ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ – ՄՇԱԿՈՒՅԹ #34, 18-09-2015

ԱՆԴՐԱԴԱՐՁ, Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Լոնդոնյան «Արկոլա» (ARCOLA) թատրոնի ամենամյա ամառային «Գրայմբոռն» օպերային փառատոնի (Grimeborn Opera Festival) շրջանակներում օգոստոսի 14-ին եւ 15-ին Փարիզում «Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի վաստակաշատ տնօրենՙ Ժիրայր Փափազյանի (Ժերար Բաբազյան) բեմադրած «Կարինե» (Լեբլեբիջի Հորհոր Աղա) օպերային ներկայացմանը ներկա գտնվելուց հետո հայտնի թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ եւ ռեժիսոր պրոֆ. Հովհաննես Իսրայելի Փիլիկյանը խմբագրությանն է հասցեագրել ընդարձակ վերլուծական, հետաքրքրաշարժ մի ուսումնասիրություն-հոդված, որից տեղի չգոյության պատճառով թարգմանաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնում որոշ հատվածներ միայն: Բայց նախ նշենք, որ պրոֆ. Փելիկյանը ծնվել է Մոսուլում (Իրաք), ավարտել է 1963-ին Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին, Եվրիպիդեսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան («Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 12, էջ 336):


Չուխաջյանն անկասկած Օպերային երաժշտության հիմնադիրն է Թուրքիայում եւ «Լեբլեբլիջի Հորհոր աղան»ՙ օպերային առաջին ստեղծագործություններից մեկը Օսմանյան կայսրությունում:

Քչերն են գնահատել այն փաստը, որ Օսմանյան Թուրքիան բազմաէթնիկ կայսրություն էր, ամբողջովին զուրկ ատելի ռասիստական ազգայնամոլությունից, որը Թուրքիային բարբարոսության մղեց եւ պատճառ դարձավ, որ երիտթուրքերի կողմից ցեղասպանության ենթարկվեն 1,5 միլիոն հայեր: Օսմանյան սուլթանների մեծ մասը բազմաէթնիկ ծագումի քրիստոնյա ծնողներ ունեին, ամուսնացել էին եվրոպացի քրիստոնյա կանանց հետ եւ իրենց հարեմներում պահում էին անթիվ-անհամար այլեւայլ ազգությունների հարճեր:

Սուլթան Սելիմ Գ-ի (1761-1808) մայրն, օրինակ, վրացահայ էր: Լինելով պոետ եւ կոմպոզիտոր, եւ ընդհանրապես բարձր ճաշակի տեր անձնավորություն, նա (սուլթանը) մեծ տեղ էր տալիս արվեստներին եւ նա էր, որ պալատականներին ներկայացրեց նոր հայկական ձայնագրություն ստեղծող Համբարձում Լիմոնճեանին (կամ Պապա Համբարձումին), մինչդեռ մերօրյա Թուրքիայում ճարտարապետ Սինանի հայկական ծագումը նշելը համարվում է պատժելի հանցագործություն: Լիմոնճեանը, սուլթանի հաձնարարությամբ, երկու տարվա ընթացքում մշակեց նոտաներով նշագրման մի համակարգ, որը մինչեւ օրս օգտագործվում է Թուրքիայում:

Չուխաջյանի հորինած հրաշք ստեղծագորությունը կրում է թուրքերեն «Լեբլեբիջի Հորհոր Աղա» (եւ ոչ թե «Կարինե») անունը, եւ ներկայացվում է որպես «կոմիկական օպերա», որով եւ պայմանավորված է երաժշտության ժանրը: Թուրքերեն բնագիր լիբրետտոն կորսված է համարվում եւ այն, ինչ ունենք, դրա այլանդակված խորհրդային-հայաստանյան անվստահելի տարբերակն է:

Փորձելու եմ այստեղ բացահայտել առաջին անգամ Չուխաջյանի հանճարի էությունը: Նա գիտեր ինչ էր անում, մինչդեռ սովետահայ առաջին ռոմանտիկները չէին կարողացել հասկանալ նրան: Սկսեմ վերնագրից, որը կարող է բանալի հանդիսանալ կորած լիբրետտոն հասկանալու համար: Ստեղծագործության անունը բաղկացած է երեք մասից, որոնցից առաջինը հերոսի մասնագիտությունն է բնորոշումՙ լեբլեբիջի, այսինքնՙ մրրկասիսեռ (կամ խորովյալ սիսեռ) վաճառող, «ջի»ն լինելով թուրքական վերջածանց որեւէ անձի մասնագիտությունը բնորոշող: Նա ուրեմն սովորական ծախող չէ, այլ իսկական գործարար, որն հավանաբար ունի իր խանութը, որտեղ սիսեռը մաքրելու, տեսակավորելու եւ խորովելու գործողություններն է կատարում: Երկրորդըՙ Հորհորն է, առաջին եւ միակ անունը այս մարդու, որը փաստորեն կարող է մականուն լինելՙ առաջացած «խոր-խոր»կամ «խրխր» ձայնային արտահայտություններից, որոնք կարող են վերագրվել խռմփոցների (օպերայում հոգնածությունից կամ գինուց քուն մտնելու ակնարկներ կան), կամ փքանք առաջացնող գազերի: Վերջիններս առնչվում են մարդու մասնագիտության հետ: Սիսեռը օգտակար լինելով հանդերձ առաջացնում է գազեր: Հատկապես աղքատ խավերի շրջանում այն չափազանց շատ էր օգտագործվում եւ հատկապես սոված փորով ուտելուց հետո մարդիկ գազերից էին գանգատվում:

Երրորդ բաղադրիչըՙ «Աղան» հարգալից տիտղոսն է, որը փաշայի, հոջայի, բեյի եւ էֆենդիի կողքին հաճախակի էր օգտագործվում, հատկապես ենիչերիների զինվորական շրջանակներում «հրամանատար» կամ «պետ» իմաստով: Սա էլ է համահունչ Չուխաջյանի օպերայի լեբլեբիջու ասպտամբական ոգուն:

Չուխաջյանը դրանով նորարարություն եւ խիզախություն էր դրսեւորել առաջին անգամ հեղափոխական համարձակության հանդերձանք հագցնելով սոցիալական ամենացածր աստիճանի մարդկանց եւ նրանց բերելով Օսմանյան Ստամբուլի կենտրոնական մասերը: Աստծուց շնորհակալ պետք է լինենք, որ օսմանյան հանդիսատեսը այդքան գրագետ չէր եղել հասկանալու համար Չուխաջյանի նուրբ ակնարկները, այլապես նա իր գլուխը կկորցներ:

Չուխաջյանի մեծությունը բարդ, շատ բարդ մի օպերա հորինելու մեջ է: Թվում է, թե նա երաժշտության պատմության մեջ իրագործել է անկարելի մի առաջադրանքՙ միաձուլելով օպերային երկու ժանրերՙ «Opera seria-ն» (լուրջ օպերան իր մելոդրամատիկական, ողբերգական տարրերով) եւ «Opera bouffa-ն» (կոմիկական օպերան): Անկասկած Վերդիի «Ռիգոլետտոյից» որոշ տարրեր կարող ենք նշմարել սյուժեում, բայց ոչ երաժշտության մեջ, այնպես որ Չուխաջյանին «Հայոց Վերդին» համարելը անհեթեթություն է:

Պատանեկության տարիներից հիշում եմ, որ Չուխաջյանի կորսված երաժշտական պարտիտուրան գտնվել էր Ստամբուլի մթերային խանութներից մեկում եւ փրկվել որպես փաթաթելու թուղթ գործածվելուց, հարուստ լիբանանահայի կողմից: Հետագայում հանձնվել էր Երեւանի Օպերային թատրոնի տնօրինությանը:

Չուխաջյանը գուցե հայոց Մոցարտն է կամ Ռոսինին, բայց ոչ Վերդին: Խորհրդային ժամանակներում աններելի սխալ կատարելով, հավանաբար երաժշտության պատմության հանդեպ ոչ խորքային մոտեցում ցուցաբերելու հետեւանքում, երաժշտագետները նույնիսկ փոխեցին ստեղծագործության բնույթը: Նրանք պարտավոր էին իմանալ, որ կոմիկական օպերայի առաջնային երգիչ-կատարողը, որով պայմանավորվում է նաեւ երաժշտության ժանրը, բաս/բարիտոնն է, եւ ոչ թե իգական ձայնի սոպրանոն կամ մեցո-սոպրանոն: Կոմիկական օպերան հնարավոր չէ բեմադրել առաջնային դերը վերապահելով «Կարինեին»: Այն պարտադիր պետք է «լեբլեբիջին» կատարի:

Բեյրութում 60-ական թթ. վերջերին, պոլսահայ թատրոնի ավանդույթները պահող, մեծատաղանդ Պերճ Ֆազլյանը, որն այժմ իր 90-ամյակի շեմին է գտնվում, «Լեբլեբիջին» բեմադրեց (արձակի վարպետ Արմեն Դարյանի հետ) յուրահատուկ ստամբուլյան կոլորիտով (դիրիժորՙ Համբարձում Պերպերյան), որն այժմ դժվար է նկարագրել:

Ինչ վերաբերում է Ժիրայր Փափազյանին, պետք է ասեմ, որ նա պահպանել էր «Commedia dell՛arte» ավանդույթը: Տարիքի բերումով նա չէր կարող տեսած լինել եւ ազդվել Ֆազլյանի բեմադրությունից, բայց ըստ երեւույթին առաջնորդվել է իր երակներում հոսող արյան ձայնով: Ինձ ապշեցրեց թատերախմբի խորը նվիրվածությունը եւ պարտավորվածությունը նրա հանդեպ: Հազվադեպ երեւույթ բրիտանական ազգային թատրոնի համար:

Ափսոս, որ բեմադրությունը ուներ որոշ թերություններ, որոնց մի մասը հեշտությամբ կարելի էր շտկել:

Առաջին: Բացահայտ էր, որ շտապ էր պատրաստված: Ձախողման վտանգը կար, բայց ի պատիվ Փափազյանի եւ ընդգրկված դերասանների ձայնային եւ խաղարկային վարպետությանՙ օպերան կարողացավ հանդիսատեսին հմայել:

Երկրորդ: Խոսքային թերությունները լիբրետտոյում կարող են աննկատ անցնել մեծածավալ օպերային բեմադրություններում, բայց ոչ կոմիկական օպերայում, որտեղ լիբրետտոյի յուրաքանչյուր բառ, հնչյուն պետք է հստակորեն հասկացվի հանդիսատեսի կողմից: Փորձերի առաջին օրվանից պետք է հստակեցվեր յուրաքանչյուր բառի արտասանությունը, որպեսզի նույն բառի կամ անվան տարբեր հնչյուններ կամ շեշտադրումներ չհնչեին տարբեր դերակատարների կողմից (օրինակՙ Կա՛րինե, Կարայնե, Գա՛յանե, եւ այլն):

Եվ վերջապես երրորդ : Հակառակ որ բեմադրիչը կարողացել էր բեմական գործողությունները ճիշտ տեղաբաշխել, ամբոխային տեսարանները երբեմն խառնաշփոթային էին:

Այդուհանդերձ, Փափազյանը կարողացել էր կոմիկական օպերայի առանձնահատկությունները պահպանել անընդհատ հասկացնելով, որ ներկայացումը ընդամենը պարզեցված եւ կրճատված տարբերակն էր բնագրի: Դա նրան հաջողվեց: Ներկայացումը փայլուն հաջողություն արձանագրեց: Ներկաներն անխտիր հավանեցին եւ սիրեցին այն: Անշուշտ, հաղթանակի դափնիները առաջին հերթին Չուխաջյանին են պատկանում, հետոՙ Փափազյանին, որ հայ զգալու հպարտություն պարգեւեց:

Ինձ տեղեկացրին, որ «Արկոլա» թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը թուրք է: Ես բարեհամբույր եւ կարեկցող շատ թուրք ծանոթներ ունեմ այստեղՙ Լոնդոնում, որոնք գիտեն, որ հայրս էլ է զոհ գնացել ցեղասպանությանը: Նրանք ցավում են ինձ հետ կատարվածի համար, բայց հրաժարվում են ընդունել, որ դա լավ ծրագրավորված ցեղասպանություն էր: Նրանց կարծիքով դա ընդամենը պատահական կոտորած էր: Մեկուկես-երկու միլիոն մարդու պատահական բնաջնջո՞ւմ: Միգուցե «Արկոլայի» գեղարվեստական ղեկավարը հանձնարարի մի թուրք կոմպոզիտորի գրել կոմիկական մի օպերա այդ «պատահական կոտորածի» մասին:

Ցեղասպանությունը իրականացնողները դեմ գնացին հին հայկական Անատոլիայում ծնված Օսմանյան դինաստիայի հիմնադիրՙ Օսմանի (1258-1325) կամքին ու կտակին, որը բարություն, արդարություն եւ հավասարություն, բայց ոչ դաժանություն ու անգթություն էր ազդարարում: Երիտթուրքերի ռասիստական բորենիները երկիրը դժոխքի վերածեցին: Դժոխք, որի կրակները մինչ օրս հրդեհում են ամբողջ երկիրը եւ ամբողջ Մերձավոր Արեւելքը, արեւմտյան ռազմամոլների մշտական օժանդակությամբ:

Բայց վերադառնալով «Կարինեի» բեմադրությանը, նշեմ, որ նույնիսկ այս վերամշակված տարբերակով այն կարող է իր մշտական տեղն զբաղեցնել կլասիկ բեմականացումների խաղացանկում, բայց հուսանք, որ բնագիր տարբերակն էլ մի օր բեմ կբարձրանա օտար հանդիսատեսի համար:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert