Հ միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանն այսօր ուշագրավ տեղեկություններ է հրապարակել ՀՀ-ում արտագաղթի պահպանվող միտումների մասին: Եգանյանը հայտարարել է, որ ամեն տարի ՀՀ-ից անվերադարձ հեռացել է 30 հազար ՀՀ քաղաքացի: Հրապարակել է նաեւ տեղեկություններ ՀՀ անկախացումից ի վեր Հայաստանի ժողովրդագրական պատկերի եւ շարունակվող արտագաղթի մասին:

Եվ այսպես, ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարն առանձնացրել է արտագաղթի երեք շրջան.

1.1992-1994թթ. զանգվածային արտագաղթի տարիներ. Հայաստանը լքել է 600 հազար քաղաքացի

2.1995-2001թթ. կայունացման փուլ. Հայաստանը լքել է 250 հազար քաղաքացի

3.2002-2012թթ. Հայաստանը տարեկան լքել է 27-30 հազար քաղաքացի

4.2012-2016թթ. Հայաստանը տարեկան լքել է 30 հազար քաղաքացի

Պաշտոնական վիճակագրական տվյալների հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանը լքել է շուրջ 1 միլիոն 300 հազար մարդ, կամ ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարում էր Գագիկ Եգանյանը՝ «կորցրել ենք» այդքան քաղաքացի:

Հիշեցնենք, որ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետեւանքով կորցրել ենք շուրջ 1.5 մլն հայեր:

Հիմա այն մասին, թե արտագաղթի նման դինամիկայի դեպքում ինչ արդյունք կունենանք մենք:

Եթե պահպանվի տարեկան 30 հազար քաղաքացու «կորստի» պաշտոնական հրապարակված ցուցանիշը, կնշանակի, որ շուրջ 9 տասնամյակ անց ՀՀ-ն կդատարկվի ամբողջությամբ:

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ: Բոլորին էլ հասկանալի է, որ սա պաշտոնական ցուցանիշ է,  եւ որ իրականում ՀՀ-ում ապրող քաղաքացիների թիվն ավելի քիչ է: Սակայն անգամ պաշտոնական թվերը հաշվի առնելով՝ կստացվի, որ շուրջ 90 տարի անց Հայաստանն ամբողջությամբ կդատարկվի:

Սա այն դեպքում, եթե պահպանվի ծնելիության ու մահացության ցուցանիշը: Սակայն այս առումով եւս վիճակը հուսադրող չէ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2017թ.-ի հունվար-մարտ ամիսների ժողովրդագրության վերաբերող պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվն անցած 2016-ի նույն ամիսների համեմատ կտրուկ նվազել է:

2016թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ում ծնվել է 9.125 երեխա

2017թ.-ի հունվար-մարտին՝ 8.534:

Միեւնույն ժամանակ աճել է մահացության ցուցանիշը.

2016թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ում մահացել է 7.744 մարդ

2017թ.-ի հունվար-մարտին ՀՀ-ում մահացել է 8.037 մարդ

Քրիստինա Մկրտչյան

http://galatv.am/hy/news/1-300-22/

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert