1993 թվականի սեպտեմբերյան համարում «Օգանյոկ» ամսագիրը տեղադրել էր «Մեծ կոնստրուկտորի գաղտնի մահը» վերնագրով հոդված: «Մահացել է 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը՝ Սամվել Գրիգորի Քոչարյանցը: Այս անունը լսել էին ֆիզիկոսներն ու հրթիռագետները, պետության բարձրագույն ղեկավարությունն ու ԿՀՎ աշխատակիցները, սակայն քչերը գիտեին, թե որտեղ է նա ապրում, ինչ է մտածում, որտեղ է լինում: Նրա անձնագրում նշված էր, որ բնակվում է Մոսկվայում, սակայն հասցեն կեղծ էր՝ ​​ո՛չ փողոցը, ո՛չ տունն իրականում գոյություն չունեին: Սակայն, անձնագրում հատուկ նշան կար, ըստ որի ոստիկանության աշխատակիցներն անձնագրի սեփականատիրոջ հետ կարող էին համագործակցել և ամենաբարձր հարգանքը ցուցաբերել վերջինիս հանդեպ», – գրում է Asmaryan.blogspot.am-ը:

Սամվել Քոչարյանցը, ով վեցերորդ երեխան էր ընտանիքում, ծնվել է 1909 թ.-ին Նոր Բայազետում (ններկայիս՝ Գավառը) Սևանա լճի հարևանությամբ: Ընտանիքը աղքատ չէր, բայց հարուստ էլ չէր: Սամվելը սկսել է ուսանել Երևանի պետական ​​համալսարանում, սակայն նրան հեռացրել են այնտեղից ինչ-որ մեկի զրպարտության պատճառով, և 1930 թ.-ին Քոչարյանցը ստիպված է եղել մեկնել Մոսկվա: Սամվել Քոչարյանցը երեք տարի աշխատել է գործարանում, որը չուներ անուն և միայն 24 համարն էր կրում, որից կարելի է եզրակացնել, որ դրա արտադրությունն ամենևին սպառողական չէր: Այդ տարիները, հավանաբար, դարձան Սամվել Քոչարյանի ապագա գաղտնի կյանքի սկիզբը:

Այնուհետև Սամվել Քոչարյանը չորս տարի սովորել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտում: Նա ավարտել է ասպիրանտուրան՝ զուգահեռ դասավանդելով Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում, և պատերազմի առաջին ամռանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Քոչարյանցը կարող էր դասախոս դառնալ և ոչ թե «պետական ​​գաղտնիք», բայց նրա համար լրիվ այլ ճակատագիր էր սահմանված, գրում է Urbattert.am-ը:

երիտասարդ գիտնականի կտրուկ շրջադարձը կյանքում վրա հասավ 1947 թ.-ի սեպտեմբերին, երբ երկրում ծայրաստիճան գաղտնիության պայմաններում սկսվեցին միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները: Խիտ անտառում տեղակայված Սառով փոքրիկ գյուղում տեղակայվել էր ԽՍՀՄ միջուկային կենտրոնը՝ ԿԲ-11 կոչվող գաղտնի օբյեկտը: Ֆանտաստիկ գաղտնիության վարագույրը փակում էր միջուկային կենտրոնը: Գյուղն բացակայում էր բոլոր քարտեզներում: Տարբեր տարիների փաստաթղթերում այն ​​կոչվել է տարբեր կերպ: Ամենից շատ հայտնի է եղել որպես «Արզամաս-16»: Եվ ահա Սամվել Քոչարյանցը գրեթե կես դար ապրել և կառուցել է այս գիտական ​​քաղաքը: Նա դարձել է Խորհրդային Միության ամենագաղտնի մարդկանցից մեկը: 1959 թ.-ին Քոչարյանցի գլխավորությամբ ստեղծվել է Կոնստրուկտիվ Բյուրոն: Եվ նա ղեկավարել է այն երեք տասնամյակ՝ մինչև 1990 թվականը:

Ինչպես պարզվել է, գիտնականի ղեկավարությամբ ստեղծվել են միջուկային ռումբեր, պայթուցիկներ, տորպեդաներ, ռազմական հրթիռների գլխիկներ և այլն: Շնորհիվ իր եզակի գաղափարների և հսկայածավալ աշխատանքի՝ ստեղծվեցին միջուկային զենքի մի քանի սերունդներ, որոնք հիմք դարձան ԽՍՀՄ միջուկային ողջ զինանոցի համար: Քոչարյանցը մեկն է այն մարդկանցից, ովքեր Խորհրդային Միությունը մեծ ատոմային տերություն դարձրեցին: Նրա շնորհիվ հնարավոր դարձավ շատ արագ տապալել ԱՄՆ-ի միջուկային մենաշնորհը: Սամվել Քոչարյանցի մեծագույն ձեռքբերումները պատշաճ կերպով գնահատվել են պետության կողմից: Նա ճանաչվել է Սոցիալիստական ​​աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Ստալինի, ԽՍՀՄ պետական ​​մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի վեց շքանշանների և Հոկտեմբերյան հեղափոխության ասպետ, Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Խորհրդային Միությունում ընդամենը 205 հոգու է շնորհվել Սոցիալիստական ​​աշխատանքի կրկնակի հերոսի տիտղոս: Նրանցից միայն 57 հոգի են ստացել այն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, և նրանց մեջ են մեր երեք հայրենակիցները՝ Արտեմ Միկոյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Սամվել Քոչարյանցը, գրում է Sobesednikarmenii.ru:

Քոչարյանցը կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է կրել իր բոլոր պարգևները, երբ եկել է Հայաստան՝ հայրենի Գավառ: Եվ երբ նա հանել է վերարկուն, բոլորը ապշահար են եղել. Հայաստանում ոչ ոք չի էլ կասկածել, որ իրենց հայրենակիցն այդքան արժանավոր մարդ է եղել: Քոչարյանցը երբեք չի մոռացել իր հայրենի Հայաստանը: Առաջին իսկ հնարավորության դեպքում, թեկուզ կարճ ժամանակով, փորձել է գալ հայրենիք: Նա շատ մտահոգված էր ղարաբաղյան հակամարտության հարցով: Զարմանալի չէ, քանի որ, ինչպես հայտնի է դառնում «Ամենագաղտնի Ք-ն՝ Սամվել Քոչարյանց» գրքից, նրա նախնիները Ղարաբաղի մելիքներ են եղել:

1985 թ.-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով Քոչարյանցը ժամանել է Էջմիածին, որտեղ Կաթողիկոսի նստավայրում տեղի է ունեցել ջերմ և անմիջական խոսակցություն:

Վազգեն Առաջինը գիտնականին իր դիմանկարն է նվիրել և անվան առաջին տառերով թաշկինակը: Սամվել Քոչարյանցը պահել է սրբազան նվերները, իսկ հայ ժողովրդի կաթողիկոսի դիմանկարը անընդհատ կախված է եղել գիտնականի գլխավերևում: Վազգեն Առաջինը Քոչարյանցին է նվիրել նաև հայոց այբուբենի փորագրությունը, որը կախված է եղել նրա գրասենյակի պատին: Գիտնականի խոսքով՝ ինքն ամեն օր օրհնություն է ստացել իր հոգևոր առաջնորդից`«ստեղծելու և ծառայելու հայրենիքի բարօրությանը», գրում է Asmaryan.blogspot.am-ը:

Սամվել Գրիգորիևիչ Քոչարյանցը մահացել է 1993 թ.-ի օգոստոսի 4-ին, և թաղվել է Սառովում: Շիրմաքարի վրայի գրությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Մեծերը հեռանում են մեզնից, ցավոք սրտի, հանկարծակի: ARZAMAS-16-ի ողբերգություն: Ցավալի օր Ռուսաստանի Դաշնային Միջուկային կենտրոնի համար: Կյանքից հեռացավ 20-րդ դարի ականավոր գործիչներից մեկը…»:

http://armedia.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert