Ջավախքը հայաթափվում է, կա մեկուսացման վտանգ… պետք են հստակ քայլեր. Աղասի Արաբյան

ԵՐԵՎԱՆ: 16 հունվար- 1lur.am: Ջավախքի ու ջավախահայերի խնդիրների մասին 1lur.am-ը զրուցեց   «Ռուսաստանի  ջավախքյան սփյուռք »  հասարակական  կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի հետ:Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

_Պարոն Արաբյան, Ջավախքում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, բայց կարևորագույնների շարքում է հայոց լեզվի կիրառումը չթույլատրելու հարցը: Չէ՞ որ լեզուն նաև ազգային ինքնությունը պահպանելու գլխավոր միջոցներից մեկն է: Ի՞նչ կասեք սրա մասին:

_Մեր հասարակական կազմակերպությունը վաղուց պայքարում է Ջավախքում (Սամցխե-Ջավախեթիի) հայերեն լեզվի պահպանման համար: Մենք շարունակ  ելույթներ  ենք ունեցել  լրատվամիջոցներով  ու եվրոպական հեղինակավոր ամբիոններից բարձրացրել այս հարցը, բայց, ցավոք, սայլը այդպես էլ տեղից չի շարժվել ու ոչ մի շոշափելի արդյունք դեռևս չկա: Շատ խնդիրներ կան, բայց ես կթվարկեմ դրանցից մի քանիսը: Դրանք Ջավախքի դպրոցների հայոց լեզվի ուսումնական ժամերի կրճատումներն են, հայերեն դասագրքերի ներկրումը չթույլատրելը Վրաստանի  կողմից:  Կա նաև հայերենը Ջավախքում որպես երկրորդ ադմինիստրատիվ լեզու կիրառելու խնդիրը: Վերջին ժամանակներում տարածաշրջանում  վրացական  ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ այս տարի հայերեն դասագրքերի հարցը կլուծվի, բայց դրան, անկեղծ ասած, դժվար է հավատալ: Այլ կերպ ասած՝  շարունակվում են խախտվել մարդու սահմանադրական իրավունքները և Վրաստանում ապրող հայ ազգաբնակչության ազատությունները:

Հիշեցնենք, որ 1999 թ.-ին  Վրաստանը, անդամագրվելով Եվրոմիությանը, պարտավորվել էր ստորագրել և իրագործել «Ազգային փոքրամասնությունների  լեզվի պահպանման մասին օրենքը »: Բայց արդեն գրեթե 20 տարի է Եվրամիության կազմում գտնվելով՝ Վրաստանը ոչ վավերացրեց, ոչ էլ իրագործեց հիշյալ  օրինագիծը:

Մենք բազմիցս հանդես ենք եկել այդ հարցով և պահանջել ենք, որ Վրաստանի իշխանությունները կարճ ժամանակամիջոցում պարտավորվեն իրականացնել եվրոպական պայմանավորվածությունները: Այս հնարավորությունն էլ օգտագործելով՝ կրկին դիմում ենք համապատասխան մարմիններին պահպանել  ջավախահերի իրավունքները, ովքեր նույնպես  Վրաստանի լիիրավ քաղաքացիներ են և հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:  Մենք պահանջում ենք, որ Վրաստանի իշխանությունները հետևեն  ՄԱԿ-ի Ազգերի արմատական իրավունքների կոնվենցիային:

_ՀՀ Սփյուռքի նախարարությունը ինչ-որ ձևով անդրադարձել կամ օժանդակել է խնդրի լուծմանը: Կա՞ն հստակ քայլեր:

_ՀՀ Սփյուռքի նախարարությունն  այս ուղղությամբ բավականին քայլեր ձեռնարկել է, բայց, ցավոք, ամեն ինչ չէ, որ կախված է այդ կառույցից: Իսկ ինչ վերաբերվում է հայկական դպրոցների   կահավորմանը, որը Սփյուռքի նախարարությունը տրամադրում է Ջավախքին, վրացական իշխանությունները չեն խոչընդոտում, ընդհակառակը՝ ուրախ են: Իսկ դասագրքերի առումով  ունեն պարտադրանքներ: Վրաստանը, օգտվելով իր աշխարհագրական բարենպաստ դիրքի առավելություններից  Հայաստանի համամետ,  կոպտորեն խախտում է հայերի իրավունքներն ու ազատությունները, ովքեր ապրում են Ջավախքում, իսկ, այսպես կոչված, եվրոպական դեմոկրատ ինստիտուտները փակում են աչքերը և ձևացնում, որ ամեն ինչ կարգին է, բայց չէ՞որ աբխազական Գալ քաղաքում, որտեղ գերակշռում են  վրացի ազգությամբ  Աբխազիայի քաղաքացիներ, կրթությանը վերաբերող ամենափոքր խախտման դեպքում Եվրոպան «սրում է ականջները» : Իսկ ի՞նչ է՝ մեր հայ երեխաները երեխաներ չե՞ն, նրանք Վրաստանում չունեն իրավունքներ, որովհետև հայե՞ր են:

_Ջավախահայերի խնդիրները թվարկելիս  չենք կարող չանդրադառնալ նաև արտագաղթին: Կարելի է ասել, որ Ջավախքն այսօր հայաթափվում է: Ի՞նչ գործոններ են սրան նպաստել:

_ Ըստ իս, որպեսզի օբյեկտիվ  կարծիք կազմենք Վրաստանում ազգային փոքրամասնությունների ժամանակակից դրության մասին, ամենաքիչը հարցը պետք է դիտարկել 3 ուղղություններով՝ քաղաքական, սոցիալական  հումանիտար: Երբ իշխանության եկավ  «Վրացական երազանքը», հայերի վիճակը համեմատաբար բարելավվեց, բայց, մեծագույն հաշվով ոչինչ չփոխվեց և, կարելի է անգամ ասել, վատացավ:Ախալքալաքի և Նինոցմինդայի տարածաշրջաններում, որտեղ ապրում է հայ համայնքի մեծամասնությունը և որտեղ հայերը կազմում են տեղի բնակչության 90 %-ը , ինչ ղեկավարություն որ եղել է նախկին իշխանությունների օրոք, այն էլ մնացել է, միայն այն տարբերությամբ, որ առաջ նրանք ծառայում էին հանցագործ քաղաքական կուսակցությանը՝ Սահակաշվիլի- Մերաբիշվիլի զույգին, որոնք  միասնական ազգային կուսակցության շարժման ղեկավարներն էին, հիմա ծառայում են «Վրացական երազանքին»… բայց դա դժբախտության կեսն է:

Հայ ազգաբնակչությունը , որը զրկված է իր էլեմենտար իրավունքներից, շարունակում է այդպես էլ մնալ: Չկա արդյունաբերություն, չկան ներդրումներ: Չկան աշխատատեղեր, չեն կառուցվում մանկապարտեզներ ու դպրոցներ: Բժշկական սպասարկումն ու դեղորայքը թանկ են, թոշակները ցածր են…Այս ամենը նպաստում է հայ ազգաբնակչության միգրացիային, ինչին, երևի, ուզում են հասնել այժմյան վրաց իշխանությունները: Տեղի է ունենում  տարածաշրջանի փաստացի մեկուսացում: Այս ամենին զուգահեռ՝ ռազմականացվում է տարածաշրջանը: Ախալցխան, Ասպինձան ու Ախալքալաքը գտնվում են մեկը մյուսից 25 կմ. հեռավորության վրա, Վրաստանի հարավում անմիջապես Հայաստանի պետական սահմանին  մոտ:Սա ավելի շուտ թուրքական պատվեր է, այլապես ինչպե՞ս հասկանալ, ինչու՞ է հենց Հայաստանի հետ սահմանին այդպիսի սպառազինում:Ի՞նչ է, վախենում են հայկական հարձակումից:Դա անհեթեթություն է:

_ Իսկ ի՞նչ պատասխան են տալիս սրան հայկական իշխանությունները:

_Հայկական իշխանությունները հասկանալի պատճառներով աչք են փակում վերը նշված խնդրի վրա, նրանց ձեռքերը կարծես կապված են: Մենք դա հասկանում ենք և վաղուց համայնքին կոչ ենք անում ուշադրություն դարձնել առկա իրավիճակին, որում հայտնվել են Ջավախքի (Սամցխե-Ջավախեթի-Ծալկա) հայերը: Ջավախքը հայաթափվում է: Հարկավոր են հստակ գործողություններ, օգնության կոնկրետ քայլեր… և, եթե պետք լինի , անգամ ճնշումներ վրացական իշխանությունների վրա:  Ջավախքը հիմա օգնության կարիք շատ ունի ոչ միայն Հայաստանից ու Արցախից, այլև  ողջ աշխարհի հայությունից: Միայն Ջավախքի պահպանումը կկանխի Հայաստանի շրջափակումը թուրք էթնիկ էլեմենտներից, որ Հայաստանի համար միշտ ունենում են ողբերգական հետևանքներ:

Հարցազրույցը՝ 1lur.am-ի:

 


социално споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net