Սոֆիա Յակոբեան

Թէեւ համշէնցի հայերի թեման իսլամացուած հայերի կոնտեքստում կարելի է համարել ամենաուսումնասիրուածը, այնուամենայնիւ , մեր հասարակութեան բաւականին մեծ զանգուածի շրջանակներում Համշէնի ու համշէնցիների վերաբերեալ կարծրատիպերի մի ամբողջ ծանր ու մեծ պարկ դեռ մնում է չբացուած:

Հայաստանում եւ սփիւռքում մինչ օրս ոմանք դժուարանում են գտնել պատմական Համշէնը քարտէսի վրայ` յաճախ այն շփոթելով Արեւմտեան Հայաստանի հետ: Դէ իսկ ոմանց մօտ «համշէնցի» բառը ասոցացւում է միայն Թուրքիայում ապրող մահմետականացուած հայերի հետ, աւելին` հասարակութեան մի ստուար զանգուծի համար «համշէնցին» հենց «մահմետական հայ»-ի հոմանիշն է:

Մինչդեռ Համշէնն ու համշէնցիները շատ աւելին են, քան պարզապէս կրօնափոխ բառի հոմանիշ կամ մեր հալածուած լինելու խորհրդանիշը:

Դեռեւս 8-9-րդ դդ.-ում Արեւելեեան Հայաստանի Կոտայքի եւ Արագածոտնի շրջաններից արաբական նուաճումների ժամանակ սեւծովեայ շրջան տեղափոխուած այս հայերը, Պոնտոսի անտառոտ ու բարձրադիր լեռներում հիմնեցին Համամաշէն քաղաքը` անուանելով այն իրենց առաջնորդող Համամ Ամատունի իշխանի պատուին:

Թիւր կարծիք է , թէ բոլոր համշէնցիները մահմետականացուած են: 18-րդ դարում, երբ Օսմանեան կայսրութիւնը սկսեց բռնի իսլամացման քաղաքականութիւնը Սեւ ծովի տարածաշրջանում ապրող ազգերի նկատմամբ, բազմաթիւ համշէնցիներ արտագաղթեցին` պահպանելով քրիստոնէական կրօնը: Նրանց բազմահազար ժառանգներին այսօր կարող ենք հանդիպել Աբխազիայում, Վրաստանի մի շարք շրջաններում, Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար եւ այլ քաղաքներում:

Պետք է նշենք նաեւ, որ Թուրքիայում մնացած եւ բռնի ուժով մահմետականացուած համշէնցի հայերին էլ իսլամացնել յաջողուեց երկար ու ձիգ տարիների, անգամ դարերի ընթացքում:
Սեւ ծովի ժողովուրդների շրջանում համշէնցի հայերն ամենավերջինն են ընդունել իսլամ, ի տարբերութիւն օրինակ հարեւան լազերի:

Ընդ որում` եթէ բուն Համշէնի տարածքում օսմանցիներին յաջողուեց համշէնցիներին մոռացնել տալ մայրենին, ապա հալածանքների արդիւնքում բուն Համշէնից դէպի Խոպա, Օրդու, Գիրեսուն եւ Սամսուն արտագաղթած համշէնցիների բազմաթիւ գերդաստաններ հայերէնը պահպանեցին ընդհուպ մինչեւ 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի քանի գիւղերում համշէնցիները սահուն կերպով հայերէն են խօսում մինչ օրս:

Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ համշէնցիները Սեւ ծովի շրջանի ամենահիւրընկալ ու ջերմ ժողովուրդն են: Ես Համշէն ասելիս առաջինը պատկերացնում եմ դրախտային անտառներ, առնուազն 300 տարուայ եւ կատարեալ պահպանուած փայտէ համեստ տնակներ, այդ տնակների կողքին նստած ու միշտ գուլպայ գործող աննկարագրելի գեղեցիկ տարազով բարի տատիկներ, հարուստ խոհանոցային աւանդոյթներ ու յատկապէս հրուշակագործութիւն:
Սակայն, ինչ խօսք, համշէնցիները հայկական աշխարհում առաջին հերթին անվիճելի առաջատար են երգ-երաժշտութեան հարցում: Չգիտեմ, կարիք կայ արդեօք ասելու, որ չնայած այս հարցում Թուրքիայի կողմից մշտապէս տարուող խտրական ու ճնշող քաղաքականութեանը` համշէնցիների երաժշտական (յատկապէս մայրենի լեզուով երգուող երգերի) ինդուստրիան չափից դուրս զարգացած է:

 

 

Այսօր պիտի ներկայացնեմ Չամլըհեմշին (Չամլըհեմշին նշանակում է եղեւնոտ Համշէն: Չամ բառը համշէնցիների բարբառով նշանակում է եղեւնի) շրջանից այն եզակի հայ ընտանիքի պատմութիւնը, որը դարերի յամառ պայքարի արդիւնքում ոչ միայն չի ասիմիլիացուել, այլեւ յաջողացրել է պահպանել նաեւ կրօնը, ինչը եզակի դէպք է Չամլըհեմշինի հայերի համար:
Իր ընտանիքի պատմութիւնը մեզ հետ կիսել համաձայնեց Շերմին Մնակեանը, ով Չամլըհեմշինի միակ ու վերջին քրիստոնեայ ընտանիքի ժառանգներից է, եւ ում հետ մենք զրուցեցինք Թուրքիայի Պուրսա քաղաքում, որտեղ նա բնակւում է այժմ:
Ի պատիւ Շերմինի պիտի շեշտեմ, որ վերջինս եզակի զրուցակիցներիցս է, որը ոչ միայն յատուկ չի խնդրել չնշել իր անունը, այլեւ պնդել է հակառակը: Իր իսկ խօսքով` «ի հեճուկս մեզ ձուլել փորձողների»:

Պապիկս Համշէնից դուրս է եկել 1875թ.-ին : Սկզբում գնացին Կ.Պոլիս: Նպատակը ի հարկէ պատրիարքարանին, համայնքին աւելի մօտ լինելն էր, սակայն մեծ քաղաքին այդպէս էլ չընտելացան մերոնք եւ 1914-ին նորից Համշէն վերադարձան: Երբ պապիկս եկաւ Չամլըհեմշին, տեսաւ, որ 1875-ին թողած իր հայրենիքում բոլորն արդէն մահմետականացել են: Իր բոլոր ազգակիցներին, հարեւաններին գտաւ «նամազի նիազի» մէջ: Քանի որ Չամլըհեմշինի բնակչութեան մեծ մասը Ցեղասպանութեան ժամանակ արդէն իսլամ ընդունած էին այդ շրջանի վրայ տուեալ դէպքերը շատ չազդեցին, բայց մերոնք, ի հարկէ, մշտական ճնշումների մէջ էին: Յաճախ, երբ ժանտարմները գալիս էին գիւղ, պապիկս եղբայրներին հաւաքում ու բարձրանում էր սար. լեռնային անտառներում իր թաքստոցն ունէր: Մեր ընտանիքը ոչ մի պարագայում չընդունեց իսլամ եւ նոր ճնշումների արդիւնքում կրկին լքեցին Չամլըհեմշինը, սակայն այս անգամ շատ հեռու չգնացին, հասան Տրապիզոն, յետոյ հաստատուեցին Գիրեսունում: Գիրեսունի ամենահարուստ գերդաստաններից մէկն էինք: Պապիկս հարիւրաւոր պնդուկի ծառեր ունէր, արտահանում էին Թուրքիայի տարբեր քաղաքներ ու արտերկիր: Մինչեւ հիմա այն փողոցը, որտեղ գտնւում էր մեր տունը Գիրեսունում ժողովրդի շրջանում կոչում են Մնակեանների թաղ: Այդտեղ եմ մեծացել, Գիրեսունը երբեք չեմ մոռանում: Մեր տունը դատարկ է հիմա, բայց չենք վաճառում, մեր անունով է գրանցուած:

 

 

Գիրեսունում բացի ձեզանից շա՞տ հայեր կային Ցեղասպանութիւնից յետոյ, ինչպիսի՞ն էին փրկուած հայերի կեանքի պայմանները:
– Շատ կային: Համշէնցիներ էլ կային, տեղացիներ էլ… Տարիների ընթացքում համայնքը նոսրացաւ, կա՛մ արտագաղթեցին, կա՛մ թուրքացան: Հիմա էլ քիչ չեն, բայց բոլորը մահմետականացել են: Հիմնականում պետական պաշտօններ ստանալու ճանապարհին խոչընդոտների պատճառով էին անձնագրերում գրում «Իսլամ», այսինքն այդպէս է սկսում ամէն ինչ, յետոյ սերունդներդ մոռանում են, դառնում են թուրքից աւելի թուրք: Ես դպրոցում դասարանի միակ հայն էի,միշտ «ԱՍԱԼԱ-ի ճուտ» եւ նմանատիպ հայհոյանքներ եմ կերել: Հայրիկս բանտում էր, ԱՍԱԼԱ-ի հետ կապերի մէջ էր մեղադրւում: Յիշում եմ, հայրիկիս հետ առաջին անգամ ծանօթացել եմ բանտի պատերից ներս, 3 տարեկան հասակում:
Բայց նաեւ յիշում եմ, որ մենք միշտ մեզ հպարտ էինք պահում, մայրս այդպիսով մեզ առանձնացնում էր միւսներից: Դպրոցում կարիքաւոր երեխաներին տանում էին առեւտրի, հագուստ էին նուիրում, պետութիւնն էր հովանաւորում: Նստացնում էին մեզ բեռնատարի ետնամասում ու քշում շուկայ: Երբեք չեմ մոռանայ, ուրախացած եկայ տուն հագուստները ձեռքիս, մայրս յաջորդ առաւօտեան տարաւ այդ շորերն ու ուղիղ տնօրէնի երեսին շպրտեց. «Դու ինչպէ՞ս ես իմ երեխայի հանդէպ նման բան անում»:
Այդպիսինն ենք, չափից դուրս հպարտ ենք անկախ եղած պայմաններից, դա ինձ էլ է փոխանցուել:

– Չամլըհեմշինի ժողովրդի շրջանում հայկական բարբառը ցաւօք մոռացուած է, ի տարբերութիւն Խոպայի համշէնցիների: Ինչպիսի՞ն էր իրավիճակը Ձեր ընտանիքում, եւ առհասարակ, Գիրեսունի հայերի շրջանում:
– Մեր տանը տատիկս Համշէնի բարբառով էր խօսում երբեմն, ես շատ քիչ բան գիտեմ:
Գիրեսունի համշէնցիների մէջ որոշ ժամանակ պահուեց մայրենին, սակայն հիմա արդէն շատ քիչ են հանդիպում հայախօս համշէնցիներ այդ քաղաքում: 1980-ականներից այս կողմ շատ մեծ նահանջ ապրեց համշէնցիների մայրենին այդտեղ: Քանի որ իմ ժամանակ արդէն հայկական դպրոց չկար Գիրեսունում, մենք գրական արեւմտահայերէն էլ չսովորեցինք, բայց մայրս, մօրաքոյրս շատ լաւ են տիրապետում: Բայց ամենօրեայ շփման լեզուն, բնականաբար, թուրքերէնն է:

– Չամլըհեմշինցի այլ գերդաստաններ կա՞ն, որոնք յաջողացրել են պահպանել կրօնն ու չձուլուել:
– Մեզանից բացի կային Խզարեանները: Անտառահատներ էին: Բայց նրանց տոհմի պատմութիւնն աւարտուեց 1960-ականներին, հաւանաբար տղայ զաւակ չունեցան:
Ամբողջ Չամլըհեմշինում միայն մենք ու Խզարեաններն էինք մնացել քրիստոնեայ:

 

 

– Շատ յաճախ Թուրքիայի հայերի շրջանում հանդիպում ենք դէպքերի , երբ բռնի իսլամացման արդիւնքում գերդաստանները տրոհւում են . մի մասը ընդունում է իսլամ, իսկ միւս մասը հրաժարւում դրանից եւ շարունակում պահպանել կրօնական ինքնութիւնը: Նման դէպքեր պատահե՞լ են Ձեր ընտանիքում:
– Դա կայ գրեթէ բոլորի մօտ: Այդ ցաւոտ տրոհումը չի շրջանցել գրեթէ ոչ մի արեւմտահայ ընտանիքի Թուրքիայի տարածքում: Մեր գերդաստանի միւս ճիւղը ոչ միայն ընդունել է իսլամ, այլեւ փոխել ազգանունն ու ներկայանում են, որպէս բառիս բուն իմաստով թուրք ազգայնականներ: Սա շատ տարածուած է Չամլըհեմշինում: Ոչ մի թուրք ազգայնական նրանց չի հասնի իր ծայրայեղութեամբ:

– Չամլըհեմշինի հետ կապը, այնուամենայնիւ, պահում էք:

– Իմ հայրենիքն է, իմ հողն է, ինչպէ՞ս չպահեմ: Ինչքան էլ բարկանամ, ինչքան էլ մեղադրեմ կամ չմեղադրեմ այնտեղ մնացածներին, նրանք էլ են իմ սրտի մի մասը, իսկ հողիցս ինչպէ՞ս խռովեմ: Դու կարող ես ճնշումներից փախչել, ինքնութիւնդ, կեանքդ փրկելու համար թողնել գաղթել, բայց դու միշտ պէտք է վերադառնաս այնտեղ, որտեղից սկսել է ձեւաւորուել քո գենը: Իր հողի հետ կապը կտրած անձը կորցնում է ամէն ինչ: Կորցնում է իր ներդաշնակութիւնը, կորցնում է իր խաղաղութիւնը: Ես հաւատում եմ, որ շատ կարեւոր է, որպէսզի մարդը թաղուի իր նախնիների կողքին: Մենք 1875-ից սկսած գաղթում ենք անընդհատ, բայց մեր ընտանիքի բոլոր անդամներին թաղել ենք միմիայն Չամլըհեմշինում: 3 ամիս առաջ տատիկիս էլ այնտեղ թաղեցինք, ես էլ մեռնելիս որտեղ էլ ուզում է լինեմ, թէկուզ այլ մայրցամաքում ապրեմ, ինձ պէտք է բերեն Չամլըհեմշին:

http://horizonweekly.ca/news/details/92614

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert