Քաջազնունի. 1920թ. աշնան վերջերը մենք՝ իբրև կառավարություն ու իբրև կուսակցություն, սպառել էինք մեր բոլոր ուժերը

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել հատվածներ Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից, որը ավելի հայտնի է Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքով: Զուգահեռաբար մենք նաև ներկայացնում ենք հատվածներ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ և Արշակ Ջամալյանի ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ և Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ հատորներից, որոնք պատասխան են Քաջազնունու պնդումներին և մեղադրանքներին: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի վերոնշյալ երեք գործերը:

Երբ ես մտաբերում եմ այն դրությունը, որի մեջ էինք 1920թ. նոյեմբերին ու ապա հարց եմ տալիս ինձ՝ ավելի լա՞վ կլիներ արդյոք, եթե բոլշևիկները այն ժամանակ չմտնեին Հայաստան ու թողնեին երկիրը իր բախտին՝ մեր իշխանության տակ, պատասխանս բացասական է լինում՝ ո՛չ, ավելի լավ չէր լինի, ավելի վա՛տ կլիներ:

Արդեն այն ժամանակ էլ հասկանում էինք մեր դրության անելանելիությունը, և սա՛ էր պատճառը, որ Հայաստանի դռները լայն բաց ար[եց]ինք բոլշևիկների առաջ:

Վերևում աս[աց]ի, որ մեր հույսերը չարդարացան՝ ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական օգնություն չստացանք Ռուսաստանից (խոսքս դարձյալ առաջին շրջանի մասին է): Օրինակ, Թուրքիայի դեմ բոլշևիկները չպաշտպանեցին Հայաստանը ու իրենց ստորագրությունով հաստատեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որ մենք ստիպված էինք կնքել բնաջնջման սպառնալիքի տակ: Այս այսպես է: Բայց կհարգեի՞ն արդյոք թուրքերը նույն դաշնագիրը ու, զանազան պատրվակների տակ, որ դժվար չէր հորինել, նոր ոտնձգություններ չէ՞ին անի արդյոք, եթե բոլշևիկները եկած չլինեին ու մենք մենակ մնացած լինեինք նրանց դեմ:

Ի՞նչ պիտի անեինք մենք այդպիսի ոտնձգությունների դեպքում: Մենք, որ պարտված և ուժասպառ էինք, կորցրել էինք ամեն հեղինակություն թե՛ երկրից դուրս, թե՛ երկրի ներսը:

1920թ. աշնան վերջերը մենք՝ իբրև կառավարություն ու իբրև կուսակցություն, սպառել էինք մեր բոլոր ուժերը, ընկել էինք անելի մեջ: Եվ եթե բոլշևիկները ուշանային, մե՛նք պիտի կանչեինք նրանց, որովհետև ինքներս անզոր էինք արդեն, իսկ երկրում չկար մի այլ ուժ, որն այն օրերին կարողանար փոխարինել մեզ:

Տեսեք հետևանքները:

Երկուսուկես տարի կառավարրեցինք մենք երկիրը, մոտ երկուսուկես տարի է, որ կառավարում են բոլշևիկները:

Մենք ունեցանք պատերազմներ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Բոլշևիկները պատերազմ չունեցան: Մենք ունեցանք անընդհատ և բազմաթիվ ներքին կռիվներ՝ Աղբաբա, Զոդ, Զանգիբասար, Վեդիբասար, Միլլիի ձորերը, Շարուր, Նախիջևան, Զանգեզուր: Բոլշևիկները ներքին կռիվներ չունեցան, բացի փետրվարյան ապստամբության հետ կից կռիվները: Մենք շարունակ պահում էին երկիրը զենքի տակ, անընդհատ կռիվների մեջ, զբաղեցրել էինք բոլոր աշխատավոր ձեռքերը պատերազմի դաշտերում, մինչդեռ ամենամեծ կարիք ունեինք շինարար աշխատանքների: Բոլշևիկները ժողովրդին ազատեցին այդ աղետից, այդ անասելի ծանր բեռից:

Մեր ժամանակ ժողովուրդը կոտորվում էր կամ հյուծվում սովից: Մենք ավերեցինք այնպիսի հացառատ վայրեր, ինչպիսին են Շարուրն ու Վեդին, այնպիսի անասնառատ վայր, ինչպիսին է Աղբաբան, ավերեցինք՝ առանց օգտվելու հարստություններից: 1920 թվականի բերքը՝ միակ առատ բերքը, որ պիտի ունենայինք սով տարիներից հետո, տվինք (ուրիշ շատ հարստությունների հետ միասին) Քյազիմ Կարաբեքիր փաշայի բանակին: Իսկ այսօր լսում եմ, թե Հայաստանը կշտացել է, համարյա կարիք չունի հացի: Եվ հավատում եմ. չէ՞ որ ժողովուրդը ժամանակ ունեցավ ցանելու և կալսելու:

Մենք շատ աշխատեցինք, բայց չկարողացանքվերհաստատել քիչ թե շատ կանոնավոր հաղորդակցություն դրսի աշխարհի հետ, Անդրկովկասյան երկաթուղիները փաստորեն փակ մնացին մեզ համար: Բոլշևիկները բացեցին ճամբաները. Ջուլֆայի վրայով այսօր Երևանը հաղորդակցության մեջ է պարսկական Ատրպատականի հետ, Բաքվի վրայով՝ Ռուսաստանի արևելքի ու Անդրկովկասյան երկրների հետ, Բաթումի վրայով՝ Ռուսաստանի հարավի և Եվրոպայի հետ:

Մեր ժամանակ Հայաստանը կուրացել էր մթության մեջ, արևը մայր մտնելուց կես ժամ հետո դադարում էր ամեն շարժում ու աշխատանք, որովհետև լուսավորելու նյութեր չունեինք: Բոլշևիկները առատ կերոսին բեր[եց]ին Բաքվից և ազատեցին երկիրը խավարի գերությունից…

Անշուշտ, շատ բան չէ այս ամենը: Բայց չէ՞ որ այդ քիչն էլ մենք չկարողացանք անել:

Բոլշևիկները պետք էին և այսօր էլ պետք են Հայաստանին:

Բայց և այնպես, բոլշևիկյան համակարգը իր ամբողջ էությամբ, անընդունելի է մեզ համար:

Ի՞նչ անել ուրեմն:

Գուցե պայքարել դրսից:

Սա կարող է ունենալ որոշ արժեք՝ ներսում կատարվող բացահայտ կամ գաղտնի պայքարին ուժ տալու համար, իսկ առանց այդ պայմանի՝ ո՞ւմ կամ ինչի՞ է պետք մեր դրսի վայնասունը:

Այսօր Եվրոպական քաղաքները լեցուն են ամեն գույնի ռուս միգրանտներով, մեզ պես կյանքից դուրս ձգված մարդկանցով (մոնարխիստներից սկսած մինչև սոցիալիստ-հեղափոխականները): Սրանք բազմաթիվ թերթեր են հրատարակում, գրքեր են գրում, հանրահավաքներ կազմակերպում, կոչեր անում, բողոքում, սպառնում ու հայհոյում, հայհոյում բոլշևիկներին…

Ես չգիտեմ մի ուրիշ «գործ», որ այնքան պարապ ու այնքան ողորմելի լիներ, որքան սրանց արածն է:

Այս բառային որոտ-կայծակներո՞վ է արդյոք, որ արտասահմանյան էմիգրանտները պիտի խորտակեն խորհուրդների ուժը, պայթեցնեն ժողկոմները, Չեկա-ների գլուխը կտրեն…

Սա պայքար չէ, այլ անճարակության մի խայտառակ ցուցադրություն: Բոլշևիկի դեմ կռվողը ներսից պիտի զարնի, որպեսզի հարվածը տեղ հասնի: Իսկ պատսպարվել սահմանի հետևը ու ապահով հեռավորությունից բռունցք ցույց տալ, սա մի ժեստ է, որ, համենայն դեպս, վայել չէ Հ. Յ. Դաշնակցությանը:

Մեր մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, թե մնալով քաղաքականապես հակառակ բանակում, Հ. Յ. Դաշնակցությունը դրսից պիտի օժանդակի Հայաստանի տնտեսական վերաշինությանը:

Ի՞նչպես:

Պիտի կազմակերպի՝ աջակցի կազմակերպելու զանազան առևտրական ու արդյունաբերական ընկերություններ, որ ապրանք մտցնեն Հայաստան, այնտեղի հում նյութը վաճառքի հանեն արտասահմանյան շուկաները, արհեստանոցներ ու գործարաններ հիմնեն երկրում, հողեր ոռոգեն, գյուղատնտեսական մշակույթի կատարելագործման ձևեր ու մեքենաներ ներմուծեն և այլն:

Մի կողմ թողնելով այն խնդիրը, թե ո՞րքան մենք՝ իբրև կուսակցություն, ձեռնհաս ենք այդ կարգի առևտրա-արդյունաբերական կամ խնամատարական-բարեգործական գործունեության և թե արդյոք մեր միջամտությունը ցանկալի՞ է գործի հաջողության տեսակետից, հարց եմ տալիս՝ կարո՞ղ է արդյոք մի քաղաքական կուսակցություն ծրագրել իր համար այդպիսի աշխատանք: Կընդունեք, կարծեմ, որ չի կարող, որ դա իր բանը չէ: Ծրագիր ու գործունեություն չէ դա քաղաքական կուսակցության համար, այլ պարզ ինքնաժխտում:

Եթե Հ. Յ. Դաշնակցությունը, ա՛յդ ճանապարհի վրա կանգնի, ա՛յդ ուղղությամբ գնա, նա արդեն հայտարարած կլինի, որ կորցրել է իր raison d’être-ը:

Առևտուրը պետք է թողնել առևտրականներին, արդյունաբերությունը՝ արդյունաբերողներին, բարեգործությունը՝ բարեգործական հաստատություններին: Դաշնակցությունը ուրիշ բան պիտի անի, եթե միայն ունի մի բան անելու:

Եթե ունի անելու…

Երկրին ներսը՝ կուսակցորեն, ոչ կարող ենք գործակցել բոլշևիկների պետական աշխատանքին, ոչ էլ օրինական ընդդիմություն կազմել, որքան էլ ցանկանանք մեկը կամ մյուսը:

Ստորերկրյա, դավադրական գործունեություն չպիտի ունենանք, խորհրդային իշխանությունը պայթեցնելու փորձեր չպիտի ցանկանանք անել, եթե նույնիսկ կարողանանք:

Խոսքով պայքարել դրսից ու գաղութներում հակաբոլշևիկյան քարոզչություն անել, երբ ներսից պայթեցնելու մտադրություն չունենք և երբ դրսի խոսքը չի լսվելու երկրում, անիմաստ ու անվայել բան է:

Աշխատակցել դրսից Հայաստանի տնտեսական վերաշինության, առևտրական ու արդյունաբերական ընկերություններ կազմել, դա քաղաքական կուսակցության գործը չէ:

Ի՞նչ անել, ուրեմն:

Ահա այստեղ է, որ պիտի ասեմ այն շատ ծանր խոսքը, որ, գիտեմ, վրդովեցնելու է ձեզ, բայց որը պետք է ասվի վերջապես և ասվի պարզորեն, առանց քողարկումների ու մեղմացումների:

Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս:

Շարունակելի

http://www.aniarc.am

 

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net