Այս սառն աշխարհում քո սերն ինձ հետ է,
Ինձնից հեռացած իմ միակ երազ,
Քո ջերմությունը վերքերիս դեղն է,
Քո թողած վերքը արնածոր մնաց։

Այս ծուռ ճամփեքին հոգիդ ինձ հետ է,
Ինձ վերից հսկող մաքուր իմ երազ,
Իմ ամբողջ կյանքը առանց քեզ դեր է,
Խաղի ավարտին դեռ ինչքա՞ն մնաց

Ես քանի դեռ կամ, շուրթերիս երգն է,
Հոգուս աղոթքն է անունդ անմոռաց,
Անքեզ օրերիս դեռ որքա՜ն կանչեմ՝
Ինչո՜ւ հեռացար ինձ մենակ թողած

Հ. Շիպակցյան

 

***

Երգն իմ այս սգո քամու պես լիներ,
Հառաչանք դարձած անջատվեր ինձնից,
Գար հողաթումբդ մեղմորեն շոյեր
Ու պատմեր, պատմեր հուշեր անցյալից։

Երգն իմ այս սգո լցված ամպ լիներ,
Արցունքներ մաղեր չորացած թմբիդ,
Քեզ պաշտող հոգիս միշտ արթուն լիներ,
Վշտով հետևեր հոգուդ հանգստին։

Երգս հովանի լիներ քո թմբին
Այն լուռ արտասվող ուռենու նման,
Որ մնաց միակ ընկերը շիրմիդ՝
Արմատներ գցած աճյունիդ վրա

Հ. Շիպակցյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert