ԱՐՓԱ – ՍԵՎԱՆ

Դյուցազուն լեռների լանջերին թիկնած,
Ալեհեր իմ ճամփորդ, իմ Սևան,
Կյանք ես տվել դու մեր սրտերին պապակ,
Ու ծարավ ես հիմա ու հոգնած,
Ու ծարավ ես հիմա ու հոգնած…

Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:

Փոխելով իր ճամփան դարավոր ու հին,
Հեռավոր տեսիլքովդ հարբած,
Խենթաբար ճեղքում է շղթան լեռների
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան,
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան…

Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:

Քո կապույդ հմայքիդ, հավերժիդ համար,
Մենք ճամփա ենք պոկում լեռներից,
Որ ծփաս դու հավետ, որ լինես անմար,
Թև ու թռիչք տաս քո զավակներին,
Թև ու թռիչք տաս քո զավակներին…

Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:

 

———————————————————————

ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի` ամեն տարի օգոստոս ամսվա վերջին կիրակի օրը Հայաստանում նշում են Սևանա լճի օրը: Այս տարի՝ 2014թ.-ին, Սևանա լճի օրը նշվում է օգոստոսի 31-ին: Այն սկսել են տոնել 1999թ.-ից:

Սևանա լճի պահպանության ուղղությամբ վերջին տարիներին իրականացվում են լայնածավալ միջոցառումներ: Վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է սկսել հատկացվել լճի էկոլոգիական մաքրությանը: Հուլիսի չափումներով  Սևանա լճի միջին մակարդակը 1898.99մ է, իսկ 2005թ.-ի տվյալներով մակարդակը եղել է 1898.94մ:

Սևանա լիճը տեղակայված է 1900 մետր բարձրության վրա, մակերևույթը 1240 կմ է, խորությունը` մինչև 83մ: Լիճ է թափվում 28 գետ, լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:

1983թ.-ին Սևանա լճի ձկան պաշարները գնահատվել են շուրջ 11000տոննա, իսկ 1988-1990 թթ.-ին այդ ցուցանիշը հասել է նույնիսկ մինչև 30.000տոննայի, իսկ 2005թ.-ին ձկան պաշարները կազմել են ընդամենը 625 տոննա, այսինքն՝ նվազել են շուրջ 17 անգամ: Սևանա լճի հիմնական էնդեմիկ ձկնատեսակներից են իշխանն իր 4 տեսակներով, կողակը, բեղաձուկը կամ բեղլուն:

Սևանա լճի տարածքը հարուստ է մշակութային հուշարձաններով: Այս տարածքը հայտնի է մաքուր օդով, գեղեցիկ բնությամբ: Լճի ափին արհեստական անտառ է աճում: Մշակութային հուշարձաններից առավել ուշադրության է արժանի Սևանավանքը: Այն գտնվում է Սևանա թերակղզու վրա:

աղբյուրը՝ http://www.dasaran.am/apps/wiki/view/id/8441

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert