Արփի ՎԱՆՅԱՆ. ԱՅՈ, ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ, դա Ղարաբաղի հանձնումն է և թող ոչ ոք չփորձի ինձ հակառակի մեջ համոզել:

Մի քանի օր է  աճող ուժգնությամբ շրջանառության մեջ է  դրված հողերի հանձնման հարցը:

Ինձ, որպես ղարաբաղցու, ով այդ հողերի համար կորցրել է իր ամենամոտիկ հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ահավոր դժվար է խոսել այս թեմայով, բայց չարտահայտել հոգուս ճիչը ևս չեմ կարող.

Այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումը  կլինի աշխարհում միակ դեպքը, երբ Հաղթած երկիրը վարում է պարտողական քաղաքականություն: Նոնսնս է: Սովորաբար հաղթողն է իր կամքը թելադրում, իսկ մենք արյան, զրկանքների գնով հաղթեցինք,  տառապանքի, մաքառման գնով  այսքան տարիներ ապրեցինք, հետո   ապրիլին նորից  հաստատեցինք մեր ապրելու իրավունքը և հիմա պատրաստ ենք հենց այնպես , ափսեի մեջ հանձնել այդ հողերը: Այսինքն հանձնել Ղարաբաղը:

ԱՅՈ, ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ, դա Ղարաբաղի հանձնումն է և թող ոչ ոք չփորձի ինձ հակառակի մեջ համոզել:  Ոչ մի Ղարաբաղցի այլևս չի ապրի  Արցախում, եթե իմանա, որ թուրքը կրկին եկել ու ապրում է իր քթի տակ, իր հարևանությամբ: Չի ապրի, որովհետև գիտի, թե ով է թուրքը և  ինչերի է ընդունակ, երբ թիկունքին ունի ռուսական գերտերության  ՛՛դաբրոն՛՛: Այսինքն, մեկ-երկու տարի հետո Ղարաբաղն ինքն իրեն կդատարկվի: Ահա և ռուս-թուրքական հզոր պլանը:

Ինձ մի շատ կարևոր հարց է տանջում: Ինչու՞ մենք՝ հաղթանակած հայ ազգս, այսօր այսքան թույլ ենք, այսքան անկարող, այսքան խեղճ ու կրակ, որ մեզ կարողանում են ստիպել, պարտադրել, շանտաժի ենթարկել: Ո՞րն է մեր Աքելեսյան գարշապարը, ո՞վ է այդ գարշապարի կրողը:  Ուզում եմ հասկանալ, թե ո՞վ իրավունք ունի  ազգի ճակատագրի հարց լուծել, ինչի՞ց ելնելով կարող է այս կամ այն պաշտոնյան որոշել, թե մի ողջ ազգ որտեղ պիտի ապրի, ինչպես պետք է ապրի, պե՞տք է ապրի, թե ո՞չ, որքան պետք է տառապի…

Երբ պետք է լինում կռվել , պաշտոնյաների հարստությունները պաշտպանել, գրաված հողերում նրանց  ցանքատարածքների համար զոհվել՝ դիմում են ժողովրդին, իսկ երբ  դրված է այդ նույն ժողովրդի լինել-չլինելու  հարցը՝  մոռանում են նրան հարցնել՝ իսկ դու , ժողովուրդ ջան, ինչ կարծիքի ես՝ քեզ ծախե՞նք, սպանե՞նք, փոխանակե՞նք…

Ի՞նչ է նշանակում Ռուսաստանը ՛՛ստիպում է՛՛ ստորագրել հայ ազգի համար այդ խայտառակ փաստաթուղը: Իսկ այդ նույն Ռուսաստանը, մյուս երկրները 100 տարի է, ինչու՞ չեն ուզում ստիպել Թուրքիային, որ վերադարձնի Երևմտյան Հայաստանը: Այսինքն, խոսքն այստեղ պատմական արդարության մասին չէ, այստեղ գերտերությունների շահերի խնդիր է: Ռուսաստանն ուզում է հաճոյանալով  Ադրբեջանին՝  առաջ քաշել իր երկի շահերը: Ադրբեջանն ուզում է  տեր դառնալ Ղարաբաղին՝ դա էլ իր շահն է: Այս տեսանկյունից հասկանում եմ այդ երկու երկրների իշխանությունների դիրքորոշումը: Սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ մեր իշխանություններին: Ո՞րն է  այս պատմության մեջ մեր ԵՐԿՐԻ, ՄԵՐ ԱԶԳԻ ՇԱՀԸ:  Չկա շահ, ուրեմն ինչի՞՞՞ համար է դա արվում: Գու՞ցե Ռուսաստանի իշխանությունները մեր իշխանություններին ինչ-որ բաների համար շանտաժի են ենթարկում, դա արդեն ուրիշ հարց է՝ նեղ անձնական, որը ոչ մի աղերս չպետք է ունենա մի ողջ ազգի ճակատագրի հետ:

Ուշքի եկեք, քանի ուշ չի՝ պատմությունը հիշաչար է…

Արփի ՎԱՆՅԱՆ

http://www.replik.am/arm/index.php?id=91461

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert