«99 ֆրանք» – Ինքնակենսագրական վէպ, որը քննադատում է արևմտեան սպառողական հասարակութիւնը:

Հեղինակ՝ Ֆրանսիացի ժամանակակից գրող Ֆրէդէրիք Բէգբէդէր:

Վերջերս թարգմանել եմ ֆրանսերէնից և գրքից մի կարճ հատւած մէջբերում եմ այստեղ .-

« Ամէն ինչ ժամանակաւոր է.- սէ’րը, արւե’ստը, երկիր մոլորա’կը, դո’ւ, ե’ս: Մահն այնքա՜ն անխուսափելի է, որ անակնկալի է բերում բոլորին: Ինչպէ՞ս իմանալ որ այսօրը չէ’ վերջին օրը: Կարծում ենք դեռ ժամանակ կայ… Բայց ահա յանկարծ, անսպասելի կերպով վրայ է հասնում մահը, աւարտւում՝ պայմանաժամը: Մահն այն միակ ժամադրութիւնն է, որը նշւած չէ քո օրացոյցում:

Ամէն ինչ գնւում է.- սէ’րը, արւե’ստը, երկիր մոլորա’կը, դո’ւ, ե’ս:

Գրում եմ այս գիրքը, որպէսզի ինձ հեռացնեն աշխատանքից: Եթէ ինքնակամ հրաժարւէի, հատուցում չէի ստանայ: Ինձ հարկաւոր է սղոցել այն ճիւղը, որի վրայ նստած է հանգստութիւնս: Ազատութիւնս՝ գործազրկութեան թոշակն է: Նախընտրում եմ հեռացւել աշխատանքից քան թէ՝ կեանքից: Քանզի վախենո’ւմ եմ: Իմ շրջապատում, գործընկերներս ճանճի պէս վար են թափւում.- խեղդւում՝ լողաւազանում, սրտի կաթւած ստանում թմրադեղերի չափազանց օգտագործումից, մահանում՝ անձնական օդանաւի արկածից, աւտովթարից: Այսպէս, գիշերը երազ տեսայ թէ իբր խորտակւում եմ ջրում, ծովային կենդանիները կպչում են մարմնիս, թոքերս լցւած են ջրով: Հեռւում, ծովափին, գեղեցիկ մի կին կանչում է ինձ. Անկարող եմ պատասխանել, բերանս խցւած է աղաջրով. Խեղդւում եմ, բայց օգնութիւն չեմ կանչում: Եւ բոլորը նոյնն են անում ծովում. Բոլոր լողորդները խեղդւում են առանց օգնութեան ճիչ արձակելու: Կարծում եմ հասել է պա’հը թողնելու ամէն ինչ, քանզի այլևս չեմ կարող տարուբերւել:

Ամէն ինչ ժամանակաւոր է և ամէն ինչ գնւում է: Մարդն էլ մի ապրանք է ուրիշ ապրանքների նման՝ պիտանելիութեան ժամկէտով: Ահա թէ ինչու որոշել եմ հանգստի կոչւել 33 տարեկանում: Ասում են իբր՝ դա ցանկալի տարիքն է վերակենդանացման:

 

* * * * *

Անունս Օկտավ է և հագնում եմ APC՝ hեղինակային ապրանքանիշի հագուստներ: Գովազդի ասպարէզում եմ աշխատում: Այո’, ես ապականողն եմ աշխարհի. Ես նա’ եմ, ով ձեզ զիբիլ է վաճառում. Ո’վ ձեզ երազել է տալիս այն ամէնի մասին ինչը երբեք չէք յաջողում ունենալ.- մշտապէ՜ս կապոյտ երկինք, կանայք՝ ովքեր երբե’ք տգեղ չեն, կատարեալ երջանկութի՜ւն՝ ֆոտոշափով մշակւած: Յղկւած պատկերնե՜ր, քամու երաժշտութիւ՜ն: Երբ մեծ խնայողութիւնից յետոյ դուք յաջողում էք գնել ձեր երազած մեքենան, որի մասին ես գովազդել էի վերջին հոլովակում, դա արդէն հնացած է, պատկանում է անցեալին: Ես միշտ երեք քայլ առաջ եմ ընկնում, որպէսզի յուսախաբ անեմ ձեզ: Գլամուրն ա’յն երկիրն է, ուր չեն հասնում երբեք: Ես ձեզ դարձնում եմ նորութիւններին մոլի և դրա գաղտնիքն այն է, որ նորութիւնն երբեք նոր չի մնում. Միշտ գալիս է աւելի նորը՝ հնացնելու նախկին նորութեանը: Իմ նւիրական պարտականութիւնն է ձեզ պահել միշտ ապշած, բերանբաց վիճակում: Իմ արհեստում ո’չ ոք չի ցանկանում ձեր երջանկութիւնը, քանզի երջանիկ մարդիկ սպառող չեն:

Ձեր տառապանքն աշխուժութիւն է ներարկում շուկային: Մեր բառապաշարում դրան կոչում են՝ «յետ-գնման յուսալքութիւն»: Ձեզ շտապ ինչ որ ապրանք է հարկաւոր, երբ դա ունեցաք, անմիջապէս ձեզ ուրիշն է պէտք: Հաճոյապաշտութիւնը՝ մարդասիրութիւն չէ. Դրամի հոսքն է,և կարգախօ՞սը՝ «ծախսում եմ ուրեմն կա’մ»: Իսկ պահանջարկ ստեղծելու համար անհրաժեշտ է գրգռել նախանձը, ցաւը, անբաւարարւածութեան զգացմունքը: Սրա’նք են իմ զէնքերը. Եւ թիրախս՝ դո’ւք էք:

Կեանքս անցնում է ձեզ ստելով և դրա դիմաց շա՜տ լաւ վարձատրւում եմ: Վաստակում եմ 13000 Եւրո (առանց հաշւի առնելու տարբեր հատուցումները, անվճար մեքենայ, բոնուսներ): Եւրոն ստեղծւեց, որպէսզի հարուստների աշխատավարձը վեց անգամ աւելի նւազ խոցելի դառնայ: Շատ մարդ գիտէ՞ք ով իմ տարիքում 13000 Եւրո աշխատավարձ ունենայ:

Ես ընդհատում եմ հեռուստացոյցից դիտւող ձեր տեսահոլովակը պարտադրելով ի’մ լօգօն նայել, և դրա համար ինձ վճարում են՝ արձակուրդս անցկացնելու՝ Սանտ-Բարթում, ԼամույումԲուքէթում կամ թէ՝ Լասքաբանում: Անդադար կրկնում եմ իմ գովազդները ձեր սիրած թերթերում, և դրա համար ինձ նւիրում են՝ հանգստավայր, դղեակ և ամառանոց ցանկացած վայրում, մարոքեան պալատ կամ էլ՝ տրոփէզեան նաւակ: Ես ամէն տեղ կա’մ: Չէ’ք կարող ինձ չտեսնել: Ու’ր որ ձեր աչքն ընկնի՝ թագաւորում է իմ գովազդը: Չեմ թողնում ձանձրանաք, չեմ թողնում մտածէք: Նորութեան տիրապետութիւնն օգնում է ինձ ձեզ վաճառել՝դատարկութիւն…

 

Հըմմմ, այնքա՜ն հաճելի է ներթափանցել ձեր ուղեղում. Հրճւում եմ դրա աջակողմեան խոռոչում. Ձեր ցանկութիւնն այլևս ձեզ չի պատկանում, ես ի’մն եմ պարտադրում ձեզ. Չեմ թողնում պատահական ինչ որ բան ցանկանաք. Ձեր ցանկութիւնն արդիւնքն է՝ մե՜ծ, միլիարդաւոր Եւրո ներդրումների: Ես ե’մ որոշողն այսօր թէ վաղը դուք ինչ էք ուզելու:

Թերևս, այսպիսով սիրելի չեմ երևում ձեր աչքին: Ընդհանրապէս, գիրքն սկսելիս պէտք է աշխատել գրաւիչ ու հրապուրիչ հանդէս գալ, սակայն ես չեմ ուզում իրականութիւնները խեղաթիւրել. Ես բարի հեղինակ չեմ. Այսինքն, ես մի տեսակ ստոր էակ եմ, ո’վ աւերում է այն ինչին դիպչում է: Աւելի լաւ կլինի դուք սկսէք ինձ ատել նախքան ատելու այն դարաշրջանը, որն ստեղծել է ինձ:

 

Ծիծաղելի է երբ մտածում եմ ինչ կստացւէր եթէ գիրքս լոյս տեսնելուց յետոյ, ո’չ թէ ինձ գործից հեռացնէին այլ՝ աշխատավարձի յաւելում տային: Այս աշխարհում, որը նկարագրելու եմ ձեզ համար, քննադատելը լուծւած հարց է, անյարգելն ու վարկաբեկելը՝ քաջալերւած, բացայայտումներ կատարելը՝ վարձադրւած, սուր պարսաւանքը՝ կազմակերպւած:

Երբեմնի բռնակալները վախենում էին խօսքի ազատութիւնից, գրաքննութեան էին ենթարկում բողոքագրերը, բանտարկում էին գրողներին, այրում՝ խնդրահարոյց գրքերը: Գիրք հրկիզողների անցած սարսափելի ժամանակներում հնարաւոր էր զանազանել բարին՝ չարից: Իսկ հիմա, գովազդի ամբողջատիրութիւնը աւելի ճարպիկ է՝ խուսափելով պատասխանատւութիւնից: Այս ֆաշիզմը դասեր է քաղել նախկինների ձախողումներից (Բեռլին՝1945 թ. և Բեռլին՝ 1989 թ. Իրօք, ինչո՞ւ բոլոր բարբարոսութիւններն ոչնչացել են նոյն քաղաքում):

 

Մարդկութեանը ստրկութեան աստիճանի իջեցնելու համար գովազդն ընտրել է ամենակարճ ճամբան, ճկուն և համոզիչ: Ապրում ենք մարդու վրայ մարդու գերիշխանութեան առաջին համակարգում, որի դէմ անզօր է նոյնիսկ ազատութիւնը: Ընդհակառակը, նա ամէն ինչ պայմանաւորում է ազատութեան հետ և դրանով իսկ ամրագրում իր գերագոյն յաջողութիւնը: Ամէն մի քննադատութիւն նրան առաւել կարևորում է, ամէն մի պարսաւանք հզօրացնում է նրա ազնիւ անկողմնակալի մտացածին պատկերը: Նա ամենայն նրբութեամբ ձեզ հնազանդ է դարձնում: Ամէն ինչ թոյլատրելի է, ոչ ոք քեզ չի նախատի եթէ ինչ որ սարսափելի բան անես: Համակարգը հասել է իր նպատակին, այսինքն՝ նոյնիսկ անհնազանդութիւնը վերածւել է մի տեսակ հնազանդութեան:

Մեր աւերւած ճակատագրերը գեղեցիկ կերպով գծւած են: Դո’ւք, որ կարդում էք այս գիրքը, հաստատ մտածում էք.- «սրան նայէ’ք, խեղճ գովազդային գործակալի’ն, ինքն իր ունեցածից դժգոհ ապերախտին. Գնա’, հերիք է’, դու էլ ամէնքի պէս անճարակ ես, դու էլ պիտի վճարես հարկերդ ինչպէս՝ բոլորը»: Փրկութեան ոչ մի միջոց չկա’յ: Արգելափակել են քեզ՝ ժպիտը դէմքին: Դատապարտւած ես՝ ժամանակին վերադարձնելու վարկերդ, կատարելու ամսական մուծումներդ, վճարելու տան վարձդ: Լաւ է՞ք զգում: Միլիոնաւոր գործազուրկներ դրսում սպասում են թէ դուք ե՞րբ էք ձեր տեղն ազատելու: Կարող էք տրտնջալ, դժգոհել ինչքա՜ն կուզէք, Չրչիլն արդէն տւել է այս հարցի պատասխանը: Նա ասել է.- «Սա ամենավատ համակարգն է… միւս բոլորից բացի»: Նա մեզ չի խաբել, չի ասել ամենալաւ համակարգը, այլ՝ ամենավատը»:

 

Արմենուշ Առաքելեան (ՖԲ)

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert