Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը համոզված է, որ Արցախի ազատագրված տարածքները մեր պատմական հայրենիքի մի մասն են, և դրանք վերադարձնելու շուրջ բանակցություններն ուղղակի անընդունելի են: Գեներալ-լեյտենանտը Hayeli.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատերազմի ընթացքում ձեռք բերված ցանկացած տարածք մնում է հաղթող կողմին. պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ պատերազմում հող վերցնեն ու հետո այն վերադարձնեն՝ նման բան չի եղել ու չի լինի: <<Ես լավ տեղյակ չեմ, թե Ղարաբաղի հարցով քաղաքական ինչպիսի պայմանավորվածություններ կան, որքանով որ հասցրել եմ հետևել, տեղեկություններն ու կարծիքները շատ տարբեր են: Լրատվամիջոցները այլ բան են գրում, քաղաքական գործիչները այլ բան են ասում… Բայց իբրև զինվորական՝ ես գիտեմ մի բան՝ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանն ու Ղուբաթլուն հին Արցախի պատմական տարածքներն են, որոնք մենք ազատագրել ենք արդար պայքարով՝ մեր արյամբ: Ես դեմ եմ հողեր վերադարձնելու մասին բոլոր տեսակի խոսակցություններին և այդ հարցի շուրջ ցանկացած բանակցության: Եթե Ադրբեջանը խոսում է 5 շրջանների մասին, իսկ ինչու չի խոսում Մարտունի, Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մասին, ինչու չի խոսում Նախիջևանի մասին:Ինչու նրանք մեզ Նախիջևանը չեն վերադարձնում…. Եթե նրանք այսօր Զանգելանն են ուզում, վաղն էլ Շուշին են ուզելու: Հատկապես այսօր որևէ տարածք վերադարձնել՝ կնշանակի թույլ տալ, որ նրանք մեզ խեղդեն, մենք ուղղակի կվերանանք այս աշխարհի երեսից:
Ես կտրականապես դեմ եմ հողեր վերադարձնելու գաղափարին. մենք ոչ մեկին ոչ մի հող չունենք տալու: Բնակչության թվով ու ռազմական պոտենցիալով Հայաստանից ու Ղարաբաղից մի քանի անգամ հզոր ու մեծաթիվ Ադրբեջանը ագրեսիա է կատարել Ղարաբաղի նկատմամբ, և մեր ժողովուրդը հայրենական պատերազմում հաղթանակ է տարել: Մենք ժամանակին պիտի հասնեինք նրան, որ ստանայինք կապիտուլացիայի պայմանագիր, և ոչ թե համաձայնվեինք այդ անկենսունակ հրադադարի պայմանագրին:
Նրանք այսօր էլ շարունակում են մնալ նույն ագրեսորն ու տեռորիստը, նրանք դիրքում քնած զինվորին գլխատում են, որն արգելված է ռազմական բոլոր օրենքներով: Նման տեռորիստ պետության հետ ինչպե՞ս կարելի է բանակցել: Ալիևը հայտարարում է, որ ինքը թույլ չի տա երկրորդ հայկական պետություն: Դու ո՞վ ես, ա՛յ սրիկա, որ թույլ տաս կամ չտաս, մեր պատմական հողերի տերը մենք ենք>>,- հայտարարեց գեներալ-լեյտենանտը:
Մեր այն հարցին, թե որն է այդ պարագայում ելքը, առավել ևս եթե մեր ղեկավարությունը համաձայնություն է տվել Կազանի փաստաթղթին, Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանեց. <<Ելքը բանակցություններ են ու շարունակական պայքարը: Հասկանում եմ նաև, որ Հայաստանի նախագահը՝ Սերժ Սարգսյանը ամեն գնով ուզում է խուսափել պատերազմից, բայց պատերազմի ժամանակ զոհվում են նաև հակառակորդի զինվորները՝ պատերազմը ոչ ոքի երջանկություն չի բերում: Ես մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը պիտի ամեն գնով պահի իր տունն ու տեղը, իր ընտանիքը, այլ ելք չկա: Իսկ պարոն Նալբանդյանը ոչ թե պետք է բանակցությունների գնա Ադրբեջանի հետ, այլ պիտի աշխարհին ապացուցի ու բացատրի, որ Արցախը հայկական հող է, որ Արցախը անկախացել է ճողովրդավարական բոլոր օրենքներով, և պետք է հասնի նրան, որ ԵԱՀԼ Մինսկի խումբը ընդհանրապես երես թեքի Ադրբեջանից, որովհետև հատկապես վերջին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք տեռորիստական քայլեր են արել, որոնք պետք է պատժվեն զինվորական տրիբունալի կողմից. քանի դեռ Ադրբեջանը իր արարքների համար չի պատժվել /չէ՞ որ նա միշտ առաջինն է խախտում հրադադարը, չէ՞ որ նա խաղաղ բնակչությանը խոշտանգել է/, ի՛նչ բանակցության մասին է խոսքը>>:
Ինչպե՞ս է վերաբերվում նախ ռուսական, ապա նաև հայկական բանակի գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը Կրեմլի պաշտոնական քաղաքականությանը Հայաստանի հանդեպ, արդյոք տպավորություն չունի՞, որ Կրեմլը երես է թեքում Հայաստանից. <<Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնում եմ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ես այդ քաղաքականությանը դեմ եմ: Ինձ համար ընդունելի չէ այն հիմնավորումը, թե Ադրբեջանը փող ունի և ուրիշներից էլ կարող է զենք առնել: Թող առնի ումից ուզում է…. Բայց երբ Ռուսաստանն է նրան զենք վաճառում, հատկապես եթե խոսքը գերհզոր հարձակողական զենքերի մասին են, և դա թույլ է տալիս Էրդողանին ասելու. <<Թող հայերն իմանան, որ իրենց վրա կրակում են ոչ թե թուրքական, այլ ռուսական զենքով>>, ես այդ քաղաքականությունը չեմ կարող ընդունել: Ես նաև չեմ ընդունում, երբ Հայաստանում զենքի վաճառքի պատճառով հակառուսական տրամադրություններ են ստեղծվում: Քաղաքական գործընթացները այլ բան են, բայց մենք երբեք իրավունք չունենք մտածելու, որ ռուսները մեր բարեկամները չեն: Եթե մենք այդպես մտածենք, կնշանակի՝ աշխարհում բոլորը մեր թշնամին են, և մենք բարեկամ չունենք: Դա անթույլատրելի մտածողություն է>>,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ կրկնելով, որ ելքը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ դիվանագիտական ճկունությունը, տնտեսության զարգացումն ու բանակի հզորության ամրապնդումը:
Կարինե Սարիբեկյան
http://hayeli.am/article/938623