Clara Zetkin (left) and Rosa Luxemburg

Մարտի 8-ը կանանց միջազգային համերաշխության եւ պայքարի օրն է: Այն դեռ ՏՈՆ չի դարձել, տոն կդառնա, երբ կինը կհարգվի հասրակության մեջ հավասարը հավասարի իրավունքով՝ որպես ՄԱՐԴ: Մարդկային իրավունքը չի կարելի բաժանել երկու մասի, այն էլ՝ գերակա ու ենթակա՝ «կանանց իրավունք» ձեւակերպումով: «Կանանց Իրավունք» ասելով՝ արդեն ոտնահարվում է կանանց իրավունքը որպես «ՄԱՐԴ»՝ մարդու իրավունքը բոլորվին վերապահելով տղամարդուն:

Հայաստանի անկախությունից հետո փորձեր արվեց այդ նշանակալի օրը՝ մարտի 8-ը փոխել դարձնել «գեղեցկության» օր, ապա «մայրերի ու գեղեցկության» օր: Սա բացառցակ խաբեություն էր, աղավաղում և մարտի 8-ի իմաստի ոչնչացման տարբերակ: Շատերը կարծում են թե մարտի 8-ը՝ կանանց միջազգային պայքարի և համերաշխության օրը կոմունիստներին է պատկանում և այդ պատճառով էլ մերժելով կոմունիզմը, մերժում են նաև այդ օրը: Սակայն կանանց պայքարի այդ սիմվոլիկ օրը, ճիշտ է որ կոմունիստների ջանքերով է հստակեցվել և միջազգայինորեն ճանաչելի դարձվել, սակայն դա բոլորովին կապ չունի կոմունիստների հետ: Կանանց պայքրը՝ հավասար աշխատանք պայմանների և իրենց իրավունքների, աշխատաժամերի կրճատումը օրեկան 16 ժամից՝ 8 ժամի՝ սկսել է 19-րդ դարի սկզբներից և հետզհետե զարգացել և այդ շարժումը միջազգային բնույթ է ստացել: Կոմունիստները միակ բանը որ արել են, բազում միջազգային կոնֆերանսների և ժողովների քննարկման արդյունքում, որոշել են մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր, որպեսզի հիշվատակվեն նախ պայքարի ընթացքում զոհված կանայք և առիթ հանդիսանա կանանց համերաշխության և համատեղ պայքարի միջազգային օր:

Ցավոք այդ բարձրագույն արժեքը Հայաստանում ոչնչացվեց: Ոչնչացվեց  այն իմաստ, որը իր մեջ կրում էր «մարտի 8-ը»: Այդ օրը ավելի խորն է ու արժեքավոր, քան կանանց բովանադակազուրկ ծաղիկներ նվիրելը: Եթե այդ ծաղիկը իր մեջ չի կրում այն արժեքը, որին ԿԻՆԸ արժանացել է իր պայքարի պատմության ընթացքում:

Մերօրյա տղամարդկանց մեծամասնությունը այն կարծիքին է, որ «կնոջ տեղը խոհանոցն է»: Խոհանոցում փակված կնոջը տարվա մեջ մի անգամ ծաղիկ նվիրելը, տրաֆարետային շնորհավորանքի խոսք ասելը ավելի է բովանդակազուրկ է դարձնում օրվա խորհուրդը: Արական սեռը արդեն հազարամյակներ է, ինչ իգական սեռին վերաբերվում է որպես երկրորդ սորտի էակ՝ «ԿԻՆ», ոչ թե «ՄԱՐԴ»:  Չի ասվում կին «մարդ», այլ շեշտվում է միայն տղա «մարդ»:

Ավանդական հասարակություններում ավելի արմատացած ու դաժան է այդ մոտեցումը: Հայ տղամարդու համար դեռ շատ աղջիկներ ունենալը  «ամոթ» է համարվում, «թասիբի» հարց է դառնում: Հայ տղամարդը, դեռ երազում է «յոթ տղա եւ միայն մեկ աղջկ» ունենալ:

Եւ ամենազավեշտալին ու միաժամանակ ցավալին այն է, որ արական սեռը հակառակ սեռին մարդու տեղ չդնելու համար ինչեր ասես, որ չի հորինել ու չի հնարում՝ «ավանդական ընտանիք», «հայ ընտանիք», «հայ կին», «հայի թասիբ…», բայց չգիտես այդ «թասիբը» ինչո՞ւ չի աշխատում այն դեպքերում, երբ մի պատառ հացի համար հայ կինը կամ աղջիկը ստիպված է լինում Թուրքիայում՝ թուրքի հետ քարշ գալու կամ  Էմիրաթներում մարմնավաճառությամբ զբաղվելու կապակցությամբ: Նա՝ հայ տղամարդը, ոչ թե ցավում է այդ կնոջ կամ աղջկա համար, և փորձում ինչ-որ ձևով աջակցել, այլ ընդհակառակը՝ ավելի ուրախ է, որ այդպիսիք կան ու լավ է լինեն, քանի որ ինքը զվարճանալու համար դրանց կարիքն ունի: Նա այդ պարագայում «հայ տղամարդու թասիբը» տակն է դնում, որ զվարճանքի ժամանակ նստատեղը հանգիստ լինի:

Եւ այս հարցում «թասիբով» հայ տղամարդու հետ նույն հարթության վրա է նաև «քաղաքակիրթ Եվրոպան»: Հարկ է նշել, որ այդ «քաղաքակիրթ» համարվող արեւմուտքում, երվոպական «քաղաքակիրթ» երկրներում՝ Եվրոպայի հենց սրտում, արական սեռը «ավանդական» հայի պես է վերաբերվում իգական սեռին,  տարբերությամբ միայն այն հանգամանքի, որ Եվրոպայում օրենքը թույլ չի տալիս տղամարդուն իգական սեռի հանդեպ բռնություն գործադրել, ինչը արեւելյան երկրներում, և մասամբ նաև Հայաստանում չի կիրառվում. կինը դեռ տղամարդու սեփականությունն է համարվում: «Դե իր կինն է, ոնց կուզի, այնպես էլ կվարվի նրա հետ» բանաձեւն է աշխատում:

Կանանց իրավունքը որպես ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ, պետք է պաշտպանվի օրենքով. հավասար պայմաններում, հավասար գիտելիքների, հավասար աշխատանքի պայմաններում՝ հավասար աշխատավարձով, հղիության շրջանում աշխատատեղի պահպանում:

Ուստի, միայն կանայք իրենց ամենօրյա պայքարի շնորհիվ է, որ կկարողանան իրենց մարդկային իրավունքը, որպես ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ,  տեր կանգնել  և վերջնականապես այդ օրը դարձնել իրենց հաղթանակի ՏՈՆ:

Փառք կանանց համատեղ պայքարին

Կեցցե՛ կանանց միջազգային համերաշխությունը և պայքարի օրը

Միշտ վա՛ռ մնա այդ պայքարի ճանապարհին զոհվածների հիշատակը:

Շնորհավոր ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐՏԻ 8-Ը

ՄԱՐՏ 8, 2015 թ.

Երվանդ Խոսրովյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert