Foto: Zara Hovhannisyan

«գլխիկոր գնում էր՝ մեջքը փշալարին ու Բաղրամյան պողոտային արած…»

Շատ շատերիս աչքի առջև ինքնահրկիզված մարդը, որն էսօր մահացավ Հայաստանի խորհրդանիշն է…

…ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի, առանց մտածելու հետևանքների մասին… պոռթկման պահին, երևի այլ ելք չտեսնելով կամ իր բողոքն արտահայտելու այլ միջոց չգտնելով, չգիտեմ…

…մարդիկ շտապեցին օգնել հայրենակցին, բայց առաջին արձագանքը, առաջին օգնությունը երևի ավելի շատ վնաս տվեցին նրան, քան օգուտ, թեպետ, վստահ եմ, որ մարդիկ գործում էին բացառապես բարի մղումով ու օգտակար լինելու ցանկությամբ…

…թվում է, թե հաղթահարեց ճգնաժամը, ոտքի ելավ, լուռ տարավ ահավոր ցավը… էկրանի առաջ համրացել մնացել էի, թե ինչպես կարելի ա էդպես դիմակայել ֆիզիկական ցավերից ամենաահավորին… ցնդելու բան ա… թվում էր, թե ամեն բան հետևում է մնալու, առաջվա պես է լինելու, գուցե միայն ահավոր սպիներն են մնալու մարմնի վրա ու թոռներին փոխանցելու ընտանեկան լեգենդը… թվում էր, ամենադժվարը հաղահարել է, թվում էր բժիշկների ձեռքում նրա կյանքին ոչինչ չի սպառնալու… թվում էր կապրի… ամեն դեպքում, էդ պահին շատ քչերը հասկացան, որ մարդը գրեթե դատապարտված է… բայց կային և մարդիկ, ովքեր ողբերգական ավարտը տեսնում էին, եթե միայն էդ պահին շատ արագ ու ճիշտ միջամտություն չլիներ, միջամտող չլիներ, եթե միայն ապրելու կամքը շատ-շատ մեծ չլիներ մարդու հոգում ու ապրելու ռեսուրսը՝ մարմնում… չկար ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ վերջինը…

…մարդը մերժեց իրավապահների օգնությունը, մարդը չվստահեց իրավապահներին, ովքեր գուցե իր կյանքի համար այնքան կարևոր րոպեներ շահեին ամենակարևոր պահին… իրավապահ համակարգը ոչնչով չի վաստակել այդ վստահությունը, եղածն էլ վատնել է տարիներ շարունակ… «ծառայել և պաշտպանելու» կոչված իրավապահ համակարգի ու դրա ներկայացուցիչների մեջ մարդը չէր տեսնում ծառայողին ու պաշտպանողին… ու դրա համար ամեն ինչ արվել էր օր առաջ… իրավապահը մարդու համար հրձիգ էր, ոչ թե հրշեջ… ու այրված մարդն այլ ձեռքերում էր փնտրում օգնություն… ասենք չէր էլ փնտրում, գլխիկոր գնում էր՝ մեջքը փշալարին ու Բաղրամյան պողոտային արած… հեռանում էր իր բողոքից, հեռանում էր մարդկանցից, իր արարքից… աշխարհից…

…մարդը մահացավ… զոհվեց… զոհվեց իր պատկերացումներին, իր ակնկալիքներին, իր բողոքին, անելանելիությանն ու անվստահությանը…

…Հայաստանն էս մարդն է՝ անվստահության փոսում լռված, ելքեր փնտրելուց հոգնած, լուռ ցավից ատամները կրճատացնող, բողոքի միջոցների միջև այլևս ընտրություն չդնող… իսկ մենք մտածում ենք, թե հաղթահարել ենք ճգնաժամը, որովհետև ինքնուրույն ոտքի կանգնեցինք… մենք ջուր ենք լցնում մեր այրվածքներին… մենք կորցրել ենք մեր մաշկն ու այրել մեր շնչուղիները… մենք մեր հույսը դրել ենք, որ ռուսաստանը, եվրոպան, ամերիկան, հինունոր լիդերները կբժշկեն մեր ցավերը, փրկության ուղի ցույց կտան, կփրկեն…

..ու եթե աստվածային էս վերջին խրատ-ուղերձն էլ չմտնի մեր հաստ գլուխները… հա, սովորաբար մարդիկ են աստվածներին զոհ մատուցում, որ ասվածներն ականջալուր լինեն իրենց… համարեք թե էս անգամ աստվածներն են մեզ զոհ մատուցել՝ մարդկային զոհ, որ լսենք իրենց, որ ուշքի գանք, գրողը տանի մեզ բոլորիս…

…ու եթե անվստահության փոսից ինքներս չփորձենք դուրս գալ, եթե մնանք էսպես իրար հանդեպ միայնակ գայլ, էն էլ գայլի փոսում, ուրեմն կտեսնենք Հայաստանի Հանրապետություն կոչվող տրագիկոմեդիայի վերջին արարը… մի քանիսը հեռվից գուցե տեսնեն իջնող վարագույրը, ծափահարեն վերջում գլուխ խոնարհելու ելած վերջին դերասաններին, սրբեն վերջին արցունքն ու վազեն բարբիքյուի…

…ու եթե առավոտից իրիկուն չտանք-առնենք նոր ելքեր փնտրելով՝ մանր հարցերից, մեծ հարցեր… եթե հարյուր փակուղուց հետո հոգնենք, ապա էդպես էլ չենք գտնելու էն ելքը, որը գուցե հարյուրմեկերորդն էր…

…եթե չգոռանք ցավից, էնպես գոռանք, որ ճաքեն թաղամասի լուսամուտներն ու պայթեն խուլ ականջները, եթե չգոռանք ամեն օր ու միաձայն, եթե հոգնենք գոռալուց, եթե գոռալու մեջ դադարենք իրար լսել, ապա լռելու ենք հավերժ…

…եթե բողոքի միջոցների մեջ ընտրություն չդնենք, ապա այրելու ենք մեզ ու մեր երեխեքի տանիքը…

…եթե իրավապահներին չպարտադրենք ծառայել ու պաշտպանել, ապա իրավապահները ժողովրդի անվտանգությունը երաշխավորող «մարդու լավագույն բարեկամից» շուտով կվերածվեն «կատաղած շան», որը կուրորեն կծում է բոլորին, նաև՝ տիրոջը… պարտադրենք անհատա-առ-անհատ, զտենք, ֆիլտրենք, մաքրենք…

…ու մեկ էլ՝ ոնց որ Թևանն ա ասում մեկ-մեկ՝ ոչ ոք իր լավը մեզ չի տալու ու մեր վատը մեզնից չի առնելու… մեր ընկերը մենք ենք ու ժամանակը, ու էդ մենքի մեջ նաև էս ամբողջը չհասկացողներն էլ էն, գրողը տանի նրանց… ուրիշը չունենք… մենք ենք մենքը, նաև հաստավզերն ու հաստագլուխները, նաև անգրագետներն ու հինգհազարդրամովընտրողները, նաև անբանգիտնականներն ու կոռումպացված չինովնիկները… եթե պիտի հասնենք 2020, ապա բոլորով… եթե պիտի մնանք ճանապարհին ընկած, ապա՝ մարդ առ մարդ… каждый умерает в одиночку, բաց իրար հետ մենք կարող ենք տեղ հասնել… դեռ չգիտեմ ոնց, թե չէ տփելով հետևիցս քարշ կտայի կամ բրդելով կտանեի առաջ՝ համոզելով կամ խաբելով՝ ինձ ճանաչողները քաք խասյաթս գիտեն

…տա մեր տատերի Աստվածը, որ էս մարդու նման չմեռնի Հայաստանը չզոհվի, չանէանա, որ կրակի աստծուն բաժին չդառնա… տա Աստված մեզ հույս, հավատ սեր ու համբերություն… նաև՝ խելք…

© valar morghulis valar dohaeris

Վահան Ասատրյան (ՖԲ)

https://www.facebook.com/umood/posts/1376157552412176

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert