Քաղաքական գործիչ, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանի հետ մեր հարցազրույցը Սահմանադրական բարեփոխումների կամ, ըստ էության, ՀՀ նոր Սահմանադրության նախագծի ներկայացրած վտանգների, արտաքին ուժերի կողմից դրանց թելադրված լինելու և դրա դեմ պայքարի մասին է:

– Հայաստանում տարբեր կուսակցությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակության մի մասի կողմից խիստ բացասական վերաբերմունք կա նոր Սահմանադրության նախագծի նկատմամբ: «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը նույնպես դեմ է նախագծին այն տեսքով, ինչպիսին այն կա, հրապարակված է: Նախագծի հետ կապված ի՞նչ հիմնական մտահոգություններ ունեք, ինչո՞ւ եք դեմ դրան:

– Նախագծի վերաբերյալ մեր գնահատականը շատ բանով տարբերվում է կուսակցությունների մեծ մասի բացասական գնահատականների հայտարարված պատճառներից: նրանց դեմ լինելու հիմնական պատճառը իշխանության վերարտադրության հնարավորությունն է` կապված Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ Սահմանադրության նախագծով նախատեսվածի հետ: Իշխանության ձևավորման խնդիրներն իրոք մտահոգիչ են, այս հարցում մենք նրանց հետ տարակարծություն չունենք, բայց մենք գտնում ենք, որ այդ նախագիծը նաև իր այլ հոդվածներով, դրույթներով, ընդհանրապես, շատ ավելի վտանգավոր փաստաթուղթ է, այն շարունակությունն է մի միտման, որից բխող քաղաքականությունը երկու տասնամյակից ավելի  մեր հանդեպ իրականացվում է:

Արտաքին աշխարհում ձևավորվել են շրջանակներ, ստեղծվել է մի համակարգ, ըստ որում, գնում է հարստության և իշխանության համամոլորակային կենտրոնացում առանձին կետում (անվանենք այդ կետը համաշխարհային օլիգարխիա): Այդ օլիգարխիան աշխատում է պահպանել այդ ձևը, հարաբերությունների այդ տեսակը, և տարբեր գործիքներ է կիրառում, որ ժողովուրդները չընդվզեն: Հիմա, կարծում եմ, համատարած է ընդվզումն այդ համակարգի դեմ, տարբեր պետություններ, ժողովուրդներ, տարբեր կազմակերպություններ այդ կարգի պահպանումը դարձրել են պրոբլեմային: Այդ պատճառով, որպեսզի նշածս համակարգը պահպանվի, ամենատարբեր, այդ թվում նաև նորագույն հնարքներ են ստեղծում ու կիրառում: Հնարքներից մեկն էլ օրենսդրությունն է: Մենք Հայաստանում ընդունված համապատասխան օրենսդրությամբ ձևավորված համակարգն անվանում ենք հակահամակարգ, որովհետև այն ուղղված է երկրի ու մարդու ոչնչացմանը: Փաստորեն մեզ մոտ այս երկու տասնամյակում մարդու բոլոր որակներն անկում են ապրել, երկրի բոլոր որակներն անկում են ապրել ու շարունակում են աղետալիորեն գահավիժել: Այս իմաստով, այս տեսակետից Սահմանադրության նախագիծը մի նոր փուլ է, ամբողջականացնող փուլ, որովհետև վերջին տասնամյակի ընթացքում ինչին դիմադրել ենք ու չի մտել օրենսդրության մեջ, այդ բոլորը հիմա խցկած է Սահմանադրության նախագծի մեջ, և այդ բոլորը փորձում են անցկացնել: Ամենասարսափելին այն է, որ մեր պետական համակարգի այրերը եթե նախկինում խուսափում էին ինչ-ինչ բաներից, ապա հիմա հակված են չտեսնելու տալ, անտեսել այն վտանգները, որոնք դրված են Սահմանադրության նախագծում, և փորձել անցկացնել այդ նախագիծը: Զգացվում է, որ հիմա այնպիսի աշխատանք, ճնշում, հավաքագրում, ազդեցություն է կազմակերպվել, որ նրանք փոխել են իրենց նախկին վերաբերմունքը: Այս միտումը համարում ենք խիստ վտանգավոր, և համոզված ենք, որ կստացվի ժողովրդին հասցնել, ներկայացնել նախագծի պարունակած վտանգները, որպեսզի այդ փաստաթուղթը չընդունվի: Դրանով հակահամակարգը վերջնական է դառնում ու ամրապնդված, և արտաքին աշխարհի այդ կողոպտիչ ուժերը հսկայական նոր հնարավորություններ են ստանում մի կողմից մեր երկիրը բզկտված պահելու, մյուս կողմից` կառավարման իրենց հնարավորություններն էապես ավելացնելու:

– Մասնավորապես ո՞ր հոդվածների հետ կապված եք խնդիրներ տեսնում, նախագծում դրանց ներկայիս ձևակերպումները համարում անընդունելի:

– Այդպիսի հոդվածները շատ-շատ են, նախագծի ամբողջ տրամաբանությունն է վտանգավոր և անընդունելի, սակայն ես հատկապես մատնացույց եմ անում 81-րդ հոդվածը, ըստ որի, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Դա նշանակում է մարդու հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանության անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի պետական համապատասխան մարմինները պարտավոր են և հաշվի առնելու, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան ուսումնասիրելով, տեսնում ենք, որ նրանց կողմից ընդունված են մարդու արժեհամակարգի աղճատման, մարդու որակների անկման տանող, դրանք ընդունելի և թույլատրելի համարող բազմաթիվ փաստաթղթեր: Ես մասնավորապես նկատի ունեմ հոմոսեքսուալիզմի, միասեռականների ամուսնությունների պաշտոնական գրանցման, նրանց կողմից երեխաների որդեգրման և մյուս «իրավունքները»: Այդ ամբողջ արատավոր համակարգն ամրապնդված է Եվրոպական դատարանի նախադեպային տարբեր վճիռներով, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող այլ մարմինների համապատասխան փաստաթղթերով: Ըստ Եվրոդատարանի վճռի կամ պրակտիկայի, մարդն ինքն է որոշում` տղամա՞րդ է, թե կին… Մենք` «մոլորյալներս», համարում ենք, որ դա որոշում է բնությունը կամ Բարձրյալը (կախված նրանից` հավատացյա՞լ ենք, թե ոչ), սակայն, պարզվում է, ըստ Եվրոդատարանի, դա մարդն ինքն է որոշում, և դրա հիման վրա նշածս բոլոր գործողությունները նոր Սահմանադրության ընդունման դեպքում հնարավոր են դառնալու Հայաստանում:

Շատ վտանգավոր եմ համարում նախագծի` երեխաների հետ կապված հոդվածը, ըստ որի, եթե երեխան պատշաճ խնամք չի ստանում, ապա նրան կարելի է վերցնել ընտանիքից: Հայաստանի ընտանիքների մի զգալի մասը համաշխարհային կողոպուտի համակարգի գործունեության, նրանց կողմից մեզ թելադրված օրենսդրության հետևանքով չի կարողանում երեխաներին ապահովել պատշաճ խնամքով, ոչ միշտ է կարողանում լուծել բժշկական օգնության, սննդի, կրթության հետ կապված հարցերը: Նոր Սահմանադրության ընդունման դեպքում այս ամենը հիմք է հանդիսանում երեխային ընտանիքից խլելու: Փաստորեն սա ընտանիքների քայքայման համակարգն է, որն այդ, այսպես ասած, համաշխարհային օլիգարխիան իր առջև դրել է որպես ծրագրային կետ իր համար աշխարհի բոլոր ծայրերում, հիմա էլ փորձում է ներդնել Հայաստանում: Խնդիրը կայանում է նրանում, որ ընտանիքում մարդը, որպես կանոն, մարդ է դառնում, սակայն նրանց պետք է մարդուն իջեցնել կենդանական որակի, մարդուն վերածել, ըստ էության, ենիչերի: Հայտնի է, որ ժամանակին մարդուն ենիչերի է վերածել Օսմանյան Կայսրությունը` ձևավորելով արտաքին տեսքով մարդկային էակ, որը, սակայն, մարդկային էության հետ ոչ մի կապ չի ունեցել, այժմ դրանով զբաղված են Վենետիկյան հանձնաժողովը և նրա վերադասները:

– Պայքարի ի՞նչ քայլեր եք նախատեսում, ինչ եք մտադիր առաջիկայում իրականացնել:

– Մարդիկ այսօր շատ բաներ չգիտեն, շատ բաներ չեն հասկանում, պետք է ուղղակի բացատրել: Ինչ վերաբերվում է պատգամավորներին, քաղաքական գործիչներին, նրանք պետք է հիշեն պատասխանատվության մասին: «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության միացյալ քաղաքական խորհուրդը` բաղկացած այս հարցերում համախոհ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներից, սեպտեմբերի 25-ին հրավիրված, բայց դահլիճ չտրամադրելու պատճառով խոչընդոտված համաժողովում պետք է ներկայացներ մինչ այդ իր ընդունած բաց նամակը` ուղղված աշխարհի ժողովուրդներին, և առաջարկեր, որ այդ դիմումն ընդունվի և աշխարհի ժողովուրդներին ուղղվի համաժողովի անունից:

– Իսկ ի՞նչ է հայտնվում այդ դիմումով:

– Հայտնվում է, որ մարդկության դեմ խոշորագույն հանցագործությունն է կատարվում մարդկության ողջ պատմության ընթացքում: Փաստորեն իրականացվում է մարդու և մարդկության բնաջնջման քաղաքականություն, խոսքը, սակայն, ոչ թե ֆիզիկական բնաջնջման մասին է, այլ հոգևոր. մարդու մեջ սպանում են մարդկայնությունը, վերածում են անասնական բնազդներով առաջնորդվող կենդանու (տեսեք ինչ է կատարվում Արևմուտքում), մարդկային որակները մարդու մեջ ոչնչացնում են: Եթե նախկինում հակամարդկային գործողությունների դեմ համաշխարհային մասշտաբով ընդվզում է եղել, մասնավորապես եղել են Հակահիտլերյան կոալիցիա, Եվրոպայում Դիմադրության շարժում, ապա հիմա անգամ պատշաճ խոսակցություն չկա այս չարիքների մասին:

Աշխարհի ժողովուրդներին ուղղված մեր դիմումում հատուկ տրիբունալ սահմանելու առաջարկություն կա: Ինչպես հիտլերյան Գերմանիայի պաշտոնյաները չկարողացան արդարանալ` ասելով, որ հրամաններ էին կատարում և այլն, ու տրիբունալի առաջ պատասխան տվեցին, այնպես էլ այսօրվա ոճրագործության հեղինակներն ու իրականացնողները չպետք է կարողանան խույս տալ պատասխանատվությունից: Ավելի լավ է մարդուն սպանեն, քան թե ենիչերի վերածեն, ենիչերն իր մորն էլ է սպանում, որովհետև մարդկային բոլոր որակներից զրկված է:

Ես չեմ կարող ասել, թե Ազգային ժողովի պատգամավորներից յուրաքանչյուրն ինչքանով է գիտակցում ինքն ինչով է զբաղված, բայց նրանց բաժանելու համար համապատասխան նյութեր ենք նախապատրաստել, դրանք նրա համար են, որ իրենք գիտակցեն…

Մեր վրդովմունքը չեմ թաքցնելու նաև Ռուսաստանի պահվածքից, մենք համարում ենք, որ այս խնդիրների առնչությամբ նրա լռությունը Հայաստանի հարցում բացարձակ խայտառակություն է: Իրենք անցած երկու տասնամյակում ընդունել են իրենցից չարիք ներկայացնող այդ օրենքները, բայց հիմա Վլադիմիր Պուտինն այդ օրենքների ընդունումը համարեց երկրի օկուպացիա, նրանց Քննչական կոմիտեի ղեկավարը պետության ինքնիշխանությունը վտանգած օրենքների ընդունումը հայտարարեց դիվերսիա Ռուսաստանի դեմ: Նրանք հիմա ցանկանում են հանրաքվեով ետ պտտել այդ ամենը, և փնտրում են այն անձանց, ովքեր մեղավոր են եղել, որ այդ օրենքներն ընդունվել են իրենց մոտ: Այս իրավիճակում ինչպե՞ս են լռում, անտարբերություն ցուցաբերում, երբ իր ռազմավարական դաշնակցին խեղդում են, որպեսզի այդ ամեն անընդունելին, չարիքն ամրագրվի պետության մեջ ամենաբարձր` Սահմանադրության մակարդակով: Ինչո՞ւ չեն օգնում, որ մենք խուսափենք այդ ճակատագրից, քար լռություն է:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

6/Հոկտեմբեր/2015

http://www.nyut.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert