
Օրերս Ռ. Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությանը, որում տեղ-տեղ՝ սուր, տեղ-տեղ՝ մեղմ քննադատություններ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների, վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Միանգամից ասենք՝ Ռ. Քոչարյանի բոլոր քննադատությունները տեղին են, արդարացի են և հիմնավոր: Բայց նա խոսում է այնպիսի արատավոր երևույթների մասին, որոնց հիմքերը դրվել ու զարգացվել են նաև իր իշխանության տարիներին, շատ դեպքերում՝ անձամբ իր մասնակցությամբ:
Հասարակության ապատիա, քաղաքական վերնախավի ու ընդդիմության վարկաբեկվածություն, Ռուսաստանից վասալային կախվածություն… նա խոսում է այնպես, կարծես 20-ամյա բացակայությունից հետո նոր է վերադարձել Հայաստան ու սրտի անհուն կսկիծով կիսվում է իր տպավորություններով:
Բայց գրեթե առանց բացառության՝ բոլոր արատավոր երևույթները, որոնց մասին խոսում է Ռ. Քոչարյանը, նաև իր իշխանության ծնունդն են, գործող իշխանությունն էլ՝ իր իշխանության օրգանական շարունակությունը՝ թե ֆիզիկապես, թե գործելաոճի առումով: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Քոչարյանը կամ որևէ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա չպետք է ընդհանրապես հրապարակավ կարծիք հայտնի:
Իհա՛րկե ոչ:
Ցանկացած ոք ունի խոսքի ազատության իրավունք, որը, Ռ. Քոչարյանի իշխանության օրոք, ի դեպ, ոտնահարվում էր տասնապատիկ ավելի շատ ու կոպտորեն, քան հիմա: Բայց, երբ առանց սեփական սխալները խոստովանելու, խոսում են նաև այդ սխալների արդյունքում արմատացած ու խորացած արատավոր երևույթների մասին, առաջին միտքը որ գալիս է, վերաբերում է քաղաքական բարոյականությանը:
Ռ. Քոչարյանի հարցազրույցից կարելի է տասնյակ հետևություններ անել, փորձել գտնել ներքին ու արտաքին տարբեր բևեռներին ուղղված զանազան ուղերձներ: Այդ հարցազրույցում կա ամեն ինչ, բացի ազնվությունից ու պատասխանատվությունից: Նա իր իշխանության տարիներին ամեն ինչ արել է ընդդիմությանը ոչնչացնելու համար, հիմա խոսում է ընդդիմության թուլության կամ բացակայության բացասական ազդեցության մասին: Նա իր պաշտոնավարման տարիներին Ռուսաստանին է հանձնել Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտները, այսօր խոսում է վասալային մտածողության անթույլատրելիության մասին:
Ի՞նչ է, այսպիսով, երկրորդ նախագահը հասկացնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, քննարկման այլ նյութ է: Ակնհայտ է միայն այն, որ Քոչարյանն իշխանություն, իշխանությանը գոնե մաս կազմելու հնարավորություն է ուզում, որը ստանալու հեռանկար Սերժ Սարգսյանից, ըստ ամենայնի, չի տեսնում: