անձնազոհ եւ արդյունավետ շարունակությունը գտնելու շնորհիվ, ԽՍՀՄ-ի հոգեվարքի, ջղաձիգ ցնցումների խառնաշփոթ տարիներին հնարավոր եղավ փրկել Լեռնային Ղարաբաղը տեղահանության եւ անդարձ կորստյան իրական վտանգից: Պայքարի շարունակականությունը եւ հայկական երկրամասի փրկությունը հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն կարողացավ գտնել այդ ճանապարհը եւ, գիտակցված անձնազոհությամբ, գնալ դրանով: Ամբողջ այդ շրջանում հենց Կոմիտեի ղեկավարած Հայկական ժողովրդավարական շարժման քաղաքական օժանդակությամբ էր, որ կենսունակ մնաց Շարժումը Ղարաբաղում։ Կոմիտեի ջանքերով էր կազմակերպվում Լեռնային Ղարաբաղի նյութատեխնիկական օգնությունը։ Կոմիտեի, ապա՝ Հայոց համազգային շարժման կազմակերպած ջոկատներն էին հիմնականում իրականացնում Ղարաբաղի ինքնապաշտպանությունը։

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն իր գոյությամբ, առաջին հերթին, պարտական է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեին։

Ուստիեւ՝

Գեթ այն պահից, երբ «Ղարաբաղ» կոմիտեց այլեւս ոչ մեկը չկար Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության մեջ (1998 թ. փետրվարից հետո), տարրական բարոյականություն ունեցող հաջորդ իշխանությունը, որպես նրանց վաստակի գնահատական,Կոմիտեի բոլոր 11 անդամներին պիտի շնորհեր«Հայաստանի Ազգային հերոսի» բարձրագույն կոչում, տար հատուկ կարգավիճակ, նրանց նշանակեր ցկյանս արժանապատիվ կենսաթոշակ։

Եւ այն պահից, երբ ԼՂՀ-ն ընդունեց պետական պարգեւների մասին իր օրենքը, հաջորդ օրը «Արցախի ազգային հերոսի» առաջին կոչումները պետք է շնորհվեին Կոմիտեի 11 անդամներին՝ որպես Ղարաբաղի փրկության եւ գոյության ամենամեծ երախտավորների։

Տեղի չունեցավ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը։Եւ դա միայն արդարության, անհատի վաստակի գնահատման կամ փոխհատուցման հարց չէր։Դա սեփական պատմության արժեւորման հարց էր՝ առաջին հերթին։ Եթե դա տեղի չունեցավ Հայաստանում եւ Ղարաբաղում, զարմանալի չէ, որ միջազգային պատմագրությունն էլ, իր հերթին, պիտի ուրանար համաշխարհային պատմության մեջ 1988-1990 թվականներին Հայաստանի (Ղարաբաղի հետ մասին)՝ որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդած գործոնի կարեւորագույն դերը։ Մինչդեռ դա Հայաստանի համար միջազգային ասպարեզում շատ կարեւոր այցեքարտ կլիներ նաեւ այսօր։

***

1989 թ. նոյեմբերի 4-6-ին տեղի ունեցավ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը։ «Ղարաբաղ կոմիտեն» ամբողջ կազմով ընտրվեց իր իսկ նախաձեռնած քաղաքական կառույցի ղեկավար մարմնում՝ ՀՀՇ վարչությունում։ Սակայն Կոմիտեն իր ձեռք բերած անսակարկելի հեղինակությամբ եւ օրինակարգությամբ, որպես առանձին միավոր, շարունակեց գործել եւ ղեկավարել պայքարը։ Պատահական չէ, որ 1990թ. մայիսին, խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական ուժերի հաղթանակից հետո, Շարժման՝ Գերագույն խորհուրդ ընտրված պատգամավորները «Ղարաբաղ» կոմիտեին վստահեցին որոշելու, թե ում պետք է առաջադրել Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու։ Իր վերջին նիստով Կոմիտեն լուծեց այդ հարցը՝ առաջարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որը միահամուռ պաշտպանեց նաեւ Շարժման պատգամավորական ժողովը, ապա բուռն օվացիայով ընդունվեց բազմամարդ հանրահավաքի կողմից։ Դրանով Կոմիտեն, ըստ էության, պատմականորեն արդեն կատարել էր իր դերը։ Նրանից ժառանգված քաղաքական սկզբունքները, ծրագրերը, փորձը եւ պրակտիկան շարունակեցին մնալ Շարժման ու նրա իշխանության գործունեության հիմքում։

Աշոտ Սարգսյան

Շարունակելի

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert