«Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ, քան անհատ մարդկանց կատարած շատ հանցագործություններ. վերջինները փչացնում են միայն առվակներ, միայն ջրի առանձին շիթեր, այն դեպքում, երբ անարդարացի դատավորը փչացնում է բուն ակունքը». Ֆ. Բեկոն

Ընդհանրապես, բախումնաբանության մեջ տիրապետող կարծիք է, որ էթնո-քաղաքական հակամարտությունները դժվար են ենթարկվում կարգավորման: Բացառություն չէ նաև ղարաբաղյան հակամարտությունը, որը աչքի է ընկնում ներգրավված սուբյեկտների բազմազանությամբ, կարգավորման դինամիկայի վրա ազդող ներքին և արտաքին գործոնների բարդ համակցությամբ, տարածաշրջանում անընդհատ փոփոխվող աշխարհաքաղաքական վերադասավորումներով, որոնք, իրենց հերթին, որոշակիորեն ազդում են  հակամարտության վրա` կարգավորման տեսանկյունից այն դարձնելով ավելի բարդ ու խճճված:

«Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց սոցիալ-տնտեսական  և մշակութային զարգացումը»:

1970թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանն առնչվող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրում սահմանված են յոթ սկզբունքներ, որոնցից մեկն էլ ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքն է:

Չափազանց կարևոր է, որ Հռչակագիրը սահմանում է նաև անդամ երկրների պարտավորությունն ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման նկատմամբ: «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որևէ բռնի գործողությունից, որը ժողովուրդներին կզրկի իրենց ինքնորոշման իրավունքից, ազատությունից և անկախությունից: Այդպիսի բռնի գործողությունների դեմ միջոցառումների կիրառման ժամանակ և դրանց դիմադրելիս` այդ ժողովուրդներն իրենց ինքնորոշման իրավունքն իրականացնելիս իրավասու են ձգտել աջակցության և ստանալ այն «Կանոնադրական նպատակների և սկզբունքների համաձայն»: Այս դրույթը բացառիկ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարևոր դրվագներից մեկի` ՀՀ դերակատարության և ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունների օրինականության տեսակետից:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ըստ Հռչակագրի` «Վերոհիշյալ կետերը չեն կարող մեկնաբանվել որպես հիմք այն ինքնիշխան  և անկախ պետությունների տարածքային ամբողջականության խախտման կամ մասնատման համար, որոնք իրենց գործողություններով հարգում են ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ինչպես դա շարադրված է Հռչակագրում»: Մինչդեռ, ի հակադրություն այս սկզբունքի` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ պահանջներին ի պատասխան սանձազերծեց պատերազմ, և ադրբեջանական ռազմական կազմավորումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղի տարածք:

Պատահական չէ, որ ինքնորոշման իրավունքի կիրառման հարցում որևէ անորոշություն չթողնող այս փաստաթղթերն ադրբեջանցիները փորձում են «չնկատել» և օգտվելով հայկական կողմի քաղաքական տգիտությունից և դիվանագիտության բացակայությունից՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը տեղափոխել տարածքային ամբողջականության սկզբունքի հարթություն` մատնանշելով Հելսինկյան եզրափակիչ ակտը:

Հայաստանի և Արցախի իշխանությունները չկարողացան ո՛չ միջազգային ակտերով ճանաչված իրավունքներից , ո՛չ էլ ստեղծված բազում առիթներից օգտվել՝ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու:

Արցախի հարցի կարգավորումը մտել է նոր փուլ. իշխանությունները այլեւս ի վիճակի չեն ստատուս-քվոն պահպանել: Ապրիլյան քառօրյա պատերազմը  լույս սփռեց 1994 թվականից ի վեր տեղի ունեցած բանակցությունների և պայմանավորվածությունների վրա, որոնք մինչ այդ, մեծամասամբ, կուլիսներում էին տեղի ունեցել:

Չնայած այն հանգամանքին, որ թե՛ մադրիդյան սկզբունքներում, թե՛ Կազանի համաձայնագրում և այլ հռչակագրերում խոսվում է «փոխզիջումների» մասին, սակայն գեթ մի կետում նշված չէ, թե Ադրբեջանը կոնկրետ ի՞նչ է զիջելու հայկական կողմին, որպեսզի հասկանալի լինի «փոխզիջում» եզրույթն ըստ էության: Այն, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները արդեն սկսել են միակողմանի զիջումների մասին  բացահայտ խոսել, ապացույցն է նրա, որ, իսկզբանե, ամբողջ բանակցությունների ընթացքում խոսքը գնացել է միայն ու միայն հայկական կողմի միակողմանի զիջումների մասին:

Բացի դրանից,  ՀՀ և Արցախի իշխանությունները իրենց քաղաքական անհեռատեսության  պատճառով չօգտագործեցին նաև «ստատուս-քվոյի» ժամանակավոր հնարավորությունը՝  համապատասխան քայլեր ձեռնարկելու, անկանխատեսելի իրավիճակներից հաղթական դուրս գալու համար:

Բանակցությունների ամբողջ ընթացքում խոսք չի եղել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Ադրբեջանի այլ տարածքներում հայերի դեմ կազմակերպված ջարդի մասին: Խոսք չի եղել նաև Ադրբեջանից հարյուր հազարավոր հայերի բռնի արտագաղթի մասին:

Արցախի խնդիրը հայերի տեսանկյունից արդեն իսկ լուծված է: Ուստի ամբողջ ջանքերը պետք է ուղղել ազատագրված տարածքների պահպանմանն ու Արցախի և Հայաստանի ժողովուրդների անվտանգության ապահովմանը. ցանկացած փոքր-ինչ զիջում սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգությանը:

Արցախի Հանրապետության սահմանադրության  7-րդ հոդվածի 8-րդ  կետում ասվում է. «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:  Օրենքին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող հաստատվել:» Իսկ հոդված 11, կետ 1-ը շեշտում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը:»

Ուստի Արցախի իշխանությունները պարտավոր են առաջնորդվել վերոնշյալ հոդվածներով, քանզի ցանկացած այլ տարբերակ կնշանակի սահմանադրության խախտում:

Ադրբեջանի կողմից Արցախի անկախության չճանաչման հիմնական պատճառներից մեկն այն է, որ ադրբեջանական իշխանությունները Արցախի անկախացումը համարում են ադրբեջանի սահմանադրության խախտում, քանի որ սահմանադրությամբ ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է համարվում:

Իսկ ինչո՞ւ այդ նույն՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքը, որը ամրագրված է  նաև Արցախի սահմանադրությամբ, չի կիրառվում, առավել ևս տարածքների հանձնմամբ և փոխզիջումների իրականացմամբ կոպտորեն ոտնահարվում է Արցախի սահմանադրությունը, ավելի կոնկրետ՝ 11-րդ  հոդվածի 1-ին կետը:

«Ստատուս-Քվոն» այն ճանապարհն էր, որը փակուղի տարավ: Ուստի ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը մոբիլիզացված ժողովրդի միասնական ուժն է, որը ի վիճակի է ցանկացած արտաքին պարտադրանք ու թելադրանք չեզոքացնել, ընդդիմանալ ոչ հայանպաստ ցանկացած որոշմանը: Դիվանագիտական և քաղաքական հարաբերություններում  խնդիրների լուծման միակ զենքը  թիկունքը դատարկ իշխանական բուրգի կարծիքը չէ, այլ հասարակական միասնական կամքն է, ինչը կարելի է արդյունավետ օգտագործել բանակցությունների ընթացքում:

Հայաստանում և Արցախում գոյություն ունի ի դիմադրություն զիջումների ժողովրդին մոբիլիզացնելու և համախմբելու բավական ներուժ, սակայն իշխանությունները նրանց սատար կանգնելու և համախմբման գործին նպաստելու փոխարեն, ընտրեցին դրա հակառակ տարբերակը՝ կտրելով այն ճյուղը, որի վրա  նստած են:

Իշխանությունները տվյալ պարագայում ունեն հնարավորություն և պարտավո՛ր են ժողովրդի միասնական ուժը ի նպաստ ժողովրդի շահերի և ազգային անվտանգության պաշտպանմանն օգտագործելու:  Այս ճակատագրական պահին ժողովրդի հսկա ներուժը անտեսելն ու արհամարելը խոսում է միայն նրա մասին, որ իշխանությունների գործողությունները չեն բխում ազգային շահերից, չեն ծառայում ՀՀ և Արցախի քաղաքացիներին, այլ կատարում են արտաքին ուժերի թելադրած առաջադրանքներն ու իրականացնում են նրանց հետապնդած նպատակները:

Ժիրայր Սեֆիլյանի՝ անհեթեթ մեղադրանքով ձերբակալությունը, քաղաքական գործիչներին և ազատամարտիկներին հալածելն ու ձերբակալությունները պայմանավորված են զուտ քաղաքական դրդապաճառներով՝ Արցախի հարցում իշխանությունների կողմից անամոթաբար զիջումների գնալով:  Եթե մինչև սանկտ-պետերբուրգյան հանդիպումը ՀՀ իշխանությունը խոսում էր միմիայն փոխզիջումների մասին, ինչն անհեթեթություն էր, ապա այժմ նրանք անամոթաբար խոսում են միակողմանի զիջումների մասին՝ հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի «պատերազմ կամ խաղաղություն» սկզբունքը:

Երկիրը թալանող, ժողովրդին հարստահարող, ժողովրդի կամքն ու կարծիքը անտեսող, ժողովրդի լավագույն զավակներին հալածող իշխանությունը չի կարող արտաքին ճնշումներին դիմակայել, հետեւաբար կրելու է նաև իր անհեռատես ու անխոհեմ քաղաքականության հետեւանքով ստեղծված ազգակործան քաղաքականության ողջ պատասխանատվությունը:

Թե՛դիվանագիտական և թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության ազգանպաստ հաջողությունները կարելի է միայն ու միայն ապահովել ժողովրդի միասնականությամբ ու համախմբվածությամբ. դրա վառ ապացույցը 1988 թվականի համաժողովրդական շարժման արդյունքն է՝ Արցախի ազատագրումն ու Հայաստանի անկախությունը:

Ադրբեջանի իշխանությունները մարդասպան Սաֆարովին հերոսի կոչում տվեցին, իսկ ՀՀ իշխանությունները հալածում են իսկական հերոսներին:

Հաղթանակի ու պարտության գաղտնիքը թաքնված է ազգի հերոսների հանդեպ տածած հարգանքի մեջ:

 

Երվանդ Խոսրովյան

15.07.2016 թ.,  Գերմանիա

 


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert