ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է, ՈՐԸ ՈՉ ԵՍ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ, ՈՉ ԷԼ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հայաստանում եկե՞լ է արդյոք ակադեմիական գիտության վերջը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները 1990-ական թվականներից վերածվեցին ՊՈԱԿ-ների: ՊՈԱԿ-ների վերացման վերաբերյալ ներկա կառավարության վերաբերմունքը հայտնի է: Սակայն գիտնականները կարծում են, որ այն, ինչ վերաբերում է նախարարություններին կամ պետական կառույցներին կից ՊՈԱԿ-ներին, գիտության դեպքում նույն վերաբերմունքն արդարացված չէ: Մտահոգություններ կան նաեւ գիտական աստիճան ունեցողներին հավելավճարներից զրկելու տրամադրվածության եւ մի շարք այլ նորամուծությունների հանդեպ, որոնք գիտության ասպարեզում մտադիր է իրականացնել նոր կառավարությունը:  Օրերս ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր անհամաձայնությունն էր հայտնել այն առաջարկին, որով վերացվում է գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը` վերածելով այն միաստիճանի: Այդպիսի որոշումն, ըստ խորհրդի, անշրջելի կորուստներ կբերի գիտությանը, մասնավորապես` հայագիտությանը: Գիտխորհուրդը բերում է այն հիմնավորումը, որ Եվրասիական միությունում` երկաստիճան գիտաստիճանաշնորհման համակարգի առկայության պարագայում դա նաեւ տարբեր խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար, այդ թվում` վկայականների փոխճանաչման հարցում (երկաստիճան համակարգը գործում նաեւ Եվրոպայի առաջատար երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ այլն):

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ մեր զրույցը վերաբերում է այս օրերին ակադեմիական գիտնականների շրջանում տիրող մտահոգություններին

- Պարոն Մելքոնյան, ի՞նչն է հատկապես անհանգստացնում ակադեմիական գիտնականներիդ:

- Խորհրդային տարիներին ստեղծվեց գիտությունների ակադեմիան պատերազմի թեժ պահին, 1943 թվականին, եւ պետությունը, ազգը այդ ազգային արժեքի կարիքն ունեին: Հետխորհրդային շրջանում այդ վիճակը պիտի փոխվեր, քանի որ ակադեմիան իր բազմաթիվ ինստիտուտներով սպասարկում էր ողջ Խորհրդային Միության գիտությունը, մասնավորապես` ճշգրիտ գիտությունները: Երբ կապերը կտրվեցին նախկին խորհրդային, ներկայիս անկախ պետությունների հետ, այլեւս Հայաստանը նման շռայլություն չէր կարող թույլ տալ իրեն: Եթե չեմ սխալվում` 6-8 հազար աշխատող ուներ միայն ակադեմիան, իսկ ողջ Հայատանում 20 հազարից ավելի գիտաշխատողներ կային: Բնականաբար կրճատման պիտի գնայինք: Դա արվում էր փուլ առ փուլ:

Հիմա կարծեմ 2,5 հազար գիտաշխատող է մնացել ակադեմիայում, սպասարկող անձնակազմի հետ միասին: Անկախության առաջին օրերին մենք դիվանագետների կարիքն ունեինք, դրա համար պետք էին պատմաբաններ, արեւելագետններ, միջազգայնագետներ, որոնք գիտության ոլորտից գնացին եւ դիվանագիտական ճակատում մինչեւ հիմա աշխատում են, դարձան պրոֆեսիոնալ դիվանագետներ, գիտաշխատողների թիվն այդպիսով գնալով պակասեց: Տարօրինակն ինչ էր. հետխորհրդային շրջանում մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ հնչում էր հարցադրում` արդյոք մեզ պե՞տք է Գիտությունների ակադեմիա, եւ ամեն անգամ բերվում էր արեւմուտքի օրինակը, նկատի ունենալով ամերիկյան մոդելը, որտեղ գիտությունը հիմնականում զարգանում էր համալսարաններում: Բայց ամբողջ հարցն այն էր, որ մեր ունեցած մոդելը հայկական չէ, այլ` հենց եվրոպական (գերմանական) է, եւ ակադեմիական գիտությունը հնարավորություն է ընձեռում գիտնականին ` շատ քիչ դասաքանակի դասավանդման պայմաններում հիմնականում զբաղվել գիտությամբ: Ակադեմիական համակարգը` պրուսական մոդելը, որ ժամանակին վերցրեց Ռուսաստանը, Պյոտրի, Եկատերինայի ժամաակներից սկսած, խորհրդային շրջանում շարունակվեց, մենք էլ դա ընդօրինակեցինք: Գիտաշխատողը հիմնականում զբաղված էր հիմնարար գիտությամբ, նաեւ` կիրառականով: Հետխորհրդային շրջանում, ամբողջ քառորդ դար մենք, ստացվում է, պայքարում ենք ակադեմիան պահպանելու համար, որը զավեշտ է:

1992 թվականի փետրվարից մեզ մոտ մտցվեց թեմատիկ ֆինանսավորումը, մեր ինստիտուտները վերածվեցին ՊՈԱԿ-ների, մենք բավական դժվարին ժամանականեր ապրեցինք, որովհետեւ տեղի ունեցավ կադրային սարսափելի արտահոսք արտերկիր: Այդ պայմաններում մենք փորձեցինք գոնե գիտությունը պահպանել չնչին աշխատավարձերի պայմաններում:

Հիմա մեր կառավարությունը ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի հանդեպ մերժողական կեցվածք է որդեգրել, գուցե դա տրամաբանված է եւ հիմնավորված մի կողմից, բայց մյուս կողմից` մեր եւ նախարարություններին կից գործող ՊՈԱԿ-ներին դնել նույն հարթության վրա, դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:

Մեզ ասում են` գուցե միավորեք գիտության տարբեր ուղղություններ, ասենք` հայագիտական ինստիտուտները` լեզու, գրականություն, պատմություն, արվեստ, արեւելագիտություն: Բայց սրանցից յուրաքանչյուրը պահանջարկ ունեցող գիտություն է, սրանք դարձնել բաժիններ մեկ ընդհանուր հայագիտության ինստիտուտի մեջ` նշանակում է գիտության այս կամ այն ոլորտն ուղղակի սպանել: Օրինակ` չունենալ արեւելագիտություն, երբ իրանագիտություն, թուրքագիտություն, արաբագիտություն ունենք, սրանք բոլորը տանել մեկ բաժնի տակ` որպես արեւելագիտություն տեղավորել, նշանակում է նորից վերադառնալ 1935 թվական` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի գոյատեւման ժամանակներ, ու նորից զրոյական վիճակից սկսել: Հաջորդ հանգամանքը կիրառական եւ հիմնարար գիտությունների փոխհարաբերության հարցի հետ է կապված: Այն մտայնությունը, թե քանի որ կիրառական գիտությունն է բերում շահույթ, ուրեմն հիմնարար գիտությունը մեզ պետք չի, սխալ է, եթե չլինի հիմնարար գիտությունը, կիրառական գիտություն չի կարող լինել: Կիրառելի որեւէ բան ստեղծելու համար դու պիտի հիմնարար աշխատանք կատարես նախ տասնամյակներով, որը հետագայում կարող է այնպիսի հզոր արդյունքի բերել, փակելով տարիների քո ողջ ծախսածը:

- Մինչեւ այդպիսի որոշումը` կառավարությունից ԳԱԱ ներկայացուցիչների հետ խորհրդակցե՞լ են:

- Որքան ես գիտեմ, կառավարության մոտեցումը հետեւյալն է. դուք առաջարկություններ ներկայացրեք` ո՞ր ՊՈԱԿ-ներն եք կրճատում: Այսինքն` մենք պետք է երեւի առաջարկենք, որ 30-ից ավելի ինստիտուտից թողնում ենք 15-ը, հետո տեղի ունենա հանդիպում, ու քննարկենք արդեն տեղի ունեցածը: Խնդիրն այն է, որ նախ պետք է քննարկես-հասնես ընդհանուր հայտարարի, համոզվես, որ դա է ճիշտը, հիմնավորվածը, ու հետո անցնես կրճատման: Իմաստ ունի՞ քննարկել մի բան, երբ դա արդեն տեղի է ունեցել: Եթե նման որոշում կայացվի, որ ակադեմիական ինստիտուտները, այդ թվում նաեւ հումանիտար-հայագիտական ոլորտի, ուղղակի կրճատվեն որպես ՊՈԱԿ-ներ, սա նշանակում է ակադեմիական գիտության վերջը: Եւ բոլորը թող հիշեն, որ ակադեմիան ազգային արժեք է, որը ոչ ես եմ ստեղծել, ոչ էլ այսօրվա կառավարությունը, ազգի մեծերն են ստեղծել` Հովսեփ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը, մյուս մեծերը: Մի կողմից ասում են, որ գիտելիքահեն տնտեսություն պետք է ստեղծել, որ զենքի նոր տեսակներ են պետք, տեխնոլոգիաներով պիտի զբաղվենք, մյուս կողմից ասում են` մեզ հիմնարար գիտություն պետք չի: Եթե դու չդնես գումար ուսումնասիրությունների համար, այդ զենքի տեսակները կստեղծվե՞ն: Գիտության այդ ոլորտը կզարգանա՞, ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի ոլորտներում կունենա՞նք օլիմպիադաների հաղթողներ, որոնք աշխարհում այսօր մեծ ճանաչում ունեն, եւ ակադեմիական ժողովներում ակադեմիայի նախագահը բերում է տվյալներ, թե չնչին ֆինանսական պայմաններում ինչպիսի արդյունքներ է գրանցում Հայաստանը տարածաշրջանում:

- Այնուամենայնիվ` թեկուզ ներսից վերաբեռնում, մոդայիկ բառով` ռեսթարթ, պե՞տք է: Ուռճացված չէ՞ համակարգը Ձեր կարծիքով:

- Բոլորին թվում է, թե մենք անընդհատ պիտի բան առաջարկենք: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, միջինը 60-70 հազար դրամ աշխատավարձով գիտությունների թեկնածուն, որին երբեմն աշխատանքի գալ չես կարողանում պարտադրել, քանի որ աշխատավարձը չի բավականացնում գալու-վերադառնալու համար, այդ մարդուց դու պահանջում ես գիտական ահռելի պրոդուկտ, սա պատկերացնել հնարավոր չէ: Ուռճացվածի մասով. հիմա կառավարությունը գնում է մի ճանապարհով, որ ուռճացնելու է գիտության թեկնածուների եւ դոկտորների թիվը: Կրթության զարգացման վերաբերյալ մի նախագիծ է պտտվում (փոփոխություններ կրթության օրենքի մեջ), որով գիտության թեկնածուի աստիճանը վերանում է, ու բոլորը դառնում են գիտության դոկտորներ, օրինակ է բերվում արեւմուտքը, մինչդեռ Եվրոպայի երկրների մեծ մասում երկաստիճան է: ԵԱՏՄ մտնելու իմաստով էլ` ռուսական մոդելը շատ ընդունելի է մեզ համար, այդ կազմի երկրները եւս երկաստիճան համակարգ ունեն: Ղազախստանը եւ Վրաստանը անցան միաստիճան համակարգի, ու հիմա այնտեղ մղկտում են, որ սխալ են գործել: Անթույլատրելի է երկաստիճան համակարգը փոխել` 6- 10 հազար գիտության թեկնածու, որոնց մի զգալի մասը , ինչու չէ, նաեւ պաշտոնյաներ են, չինովնիկներ, մեխանիկորեն կդառնան գիտության դոկտորներ, եւ գիտության հերը վերջնականապես կանիծվի: ԲՈՀ-ը բարեփոխումներ է իրականացրել, մասնագիտական խորհուրդները փոխել- դարձնելով առավելաբար 9 հոգանոց նեղ մասնագիտական, որտեղ պիտի թեզ պաշտպանեն: Հիմա խոսում են այդ ԲՈՀ-ը փոխելու մասին: ԲՈՀ-ի ղեկավար Լիլիթ Արզումանյանն, ի պատիվ իրեն, միշտ ակտիվ աշխատում է, շարժման մեջ է եւ կարողանում է փոփոխություններ իրականացնել, չինովնիկների ճանապարհը փակել, դժվարացնել հրապարակումների խնդիրը` կանոնակարգը բարդացնելով: Բայց հիմա թեկնածուները մեխանիկորեն դառնալու են դոկտոր, ով պիտի որոշի` ո՞վ է դառնալու դոկտոր, ով` ոչ, եթե գիտական խորհուրդների հանգամանքը մեջտեղից դուրս է գալիս, եւ որքան ես գիտեմ` Գիտության պետական կոմիտեի իրավասությանը պետք է տրվի ԲՈՀ-ի գործառույթը: Սա եւս նշանակում է` էդ ոլորտը քանդուքարափ անել: Գիտության նկատմամբ անլուրջ վերաբերմունք` չի կարելի նման բան թույլ տալ:

- Ակադեմիայի մեղքի բաժինը չե՞ք տեսնում, որ գործընթացների հետեւից եք գնում` ժամանակին չեք միջամտում, առաջարկում, նորանում, սերնդափոխվում…

- Վերջին շրջանում ակադեմիական ինստիտուտների 90 տոկոսի ղեկավար կազմը երիտասարդացել է: Թեկնածուների թիվը երիտասարդների առումով բավականաչափ ավելացել է: 30 հազար դրամ թոշակով (իսկ մինչեւ վերջերս 10 հազար էր) ի՞նչ անի ասպիրանտը: Նրան գումար ու հեռանկար պետք է տալ, բնակարան պետք է ունենա, որ ընտանիք կազմելուց խնդիր չունենա: Չեն գալիս երիտասարդներն ասպիրանտուրա (ոմանք էլ ասում են` բանակից փախչում են), նույնիսկ այդ պայմաններում տեղերը դատարկ են մնում:

- Միշտ խոսում են ԳԱԱ նախագահի տարիքից…

- Ակադեմիան ֆուտբոլային թիմ չէ, ծանրակշիռ գիտնական պիտի լինես, ճանաչում ունենաս, հետո նոր հասնես մի բանի կամ պաշտոն զբաղեցնես: Երբ 2002 թվականին 41 տարեկանում ինձ առաջարկվեց պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնը` ինձ համար ամենամեծ դժվարությունն այն էր, որ նախորդ տնօրենների` խոշոր գիտնականների անուններն ինձ ճնշում էին: Երբ մտածում էի, որ Հովսեփ Օրբելին, Աբգար Հովհաննիսյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Սուրեն Երեմյանը, Հրանտ Ավետիսյանն են եղել պատմության ինստիտուտի տնօրեն, դա ինձ ճնշում էր: Սա գիտություն է, պիտի փուլ անցնես: Տարեց գիտնականներ ունենք, որ երկու տարին մեկ գիրք են դնում սեղանին:Բայց երիտասարդների առումով հենց մենք ենք մտահոգված, փորձում ենք անել առավելագույնը: Պետությունը գիտաշխատողի տարրական խնդիրներով չի զբաղվում, նրանից սարսափելի մեծ արդյունք է պահանջում: Անհնարին է: Խոսում են ծախսերի վերադարձի մասին` արդյունքի տեսքով, այդ առումով նախկին վարչապետներից մեկին ակադեմիայի ժողովներից մեկում ասել են` երբ Վռամշապուհ արքան հայոց գրերի ստեղծման ժամանակ օգնում էր Մեսրոպ Մաշտոցին, նա չէր ակնկալում, որ դրանով իր գանձարան գումար պիտի մտնի, գումարը հոգեւոր արժեքների տեսքով եկավ Հայաստան:

- Որպես պատմաբան կխնդրեի գնահատել` ի՞նչ վիճակում է հիմա մեր երկիրը, վիճակի հետեւա՞նք են այս կարգի որոշումները միայն, թե, այնուամենայնիվ, ռեսուրս կարելի գտնել:

- Գնում ենք կրճատումների ճանապարհով, որովհետեւ վիճակն է թելադրում, աղետալի ֆինանսատնտեսական վիճակում ենք, միայն պետական պարտքի` 6 միլիարդի շրջանակում գտնվելը դրա պարզ վկայությունն է: Բայց երբ գնում ես կրճատման ճանապարհով երկրում ահռելի գործազրկության պարագայում, զուգահեռաբար աշխատատեղ չստեղծելով ու ծրագիր չառաջարկելով` ազատված մարդկանց վերաբերյալ, իսկ ՊՈԱԿ-ներում աշխատող մարդկանց մի զգալի հատվածը լուրջ գիտնականներ ու մասնագետներ են, ու նրանք մնալու են փողոցում, սա անընդունելի է:

«Ի՞նչ պետք է անել հարցին» հարցին ես պատասխանում եմ` հանգիստ թողեք գիտությունը: Չեմ ուզում, որ անիվ հորինենք: ԳԱԱ-ին հատկացվող 5 մլրդ դրամը չնչին ֆինանսավորում է:

- Կներեք հարցի ոչ կոռեկտ ձեւակերպման համար, օրինակ` եթե դուք լինեիք ԳԱԱ ղեկավարը, ի՞նչ կձեռնարկեիք:

- Կառավարության հետ կխոսեի շատ կարծր դիրքերից, հիշեցնելով, որ ազգային արժեքն անձեռնմխելի է: Կորուստը կլինի անդառնալի, մենք ոչ մեկս հավերժ չենք, բայց գիտությունը, ի դեմս ակադեմիայի եւ մյուս հաստատությունների, ազգային արժեք է, եւ վերացնելը անդառնալի կլինի մեր երկրի համար: Որովհետեւ մենք ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ հեռանկար կարող ենք ունենալ առաջիկա տասնամյակի ընթացքում, բացի գիտությունից: Զարմանալի է, մի կողմից խոսում ենք գիտության կարեւորության մասին, մյուս կողմից էլ գիտությունը քանդելու ճանապարհով ենք գնում: Ես չեմ խորշում ասել` շատ մի՛ փորփրեք եւ բարեփոխում ասվածը չարեփոխման մի վերածեք, 25 տարի հնարավոր չէ բարեփոխում իրականացնել: Թեմատիկ ֆինանսավորումը, որի դեմ այդքան պայքարեցինք, վերջապես համոզվեցին, որ արդյունավետ չէ, վերջին տարիներին նորից վերադարձանք բազային ֆինանսավորման, որը քննություն էր բռնել կես դարից ավելի: Հիմա նորից խոսում են թեմատիկ ֆինանսավորման մասին, որի դեպքում շատ ավելի կամայական մոտեցում կարող է լինել:

Ես զգուշացրել եմ, որ սա շատ վտանգավոր խաղ է եւ կարող է բումերանգի էֆեկտ ունենալ:

- Եթե Դուք լինեիք վարչապետը, ինչ կերպ կդնեիք խնդիրը` նկատի ունենալով մեր այժմյան պայմանները:

- Նախ փող չլինելը հարաբերական է, երբ տեսնում ես, կառավարությունն էլ բացահայտեց վերջին շրջանում, որ շատ թաքցված գումարներ կան, ու դրանք կարող են բյուջե մտնել: Պարզվեց, որ գազի գինը հնարավոր էր իջեցնել, երբ վիճակը ծանր է, այսինքն` եթե ուզում են, ֆինանսներ գտնվում են: Իսկ գալով Ձեր հարցին` ես ինձ չեմ պատկերացնում վարչապետի պաշտոնում, որովհետեւ չգիտեմ լուծումը, չեմ պատկերացնում, ազնվորեն խորստովանում եմ, ամեն մարդ պետք է լինի իր տեղում: Վարչապետը ծրագիր պետք է առաջարկի, իսկ ես փորձեմ այդ ծրագրին նպաստել: Պատմության ինստիտուտի մակարդակով` պատկերացնում եմ, թե ինչ պիտի անեմ. երբ տնօրեն դարձա, երեսուն ծանրակշիռ աշխատություն դրված էր դարակում, փոշին վրան նստած, տպագրելու հնարավորություն չունեինք: Ստեղծեցինք Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անունով տպարան, 150-ից ավելի գիրք ենք հիմա տպել մեր միջոցներով, դրսից ոչ մի օգնություն չենք ստացել: Տպարանը նվիրեցին Աշճյանի հարազատներն ԱՄՆ-ից, տպում ենք բարեգործական հիմունքնեով, առանց վաճառքի, հիմա գոնե գիտաշխատողը գիտի, որ ինքը գիտական պրոդուկտ տա` անպայման կտպագրվի: Տարեկան տպագրում ենք 30-40 մենագրություն եւ ժողովածու: Ակադեմիական հրատարակությունների 600 աշխատությունից 350-400-ը հումանիտար բլոկի ինստիտուտներն են տպագրում: Թողնեն մեզ հանգիստ` աշխատենք, կա համակարգ, որն աշխատում է, էդ համակարգի գլխին խփելն ապագայի իմաստով վտանգավոր է: Վերջին շրջանում գոնե սոցիալական փաթեթի մեջ հայտնվեցինք, մարդիկ կարողանում են բուժվել, իսկ մեր կառուցվածքները սուղ ֆինանսավորմամբ էլ աշխատում եւ արդյունք են տալիս:

Հարցազրույցը վարեց` ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

http://www.azg.am/AM/2016111805/

 

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net