Մհեր Արշակյան

Չի եղել ոչ մի քառօրյա պատերազմ, ընկերներ, 92 զոհ էլ չենք ունեցել, 12-ամյա Վաղինակն էլ չի զոհվել: Վաղինակը չի էլ եղել: Նրա մոր ողբն ո՞վ է լսել: Գնացե՛ք Հրազդան և կհամոզվեք, որ Վաղինակի մայրը չի լացել, 92 մայր որդի չի կորցրել, որովհետև ոչ այդ մայրերն են եղել, ոչ էլ նրանց որդիները: Բնականաբար սխրանք էլ չի եղել: Միակ իրականը ադրբեջանական «Սմերչն» է, որը չի պայթել: Իսկ դա հավասարազոր է խաղաղության վրա անգամ քամի չանելուն: Մեկ էլ գուցե այն է իրական, որ Ադրբեջանը Ղարաբաղի սահմանից ներս է մտել որպես հյուր և հյուրի արժանապատվությամբ էլ հեռացել է: Գուցե նույնիսկ արժանիորեն մուննաթ է եկել  վատ հյուրընկալության համար: Գնացեք Հրազդան: Ու կտեսնեք, որ «թուրքն» այլևս գոյություն չունի, ընկերներ: Որ պատերազմը գուցե պատերազմ է, բայց հայն ու թուրքը արդեն պայմանական ընկալումներ են:

Գնացեք Հրազդան: Այդ քաղաքը քառօրյա պատերազմի հայելին է: Այնտեղ չկա «լաց և ատամների կրճտոց»: Ճակատ չգնաք: Հանկարծ ճակատ չգնաք: Հրազդանը մեզ հիշեցնում է, պահանջում է, մեր գրպանը փող է դնում, որ ապրենք այս օրով: Եվ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հաջորդ օրը Սերժ Սարգսյանը դեռ որևէ հայաստանցու՞ կամ ղարաբաղցու՞ պետք է ներկայացնի: Եվ, ընդհանրապես, կողմնորոշվեք, ընկերներ, թե ով է ադրբեջանցի դիպուկահարը, ծերունիների ականջներ կտրող դահիճը: Թալիշու՞մ էր եղել այդ դեպքը: Ոչ մի Թալիշ էլ չկա: Ոչ մի ականջկտրել ու սպանություն չի եղել, լրատվամիջոցներն ու լուսանկարիչները կեղծում են: Գնացեք Հրազդան: Ինչ-որ բա՞ն է փոխվել: Այնտեղ կեղծել ջանացողներն ապրիլի 2 են տեսե՞լ: Չի եղել այդ ապրիլի 2-ը: «Միակ իրականը Շեպետովկան է, որի ափերին խփվում են Ատլանտյանի ալիքները»,- ասում էին դասականները: Եթե Սերժ Սարգսյանը վաղը՝ ապրիլի 18-ին, մտնի Բաղրամյան 26, ուրեմն ոչ մի ապրիլի 2 չի եղել: Որովհետև թվում էր, թե ինչ-որ բան է տեղի ունեցել, ինչ-որ ցնցում է եղել մեր ներաշխարհում, մեր՝ շարքային քաղաքացիներիս:

Թվում էր, թե Հայաստան և Ղարաբաղ աշխարհում այդ օրերին բոլորս մի սիրտ էինք, և նա էր բաբախում 92-ի մահն իր վրա օր առաջ կրելու երկյուղածությամբ, թվում էր, թե կեղծարարն արդեն երդվում է, որ այլևս ոչ մի կեղծիքի չի դիմի, միայն թե բանակում գտնվող եղբայրը չզոհվի և մայրը չողբա. եթե պետք լինի, ինքն այստեղ կմեռնի: Թվում էր, թե Սուրիկ Խաչատրյանը, Մանվել Գրիգորյանը, քաղքենիական ամբողջ բոմոնդը և էլի մյուսները Ղարաբաղ են գնացել լինելու «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ապրեցնող տողի կրիչը: Թվում էր, ընկերներ: Միակ իրականն այն է, որ 92 զոհերից ոչ մեկը սուրիկխաչատրյանական չէ, արամդանիելյանական չէ, և Հրազդանում բոլոր նախորդ ընտրությունների ջերմեռանդությամբ կեղծվում է հերթականը:

Ուրեմն, ընկերներ, պատերազմն էլ պետք է դրվի մի կողմ: Պատերազմը սրանց խոստովանահայրը չէ: Որովհետև պատերազմի օրերին էլ էին այս մարդիկ կեղծելու, ընտրակաշառք տվողը տալու էր, վերցնողը վերցնելու էր: Որովհետև պատերազմով այս մարդկանց գլուխը չես մտցնելու, որ նախորդ օրվա պատերազմից ավելի փխրուն հրադադարի օրերին ընտրակաշառքը, քվեի գողությունը դիակապտություն է: Եվ որ պատերազմի ժամանակ դիակապտությունը «մարսվում» է արյուն տեսածի անջատված ուղեղի այն «արդարացումով», որ թշնամուն պետք է նվաստացնել մինչև լուցկու վերջին կողոպուտը: Այս մարդիկ նույնն անում են կենդանի և հայրենակից մարդկանց հետ, որոնց հայտարարված պատերազմը թվում էր, թե «կապիտուլացվել» էր ղարաբաղա-ադրբեջանական նոր պատերազմի գոնե երրորդ կամ չորրորդ օրով: Որ՝ վերջ, սա արդեն ուրիշ Հայաստան է, ուրիշ Ղարաբաղ է, ուրիշ տղաներ են զոհվում, ուրիշ տղաներ են փայփայում պետությունը:

Եվ թվում էր, թե իշխանությունը մինչև վերջին տողն ընկալել է Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպման հետևյալ պայմանավորվածությունը՝ չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը: Վե՛րջ, ընկերնե՛ր: Վե՛րջ: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա հենց այսօր, որպես քրեական հանցագործ, որպես Հայաստանի Հանրապետության ամենասև օրերից էլ ավելի սև «խաղաղության» մարմնացում: Որովհետև, եթե մենք պատերազմից 12 օր հետո զբաղված ենք խաղաղության դիակապտությամբ, մեզ ներում չկա: Եվ եթե մայրերի ողբը չի լսվում, և եթե հայրերը «զադնի» տված տագնապով վազում են ընտրատեղամասեր հերթական կեղծիքներն անելու, մենք, ուրեմն, ինչի՞ շուրջ ենք հավաքվել: Մենք այս ի՞նչ Հայաստանի ժամանակակիցն ենք, մենք այդ ի՞նչ հավատի ներկայացուցիչը դարձանք, որ ՀՀԿ-ն ավելի հավերժ է թվում, քան նույնիսկ՝ Աստված: Վաղվա լուսաբացը լինելու է ամենածանրը Հայաստանի բոլոր լուսաբացներից, որովհետև այն լինելու է ամենաարժեզրկվածը: Որովհետև 22-ամյա փխրուն խաղաղության բոլոր օրերին պատերազմը շոշափում էր մեզ խուտուտ տվողի երեսառածությամբ: Մենք, ի վերջո, հրադադարի վրա պնդացրինք մեր ոտքերն ու քամուն տվեցինք Հայաստանը: Մենք փախանք ու կեղծեցինք ինչ հնարավոր էր, որովհետև այլ խաղաղություն չիմացանք: Եվ հիմա, երբ մենք փախչում ու կեղծում ենք այն պահից, երբ գիտենք, երբ տեսանք, թե ինչ է պատերազմը, նշանակում է՝ մենք դա անում ենք ոչ որպես Հայաստանի Հանրապետություն կոչվող շնից (ներողություն) մազ պոկելու առաքելություն, այլ մենք դա անում ենք որպես Ադրբեջանի Հանրապետության ռայոնլար (շրջան, մարզ), երբ արդեն թշնամի չկա, ողորմացող չկա և, ընդհանրապես, չկա մի բան, որի վրա պետք է դողանք՝ մենք՝ Հայաստանի Հանրապետություն կոչվող Արմագեդոնի ծանր հրետանին:

http://civilnet.am

https://www.youtube.com/watch?v=caO21wGE7ic

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert