Որպէս հոգեւորական պիտի մաղթէի, որ ոչ մի երկիր բանակ չունենար, պարզապէս նրա անհրաժեշտութիւնը չլիներ

Յունուարի 28֊ը Հայկական Բանակի օրն է:

Որպէս հոգեւորական պիտի մաղթէի, որ ոչ մի երկիր բանակ չունենար, պարզապէս նրա անհրաժեշտութիւնը չլիներ: Ի վերջոյ Աստուծոյ կողմից ստեղծուած մարդը արարուել էր իր նմանի եւ իրեն շրջապատող աշխարհի հետ հաշտ ու խաղաղ եւ ներդաշնակութեան մեջ ապրելու: Ցաւօք սակայն այսպէս չէր իրականութիւնը երեկ եւ այսպէս չէ նաեւ այսօր: Այսօր աշխարհի մի շարք երկրներ ունեն մինչեւ ատամները զինուած բանակներ ամենաարդիական զէնք-զինամթերքով, որոնցից իւրաքանչիւրի սպառազինութիւնը կը բաւարարի դժբախտաբար ամբողջ աշխարհը կործանելու համար:

Երեկ եւ այսօր մեր կողքին ապրում են դժբախտաբար ոչ միայն բարեկամ ազգեր ու պետութիւններ: Նրանցից մէկը մարդկութեան եւ մարդկայնութեան դէմ գործած անցեալի յանցագործութեան` Հայոց Ցեղասպանութեան մեղքն իր խղճին, իսկ միւսը` օրաւուր մինչեւ կոկորդը զինուող իր բանակով եւ դժբախտաբար հայատեացութեան իր ամենաբարձր աստիճանով: Եւ ամենացաւալին այն է, որ այդ բանակի մատղաշ զինուորները դաստիարակւում են հային հոշոտելու, նրա արիւնը խմելու անմարդկային հոգեբանութեամբ:

Այս իրականութեան դիմաց բնականաբար մենք պէտք ունենք կազմակերպուած եւ լաւ սպառազինուած բանակի, պէտք ունենք ոգու ամրութեամբ աչքի ընկնող բանակի, որն ի պահանջել հարկին պիտի կարողանայ պաշտպանել մեզանից իւրաքանչիւրի կեանքը եւ մեր հաւաքական ազգի եւ հայրենիքի անդորրն ու խաղաղութիւնը:

Բայց հայոց բանակն էլ պէտք ունի իր թիկունքում բարոյապէս ու տնտեսապէս հզօր հայրենիքի, հոգեպէս ու բարոյապէս չյուսալքուած հայ մարդու ու քաղաքացու, որն հաւատում է իր հայրենիքի ապագային, հաւատում է, որ ոչ միայն ինքը, այլ նաեւ իր զաւակներն ու սերունդները կ’ապրեն ազատ ու հզօր մի Հայաստանում, որտեղ գերակայ են միմեանց նկատմամբ սէրը, օրէնքն ու արդարութիւնը:

Երբեք պիտի չուեզէի, որ մեր տարածաշրջանի համար գործէր հետեւեալ խօսքը` «Եթէ ուզում ես խաղաղ ապրել, պատրաստ եղիր պատերազմի»: Բայց ցաւալի իրականութիւն է այս, եւ հետեւաբար մեր բանակն էլ ստիպուած է ամէն օր պատրաստ լինել պատերազմի, ոչ միայն պատերազմի, այլ յաղթական պատերազմի, քանի որ հակառակ պարագայում վտանգուած կը լինի Երկիր Հայրենին ու հայութեան գոյութիւնն այս արեւի տակ:

Բայց եւ այնպէս աղօթքս ու մաղթանքս է, որ խաղաղ մնայ մեր տարածաշրջանը, որ Արցախի հարցը լուծուի արդարութեան հիման վրայ խաղաղ միջոցներով, որ երբեք-երբեք հայ զինուորն ստիպուած չլինի օհտագործել իր զէնքը ոչ յարձակողական եւ ոչ էլ պաշտպանողական նպատակներով. «Տէր մեր եւ մարմնացեալդ Աստուած Յիսուս Քրիստոս, աղաչեմք զքեզ, …զի լռեսցին պատերազմունք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի»:

Շնորհաւոր տօնդ, սիրելի հայ զինուոր ու սպայ, հայոց փառապանծ բանակ: Աստուած զօրաւիգ ու պահապան քեզ: Տիրոջ Սուրբ Խաչը թող ապաւէն լինի քեզ:

Hayr Serovpé Isakhanyan

 

сподели бутон

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net