Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)

Ծանոթ. – Այս տարվա ապրիլի 13-ին ամբողջապես, առաջին անգամ գաղտնազերծելով Մադրիդյան փաստաթուղթը (http://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/), ԱՆԻ կենտրոնը գրել էր, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակի նաև այդ փաստաթղթից ածանցյալ Կազանի առաջարկությունը՝ աշխատանքային տարբերակը, որը 2011-ի հունիսին մերժել էր Իլհամ Ալիևը: ԱՆԻ կենտրոնը առաջին անգամ հրապարակում է ղարաբաղյան կարգավորման Կազանի փաստաթղթի առանցքային դրույթները՝ տարածքներ, կարգավիճակ, անվտանգություն, փախստականներ: Այսօր ճիշտ ժամանակն է հայ հանրությանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղեկացնել Կազանի փաստաթղթի առանցքային մանրամասներին, քանի որ պաշտոնական Երևանը Բաքվի հետ միջնորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, բանակցում է մեկ բան, իսկ հրապարակավ հայտարարություններում ասում բոլորովին այլ բան: Բացի այդ, այսօր ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ակնկալվում է ճեղքում և ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են բանակցում երկրի իշխանությունները:

Առաջիկայում ԱՆԻ-ն ներկայացնելու է այն առարկությունները, որ ունեցել է Ադրբեջանը Կազանում 2011-ի հունիսին՝ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ)

Տարածքներ

Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում  են Խաղաղության համաձայնագրով:

Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:

Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:

Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:

Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային  հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:

Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Անվտանգության երաշխիքներ

Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից  դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ

Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝

Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում  են Խաղաղության համաձայնագրով:

Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

Ազատ կամարտահայտություն

Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:

Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Լաչինի միջանցք

Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ:

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:

Փախստականներ

Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:

Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության:

Ապաշրջափակումներ

Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

Դոնորների խորհրդաժողով

Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։

Հանձնաժողովներ

Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով:

Լուսանկարում՝ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ձեռք են սեղմում, 20 հունիսի, 2016թ, Սանկտ Պետերբուրգ

http://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/

 

—————————————————————————

Մադրիդյան սկզբունքներ – ամբողջական տեքստ

 

Առաջին անգամ ամբողջովին հրապարակվում են Մադրիդյան սկզբունքները, որոնք, տարբեր ձևափոխումներով, բանակցությունների սեղանին են եղել սկսած 2007 թվականից, երբ այն Մադրիդի ԵԱՀԿ Նախարարական հանդիպման ընթացքում հանձնվեց հակամարտության կողմերին: Փաստաթղթի այս տարբերակը, պայմանականորեն, անվանվում է Մայր Մադրիդյան, որը մերժել է Ադրբեջանը: Փաստաթղթի նորացված տարբերակում կամ տարբերակներում, հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին կետը առաջինից տարվել է հետ, կատարվել են որոշ այլ փոփոխություններ, որոնք արդեն անընդունելի են եղել հայկական կողմի համար:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք, որպես պաշտոնական առաջարկ, ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (նոյեմբերի 29, 2007թ., Մադրիդ)

Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայնության ենք եկել, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում:

Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, և 8-րդ հոդվածին` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:

Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր արտգործնախարարներին՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել1 հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր (հետայսու՝ Խաղաղության Համաձայնագիր), հիմնվելով ներքոշարադրյալ սկզբունքների վրա.

1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում2: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը:3 Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ,4 որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.

– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:

– ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:

– ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

– ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:

3) ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ  ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը:

6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմը և սպառազինությունները ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով և տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արևելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել թե՛ Լեռնային Ղարաբաղում, և թե՛ նրա շուրջը։ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակելու են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ։

7 ) Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվելու են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։

8 ) Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորական կոնֆերանսը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծելու է  հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար՝ ներառյալ ճանապարհներն ու հեռուստահաղորդակցությունը։

9 ) Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ ստեղծելու են չորս առանձին կոմիտեներ։ Այդ կոմիտեները գործելու են կոնսենսուսի հիմունքով և զբաղվելու են.

  • ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամանակի հստակեցմամբ,
  • 4-րդ կետում նկարագրված հայեցակարգի հիման վրա միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների մշակմամբ,
  • այս հիմնարար սկզբունքներում տեղ չգտած բոլոր մնացած հարցերի գնահատմամբ,
  • Քելբաջարի շրջանը՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վերականգնվող լիակատար վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակմամբ։

10) Խաղաղ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց համանախագահող երկրները գումարելու են խորհրդաժողով՝ աշխատանքային խմբերի և Խաղաղ Պայմանագրի ողջ ծավալով կատարման առաջընթացը քննելու համար։

11) Համանախագահող երկրների ղեկավարած վերահսկիչ հանձնաժողովը կողմերի հետ համաձայնեցված անդամների հետ համատեղ լուծելու են Խաղաղ Պայմանագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը։

12) Կողմերը հրավիրելու են Մինսկի խմբի համանախագահներին՝ Խաղաղ Պայմանագիրը վկայակոչելու, Խաղաղ Պայմանագրի կատարմանը հետևելու մտադրությունը հաստատելու և Խաղաղ Պայմանագրին հավատարմություն պահպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու համար։

13) Կողմերը համանախագահող երկրների աջակցությամբ ՄԱԿ Անվտագության խորհրդին խնդրելու են բանաձև ընդունել ի պաշտպանություն Խաղաղ Պայմանագրի՝ որպես նրա կատարման և միջանկյալ շրջանում ԼՂ բնակչության իրավունքների երաշխիք՝ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցումը։

14) Կողմերը համանախագահող երկրների հետ խորհրդակցելուց հետո անհրաժեշտության դեպքում խնդրելու են ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ Սկզբունքների մասին ԵԱՀԿ Հռչակագրի և ՄԱԿ Խարտիայի համապատասխան։

  1. 1. Կողմերը Խաղաղ Պայմանագրի մշակման աշխատանքը սկսելու են Համանախագահների ներկայությամբ Նախագահների կողմից հիմնարար սկզբունքների հաստատումը ստանալուց անմիջապես հետո և բարեխղճորեն վարելու են նախապատրաստական բանակցությունները, որպեսզի համաձայնությունը կնքվի վեց ամիսների ընթացքում։
  2. 2. Արևմտյան Սահարայի շուրջ Միջազգային Արդարադատության Մարմնի խորհրդակցական եզրակացության համաձայն՝ 1975 թ. հոկտեմբերի 16-ը։
  3. 3. Հղումներն արվելու են նախքան հակամարտության սկիզբը Խորհրդային Միությունում անցկացված մարդահամարի տվյալներին։
  4. 4. ԼՂ բնակիչների իրավունքներն ու արտոնությունները միջանկյալ շրջանում կողմերը ձևակերպելու են ԼՂ ներկայացուցիչների (ձևաչափը համաձայնեցվելու է) մասնակցությամբ։

http://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/

 


бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net