Զինադադարի (ժամանակավոր, թե համեմատաբար կայուն) մասին լուրն եկավ այն պահին, երբ սկսեցի սեւագրել այս նյութը: Բայց զինադադարը չի նշանակում, որ պետք է անմիջապես մոռանանք ապրիլի սկզբի մի քանի օրերի մեր ապրումները ու վերադառնանք «խաղաղ» կյանքին այնպես, ինչպես սովորաբար անում ենք մեր ուշադրությունը գրավող հերթական մեծ իրադարձությունից հետո (ցավոք, մեր տեղեկատվական դարում սա սովորական շրջան է դառնում՝ ցնցում-վերադարձ-ցնցում): Ճիշտ հակառակը՝ ապրիլյան հնգօրյա պատերազմը պետք է վերջապես առիթ դառնա քայլ առ քայլ, հիմնարար եւ բաց խոսակցության, որտեղ պետք է քննարկվեն մեր պետությանը վերաբերող կարեւորագույն խնդիրները:

Պատերազմը երբեք չի էլ ավարտվել

Նախ՝ մի քանի առավել կարեւոր դրույթների մասին, որոնք պետք է նախորդեն իրավիճակի վերլուծությանը: Առաջինը՝ Հայաստանն այսպես թե այնպես, մշտապես, այլ ոչ միայն ճակատում ռազմական սուր բախումների օրերին, պատերազմի մեջ է (Հայաստան ասելիս, տվյալ դեպքում, Արցախն էլ հետը նկատի ունեմ): Պարտադիր չէ սահմանին ռազմական գործողություններ ծավալվեն, եւ զինվորներ հերոսանան, որպեսզի մենք գիտակցենք պատերազմի մշտական իրողությունը: Մենք ունենք ընդամենը երկու ելք այս իրավիճակից. կամ՝ համապարփակ խաղաղության կնքում, կամ՝ նոր լայնածավալ պատերազմ, որը եթե չի սկսվելու վաղը, ապա գրեթե անխուսափելի է մյուս օրը (ինչ-որ փոքր հնարավորություն կարող ենք թողնել մի «երրորդ» տարբերակի համար՝ հաշվի առնելով, թե պատմության մեջ կա անկանխատեսելիության եւ պատահականության գործոնը, որը ոչ ոք ի վիճակի չէ հաշվարկել): Սա վախեցնելու համար չեմ ասում, այլ պարզապես՝ իրականությունն արձանագրելու: Պետք է հասկանանք եւ երկրորդ պարզ իրողությունը՝ պատերազմ կլինի, թե խաղաղություն, միշտ չէ, որ կախված է մեր ցանկությունից: Պետք է ձգտենք խաղաղության, բայց հասկանալով՝ միշտ չէ, որ այդ նպատակին հնարավոր է հասնել, եւ, ուրեմն, պետք է միշտ պատրաստ լինենք նաեւ պատերազմին՝ ապրենք դրա հնարավորության գիտակցությամբ եւ հասկանանք, թե ի՛նչ է դա: Պատերազմն անկանխատեսելի է իր բնույթով՝ նույնիսկ ռազմական ոլորտի մեծագույն մասնագետի համար:

«Պետական» եւ ժողովրդական պատերազմները

Կասկած չունեմ, որ հայաստանցիներիս մեծ մասը ճիշտ է ընկալում Ադրբեջանի դեմ մեր պատերազմի բնույթը: Բայց քանի որ կա մի փոքրիկ «էլիտար» խավ նաեւ մեզանում, որը փորձում է իրեն «վեր պահել» «մասսայից»՝ խոսելով «չեզոքի» դիրքերից, ապա անհրաժեշտ եմ համարում նախեւառաջ այդ խնդիրը ճշտել: Կան պատերազմներ, որոնք միմյանց դեմ վարում են «պետությունները» («պետություն» բառը չակերտում եմ, որովհետեւ, ըստ արդի ժողովրդավարական ձեւակերպումների՝ պետությունն այլ բան չէ, քան ժողովուրդը՝ քաղաքացիների հավաքականությունը, բայց տվյալ դեպքում «պետություն» ասելով՝ հասկանում ենք վարչական ապարատը, պետական «մեքենան»): Օրինակ, երբ 1904-1905 թթ.-ին Ռուսաստանը պատերազմում էր Ճապոնիայի դեմ, դա պետությունների դասական կռիվ էր, որի շահը բնակչության մեծ մասին անհասանելի էր, եւ դրա հետեւանքը՝ հաղթանակ, թե պարտություն, միայն անուղղակիորեն կարող էր ազդել Ռյազանի մարզում բնակվող պայմանական Իվանի կյանքի վրա: Այսպիսի պատերազմների բազմաթիվ օրինակներ կարելի է բերել պատմությունից: Բայց մերն այդ շարքից չէ: Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բախումը ոչ թե անուղղակիորեն, այլ անմիջականորեն դիպչում է բոլորիս շահերին՝ ընդհուպ մինչեւ կյանքի եւ մահվան խնդիր: Բավական է պատկերացնել, թե ի՛նչ կլինի, եթե, Աստված չանի, թշնամին լուրջ հաջողությունների հասնի՝ փախստականներ, կոտորածներ եւ այլն, որոնցից երաշխավորված չէ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ընդհանրապես Հայաստանի հայությունը: Այս առումով մեր տարածաշրջանում բան չի փոխվել՝ այստեղ պարտությունը պատերազմում այսօր էլ նշանակում է ֆիզիկական ոչնչացում կամ փախուստ հայրենիքից: Դրա համար այս պատերազմը վերաբերում է բոլորիս, այլ ոչ թե միայն «պետություններին», «բանակներին» կամ «ռեժիմներին»: Դրա համար էլ պատերազմի սրման պահերին կարեւոր չեն անունները, կուսակցությունները, բաժանումները: Հարցն, ուրեմն, վերացական հայրենասիրությունը չէ, այլ շատ կոնկրետ իրողություններ, որոնց հաշվի չառնելը եւ սեմինարներից բառացիորեն փոխառած կաղապարների մեջ տեղավորելը, լավագույն դեպքում՝ վերացական դոգմատիզմ է:

Չեմ սիրում սովետա-ռուսական «լեզվից» փոխառած եզրերը, բայց տվյալ դեպքում տեղին է «հայրենական պատերազմ» եզրը: Ի՞նչ է հայրենական պատերազմը: Նախ՝ վերն ասածը. հայրենական պատերազմը վերաբերում է ոչ թե պետական ապարատին, այդ թվում՝ բանակին միայն, այլ առաջին հերթին՝ երկրին ու ժողովրդին: Եվ սա ա՛յն աստիճան, որ եթե պետական ապարատը դադարի դիմադրել կամ ի զորու չլինի իրականացնել պաշտպանական գործառույթը, ժողովուրդն ինքն է պարտավոր իր վրա վերցնել կռիվը, եւ սովորաբար այդպես էլ լինում է: Չմոռանանք, որ Արցախյան պատերազմը սկսվել է հենց այդպես՝ որպես ժողովրդական պատերազմ, եւ ժողովուրդն է տարել իր հետեւից Սովետական Հայաստանի դեռ կոմունիստական կառավարությանը, որը չէր պատրաստվում եւ ի զորու չէր ինքնապաշտպանության: Ժողովրդական այս բնույթը ցայսօր էլ ղարաբաղյան պատերազմի հիմքում է: Վստահ եմ, որ եթե, Աստված մի արասցե, մեր պետությունը կամ մեր բանակը հրաժարվեն, կամ՝ չկարողանան պաշտպանվել, մեր ժողովուրդն այսօր էլ ինքն է դիմելու ինքնապաշտպանության եւ ինքնակազմակերպվելու է որպես նոր պետություն եւ նոր բանակ: Նրանք, ովքեր փորձում են արցախյան պատերազմը հայկական կողմից ներկայացնել հակառակ ոճով՝ իբրեւ թե վերնախավերը խեղճ ժողովրդին մղում են պատերազմի, խելքները հացի հետ են կերել եւ վերջնականապես կտրվել են կենդանի իրականությունից: Եթե խոսում են ժողովրդի անունից, ապա թող հիշեն, որ մինչեւ սեփական բանակ ստեղծելը եւ անկախ պետություն ունենալը՝ հայերի ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէր ոչ մի տեղ՝ ոչ միայն Օսմանյան, այլեւ Ռուսական կայսրությունում, ուր հայկական կոտորածները թուրքերի ձեռքով՝ 1905-07 եւ 1988-91 թթ.-ին, ոչ թե բացառություն էին, այլ օրինաչափություն: Միայն հայկական անկախ պետությունն ու հայկական բանակը կարողացան դարերի ընթացքում առաջին անգամ վատ կամ լավ, բայց ապահովել հայերի անվտանգությունը: Ուրեմն, ժողովրդի անունից խոսելուց եւ դասագրքային կաղապարները մեր իրականության վրա կուրորեն չափելուց առաջ պետք է հասկանալ տվյալ ժողովրդի պատմությունը եւ իրավիճակի յուրահատկությունը: Մեր ժողովուրդը պարզապես բնաջնջվելու է կամ էլ փախստական է դառնալու, եթե նրանց այսօր քարոզենք՝ «սա ռեժիմների, ոչ թե ժողովուրդների կռիվն է» ձեւակերպումը: Եվ խաղաղասիրական սեմինարների հովանավոր ոչ մի երկիր կամ կազմակերպություն չի պաշտպանելու մեզ բնաջնջումից, ինչպես չի պաշտպանել 100 տարի առաջ: Եվ ի դեպ՝ տեղին է հիշել, թե ինչով ավարտվեց նույնաբովանդակ բոլշեւիկյան քարոզը 1918-20 թթ.-ին: Այն ժամանակ էլ ռուսական իրականությունից բառացիորեն փոխառած «սա ռեժիմների, այլ ոչ թե ժողովուրդների կռիվն է» կարգախոսը ոչինչ չբերեց Հայաստանին, բացի նոր կոտորածներից, ավերումից, դաշնակիցների կողմից լքումից (ո՞ւմ է պետք ինքն իրեն չպաշտպանող դաշնակիցը) եւ փախստականների նոր հոսքից: Մի՞թե բարդ է այսքանը հասկանալ այսօրվա «պացիֆիստներին»:

Արդար եւ անարդար պատերազմներ

Հայրենական պատերազմ նշանակում է նաեւ արդար պատերազմ: Այո, որքան էլ զարմանալի հնչի մեր «դեկոնստրուկտիվիստական» դարում, բայց պատերազմները լինում են արդար եւ անարդար: Ոչ ոք նացիստական Գերմանիայի եւ նրա դեմ կռվող դաշնակիցների միջեւ հավասարության նշան չի դրել եւ չի դնում: Նույնիսկ «դեկոնստրուկտիվիստները» խուսափում են դա անել, չնայած՝ եթե «տղա» լինեին, պիտի անեին: Բայց նրանց «տղությունը» նույնիսկ ավելի թեթեւ դեպքերի վրա չի հերիքում. օրինակ՝ նրանք պատրաստ են Ուկրաինայում տեսնել արդարներ եւ անարդարներ, բայց ահա՛ հայ ժողովրդի գլխին նրանք «տղություն» են խաղում: Ինչո՞ւ: Ժամանակին նույն կերպ վարվում էր Պոլիտբյուրոն՝ հավասարության նշան դնելով հայերի եւ ադրբեջանցիների դիրքերի միջեւ, հիմա նույնն անում է, այսպես կոչված, «միջազգային հանրությունը»: Վերջինս դա ստիպված է անել ի պաշտոնե, նույնիսկ եթե «հոգու խորքում» այլ կարծիք ունենա, բայց ի՞նչ գործ ունեն մեր «տղերքն» այդ, մարքսիստական լեզվով ասած՝ «բուրժուական օբյեկտիվիզմի» հետ: (Ի դեպ, դասական մարքսիզմը եւս ընդունում էր արդար եւ անարդար պատերազմների գոյությունը, եւ Մարքսը կամ Լենինը երբեք էժանագին չեզոքություն չէին խաղում. սա ասում եմ, որովհետեւ, կարծես, ժամանակակից մարքսիստները մի քիչ այլ սորտից են): Սա այլ բան չէ, քան թաքնված իմպերիալիզմ, նույնիսկ՝ ռասիզմ, չնայած ներկայացվում է որպես «առաջադիմական» տեսակետ: Խնդիրն այն է, որ իմպերիալիզմի, այսինքն՝ այս կամ այն մեծ տերության աշխարհայացքի տեսակետից, «իսկական են» միայն «մեծերի» կռիվներն ու վեճերը, իսկ «փոքրերը» պիտակվում են որպես «ազգայնականներ», որոնց բախումները զուրկ են իմաստից եւ արդար ու անարդար կողմերից: Նրանք, ովքեր կամա թե ակամա փորձում են տեղավորվել «իմպերիալիզմի», կներեք, հետույքում, կամ էլ «սպիտակ» մարդու դերի մեջ մտնելով՝ «ֆու» են անում ազգայնականությանն ու ազգային-ազատագրական պատերազմներին, ինչպիսին է Արցախյան պատերազմը, ոչ թե առաջադիմական են, այլ լավագույն դեպքում՝ մանկապարտեզում են մնացել, իսկ վատագույն դեպքում՝ ցինիկ սրիկաներ են: Հայկական ազգային պայքարը ծնվել է որպես ընդվզում ազգային եւ սոցիալական շահագործման դեմ, որպես կյանքի իրավունքի համար պայքար, եւ մնում է այդպիսին ցայսօր՝ նպատակ չդնելով որեւէ այլ ազգի ճնշումը կամ հայրենիքի զավթումը: Չտեսնել մեր ազգայնականության այդ բնույթը եւ կրկնել Պոլիտբյուրոյի ձեւակերպումները, կարող է միայն ինքն իրենից լիովին օտարացածն ու բարդույթավորվածը:

Ուժ եւ հաղթանակ

Հայրենական պատերազմ նշանակում է նաեւ՝ հույսներս, նախ, սեփական ուժերի վրա: Աշխարհն ընդունում է ուժը եւ ուժեղին՝ դուր է գալիս մեզ այդ փաստը, թե՝ ոչ, բայց այդ առումով բան չի փոխվել հնագույն շրջանից ցայսօր: Խոսքի մակարդակում շատ բան կարող է ասվել, բայց այսօր էլ իր իրավունքը կարողանում է նվաճել նա, ով ուժային գերակշռություն է ապահովում կոնկրետ կետում: Մեր վերջին շրջանի պատմությունն այս պարզ իրողության վառ ապացույցն է: 100 տարի է հայերս պահանջում ենք արդարություն՝ 1915-ի ցեղասպանության ճանաչում, եւ արդյունքը հայտնի է. չնայած բոլորը շատ լավ հասկանում են եւ գիտեն՝ ի՛նչ է տեղի ունեցել, բայց ցայսօր Թուրքիային չի պարտադրվել որեւէ փոխհատուցում զարհուրելի հանցանքի դիմաց: Մյուս կողմից՝ արդեն 20 տարուց ավելի է, ինչ մենք վերահսկում ենք նախկին ԼՂԻՄ-ին սահմանակից 7 շրջանները, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Ադրբեջանի մաս, եւ ժամանակին ՄԱԿ-ի մակարդակով փաստաթղթեր են ընդունվել մեր զորքերն այդտեղից անհապաղ հեռացնելու կոչերով, բայց հայկական կողմը ցայսօր ի զորու է եղել անտեսել այդ կոչերը: Այսօր էլ պետք է հասկանանք, որ որքան էլ ազդեցիկ լինեն արտաքին գործոնները, կհասնենք այն նպատակներին, որոնց հիմքում ի զորու ենք ուժ ներդնել, եւ «աշխարհը» ճանաչելու է այն, ինչը մեր ուժով է նվաճած, եւ անտեսելու է ա՛յն՝ ինչը մեր անզորությամբ է կորսված: Մեր առաջին դաշնակիցը մեր ուժն է, որի առկայության դեպքում էլ միայն ի հայտ կգան մյուսները: Առաջին անգամ է վերջին դարերի պատմության մեջ, որ հայերս սեփական ուժերով նվաճել ենք կարեւոր բնագծեր, եւ դա նշանակում է, որ մեր գլխից պետք է վերջնականապես հանենք նախորդ շրջանի՝ «հռչակագրային» քաղաքական մտածողության հետքերը եւ դնենք մեր առջեւ միայն այնպիսի նպատակներ, որոնք ի զորու ենք ապահովել սեփական ուժով:

Վերջապես՝ հայրենական պատերազմ նշանակում է հավատ եւ վստահություն հաղթանակի նկատմամբ: Նույնիսկ ժամանակավոր անհաջողությունները չպետք է սասանեն այս հավատը: 1992-ին մենք Արցախի կեսն էինք կորցրել, բայց ի վերջո հաղթեցինք, որովհետեւ կար հաղթելու կամք՝ ժողովրդի եւ նրա կողմից ձեւավորած պետության կողմից: Ո՛չ իրավունք ունենք պարտվելու, ո՛չ էլ հնարավորություն՝ հենց որովհետեւ խոսքը ոչ թե «սովորական պետությունների» միջեւ, այլ հայրենական պատերազմի մասին է, ուր եթե նույնիսկ պետությունը չգործի, ժողովուրդն ինքն է դիմելու ինքնապաշտպանության:

– See more at: http://www.ilur.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert