ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ՈՎ Է ՀՀ ՄԵՐ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՍԱԿԱՅՆ, ՈՐ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՀ ՔԱՅԼ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՆԱ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՕՐԸ, ԹԵԿՈՒԶ ԱՌԱՅԺՄ ՄԵԿ ՕՐՈՎ, ԱԶԱՏԵՐ ԵՎ ԻՐ ՀԵՏ ՇՈՒՇԻ ՏԱՆԵՐ ՔԱՂԱՔՆ ԱԶԱՏԱԳՐԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՐՈՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ` ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ: ՍՏԱԼԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԱՅԴՊԻՍԻ ՎԵՀ ՔԱՅԼ ԵՆ ԱՐԵԼ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ․․․
Ստորև հայտնի պատմությունը
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԳԱՂՏՆԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
1947թ. Երևան: Ամառային այդ օրն ընդմիշտ տպավորվեց ՀԽՍՀ պետանվտանգության աշխատակից Աբովյանի հոգում: Հետախուզական գնդապետ Մելքումովի հետ նրանք զբոսանքի տարան Երևանի բանտում գտնվող սպարապետին: Մեքենան դուրս եկավ Պետ անվտանգության նախարարության շենքի բակից և ուղղություն վերցրեց դեպի Հաղթանակի զբոսայգի: Պայծառ, արևոտ օր էր: Նժդեհն ագահորեն նայում էր Երևանի` իր համար հրաշք նմանվող փոփոխություններին: Գավառային, ավելի ճիշտ գյուղական բնույթի քաղաքը վերածվել էր տուֆակերտ իսկական քաղաքի: Մեքենան անցավ Աբովյանի պուրակով և սկսեց ծանրորեն բարձրանալ ճանապարհով: Առավոտյան ժամերն էին, և շրջապատում գրեթե մարդ չկար: Նժդեհը հանդարտ իջավ մեքենայից և Մելքումովի եւ Աբովյանի ուղեկցությամբ շարժվեց դեպի Երևանին նայող պուրակի կողմը: Հանկարծ նրա տեսադաշտում բացվեց հրաշք քաղաքը, որին, ասես հեռվից սատարում էր երկգագաթանի` սուրբ Արարատը: Ուղեկցողները մի քանի քայլ հետ մնացին: Սպարապետը չեր հավատում աչքերին: Նա երկար, շատ երկար նայեց քաղաքին,ապա շուռ եկավ, և նրա ուղեկիցները տեսան սպարապետի արցունքակալած աչքերը: Հազար ու մի արգելք, դժվարություն ու դաժանություններ տեսած ու հաղթահարած երկաթյա զինվորականը լաց էր լինում…………
-Կարելի՞ է մի բուռ վերցնեմ այստեղից, – խնդրագին դիմեց սպարապետը:
-Իհարկե, – իսկույն պատասխանեց Մելքումովը: Տարիքն առած զորավարը գրպանից հանեց թաշկինակը, կռացավ ու դողդողացող ձեռքերով ձեռքերով սկսեց հող լցնել թաշկինակի մեջ: Նրա չդադարող արցունքներն ընկնում էին թաշկինակի մեջ հավաքած հողի վրա: Կապելով իր թաշկինակի թանկագին գանձը,` Նժդեհը կրկին շրջվեց Երևանի կողմը….. Մեքենան անցնում էր Նժդեհին ծանոթ ու անծանոթ փողոցներով:
-Հիշո՞ւմ եք այս ինչ շենք է, – կարծես միամտորեն հարցրեց Աբովյանը:
-Հիշում եմ, տղաս, հիշում, սա մեր պառլամենտի շենքն է, – պատասխանեց սպարապետը: Այդ գիշեր Նժդեհը չկարողացավ քնել: Մելքումովը տխուր հայացքով նայում էր շատ ծերացած սպարապետին: Նա մեծ դժվարությամբ հայտնել էր, որ ԽՍՀՄ-ը փոխել է իր քաղաքակական կուրսը, և արտաքին գործերի նախարար Մոլոտովը համայն աշխարհին հայտարարել է, թե ԽՍՀՄ-ը որևէ տարածքային խնդիր չունի իր հարևանների հետ: Դա վերջն էր: Սակայն դժվարին, բայց և հեռանկարային գործունեության վերջը: Սակայն դա չէր, որ կրծում էր Մելքումովի հոգին: Փաստորեն նա, կամա թե ակամա, դարձել էր մեծ հայի, մեծ զորավարի ու մտավորականի ողբերգական վկան ու մասնակիցը:
-Գուցե, այնուամենայնիվ մնաք Հայաստանում,- կրկին փարձեց համոզել Մելքումովը:
-Հարկ չկա տանջվելու,- հայրաբար խոսեց սպարապետը,- հասկանում եմ, դուք ևս ծանր եք ապրում այս անհեթեթ վերջաբանը, բայց ես չեմ կարող ուրախացնել իմ թշնամիներին: Ես արդեն ծեր եմ, այո, ծեր եմ և երկար չեմ դիմանա բանտային պայմաններին, իսկ մեռնել Հայաստանի բանտում` նշանակում է ուրախացնել թուքերին: Ոչ, Նժդեհը Հայաստանի բանտում չի մեռնի: Խնդրանքս մեկն է` մի անգամ էլ պտտվեմ Երևանի փողոցներում….
1955թ. դեկտեմբերի 21-ի երեկոյան Մեծ Հայը մահացավ Վլադիմիրի բանտում:
Ազատ Օրդուխանյան