Հարցազրույց գրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանի հետ

– Քառօրյա պատերազմը խլեց մոտ հարյուր (թիվն ամեն օր փոխվում է) հոգու կյանք, իսկ ի՞նչ տվեց փոխարենը մեզ, Արփի, այս միասնականությունը, այս ազգային զարթոնքի մասին խոսակցությունները, կոչերը զուտ պաթոսայի՞ն են, թե՞ ավելի խորքային մի բան փոխվեց մեր մեջ․․․

– Բոլորս էլ գիտեինք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, տեսնում էինք, թե ինչպես է մեր դաշնակիցը զինում մեր հակառակորդին, հասկանում էինք, որ այդ զենքը մի օր կրակելու է։ Անակնկալը մեր հասարակության եւ մեր բանակի շատ բարձր բարոյական մակարդակն էր, իսկապես աննկուն ոգին եւ մարտունակությունը, որովհետեւ մեզ թվում էր, թե աղքատությունը, սոցիալական անարդարությունը, պարտություններով ավարտվող քաղաքական եւ քաղաքացիական պայքարները, հուսահատությունը բարոյազրկել են մեր հասարակությունը, պատրաստել այն մեծ պարտության։ Այս օրերին տեղի ունեցան բաներ, որ ցնցեցին մեզ, ստիպեցին մեզ վերանայել մեր մասին ունեցած պատկերացումը, ստիպեցին, որ ինքներս մեզ նորից սիրենք։ Սա զարթոնք էր այն իմաստով, որ սթափվեցինք, արթնացանք նինջից, տեսանք, թե ինչքան իրական է վտանգը, եւ թե ինչքան քիչ բան է արել մեզնից յուրաքանչյուրը խաղաղության համար։ 

– Ի՞նչ կարող էր անել սովորական մարդը։

– Եթե ընդունում ենք, որ պատերազմի պատճառներից մեկը մեր երկրի տնտեսական վիճակն ու վարած քաղաքականությունն է, ուրեմն մեր մեղքն այն է, որ հանդուրժել ենք տգետ ու գող իշխանություն։ Պայքարել ենք, բայց եթե իրենք են հաղթել, նշանակում է՝ վերջին հաշվով հանդուրժել ենք, բավարար չի եղել ջանքը։ Երկրորդ մեղքն արդեն մասնագիտական է, դա անվտանգության մասնագետների ու մշակույթի գործիչների մեղքն է։ Կարելի էր ու անհրաժեշտ էր մեղմել հակահայկական տրամադրություններն ադրբեջանական հասարակության մեջ, երկխոսության փորձեր անել, ստիպել նրանց ճանաչել մեզ, մեզ՝ ճանաչել իրենց։ Միշտ դժվար է կրակել մարդու վրա, որին ճանաչում ես։ Խաղաղության ամրապնդման համար պետք էր թարգմանել ու շրջանառության մեջ դնել Լեւոն Ջավախյանի «Քիրվան» պատմվածքը, Հովիկ Վարդումյանի եւ Արա Նազարեթյանի հոյակապ, մարդկային ու մարդասիրական պատմվածքները, որտեղ պատերազմի սարսափները ներկայացված են ականատեսի եւ մասնակցի աչքով, բայց առանց թուրքի հանդեպ ատելության, Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպը։ Մենք պետք է երկխոսություն ստեղծեինք արվեստագետների, մշակույթի գործիչների միջեւ՝ ինչքան էլ որ գործնականում դա դժվար լիներ կազմակերպելը՝ հաշվի առնելով ալիեւյան ռեժիմի վրեժխնդիր բնույթը։ Բայց կարելի էր ինչ-որ ձեւ գտնել։ Չէր կարելի թողնել, որ ադրբեջանցիներն այսքան երկար եփվեին ալիեւյան քարոզչության, պատմական կեղծարարության, սրսկված ատելության մեջ։ Հիմա, երբ համացանցի անծայրածիր տարածքներում մենք երկխոսության մեջ ենք մտնում նրանց հետ, հասկանում ենք, որ գործ ունենք ոչ թե ստահակների հետ, որոնք ուզում են տիրանալ մեր հայրենիքին, այլ մարդկանց, որոնց ուղեղները լվացել է քարոզչությունը, մարդկանց, որոնք վստահ են, որ իրենց պահանջներն արդարացի են, եւ որ նույնիսկ դա իրենց պատմական հողն է։ Նրանք ֆիլմեր են նկարում Խոջալուի մասին, ինչո՞ւ մերոնք չեն նկարում, ինչո՞ւ չեն ներկայացնում պատմությունը, ինչպես եղել է։ Ի վերջո, ինչո՞ւ չենք խոսում Բաքվի ու Սումգայիթի ջարդերից։ Հազարավոր մարդիկ կան, որ Բաքվի ջարդերի վկան են։ Ինչո՞ւ չենք խոսում կատարելապես հայաբնակ Շահումյանի շրջանի հայաթափման մասին։ Տարիներ առաջ ես օգնում էի մի գրքի խմբագրական աշխատանքներին, որի հեղինակը փորձել էր անվերադարձ կորսված իր հայրենիքը պահպանել գրքի մեջ՝ բոլոր գերդաստաններով, նրանց նախնիներով, պատմություններով։ Եվ գրել էր տեղահանման պատմությունը՝ բոլոր մանրամասներով։ Թե ովքեր էին մնացել, եւ թե ինչպես, ինչ դիրքով սպանված ու խոշտանգված էին գտել նրանց։ Ես հիշում եմ՝ այդ անունները համակարգչով շարելուց հետո, գիշերը, երբ փակում էի աչքերս, այդ բոլոր մարդիկ՝ անուն առ անուն, հառնում էին իմ մտապատկերում։ Ոմանք՝ սպանված, ոմանք՝ աշխարհի տարբեր ճանապարհներով դեգերելիս։ Ինչո՞ւ չենք խոսում այս մասին։ Նրանք՝ ադրբեջանցիները, մեզ քամահրանքով անվանում են գնչու։ Ինչո՞ւ չենք ցույց տալիս իրենց, որ մենք գնչու ենք դարձել իրենց մեղքով եւ իրենց նախնիների, որոնց հորդաներին թույլ ենք տվել կանգ առնել մեր գյուղերի ու քաղաքների կողքին։

– Գրողները, մտավորականներն ի՞նչ պետք է անեն, որպեսզի այսպիսի հարեւանների հետ կյանքը համատեղելի դառնա։

– Ես թուրքերի պատմվածքներ եմ թարգմանել տարբեր ծրագրերի շրջանակներում, առանձին հրապարակախոսական տեքստեր՝ իմ նախաձեռնությամբ, փորձել եմ ներկայացնել մեր նմանությունները, փորձել եմ կարեւորել էդ նմանությունները, փորձել եմ հենց միայն նմանություններ տեսնել, բայցեւայնպես… Չէի կրկնի հիմար պնդումը, թե մեր անհամատեղելիությունը գենետիկ մակարդակում է, բայց մշակութային մակարդակում նման բան հաստատ կա։ Մարդը միայն մարմին չէ, ու պացիֆիստների տեքստերի թուլությունը, ըստ իս, մարմնական գոյության գերարժեւորումն է։ Մարդը մշակույթն է։ Մենք թուրքերի հետ բավականին երկար ապրել ենք Օսմանյան կայսրության մեջ, ադրբեջանցի թուրքերի հետ էլ 70 տարի ենք ապրել նույն հասարակական-մշակութային միջավայրում, մեր մարմինները նրանց մարմինների հետ ապրել են կողք կողքի, եփվել են միեւնույն ճաշի մեջ, բայց մենք տարբեր ենք մնացել։ Մենք տարբեր ենք, չնայած մեզ միմյանց նմանեցնել փորձող եւ մեզ միանման դիտարկող կողքի հայացքին։ Ես չեմ պնդի, թե անհնար է, որ հայոց արգանդը ծնի քնած մարդուն կացնահարելու կամ դիակ խոշտանգելու ընդունակ ճիվաղի։ Նման դեպքի մասին չեմ լսել, բայց իմ խնդիրը պնդելը չէ, թե նման բան իսպառ բացառվում է։ Այսինքն՝ մարմնի, ցեղի, գենի մասին չէ խոսքը, այլ մշակույթի, որում որոշակի արարքները կամ սոցիալական վարքը կարող են համարվել ընդունելի, մերժելի, խրախուսելի, անցանկալի եւ այլն։ Ես պնդում եմ, որ ինչ կարգի դեգեներատ էլ լիներ մեր նախագահը, բացառվում է, որ հերոսի կոչում տար, ասենք, քնած մարդուն կացնահարած սպային, եթե հայերի մեջ այդպիսին ճարվեր։ Սա հասարակությունների տարբերություն է։ Ու հիմա նմանությունների փնտրտուքից ավելի կարեւոր է այդ էական, խորքային, մշակույթով պայմանավորված տարբերությունները տեսնելը, ճանաչելը եւ գիտակցելը։

– Ինչո՞ւ հատկապես հիմա։

– Որովհետեւ պատերազմը, ամեն դեպքում, հավասարեցնում է, վերացնում ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը։ Մենք պիտի կարողանանք չհավասարվել։ Երեկ ստացվեց լուրը, որ հայ զինվորների մարմիններն ադրբեջանական կողմը վերադարձրել է խոշտանգված վիճակում։ Լուրը հրապարակած կայքերից մեկում մեկնաբանությունների մեջ մի տղա գրել էր, որ մենք պետք է նույն կերպ վարվենք, եւ բազմաթիվ մարդիկ այդ տղային պարզապես վիրավորում էին նման միտք արտահայտելու համար։ Պնդում էին՝ մենք չպիտի կորցնենք մեր դեմքը։ Այդ դեմքն այս դեպքում մշակույթի դեմքն է։ Մենք հզոր ենք, քանի դեռ մեր մշակույթի մեջ ենք։ Ու այնպես չէ, թե մեր մշակույթը միայն բարոյական հաղթանակների եւ ֆիզիկական բնաջնջման մշակույթն է։ Հնարավոր է՝ մենք պարզապես չենք հայտնաբերել մեր մշակույթին ներհատուկ դաժանությունը։ Ցանկացած մշակույթ ունի դաժանություն։ Նայեք՝ ովքեր են այսօր աշխարհի տերերը։ Դրանք ամենեւին էլ մարդկային զոհաբերություններ մատուցողները, մարդկանց մաշկազերծ անողներն ու դիակներ պղծողները չեն։

– Վերջնական խաղաղ, առանց պատերազմի կյանք պատկերացնո՞ւմ ես այսպիսի հարեւանների հետ։

– Մենք ստիպված ենք խաղաղ համակեցության հանգել։ Երեկ կարդում էի Այլիսլիի ելույթը, որ գրել էր միջազգային գրական փառատոնին կարդալու համար՝ ընդհանուր մարդասիրական մտքերով մի տեքստ այն մասին, որ մեր երկու ժողովուրդները պիտի սիրեն իրար, որ ինքը երազում է տեսնել այդ օրը, ու որ իր գրվածքներով օգնել է շատ հայերի հաղթահարել ատելությունն ադրբեջանցիների նկատմամբ։ Դու ադրբեջանցիների նկատմամբ ատելություն նկատե՞լ ես մինչեւ պատերազմը։ Ես՝ չէ։ Էս տեսակ խաղաղասիրական տեքստերը կենացի պես բան են։ Կենացը խաղաղությանն օգնում է այնքանով, որ կյանքի մաղթանք է։ Բայց կյանքը մաղթանքով չես ապահովի ու երաշխավորի, պետք է գտնել հիվանդությունը, որն սպառնում է սպանել, եւ փորձել բուժել այն։ Երբ ադրբեջանցիների հայատյացության մասին բարձրաձայնելու փոխարեն խոսում ես հայերի գոյություն չունեցող ատելության մասին, իրականում չես նպաստում խաղաղությանը։ Որովհետեւ հաջորդ պահին ադրբեջանական բանակը հարձակվում է հայկական գյուղերի ու քաղաքների վրա եւ աշխարհով մեկ տարածում, որ հայերն են նախահարձակ եղել, եւ աշխարհն ասում է՝ ի՞նչ կա որ, հնարավոր է, չէ որ հայերն ատում են ադրբեջանցիներին, նա ինչ-որ տեղ կարդացել է այդ մասին։ Ես օրինակի համար այս տեքստը բերեցի, հայ խաղաղասերների տեքստերն էլ են այս շարքից։ Լղոզող, ամենն ու բոլորին հավասարեցնող տեքստերի ներդրումը խաղաղության հարցում զրոյական է։ Հնարավո՞ր է արդյոք սիրել։ Կարծում եմ՝ կարեւոր է իրատեսական նպատակներ դնելը։ Սիրելը գուցե չստացվի, մեր միջեւ միշտ կանգնած է լինելու պատմությունը, ինչպես այն կանգնած է նաեւ եվրոպական ժողովուրդների արանքում։ Ատելության այլընտրանքն այս դեպքում սերը չէ։ Ընդհանրապես, դժվար է գտնել ժողովուրդներ, որ սիրում են իրար, հատկապես, եթե հարեւանությամբ են ապրում։ Եթե նույնիսկ թշնամանքը բոլորովին հանենք, աչք փակենք մշակութային տարբերության վրա, չենք կարող չեզոքացնել պետությունների միջեւ մրցակցությունը։ Բայց դա չի խանգարում նրանց ապրել առանց պատերազմի։ Խնդիրը, ուրեմն, իրար ոչ թե սիրելը, այլ ճանաչելն է, իրար հետ ակտիվ շփումը եւ որոշակի շահերի շուրջ միավորվելու անհրաժեշտության գիտակցումը։ Ես հավատում եմ, որ դրան հնարավոր է հասնել։

Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert