Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթի խմբագիր Դավիթ Այվազյանի խոսքը Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովում․

ԴԵՄ ԵՆՔ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

Սփյուռքի  98%-ը այսօր գիտակցում է, որ առանց ինքնիշխան պետություն ունենալու, հնարավոր չէ, ոչ մի ազգային երազանք իրականացնելու։

 

ՀՀ Սփյուռքի նախարար հարգելի պրն. Մխիթար Հայրապետյան,

Սիրելի հյուրեր և գործընկերներ, քույրեր և եղբայրներ,

Թույլ տվեք խոսքի սկզբում ի սրտե շնորհավորել այն հրաշք եղելության առիթով, որ տեղի է ունեցել մեր երկում։ Եղելություն որին շաբաթներով անդրադարձավ միջազգային լրատվությունը և ցնցեց ամբողջ հայությունը։ Սփյուռքը նման հպարտության պահեր ապրել է ևս երկու անգամ։ Առաջինը, 70-80-ականներին, ինչպես երջանկահիշատակ Հայր Անդրանիկ Կռանյանն էր ասում, որ հայ իրականության մեջ UFO է ծնվել, ԱՍԱԼԱ-ի ծննդին և գործունեության ակնարկելով, որի հետևանքով ոչ միայն Հայկական Հարցը երազանքից քաղաքական հարցի վերածվեց, այլև հեղաշրջվեց հայի հոգեբանությունը, իսկ երկրորդը Հայաստանի անկախ պետականության կերտումը և նրան հաջորդող Արցախյան հերոսամարտի փառապանծ հաղթանակն էր, որ վերջնականապես հայի վրայից թոթափեց պարտվողի հոգեբանությունը։

 

Սիրելիներ,

Այսօր Հայաստանում ոչ միայն քաղաքական իրավիճակ է փոխվել, այլ նաև ընդհանուր հոգեբանություն։ Քաղաքական հարցերը վերլուծելու նոր տրամաբանություն է առաջ եկել, որը հատկանշվում է իր եզակի Սկզբունքայնությամբ, բայց նույնքան հանդուրժողականությամբ։

 

Քսանամյա կեղծիքից և արհամարհանքից հետո, բազմիցս հուսախաբված և հուսահատված հայը կրկին սկսել է ժպտալ։ Թեև իր առօրյայում դեռևս մեծ բան չի փոխվել, բայց պատահել է ավելի մեծը՝ արմատավորվել է լավատեսությունը, հավատքը և հույսը իր ապագայի նկատմամբ, որը ստեղծվել է իր երիտասարդ ղեկավարներին հավատալով, ովքեր անհնարին թվացողը դարձրեցին հնարավոր։

 

Ժպտում էր նաև Սփյուռքը․ հին ու նոր Սփյուռքը միասնաբար։

Հին սփյուռք ասելով ամենևին նկատի չուենմ հին սփյուռքի ավանդական կառույցները, որոնք ապրում են իրենց աշխարհում, ովքեր մեծավմասամբ Շարժման օրերին լավագույն դեպքում լռում էին, և նրանցից ոմանք, ժողովրդին ապտակելու մասին հայտարարություններ էին կատարում, ովքեր Սփյուռքում զորակցում էին տեղի ՀՀ դեսպանատներին, Հայաստանի քաղաքացիներին սպառնալու և ահաբեկելու որպեսզի նրանք Եվրոպայում չմասնակցեն Թավշա հեղափոխությանը սատարող ցույցերին, ովքեր ապրիլի 21-22-23 մտահոգիչ և բախտորոշ օրերին տեղի ՀՀ դեսպանների հետ Ցեղասպանության զոհերի հիշատակն էին նշում, Ցեղասպանության նշման արարողությունը հակադրության առարկայի վերածելով Աթենքում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում Համաժողովրդային շարժան զորակցող ցուցարարին։

 

Հին Սփյուռք ասելով, նկատի ունեմ Սփյուռքի 98 տոկոսանոց անկուսակցականներին, ովքեր չեն հավատում ՈՉ ՀԻՆ Սփյուռքահային, ՈՉ ՆՈՐ Սփյուռքահային և ոչ էլ առհասարակ Սփյուռքահային, այլ հավատում են ՀԱՅԻՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․ ովքեր զերծ են կուսակցական «հայրենասիրությունից», ովքեր Սփյուռքի դաժան պայմաններում կուսակցական խաղեր չեն խաղում, կոտորակների չեն բաժանում հայությունը, եկեղեցիները, դպրոցները և ակումբները։ ՀԻՆ Սփյուռք ասելով, նկատի ունեմ Ցեղասպանությունից ճողոպրած՝ արսինեխանջյաններով և սերժթանգյաններով միմիանց նկատմաբ սեր ու հարգանք տածող միասնական հայությունը։

* * *

Հայաստանի իշխանությունների վարկանիշը մեծապես ազդեցություն ունեն Սփյուռքում կատարվող աշխատանքներում։ Այդ է փաստում անկախության սկզբնական տարիների Հայաստստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետությունը և այնուհետ քառորդ դար՝ տեղքայլն ու ձախողությունը։

Սփյուռքի խանդավառությունը պետք է վերածել ինքնակազմակերպման կենսարար ուժի, այլապես խանդավառություններն ու ոգևորությունը երկար չեն ապրում։ Սփյուռքի գիտական, մասնագիտական, ֆինանսական, քաղաքական և այլ ասպարեզների փայլուն և հսկայական ներուժը, մեղմ ասած միշտ էլ հեռավորություն է պահել հայ ավանդական կառույցների միջակ գիտելիքների տեր և մեծ մասամբ կոռուպացված կառույցներից, կառույցներ, որոնք գոյատևելու համար իրենք օգնության պետք ունեն։

Մեկ խոսքով, հին գործիքներով և գործելաոճով, նոր արդյունք ակնկալելը ինքնախաբեություն է և հանգելու է Հայաստանի նկատմամբ Սփյուռքի հավատքի և հարգանքի հերթական կորստին։

Տարեկան մեկ կամ երկու խորհրդաժողովը, որ մեծ մասամբ քաղաքական PR-ների և ինքնացուցադրական ճառերի են ծառայում, հարց չեն լուծելու։

Սփյուռքի նախարարության Սփյուռքում անելիքը ամենօրյա է, այդ անելիքը միայն բազմակողմանիորեն մշակված համապափակ ծրագրերի և համարժեք մեխանիզմի առկայության դեպքում կարող է իրագործվել։

Սփյուռքում այսօր գիտակցում են, որ առանց ինքնիշխան պետություն ունենալու, հնարավոր չէ, ոչ մի ազգային երազանք իրականացնելու։

Ուստի այս համոզումունքը պետք է մեխանիզմի վերածել։

 

Շնորհակալություն։

 

Davit Ayvazian

+ 374 93730737

+ 30 (210) 9019821

hayastankentron@yahoo.com

hayastan@windtools.gr

https://www.facebook.com/hayastan.kentron.1

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert