Երկրորդ հանրային քննարկմանն ընդառաջ

Նոյեմբերի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը հրապարակեց «Միռամ» ՍՊԸ-ի կողմից  Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020 թթ.-երին երկրաբանական հետազոտություններ կատարելու մասին նախնական գնահատման հայտը: Միաժամանակ հրապարակայնորեն տեղեկացվեց, որ նոյեմբերի 30-ին տեղի կունենա այս թեմայով երկրորդ հանրային քննարկումը:

«Միռամի» նոր հայտը որոշակիորեն տարբերվում է նախկինից, որը բողոքի մեծ ալիք էր առաջացրել հատկապես Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչների շրջանում:

Նախկին հայտով հանքերևակման տարածքն ընդգրկում էր Արդվիի 146 ու հարևան Մղարթի 54 հա տարածքները: Հանդիպելով արդվեցիների բուռն դիմադրությանը, այս անգամ ընկերությունը ներկայացրել է նոր հայտ՝ հանքերևակման համար  նախատեսելով միայն Մղարթի 54 հա տարածքը:

«Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզի կենտրոնական մասում Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք, Հովնանաձորից 2.9կմ դեպի արևելք: Հանքերևակման տեղամասը (0.54կմ2 կամ 54հա) ներառված է Մղարթ համայնքում»,- նշված է «Միռամի»  ներկայացրած հայտի մեջ:

Ու ոչ  մի խոսք այն մասին, որ Մղարթի վարչական տարածքում գտնվող հանքերևակաման տարածքին ամենամոտը՝ 2.2 կմ հեռավորության վրա, գտնվում է հենց Արդվին: Արդվին  Հովնանաձոր, Յաղդան, Կողես, Օձուն համայնքների հետ միասին հայտում  ներկայացված է ընդամենը կից համայնքի կարգավիճակում:

Այն, որ բուն Արդվիի տարածքն ընդգրկված չէ հանքերևակման նոր հայտում, արդվեցիներին չի հանգստացնում: Նրանք համարում են, որ «Միռամն» այս կերպ դիմել է խորամանկ քայլի՝ հետագայում ծրագիրն ընդլայնելու  նպատակով:

Բնապահպան Լևոն Գալստյանը «Միռամի» այս մոտեցումը համարում է պարզ մանիպուլյացիա.

«Շատ պարզ մանիպուլյացիա է: Այսինքն,  հասկանալով,  որ արդվեցիների հետ ոչ մի կերպ չեն կարող համաձայնության գալ ու խնդիրներ կունենան,  այս ճանապարհն են ընտրում,  մտածելով, որ մղարթցիների համաձայնությունը կլինի»,- նշում է բնապահպանը:

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով էլ «սա շատ խորամանկ ու նենգ քայլ է, որով  «Միռամը» Մղարթի ու Արդվիի բնակիչներին հանում է միմյանց դեմ:

Ի սկզբանե հայտի ներկայացման համար հանրային քննարկումը նշանակված էր Օձուն խոշորացած համայնքում,  նոյեմբերի 29-ին: (Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում մի քանի համայնքներ, այդ թվում Մղարթն ու Արդվին միացել են իրար  ու ներառվել Օձուն խոշորացած համայնքի կազմում:)

Սա այս հարցով երկրորդ հանրային քննարկումն է: Պարզվում է, «Միռամն»  առաջին հանրային քննարկումն արդեն իսկ իրականացրել է Մղարթում ու համայնքը համայնքապետ Երվանդ Նավասարդյանի ստորագրությամբ տվել է իր նախնական համաձայնությունը:

«Մարդիկ իրենց ծրագիրը ներկայացնում էին, ասում էին՝ ծրագրեր պիտի իրականացնենք գյուղում, մարդիկ էլ կողմ էին: Ջրի խնդիր ունենք լուծելու, ջրի խնդիրն են լուծելու, ճանապարհներ պիտի գյուղում նորոգեն…Հարցեր կար, որ պետք է անեին, մարդիկ էլ կողմ եղան»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Մղարթի արդեն նախկին համայքնապետ Երվանդ Նավասարդյանը, ով ներկայումս խոշորացված Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ներկայացուցիչն է հանդիսանում:

Վերջինիս խոսքով «Միռամից»  խոստացել են, որ հանքի գործարկման դեպքում մղաթցիներին նաև աշխատանքով կապահովեն:

«Քննարկումները ընդամենը եղել ա ռազվետի համար, որ մարդիկ տենան ըստեղ ոսկի կա, թե չէ: Կարող ա ռազվետկա անեն, չլնի էլ»,- ասում է Ե. Նավասարդյանը:

Այն, որ հանքերևակման համար նախատեսված 54 հա տարածքն ավելի մոտ է Արդվիին, քան իրենց գյուղին, մղարթցիները քաջատեղյակ են:

«Մեր վարչական տարածքում ա, բայց մեր գյուղի հետ էդքան չի առնչվում: Ավելի շատ Արդվու հետ ա կապված: Ընկնում ա հենց Արդվի գյուղի վերևի մասում,- ասում է վարչական ներկայացուցիչն ու արդվեցիների դեմ լինելը մեկնաբանում այսպես,- ընդեղ արոտավայրի խնդիր ունեն իրանք, իրանց անասունները մեր էդ վարչական տարածքում են պահում, դրա համար են դեմ: Իրանք դեմ են իրանց էկալոգիայի համար, դա իրանց խնդիրն ա… »:

«Այդ տարածքը Մղարթից բավական հեռու է: Արդյունքում էլի հարվածի տակ ընկնելու են արդվեցիները: Սա նույնն է, որ բազմահարկ շենքի իմ բնակարանի առաստաղը ես թույլ տամ քանդել, չմտածելով վերևի հարկում ապրող իմ հարևանի մասին, ում համար իմ առաստաղը նաև հատակ է ծառայում»,- վրդովված ասում է արդվեցի ակտիվիստներից Սուրեն Կիրակոսյանը:

Վերջինիս խոսքով՝ չնայած նրան, որ հանքերևակման հատվածը Արդվիի վարչական տարածքի մեջ չի մտնում ու արդվեցիների ձայնն այս հարցում ամենագլխավորը չէ, իրենք շարունակելու են պայքարել:

Մղարթի վարչական ներկայացուցչի վստահեցմամբ՝ առաջին հանրային քննարկմանը շատ մարդ է մասնակցել: Թե կոնկրետ քանի՞ մարդ ու քանի՞սն  տվել իրենց համաձայնությունը, Ե. Նավասարդյանը դժվարացավ ասել: Նշեց միայն՝ շատ էին:

Բնապահպանները, սակայն, միանշանակ չեն վերաբերվում հարցին բոլոր մղարթցիների կողմ լինելու վարկածին, պնդելով, որ դա պարզ կլինի միայն երկրորդ հանրային քննարկումից հետո:
«Ես ինչքան տեղեկացված եմ,  կա արձանագրություն, որը մոտ 15 մարդ է ստորագրել: Գյուղում բավականին մեծ քանակությամբ մարդիկ դեմ են այս ծրագրին, որովհետև նրանց ակնկալիքները կապված վերջին տարիներին Մղարթում գործող հանքավայրի հետ, մինչ այժմ չեն արդարացել: Բազմաթիվ խնդիրներ են առաջացել կապված աշխատավարձերի, աշխատանքային   պայմանագրերի,  հանքի շահագործման արդյունքում աղբյուրների որոշակի կորստի հետ,- ասում է բնապահպան Լ. Գալստյանն ու եզրակացնում,-այնպես որ, նախնական լսումները ոչ մի բան չեն կարող նշանակել»:

Նշենք, որ մի քանի տարի է, Մղարթում հանքերևակման աշխատանքներ է իրականացնում «Մուլտի Գրուպ» ընկերությունը:

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առաջարկով ՀՀ բնապահպանության նախարարությունը մի քանի օր առաջ փոխեց  երկրորդ հանրային լսումների անցկացման վայրը. Օձունի փոխարեն այն կանցկացվի Մղարթում այս տարվա դեկտեմբերի 1-ին ժամը 12-ին:

«Հանքը լինելուէ  Մղարթի վարչական տարածքում ու  նպատակահարմար է անմիջապես մղարթցների հետ այդ հանրային լսումն անել»,- ասում է Տիտանյանը:

Հանրային լսումների անցկացման վայրի ու ժամի մասին տեղեկացվել են նաև արդվեցիները:

Ինքը, Տիտանյանը, «Միռամի» ծրագրի հետ կապված դեռևս հստակ դիրքորոշում չունի:

«Քանի որ դա մասնագիտական ոլորտ է, ես էլ մասնագետը չեմ, առանց հանրային քնարկմանը մասնակցելու ես պատրաստ չեմ ինչ-որ մեկնաբանություն անել,- նշում է համայնքապետը, այդուհանդերձ վստահեցնելով,- ես իմ գյուղացիների կողքին եմ:   Ոնց բնակչությունը կորոշի, ես իրենց կողքին կկանգնեմ»:

Նոյեմբերի 22-ին Արդվի-Լոռի նախաձեռնող խմբի անդամները բաց նամակ են հղել Լոռիից ընտրված թվով 8 ԱԺ  պատգամավորներին, որտեղ ներկայացրել են հանքի գործարկման դեպքում հնարավոր բնապահպանական խնդիրներն ու ընտրյալ պատգամավորներին խնդրել  միանալ իրենց ու աջակցել Շեկաղբյուրի ծրագիրը կանգնելու հարցում:

«Ներկայումս ընկերությունը կատարել է խորամանկ քայլ` Արդվու վարչական տարածքում գտնվող 146 հա տարածքը դուրս բերելով նախագծից և փոխարենը թողնելով Մղարթի 54 հա տարածքը: Այդ հողերը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ հեռավորության վրա, իսկ Արդվու բնակելի տներից` 2.2 կմ: Ռելիեֆի առանձնահատկությունից ելնելով` Արդվին գտնվում է անմիջապես հանքերևակման ազդեցության գոտում, այդ տարածքից հոսող աղբյուրներից է օգտվում Արդվու բնակչությունը, այդ տարածքով հոսող անձրևաջրերը հոսում են դեպի Արդվու արոտավայրերը

«ՄԻՌԱՄ» ՍՊԸի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն մեր հիմնարար իրավունքները. առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը:

Այս խնդիրն ավելի է սրվել համայնքների խոշորացման արդյունքում, քանի որ Արդվին կորցրել է իր ինքնուրույնությունը, և անորոշ է, թե ինչ որոշում կկայացնի խոշորացած Օձունը այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, «ՄԻՌԱՄ» ընկերության նման գործելաոճը նպաստում է ներհամայնքային կոնֆլիկտների սրմանը և համայնքների խոշորացման ծրագրի ձախողմանը:

Արդվեցիները դիմում են ձեզ, որպեսզի դուք, որպես ժողովրդի ընտրյալներ, աջակցեք Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:Թույլ չտանք Հայաստանի էկոլոգիապես մաքուր եզակի գյուղերից մեկի` Արդվիի թունավորումը հանքարդյունաբերական արգասիքներով»,- ասված է բաց նամակում:

Արդվեցիների բաց նամակին առայժմ արձագանքել է  միայն պատգամավորներից մեկը՝ «Ելք» խմբակցությունից ընտրված Մանե Թանդիլյանը:

«Հայտարարում եմ, որ պատրաստ եմ մինչև վերջ աջակցել Արդվի գյուղի բնակիչներին, ովքեր արդեն ամիսներ շարունակ ոտքի են ելել` պաշտպանելու արժանապատիվ կյանքով ապրելու իրենց իրավունքը՝ «առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը», վեր դասելով այս արժեքները անհեռատես անձնական կարճաժամկետ շահից»,- նշել է նա:

Բնապահպան Լ. Գալստյանը նշում է, որ առաջիկա հանրային քննարկմանն իրենք չեն մասնակցելու: Պատճառը մեկն է՝ չեն ցանկանում մասնակցել մի գործընթացի, որի արդյունքի վրա իրենց մասնակցությունը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ:

«Օրենքը հստակ չի ֆիքսում, թե ի՞նչ իրավական հետևանք կարող են ունենալ հանրային լսումնները: Միայն նշված է, որ հանրային լսումնենրի արդյունքները հաշվի կառնվեն վերջնական որոշում կայացնելու ժամանակ: Այսինքն, բնապահպանության  նախարարությունը կարող է նշել, որ այո,  կան բնակիչներ, որոնք դեմ էին, բայց մենք գտնում ենք, որ հարցը էկոլոգիական վտանգ չի ներկայացնում,  դրա համար տալիս ենք դրական եզրակացություն: Այսինքն, հանրային լսումների արդյունքում մարդկաց կարծիքը չունի իրավական հետևանք, ինչի արդյունքում որոշումները  հետագայում կայացվում են  ըստ ճաշակի, ըստ պատվերի… »,- պարզաբանում է բնապահպանը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հ. Սանասարյանը գործընկերոջ հետ համակարծիք է.

«Հայաստանում հանքատերերը բացարձակ արտոնյալ են: Պատճառը պարզ է. հանքերին տիրանում են հիմնականում պաշտոնյաները և դրա համար նրանք ստեղծումեն հատուկ օրենքներ, որտեղ իրենց հարկային դաշտից հանել են ու հանքարադյունաբերությունը դարձրել խիստ շահութաբեր ոլորտ,- ասում է նա, նկատելով, որ եթե հանքարդյունաբերողները  բոլոր վճարւոմներն ու հարկային պարատավորությւնները կատարեին, հանք շահագործելը կդառնար վնասաբեր նրանց համար:

Բնապահպանները թվում են այն բոլոր վտանգներն ու բացասական հետևանքները, որոնք առաջանում են Հայաստանի տարբեր հատվածներում հանքերի  գործունեւոյթնա հետևանքով. քաղցկեղային հիվանդությունների, վաղաժամ ծննդաբերությւնների, վիժումների, բնածին հիվանդությւններով ծնունդների աճ, ջրի ծավալների կրճատում ու աղտոտթում, հողում վնասակար մետաղների կոնցենտրատայի գերազանցում, երեխաների արյան մեջ կապարի քանակության աճ…

Հայաստանի ամերիկյան համալսարանի  Հանրային առողջապահության ֆակուլտետի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը   Բլեքսմիթ ինստիտուտի   հետ 2012 թվականից ի վեր իրականացնում է մի շարք հետազոտություններ, որոնք նպատակ ունեն գնահատելու առողջական և բնապահպանական ռիսկերը թունավոր թափանավայրերին կից համայնքներում, մասնավորապես հանքարդյունաբերական և պղնձաձուլական գործունեությամբ զբաղվող կամ հարակից համայքներում:

2013 թվականի սեպտեմբերին իրականացված հետազոտությունը նպատակ ուներ Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքներում, ինչպես նաև Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանում չափել երեխաների արյան մեջ կապարի մակարդակը:  Լոռու մարզի վերոհիշյալ երկու համայնքներն ընտրվել էին, ելնելով այն հանգամանքից, որ այդ համայնքներից վերցրած հողի նմուշներում կապարի քանակությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի սահմանը (400 մգ/կգ): Երևանը ընտրվել է որպես համամետական համայնք:

Ուսումնասիրությունը ներառել է 2007-2009թթ.-ին ծնված 159 երեխայի:  

Արյան մեջ կապարի քանակի ընդհանուր երկրաչափական միջինը 6.0 մկգ/դլ է: Հետազոտության արդյունքում Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը գերազանցել է նորման, կազմելով  6.8, Ալավերդիում՝  6.4 և  5.2 Երևանի համար:

Նմուշառված երեխաների 68.6%-ի արյան մեջ կապարի քանակը գերազանցում էր Ամերիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից սահմանված 5 մկգ/դլ ռեֆերենտային քանակը. այս թիվը 83.8% էր Ախթալայի, 72.5% Ալավերդու և 52.8% Երևանի երեխաների մոտ:

Հետազոտությունը ցույց տվել, որ հանքարդյունաբերական և պղնձաձուլական համայնքներում ապրող երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը և Ախթալա և Ալավերդի համայնքների արյան մեջ կապարի առկայությամբ պայմանավորված առողջական ռիսկերը երեխաների մոտ զգալիորեն բարձր են, քան՝ Երևանի Էրեբունի համայնքում ապրող երեխաներինը:

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, հետազոտության հեղինակները եզրակացրել են. «Ռիսկային գործոնների հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ խիստ բնապահպանական օրենքներ և գտնել դրանց կիրառման եղանակները՝ արդյունաբերական ապահով գործունեություն պարտադրելու նպատակով, ինչպես նաև հարկավոր է իրականացնել համայնքային ծրագրեր` երեխաների արյան մեջ կապարի քանակի նվազեցման նպատակով»:

Հայաստանի ամերիկյան համալասրանը հետազոտել է նաև Ալավերդու մանկապարտեզների ուդպրոցների տարածքի հողը, պարզել դրանցում առկա ծանր մետաղների առկայության մակարդակը:
Նմուշառված հողերում արսենի քանակը գերազանցել է գրեթե բոլոր միջազգային նորմաները, պղնձի ու կապարի  կոնցենտրացիան սահմանված նորմատիվներից ավել է եղել մի քանի անգամ:

Հաշվի առնելով այս ու էլի մի շարք հետազոտությունների արդյունքները, բնապահպանները ահազանգում են.

Անկախ նրանից, թե ինչ օգտակար հանածոների պաշարներ է ցանկանում հայտնաբերել «Միռամ» ՍՊԸ-ն,   բազմամետաղային հանքաքարի հիմնական բաղադրիչները կազդեն մարդկանց առողջության վրա:

Տաթևիկ Սարգսյան

Գայանե Սարգսյան

 


 

 



Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert