Ով քամի է ցանում…

Samvel Hovasapian

Վերջին տարիներին Հայաստանի ոչ միայն տնտեսական և քաղաքական իրավիճակն է, որ մտահոգում է շատերիս, այլ մի քանի այլ հանգամանքներ ևս, որոնք բոլորն էլ շղթայաբար կապված են իրար:

Դրանք են՝

ա) Ռուսաստանի չափից ավելի ներկայությունը և ազդեցությունը Հայաստանի տնտեսական, քաղաքական ոլորտներում: Որքանով, որ հասարակությանը հայտնի է, Հայաստանի գրեթե բոլոր տնտեսական կարևոր կառույցները կենտրոնացվել են Ռուսաստանի քաղաքացիների ձեռքերում: Ոչ միայն այդ. քաղաքական դաշտում Ռուսաստանը իրեն թույլ է տալիս Հայաստանի իշխանությունների հետ վարվել որպես վասալի: Նա գրեթե միայնակ ցանկանում է կարգավորել Արցախի հարցը, նա համարյա թելադրում է Հայաստանին թե՛ տնտեսկան, թե՛քաղաքական արտաքին կապերը: Ռուսաստանի իշխանությունները իրենց նման բան թույլ են տալիս՝ լավ գիտակցելով երկրի աշխարհագրական դիրքը, Հայաստանի իշխանությունների հակաժողովրդական քաղաքականության պատճառով վարկի, այդպիսով նաև իրենց թիկունքի կորուստը թե՛ Հայաստանի և թե՛ աշխարահասփյուռ հայության մոտ:

բ) Բնականաբար, վերոհիշյալ իրողությունը բացի այն, որ ժողովրդի մոտ անվստահություն է առաջացնում դեպի իշխանությունները, նաև նրա մոտ հակառուսական տրամադրություններ է ստեղծում, որը իրենց հերթին բորբոքում են ընդդիմության որոշ լիդերներ, որոնց ընդգծված հակառուսական կեցվածքը և քարոզչությունը լուրջ մտահոգության առիթ է տալիս: Ինչումն է կայանում ընդդիմության որոշ լիդերների հակառուսական կեցվածքի և քարոզչության վտանգավորությունը. եթե երբևէ այն դառնա պետական քաղաքականության հիմք, ապա դա կնշանակի լրջորեն վտանգել երկրի և հայ ժողովրդի ապագան: Այդ լիդերները դասը սերտած աշակերտի նման, միալար հոլովում են այն կարգախոսը, որ Հայաստանը լավ ապագա կունենա միայն Ռուսաստանի ազդեցությունից դուրս, բայց, քանի որ շրաջապատված է թշնամի երկրներով, ապա նա պետք է «քաղաքակիրթ աշխարհի» հովանավորությունը փնտրի: Նման քարոզչությունը սիրով մոռանում է անցյալը, պատմությունը, հաշվի չի առնում վերջին երկու հարյուր տարվա հակամարտությունների ընթացքը Եվրոպայում և Արևմուտքի փարիսեցիական և շահամոլ քաղաքականությունը, և թե դա որքան թանկ նստեց հայ ժողովրդի վրա և այսօր էլ թանկ է նստում աշխարհի թույլ զարգացած, մանավանդ Միջին Արևելքի արաբախոս ժողովուրդների վրա:

Բայց իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում այդ, այսպես կոչված,  «քաղաքակիրթ աշխարհը»:

Սկսած 1985 թվականներից՝ չի խաղաղվում Իրաքը: Իրան – Իրաք երկարատև պատերազմի ընթացքում երկկողմ զոհվեցին և խեղանդամ դարձան միլիոնավոր մարդիկ, ավերվեցին քաղաքներ, բազմաթիվ բնակավայրեր: Դա «քաղաքակիրթ աշխարհից» և ոչ մի պետության կամ դիվանագետի չէր հետաքրքրում. նրանք ավելի շուտ հետաքրքրված էին և հոգ էին տանում, որ այդ պատերազմում հաղթող և հաղթվող կողմեր չլինեն: Գիտակ թղթակիցները գրել են, որ այդ պատերազմի ընթացքում Արևմուտքի ռազմարդյունաբերությունը՝ մանավանդ ամերիկյանը, միլիարդներ շահեց, քանի որ, ոչ միայն Իրաքն էր Արևմուտքից զենք գնում, այլ նաև Իրանն էր ստիպված  ԱՄՆ-ից գնում, քանի որ Իրանի զինտեխնիկան բացարձակապես Արևմտյան էին: Հայտնի է, որ շահի տիրապետության ժամանակ Իրանը ԱՄՆ-ում արտադրված զենքերի տարածաշրջանում ամենախոշոր գնորդն էր: Տարիներ հետո այդ պատերազմին հետևեց ԱՄՆ-ի և այսպես ասած՝ կամավորների ներխուժումը Իրաք, ինչը բացարձակապես հիմնված էր CIA կողմից հորինված կեղծ փաստաթղթերի վրա և լիազորված չէր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից:

Dustin Hoffman

Այդ օրերին՝ Բեռլինի կինոֆիլմերի փառատոնի բացման ժամանակ, ամերիկյան հայտնի դերասան Դաստին Հոֆմանը (Dustin Hoffman), դատապարտելով այդ պատերազմը, որը, ըստ իրեն, արդյունքն է «հնարած ստերի և կեղծիքների», ասաց.

«Նաև Վիետնամի պատերազմը ստերով սկսվեց, որը այդքան մարդկային զոհեր խլեց»:

Երևի թե սխալ և ավելորդ չէր լինի այդ «քաղաքակիրթ աշխարհի» էությունը լրիվ պարզաբանելու համար այստեղ ևս մեջբերումներ կատարել մի քանի գրքերից:

Վերջին տարիներին Գերմանիայում, ինչպես նաև ԱՄՆ –ում տպագրվել են բազմաթիվ գրքեր. տարբեր գիտակ և անաչառ թղթակիցներ, պատմաբաններ փորձում են դիմակազերծել այդ «քաղաքակիրթ աշխարհին», որը Հայաստանի ընդդիմադիրների մոտ երբեմն որպես «առասպելի հերոս» է ընկալվում: Արևմուտքի այդ թղթակիցները փաստերով և իրենց ուսումնասիրություններով, նաև անաչառ վերլուծություններով, բացահայտում, քողազրկում են այդ «առասպելը»: Նրանք ապացուցում են, որ իրականում ԱՄՆ-ի թե՛ արտաքին, թե՛ ներքին տնտեսական քաղաքականությունը թելադրում են ԱՄՆ-ի ռազմական և նավթարդյունաբերական ինդուստրիայի շեֆերը և իրականում նրանք իրենց լոբբիստների միջոցով ցանկալի ուղղությունն են տալիս այդ քաղաքականություններին:

 

Stephen M. Walt

Չի կարելի անտեսել նաև Իսրայելի լոբբիստներին, որոնց ազդեցությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա որոշիչ է այն պահին, երբ Իսրայելի անվտանգության հարցն է օրակարգի վրա դրված լինում: Այս հարցին մանրամասնորեն անդրադարձել են ամերիկացի անվանի քաղաքագետներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ Ջոհն  Ջ. Մերսհայմերը (John J. Mearsheimer) և Շտեֆեն Մ. Վելտը (Stephen M. Walt): Նրանք 2006 թվականին հրատարակել են մի ուշագրավ գիրք, հետևյալ խորագրերով՝

«Իսրայելի Լոբբին»

«Թե ինչպես է ազդեցություն բանեցվում ամերիկյան արտաքին քաղաքականություն վրա» (John J. Mearsheimer and Stephen M. Walt, The Israel Lobby and U.S. Foreign Policy)

Նրանք գրում են.

John J. Mearsheimer

Ինչո՞ւ է ԱՄՆ – ը ներխուժել Իրաք:

Տապալել Սադամ Հուսեյնին. նույնիսկ այսօր էլ դժվար է նման որոշումը հասկանալ: Իհարկե, որ նա բիրտ բռնակալ էր՝ երկյուղալի հավակնություններով, ներառյալ

նրա ձգտումը՝ մասսայական ոչնչացման զենքերի տիրանալու, բայց այն նույն նրա անընդունակությունը, նրան խանգարում էր նման վտանգավոր նպատակին հասնել: 1991 թվականի նեղուցի երկրորդ պատերազմում պարտվել էր նրա բանակը, իսկ ՄԱԿ-ի տասնամյակ տևող հարկադրական միջոցները և սահմանափակումներն էլ ավելի էին թուլացրել նրա մարտունակությունը: Իրաքը, որի ռազմական կարողությունը, բացի թղթերի վրա, երբեք հատուկ տպավորություն չէր թողնում, արդեն իսկ 2003 թվականին դարձել էր մի թույլ հակառակորդ, քանի որ ՄԱԿ-ի հաճախակի ստուգումները ընդհատել էին Սադամ Հուսեյնի ատոմային ռումբի ծրագիրը, նրան ստիպել էին ոչնչացնել նաև իր քիմիական և կենսաբանական զենքերի պահեստները: Մյուս կողմից կարելի չեղավ որևէ կապ հայտնաբերել Սադամ Հուսեյնի և Օսամա Բեն Լադենի միջև, որպեսզի կարողանալ այն հավաստիորեն փաստել (նրանք նույնիսկ թշնամիներ էին): Բացի այդ, Օսամա Բեն Լադենը և նրա օգնականները գտնվում էին Աֆղանստանում, կամ Պակիստանում, ոչ թե Իրաքում: Այնուամենայնիվ, Բուշի կառավարությունը սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերի հետևանքով որոշում կայացրեց հարձակվել մի կործանվող երկրի վրա, որը ոչ մի առնչություն չուներ Համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center) և Պենտագոնի վրա հարձակումների հետ, բացի այդ նա արդեն իսկ ամբողջովին խիստ և ազդեցիկ հսկողության տակ էր գտնվում:

Բայց այստեղ գոյություն ունի նաև մի այլ էական գործոն, առանց որի ներգործության, հավանաբար, այդ պատերազմը տեղի չէր ունենալու: Այդ գործոնը Իսրայելի լոբբին է, և հատկապես մի խումբ նոր պահպանողական գաղափարախոսների և փորձագետների ազդեցությունը, որոնք դեռ շատ վաղուց՝ այսինքն դեռ սեպտեմբեր 11-ից շատ առաջ, Ամերիկայի իշխանությունների վրա ճնշում էին գործադրում, որպեսզի նա  հարձակվի Իրաքի վրա: Իհարկե, Իսրայելի և Իսրայելի լոբբիի ճնշումը միակ ֆակտորը չէր, որը հանգեցրեց Բուշի կառավարության որոշմանը՝ 2003 թվականի մարտին, հարձակվել Իրաքի վրա: Բայց այն որոշիչ էր:

Մենք հավատացած ենք, որ պատերազմը մեծ մասամբ պայմանավորված էր հետևյալ ցանկությունով՝ Իսրայելի համար էլ ավելի ապահովություն ստեղծելով: 2005-2006 թվականներին արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Ցելիկովը ՝ Կոնդոլենցա Ռայսի խորհրդատուն, իր 2002 թվականին կայացած մի բանախոսության ընթացքում անդրադառնում է, որ Սադամը Ամերիկայի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ըստ նրա, «Իրական սպառնալիքը», դա «Իսրայելի դեմ սպառնալիքն» էր: Նա ավելացնում է նաև, որ ոչ մեկը չի ցանկանում այդ սպառնալիքը այդպես կոչել, որովհետև դա եվրոպացիներին բոլորովին չի հետաքրքրում, իսկ Ամերիկայի կառավարությունը չի ցանկանում այն նշել, քանի որ այն որպես փաստարկ, սիրված չէ:

Իսրայելի առնչությունը Իրաքի պատերազմին այն սկսվելուց դեռ շատ առաջ հայտնի էր լայն շրջաններին: 2002 թվականի աշնանը թղթակից Մայքլ Քինսլին գրեց. «Իսրայելի դերի շուրջ հրապարակայնորեն վիճաբանության բացակայությունը նման է այս առածին՝ «Փիղը սենյակում»: Ամեն մեկը տեսնում է նրան, բայց ոչ ոք չի խոսում այդ մասին»:

Peter Scholl-Latour

Գերմանացի հայտնի թղթակից և հրապարակագիր Պետեր Շոլ- Լատուրը (Peter Scholl-Latour) իր բազմաթիվ գրքերում անդրադարձել է այդ հարցերին և թե, որքան կործանարար է «քաղաքակիրթ աշխարհի» երկերեսանի շահադիտական քաղաքականությունը զարգացող և ոչ զարգացած երկրների համար:

Նա իր, «Չար արարքի անեծքը» գրքում մանրամասն քննարկելով Միջին Արևելքում և Սիրիայում Արևմուտքի՝ ամենից առաջ ԱՄՆ-ի գործադրած քաղաքականությունը, գրում է.

 

«Ինչ որ տեղ՝ գաղտնի հրամանատարական վայրերում, կեղծ տեղեկատվություն թողարկող այդ գաղտնի ֆաբրիկաներում, որոնք անգլո-սաքսոնական, կարծիքներ ապակողմնորոշող ուժերի կողմից այդքան վարպետորեն օգտագործվում են, նշվում է, որ Սիրիան պետք է ենթարկվի այն նոր կարգ ու կանոնին, որը համապատասխանելու է Միջին Արևելքում ամերիկյան պատկերացումներին: Ես տեղեկացել էի, որ Նոր Կարոլինայում կեղծիքներ հորինող նման մի կենտրոն կա և դա ամենևին էլ չի բացառում, որ մեծ Բրիտանիայում և Իսրայելում էլ նման կենտրոններ կլինեն:

Համենայնդեպս, դեռ նախքան Դերայում և Հոմզում տեղական ցույցերի սկսվելը, առանց այլևայլի պահանջ էր դրվում, որ պետք է Դամասկոսում իշխանությունը ոչնչացվի:

2013 թվականին «Ազատ Սիրիայի Բանակի»  Սուլեյման կեղծանունով մի սպա, ում ես այցելել էի, իր ժամանակավոր հրամանատարական տնակում, ինձ հետևյալը խոստովանեց.

«Դերայում ցույցերը ինքնաբերաբար չեն սկսվել: Նա ինքը դրանից մի տարի առաջ հանդիպում է ունեցել հորդանանյան և ամերիկյան ծպտված լրտեսների հետ: Նրանք, իրեն վստահեցնելով, որ նա ֆինանսապես ապահովված կլինի, ցանկանում էին իրեն քաջալերել՝ միանալու «Ազատ Սիրիական Բանակի» հեղաշրջման ծրագրերին: Այդ բանակին անհրաժեշտ կառուցվածքը տրամադրվելու և զինումը կատարվելու էր Հորդանանի հողի վրա: Դրանից հետո, շնորհիվ Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Քաթարի Էմիրաթի լայն ֆինանսավորման, բայց և CIA-ի անմիջական ղեկավարության ներքո, իրականացվել է խռովարարների բանակի կազմումը և զինումը՝ ամենաժամանակակից պատերազմական զենքերով: Անկասկած, որ հենց այդ ժամանակ էլ միջազգային դավադրություն է կազմակերպվել Դամասկոսում ՝ Բաաս կուսակցության իշխանության դեմ»:

Վաշինգտոնում, Ռիադում, Դոհայում, ինչպես նաև Երուսաղեմում վստահ էին, որ Սիրիայում, Արևմուտքի կողմից օգնություն ստացող ընդդիմադիրների բանակի երևան գալը հուսալքված զանգվածների մոտ համաժողովրդական անդիմադրելի մի շարժում կառաջացներ, որի պատճառով Ասադի և ալավիթների կլանը կարճ ժամանակամիջոցում վերացվելու էր: Ահա մեկ անգամ ևս, ինչպես ժամանակին Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, հավանաբար նաև վաղը Իրանում, Արևմուտքի լրտեսական ծառայությունները իրենց ցանկալի պատկերացումների, ինչպես նաև ուտոպիական և սխալ ծրագրերի զոհը դարձան:

Դերայի անկումից հետո Հոմս քաղաքը առնվեց աքցանի մեջ. այստեղ Սաուդյան Արաբիայի կողմից ռազմամթերքի տրամադրումը ավելի ուժեղացրած թափով էր, քան այլ տեղերից, որի պատճառով պետական բանակը ծանր կացության մեջ ընկավ: Հոմսում պարզվեց նաև, որ քարյուղի միապետին բոլորովին էլ չէր հետաքրքրում աշխարհիկ և Արևմուտքի ապրելակերպին ձգտող «Ազատ Սիրիական Բանակին» զինամթերք մատակարարելը: Սաուդյան Արաբիայի Վահաբիստների իսկական  դաշնակիցները այն նույն ծայրահեղ՝ «Աստծո Մարտիկներն» էին, որոնք իրենց ջիհադիստներ են անվանում:

«Վերջերս, -շարունակում է սպան,- հաճախակի են դառնում բախումները ԱՄՆ-ի կողմից հովանավորվող «Ազատ Սիրիայի Բանակի» և մեծ արագությամբ հզորացող ծայրահեղ իսլամիստների՝ կանաչ լեգիոնների միջև, ովքեր «սրբազան պատերազմի» են արշավել: Նրանց նպատակն է Սիրիայում ալավիթներին՝ «Աստծո թշնամիներին» ոչնչացնել, քրիստոնիաներին երկրից վտարել և  Դամասկոսում նոր խալիֆաթ հիմնել, որի կրոնական խստությունը, գերազանցելու է թալիբանների կողմից գործադրած բռնության մեթոդները»:

Արևմուտքի կողմից Սիրիայի տարածքում գործադրված իշխանափոխության փորձի լրիվ ձախողումը բացահայտվեց այն ժամանակ, երբ  այս երկու ջիհադ՝ «Ջիհադ Էլ Նուսրա» և «Ահրար էս- Շամ» կազմակերպությունները միացան, որպեսզի իսլամական Աստծո պետություն ստեղծեն:

«Դուք երևի կզարմանաք, որ ես այսպես բացահայտ եմ մեր ներկա անհույս կացության շուրջ խոսում, – ավելացնում է Սուլեյմանը,- բայց այսօր գիտենք, որ մենք «մեծ խաղում» միայն շախմատի խաղաքարերն ենք»:

Michael Lüders

Երրորդ գիրքը, որից արժե մեջբերումներ կատարել, դա գերմանացի թղթակից Միշայել Լյուդերսի (Michael Lüders) հետևյալ գիրքն է՝ «Նա, ով քամի ցանի» (Wer

den Wind sät), որը հրատարակվել է 2015 թվականին.

Որպես Համբուրգի «Die Zeit» շաբաթաթերի թղթակից, նա երկար տարիներ աշխատել է միջին Արևելքում և իր անմիջական դիտարկումների շնորհիվ լավ ծանոթ է այդ տարածաշրջանի երկրներին և վերջին տարիների իրադարձություններին: Նա իր գրքում մանրամասն նկարագրում է Արևմուտքի միջամտությունները Միջին և Մերձավոր Արևելքում և ցույց է տալիս դրանց ողբերգական հետևանքները, որոնք են՝ տեռորը, պետականությունների փլուզումը և «Իսլամական Պետության» միլիցիաների հաղթարշավները:

Նա գրում է.

«Ով ներկայիս հակամարտությունը Միջին Արևլքում, «Իսլամական պետության» առաջխաղացումը, ինչպես նաև Իրանի հետ ատոմական հակամարտությունը, Իրաքի դեմ կազմակերպված տարբեր գործողությունները, հետո պատերազմը, կամ ներկայիս Սիրիայում մոլեգնող քաղաքացիական պատերազմը  հասկանալ է ցանկանում, ապա նա պետք է նախ ուսումնասիրի ԱՄՆ – ի գլխավորությամբ արևմտյան երկրների բանեցրած քաղաքականությունը աշխարհում, մասնավորապես այդ տարածաշրջաններում, նկատի առնի երկրորդ պատերազմից հետո ԱՄՆի կողմից գլխավորած այլ և այլ անմիջական միջամտությունը այդ երկրների ներքին քաղաքականությանը, որի հետևանքները շատ երկրներում քաղաքացիական պատերազմներն են՝ Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, ինչպես նաև այդ երկրների պետական կառույցների և կենտրոնական իշխանության լրիվ քայքայումը: Իհարկե, հրդեհ ստեղծողը միայն Արևմուտքը չէ, բայց նա եղել է որոշիչը. ամենակարևորը, որ նրանց կողմից ստեղծված հրդեհը, արդեն մոլեգնում է մի քանի տարածաշրջաններում:

Սկսած 1953 թվականից, երբ Իրանում ԱՄՆ- ի և Մեծ Բրիտանիայի գաղտնի գործակալների միջոցով հեղաշրջում կատարվեց Մոսադդեղի դեմ՝ միշտ էլ արևմտյան երկրների, ամենից առաջ սակայն ԱՄՆ- ի միջամտությունը կատարվել է նույն չափանիշով՝հակամարտ կողմերը որակվել են որպես «լավ» և «չար»: Սկսած այն պահից, երբ որոշ կազմակերպություններ կամ երկրների ղեկավարներ, շատ հաճախ նույնիսկ իրենց դրածոներ (Սադամ Հուսեյն, Օսամա Բեն- Լադեն) որակվել են որպես «չար», ապա Արևմուտքը իրեն թույլ է տվել բոլոր միջոցներով՝ նույնիսկ արևմտյան մամուլի (նաև լիբերալ) օգնությամբ նրանց որպես հրեշավոր կերպար որակել: Նրանց համեմատումը Հիտլերի հետ մի չափանիշ է նրանց համար, նաև արդյունավետ և նպատակահարմար միջոց՝ ասելու, որ նման հրեշների հետ նույնիսկ խոսելը, առավելևս բանակցելը, արդեն իսկ դավաճանություն է այն արժեքների հանդեպ, որոնց պաշտպանության համար կոչված է Արևմուտքը:

Մոսադդեղը առաջինն էր որպես երկրորդ «Հիտլեր» որակվել. նա 1951 թվականին համարձակվեց ազգայնացնել Իրանի  նավթարդյունաբերությունը, որը ամբողջովին հսկվում էր Անգլիայի կողմից: Նրան հետևեց Եգիպտոսի նախագահ Աբդել Նասերը, ով 1956 թվականին ազգայնացրեց Սուեզի ջրանցքը և այդպիսով արժանացավ Անգլիայի և Ֆրանսիայի ներդնողների կատաղի դիմադրությանը: Նաև նա էր որակվել որպես «երկրորդ Հիտլեր» և պետք էր Սուեզի պատերազմի միջոցով տապալվեր, սակայն այդ նրանց չհաջողվեց: Վերջին տարիներին «երկրորդ Հիտլեր»-ի տիտղոսին են արժանացել նաևՍադամ Հուսեյնը, Իրանի նախքին նախագահ Ահմադինեժադը, Բաշեր ալ-Ասադը և Վլադիմիր Պուտինը:

Իհարկե, որ «չարը» ունի իր հակառակորդը, օրինակ՝ «անձնազոհ լավը»: Մենք այդ լավերից ենք, լավերից է նաև Արևմուտքի բանեցրած արտաքին քաղաքականությունը, որովհետև նա  հանդես է գալիս որպես ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան: Արևմտյան քաղաքական գործիչները, դիվանագետները հնարավորինս խուսափում են իրենց երկրների շահերից խոսել: Նրանք ավելի շուտ նախընտրում են խոսել համատարած  «ժողովրդավարությունից և բարօրությունից»:

Նրանք երբեք չեն խոսում իրենց սխալների, թերացումների, ստերի, կամ  կատարած հանցագործությունների մասին, որոնք սեպտեմբեր 11 –ից հետո արաբական-իսլամական երկրներում հարյուրհազարներ մարդկային զոհերի պատճառ են դարձել, նրանք սիրով շրջանցում են նման իրականության մասին խոսելը: Հետո, իհարկե, որ «լավերը» իրավունք ունեն պատժելու «չարերին», օրինակ՝ տնտեսական սահմանափակումների միջոցով՝ հուսալով, որ ինչ որ մի օր այդ երկրներում իշխանափոխություն կկատարվի: Վերջին տարիներին նման պատժամիջոցներ կիրառվել են մասնավորապես Իրանի և Ռուսաստանի դեմ:

Գրքի վերջում նա գրում է.

«Արդյոք կա՞ն դասեր, պատմության հաստատուննե՞ր, որոնք շարունակվում են 1953 թվականի Մոսադդեղի տապալումից մինչև 2014 թվականի Գազայի պատերազմը: Այստեղ, նախ վերառնում է այն մեծ հակադրությունը, որը գոյություն ունի Արևմուտքի դեմոկրատների կողմից տրված ազատության խոստումների և այն համատարած արյան հետքերի միջև, որոնք ողողել են արևլքը՝ որպես Արևմուտքի ռազմական միջամտության արդյունք:Այն նաև տևական տնտեսական սահմանափակումների, ինչպես նաև ամենաչարագործ բռնակալների հետ Արևմուտքի համագործակցության արդյունքն է, իհարկե, քանի դեռ նրանք Արևմուտքի կողմնակիցներն են: Պետություններ են կործանվել, տարբեր շարժումներ են ստեղծվել… և ակնհայտ է, որ  համաշխարհային ոստիկանը նկատելիորեն նպաստել է, որպեսզի մեր դեմ նոր թշնամիներ ստեղծվեն. այս հանգամանքը պետք է առանձնահատուկ շեշտել: Եվ պետք է ասել, որ«Ալ Քաիդա»-ն և «Իսլամական պետություն»-ը արժանի են «ստեղծված՝է ԱՄՆ – ում» (Made in USA) պիտակը կրելուն:

Գրքի վերջում հեղինակը որոշակի հիասթափված և բարկացած, գրում է.

«Մենք պետք է մերժենք հակասեմիթականը, իսլամի դեմ ատելության քարոզչությունը, դիմակայենք այն շրջաններին, ովքեր չարաշահում են մեր ազատությունը: Դրանց շարքին են պատկանում նաև ամենից առաջ նրանք, ովքեր՝ «Քամի են ցանում և փոթորիկ են հնձում» և դա ոչ միայն Արևելքում: Նրանց համար ամենաճիշտ վայրը Հաագայի միջազգային դատարանն է:

Այն օրը, երբ այնտեղ կամբաստանվեն գրասեղանային ամենամեծ հանցագործները, գոնե նրանցից մի քանիսը, ամենից առաջ Ջորջ Բուշը (Gorge W. Bush), Դիկ Չենին (Dick Cheney),Թոնի Բլերը (Tony Blair), Դոնալդ Ռամսֆելդը (Donald Rumsfeld), ապա այդ օրը «Արևմտյան արժեքների ընդհանրություն» հասկացողությունը» կյանք կստանա:

Սամվել Հովասափյան

Բեռլին, նոյեմբեր 2016

——————————————–

Photos: Wikipzdia

Լյուդերսի բանախոսությունը և իր գրքի ներկայացումը գերմաներենով այստեղ՝  http://images.google.de

 

 

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net