Ոչ թե դաշնակներն են պետք Սերժ Սարգսյանին, այլ Սերժ Սարգսյանն է պետք ՀՅԴ-ին

«ՀՀ-ում կա խորհրդարան մտնելու 3 ճանապարհ՝ կամ դու պետք է ունենաս բավականին մեծ ընտրազանգված, որ իշխանությունը փորձի ձեռք տալ քո ընտրազանգվածին, այնուամենայնիվ, որակի, ձայների քանակ ունենաս, որը կբավարարի քեզ 5 տոկոս շեմը հաղթահարելու համար, իսկ ՀՅԴ-ն այդ 5 տոկոսը չունի: Երկրորդ՝ խորհրդարան կարելի է մտնել այն դեպքում, երբ որ աշխարհաքաղաքական կենտրոններից որևիցե մեկը, օրինակ, ԱՄՆ-ն և ՌԴ-ն, Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրեն և ստիպեն, որպեսզի իրենց աջակիցները որոշակի տեղեր ստանան խորհրդարանում, իսկ ՀՅԴ-ն այդ գործոն էլ չունի՝ նա ո՛չ ՌԴ-ին է պետք, ո՛չ ԱՄՆ-ին:Երրորդը վարչական ռեսուրսն է, այսինքն, երբ դու ունենում ես մարզպետներ, Կառավարությունում նախարարներ և օգտագործելով վարչական ռեսուրսը` կարողանում ես համապատասխան ձայներ նկարել և մտնել խորհրդարան: Որպեսզի ունենաս վարչական ռեսուրս, դու պիտի լինես կոալիցիայի անդամ, այ հենց դրա համար էլ ՀՅԴ-ին անհրաժեշտ է ՀՀԿ-ի հետ կոալիցիան». Արմեն Բադալյան


NewsBook-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, ակտիվորեն քննարկվում է ՀՀԿ-Դաշնակցություն կոալիցիան համագործակցության ստեղծման մասին լուրը: Ի՞նչ եք կարծում` ՀՀԿ-ի ինչի”ն են պետք դաշնակաները:

- Նախ նշեմ, որ կոալիցիոն համագործակցության մասին խոսք չկա, որովհետև կոալիցիոն բանակցություններ չեն ընթացել, այլ տեղի է ունեցել ՀՅԴ և ՀՀԿ ղեկավար կազմերի առանձնազրույց, որից հետո՝ ՀՅԴ-ն ներկայացրել է, որ նախագահն իրենց հետ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին առանձնազրույց է ունեցել: Սակայն սրան անմիջպես հետևել է ՀՀԿ տարբեր ներկայացուցիչների խոսքերը, թե կոալիցիոն համագործակցության մասին խոսք չկա, որովհետև այդ հարցը չի քննարկվել: Այստեղ մենք տեսնում ենք որոշակի հակասություններ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի ղեկավար գործիչների կատարած հայտարարություններում: Դեկտեմբերի 6-ը ցույց տվեց, որ ՀՀԿ ինքն իր ուժերով կարողանում է իր համար համապատասխան տոկոս ձայներ նկարել, դեկտեմբերի 6-ին ՀՀԿ-ն ցույց տվեց, որ անհարժեշտության դեպքում կարող է 40 տոկոսից ավել նկարել, ինչպես նկարեց 63 տոկոսը, այսինքն՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: ՀՅԴ-ն չունի այն ազդեցությունը, վարկանիշը, որը կարող է պետք է լինել ՀՀԿ-ին: Եթե հանկարծ ձևավորվի կոալիցիոն համագործակցություն, ապա դրանից տուժելու է միայն ՀՀԿ-ն, քանի որ իրենցից են վերցնելու պաշտոնները և տալու ՀՅԴ-ին, ու բնական է, որ հանրապետականների մոտ դժգոհություն կառաջացնի: ՀՀԿ-ն տալիս է այդ պաշտոնները, որ ի՞նչ անի, չէ՞ որ ՀՅԴ-ն չունի այդ պաշտոնները հատուցելու ռեսուրս՝ ազդեցություն, վարկանիշ և այլն:

- Ստացվում է, եթե անգամ լինի ՀՀԿ-Դաշնակցություն կոալիցիոն համագործակցություն, ապա դա կլինի բացառապես ՀՅԴ-ի խնդրանքով, քանի որ ՀՀԿ-ն կոալիցիաների կարիք չունի:

- Միանշանակ, այո, առավել ևս, որ կոալիցիա կազմում են ընտրություններից հետո, այլ ոչ թե մինչև ընտրությունները: ՀՅԴ-ն վերջին տարիների իր վարած քաղաքականության առումով բավական լուրջ հեղինակության կորուստ է ունեցել և վարկանիշ ձեռք չի բերել, և երբ դեկտեմբերի 6-ին հասարակությունը մերժում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, դա անվստահություն էր ոչ միայն նախագիծը ներկայացրած նախագահին, այլ այն ուժերի, որոնք դրա կողմն էին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին: Հիմա, երբ ՀՀԿ-ն վարկանիշ չունի, սակայն կանգնած է ընտրությունների շեմին, բնականաբար, ՀՅԴ-ն պետք է ինչ-որ գործողություններ անի, որոնք իրեն կօգնեն մտնել խորհրդարան:

- Խորհրդարան մտնելու միակ միջոցը ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությո՞ւնն է:

- Բնականաբար, ՀՀ-ում կա խորհրդարան մտնելու 3 ճանապարհ՝ կամ դու պետք է ունենաս բավականին մեծ ընտրազանգված, որ իշխանությունը փորձի ձեռք տալ քո ընտրազանգվածին, այնուամենայնիվ, որակի, ձայների քանակ ունենաս, որը կբավարարի քեզ 5 տոկոս շեմը հաղթահարելու համար, իսկ ՀՅԴ-ն այդ 5 տոկոսը չունի: Երկրորդ՝ խորհրդարան կարելի է մտնել այն դեպքում, երբ որ աշխարհաքաղաքական կենտրոններից որևիցե մեկը, օրինակ, ԱՄՆ-ն և ՌԴ-ն, Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրեն և ստիպեն, որպեսզի իրենց աջակիցները որոշակի տեղեր ստանան խորհրդարանում, իսկ ՀՅԴ-ն այդ գործոն էլ չունի՝ նա ո՛չ ՌԴ-ին է պետք, ո՛չ ԱՄՆ-ին: Երրորդը վարչական ռեսուրսն է, այսինքն, երբ դու ունենում ես մարզպետներ, Կառավարությունում նախարարներ և օգտագործելով վարչական ռեսուրսը` կարողանում ես համապատասխան ձայներ նկարել և մտնել խորհրդարան: Որպեսզի ունենաս վարչական ռեսուրս, դու պիտի լինես կոալիցիայի անդամ, այ հենց դրա համար էլ ՀՅԴ-ին անհրաժեշտ է ՀՀԿ-ի հետ կոալիցիան:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ կոալիցիոն համագործակցության բանակցություններ լինեն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև:

- Այն, ինչ ասում էի Դաշնակցության մասին, նույնը վերաբերում է ԲՀԿ-ին, միայն մեկ տարաբերություն կա՝ ԲՀԿ-ն ունի վարչաֆինանսական ռեսուրս, որտեղ, եթե ՀՅԴ-ն մի քանի գյուղապետ ունի, ԲՀԿ-ն ուներ քաղաքապետներ, գործարարներ և գյուղապետներ: Սակայն դե յուրե դրանք ԲՀԿ-ի վարչաֆինանսական ռեսուրսն են, դե ֆակտո՝ ՀՀԿ-ինն են: Ընտրությունները ցույց տվեցին, որ տեղամասային հանձնաժաղովներում ԲՀԿ-ի բոլոր ներկայացուցիչներն աշխատում էին ՀՀԿ-ի համար, ի դեպ, նույն ՀՅԴ-ի ներկայացուցիչներն էին: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կանգնած են նույն խնդիրների առաջ, այսինքն՝ խորհրդարան մտնելու համար նրան պետք է 3 գործոններից մեկը: Եթե մինչև փետրվարյան գործընթացները ԲՀԿ-ն ուներ այդ գործոնները և կարող էր դրան գումարելով իր վարչաֆինանսական ռեսուրսը հայտնվեր խորհրդարանում, ապա հիմա եկող խորհրդարանական ընտրություններում, խիստ կասկածելի է, որ առանց աջակցության կարող է մտնել խորհրդարան: Բնականաբար, ԲՀԿ-ի վարկանիշը նույնպես շատ ցածր է, քանի որ հիմա ԲՀԿ-ն նախկինի պես չէ, ճիշտն ասած, նա հետաքրքրություն չի ներկայացնում աշխարհաքաղաքական կենտրոնների համար, որպեսզի նրան աջակցեն մտնել խորհրդարան: ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է կոալիցիոն համագործակցություն, սակայն կրկին ստացվում է ի հաշիվ ՀՀԿ-ի, քանի որ նրանց տրվող պաշտոնները պետք է վերցվեն հանրապետական գործիչներից: Նախագահը չի տուժում, բայց հանրապետական կուսակցությունը տուժում է, քանի որ նախագահից չեն վերցնում պաշտոնները: Սերժ Սարգսյանին ինչ-որ տեղ հնարավոր է, որ պետք լինեն կոալիցիոն համագործակցությունները, որպեսզի հետագայում խորհրդարանում, երբ դառնա վարչապետ, միայն կախման մեջ չլինի ՀՀԿ գործիչներից: Միգուցե ապագա վարչապետին անհրաժեշտ լինի իրար հակադրվող ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ, որպեսզի կարողանա ազատ գործել:

- Ասացիք, որ ՀՀԿ-ականների հաշվին է արվելու կոալիցիոն համագործակցությունները: Հնարավո՞ր է, որ եթե Սերժ Սարգսյանը գնա կոալիցիոն համագործակցություններ ստեղծելու ճանապարհով, ՀՀԿ-ում խժդժություններ առաջանան:

- Այդ խժդժությունները, գուցե, տեսանելի չլինեն, միգուցե դուք չտեսնեք մամուլի ակումբներում ՀՀԿ բարձրաստիճան ղեկավարներին, որոնք կքննադատեն գործող նախագահին: Սակայն դեկտեմբերի 6-ը ցույց տվեց, որ պետական կառավարման համակարգում շատ դեպքերում աշխատեցին նախագահի դեմ, և ՀՀԿ ղեկավար գործիչները տակից «Ոչ»-ի քարոզարշավին աջակցում էին: Աջակցում էին ոչ թե ՀԱԿ-ին, այլ նպաստում էին, որ հասարակությունը «ոչ» քվեարկի: Բնականաբար, գործող նախագահի և ՀՀԿ-ի միջև հնարավոր է լինեն չերևացող հակասություններ և դա ՀՀԿ-ում զգացնել կտա, քանի որ դեկտեմբերի 6-ն ուրիշ էր՝ այդ ժամանակ բոլորն աշխատում էին, որ փոխվի Սահմանադրությունը, և եթե հնարավոր է, Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Սակայն ուրիշ են պառլամենտական ընտրությունները, քանի որ այստեղ ամեն մի հանրապետական աշխատելու է իր համար և, բնականաբար, իր շահերը չի զոհաբերի հանուն կուսակցության, հանուն գաղափարախոսության կամ նախագահի: Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը կպչի նրանց շահերին, անկասկած դժգհությունների առիթ կբարձրացնի ՀՀԿ-ում, առավել ևս, երբ Սերժ Սարգսյանը չբացառեց իր` վարչապետի պաշտոնում վերարտադրվելը, ինչը նույնպես դժգոհությունների ալիք բարձրացրեց ՀՀԿ-ի մեջ, պարզապես մենք դա չենք տեսնում:

-Շուտով խորհրդարանը կսկի աշխատել Ընտրական օրենսգրքի վրա, ի՞նչ եք կարծում` պետք է ընդդիմադիր ուժերը մասնակցեն օրենսգրքի մշակման քննարկումներին, թե` ոչ:

- Գիտեք՝ Հայաստանում ընտրական ինստիտուտը մահացած է, իսկ այդ Ընտրական օրենսգիրքն այն մահացած ինստիտուտի իրավական պատկերն է և Ընտրական օրենսգրքով չէ, որ ձևավորվում է խորհրդարանի քաղաքական պատկերը: Իրականում խորհրդարանի քաղաքական պատկերն այլ գործոններով է ձևավորվում, բայց, այնուամենայնիվ, ընդդիմությունն այն Ընտրական օրենսգրքի մեջ ընդամենը 1 տոկոս դեր է խաղալու, սակայն չէր խանգարի, որ մեկ տոկոսի համար աշխատեն: Այն ուժերը, որոնք ցանկանում են մտել խորհրդարան, պետք է բոլոր գործոններն աշխատացնեն՝ աշխատեն հասարկության հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, անգամ Ընտրական օրնեսգրքի վրա:

- Եթե ընտրական ինստիտուտը մահացած է, ի՞նչ եք կարծում` նման պայմաններում 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդյոք կլինի քաղաքական թեժ պայքար կուսակցությունների մեջ, թե խորհրդարան մտնող կուսակցութունները կրկին կորոշվեն Բաղրամյան 26-ում:

- Կարծում եմ՝ այդպես չի լինի, քանի որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ցույց տվեց, որ քաղաքական դաշտում երկու ուժ են մնացել, որոնց ասածներն ինչ-որ չափով ազդեցություն ունեն հասարակության վրա՝ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Կա ՀՀԿ, որը կարողացավ 63 տոկոս ձայն նկարել, և կա ՀԱԿ, որը կարողացավ 37 տոկոս ձայն պահել, իսկ մնացած քաղաքական ուժերը կամ մրցակցությունից դուրս եմ մնացել, կամ քաղաքական կշիռ չունեն, թեպետ որպես կուսակցություն ներկայացված են: Նման իրավիճակը հասկանալի է, քանի որ հիմա քաղաքական դաշտը սև ու սպիտակ է` ՀՀԿ և ՀԱԿ, և հենց այս պատճառով իշխանությունները կփորձեն անել ամեն ինչ, որ ընդդիմությանն գնացած 37 տոկոս ձայնը կարողանա բաժանել մասերի: Թեև 37 տոկոսը միայն ՀԱԿ-ի ձայները չեն, միևնույն է, եթե ՀԱԿ-ը գրագետ աշխատի, ապա հնարավոր է, որ 63 տոկոսից էլ ձայներ խլի: Պարզ է, որ դա ՀՀԿ-ին ձեռք չի տալիս, և դա է պատճառը, որ այսօր ստեղծվում են տարբեր ընդդիմադիր ուժեր, որոնք շարվում են տարբեր մեթոդաբանությամբ, իսկ ՀՀԿ-ն նրանց չի խանգարում ձևավորվել: Այսօր թողնում են, որ դաշտում հայտնվեն ուժեր հալածյալի կերպարով, մյուսի համար մարզային գրասենյակներ են բացվում, էն մյուսը պահեստային է պահվում, իսկ դա ՀՀԿ-ին ձեռք է տալիս, որպեսզի խորհրդարանում հնարավորինս շատ ղեկավարելի կառույցներ լինեն, քանի որ երկու կառույցի՝ իշխանություն, ընդդիմություն, կառավարելը դժվար է: Եթե գործող նախագահը սև ու սպիտակ խորհրդարան մտնի, ապա կախումն իր կուսակցությունից շատ կլինի, և հենց դա է պատճառը, որ նրան ձեռք կտա, որ խորհրդարանում այլ խաղացողներ էլ լինեն: Ի տարբերություն դեկտեմբերի 6-ի` խորհրդարանական ընտրություններին ձևավորվելու է Հայաստանի իշխանությունը, և դրան անտարբեր չեն մնա ԱՄՆ-ն և ՌԴ-ն, քանի որ նույն ՌԴ-ն այստեղ ունի բավականին խորն արմատներ՝ ռազմական և տնտեսական պայմանագրեր, և նա թույլ չի տա, որպեսզի պատահական ուժ գա, խորհրդարանում մեծամասնություն ունենա և որոշումներ կայացնի: ՌԴ-ն անկտիվորեն կմասնակցի, սակայն ինչպես՝ դեռևս պարզ չէ: Ոմանք Արա Աբրահամյանի մասնակցության մասին են խոսում, սակայն պարզ չէ` Արա Աբրահամայնի ցանկությո՞ւնն էր, թե՝ ՌԴ պետպատվերն էր: Եթե Կոնգրեսը գրագետ աշխատի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և հասարակության հետ, ապա հնարավոր է այլ արդյունք ստանալ, քանի որ հարց է, թե որքան իշխանություններին կհաջողվի արհետական ընդդիմադիր կառույցներ ստեղծել:

- Ըստ Ձեզ` իշխանությունն արդեն իսկ գործող քաղաքական ուժերից 2-րդ բևեռ կստեղծի՞, թե՝ շեշետը կդնի նոր ընդդիմադիր կուսակցությունների վրա:

- Կարող է և նոր բևեռ ստեղծել, կարող է և արդեն իսկ ունեցածներից ստեղծել այլընտրանք: Սա ընդամենը քաղաքական տեխնոլոգիայի հարց է, կարող է հինը նորացնի կամ հակառակը: Միայն տեխնիկական հարց է, որ ցույց կտա այս տարին: Իրականում բոլորն էլ աշխատող տարբերակներ են` և՛ ստեղծելը, և՛ եղածին չխանգարելը, և՛ հնի վրա շեշտադրելը:

Հարցազրույցը՝ Անի Արամի

http://newsbook.am

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net