Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տարբեր շարժումների արդյունքում ակտիվացավ քաղաքացիական հասարակությունը: Այդ շարժումները, տարբեր խնդիրներ բարձրացնելով, փորձեցին եւ փորձում են լուծումներ ստանալ բողոքի ցույցերի, նամակների, ստորագրահավաքների եւ այլնի միջոցով: Նրանց մի մասն ունենում է հաջողություններ, որոշների պարագայում կիսալուծումներ են լինում, իսկ խնդիրների մեծամասնությունը որեւէ արձագանք չի ստանում: Հայաստանում հնարավո՞ր է բողոքի ցույցերի միջոցով խնդիր կարգավորել։ Դիտարկենք վիճակագրությունը:

Հաջողություն չունեցած շարժումներից կարելի է առանձնացնել 2014թ. մայիսի վերջից մեկնարկած «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը: Նախաձեռնությունը պահանջում էր վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, գրանցված տուգանքների վրա ավելացած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ այլն: Շարժման միջոցով բազմաթիվ քաղաքացիներ դատական հայցեր ներկայացրին, բայց կարմիր գծերը շատանում են:

Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյան եղբայրների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ շարժում սկսվեց: «SOS! Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը պահանջում էր պահպանել 19-րդ դարի յուրօրինակ ճարտարապետական նմուշը: 2014թ. մայիսից ակտիվորեն պայքարող այս խումբն արդյունքի չհասավ:

Դրանից էլ առաջ բազմաթիվ քաղաքացիներ՝ շարժման մեջ կամ դրանից դուրս, պայքարում էին օտարալեզու դպրոցների բացման դեմ, բայց որեւէ հաջողություն չունեցան: 2013 թվականին, երբ մինչեւ 50 տոկոսով թանկացան ուսման վարձերը, Երեւանում տեղի ունեցան բողոքի ցույցեր, բայց այդպես էլ բան չփոխեցին:

աջողություն ունեցած շարժումներից է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը: 2011թ. մի խումբ քաղաքացիներ պայքարում էին Լոռու մարզում գտնվող եւ բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ: Արդյունքում կառավարությունն իր որոշումը չեղյալ հայտարարեց: Առաջին դեպքն էր, որ 100-ից ավելի մարդիկ Երեւանից դուրս ակցիա արեցին ու հաղթեցին:

2011թ. վերջին Երեւանի Աբովյան փողոցի մայթից ապամոնտաժվող տաղավարները տեղադրվեցին Մաշտոցի պուրակում: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները կազմակերպեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին բազմամարդ ցույցերի: Ի վերջո, ՀՀ նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տաղավարները:

2013-ի հուլիսին Երեւանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով բարձրացումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը զանազան ակցիաների արդյունքում հասավ հաջողության: Ուղեվարձը մնաց անփոփոխ: Չնայած քաղաքապետարանը խոստանում է հաշվարկից հետո կրկին անդրադառնալ հարցին: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում 2014թ. սեպտեմբերին արված փոփոխությունները կառավարության դեմ հանեցին բազմաթիվ հղիների՝ դառնալով աշխատող կանանց բողոքների առիթ: Դրանով կրճատվում էր հղի կանանց նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը: Բողոքի ցույցերի արդյունքում որոշումը չեղյալ հայտարարվեց, եւ մի քանի դրական փոփոխություններ արվեցին:

Կիսալուծում ունեցած շարժումներից կարելի է համարել 2015թ. ձեւավորված «Դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը: Այն նպատակ ուներ կանխելու հոսանքի գնի` օգոստոսի 1-ից նախատեսված թանկացումը: Մասշտաբային պայքարի արդյունքում չնայած էլեկտրաէներգիան թանկացավ, բայց մեկ տարի սուբսիդավորվեց կառավարության եւ ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ ջանքերով: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պայքարում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Արդյունքը եղավ այն, որ ոչ պետական համակարգում աշխատողների համար հետաձգվեց:

Դժվար է գնահատել, թե ինչ արդյունք ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման սկսած, այսպես կոչված՝ «Պավլիկյան շարժումը»: Այդ տղաների հույսը ժողովրդի ակտիվությունն էր: Քաղաքական լիդեր չունենալը, բեմին հասարակության մեջ հարգանք վայելող գործիչների պակասը տապալեցին դրսում պայքարը եւ թուլացրին զինյալ ապստամբներին: Հաջողությունն այնքանով էր, որ իշխանությունը, այնուամենայնիվ, հասկացավ՝ պետք է սթափվել: Կսթափվի, թե ոչ՝ դժվար է ասել:

Մեզանում հաջողություն չգրանցած կամ կիսալուծումների հասած շարժումներն ավելի շատ են: Այս ամենից պարզ է դառնում, որ հասարակությունը կարողանում է ազդել հիմնականում փոքր, մանր հարցերի դեպքում, ավելի մեծ մասշտաբով դեռեւս ոչինչ փոխել չի լինում: Բայց նշենք, որ քաղաքացիների պահանջները գնալով իրատեսական են դառնում: Մարդիկ պարզապես չեն պահանջում՝ կրճատեք, չեղարկեք եւ վերջ, նրանք նաեւ լուծումներ են առաջարկում: Արդյունք չգրանցելու պատճառներից մեկը վերլուծաբանները համարում են այն փաստը, որ հասարակությունը հոծ խմբերով ներգրավված չէ այդ պայքարի մեջ: Մարդիկ դուրս են գալիս շատ հաճախ անձնական, ոչ թե ընդհանուր խնդիրների համար: Այդ զանազան շարժումների մեկ վատ կողմն էլ այն է, որ գրեթե միշտ նույն դեմքերն են մասնակցում, նույն մարդը եւ հոսանքի գնի դեմ է պայքարում, եւ ակցիզային հարկի, եւ այլ հարցերում: Մի վատ երեւույթ է նաեւ այն, որ թվարկված բոլոր շարժումները՝ բացի Թռչկանից, Երեւանից դուրս չեկան: Շրջաններում դժվար է կազմակերպել, նախաձեռնությունները չունեն ֆինանսավորում, մարզերում հասարակական-քաղաքական կյանքը մեռած է:

Այս բոլոր շարժումներն իշխանությունը սովորաբար փորձել է վարկաբեկել «դրսից սնվողներ», «գրանտակերներ» եւ այլ բնորոշումներով, բայց դրանից շարժման իմաստը չի կորել:

Ամենազավեշտալին այն է, որ իշխանությունը խնդիրներ է ստեղծում՝ նախօրոք իմանալով, որ վատ արձագանք է ունենալու: Սրա գլխավոր պատճառն այն է, որ այդ որոշումների մի մասն անցնում է խորհրդարանով, իսկ այնտեղ չունենալով հակակշիռ ուժ, իշխանական կուսակցությունը դակում է ամեն որոշում: Եվ ամեն վատ որոշման դեպքում իշխանությունը մեկ զիջում թողնում է՝ հետագայում այն որպես մեծ բան ներկայացնելու համար: Ակնհայտ է, որ շարժումների հաջողության գրավական կարող են լինել կոնսոլիդացումը, քաղաքացիական շարժումների քաղաքականացումը, քանի որ Հայաստանում բոլոր խնդիրների լուծումները հենց այդ հարթության մեջ են:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert