Դու իմ նիրվանա՜,
Վերերկրային դու իմ էությու՛ն՝
Անտանելի է օրենքն աշխարհի,
եթե ըստ դրա՝ չեմ լինի քոնը,
ու պետք է ապրեմ իբրև
սովորական մի մահկանացու։
Ինձ բնավ պետք չեն
գողգոթաներ ինքնամաքրման
և ուղիներ հարդագողի,
ես նախընտրում եմ
ապրել որպես մի մեղսավոր,
ու հավերժի առաջ ինձ զոհաբերել՝
քեզ հետ մի վայրկյան ապրելու համար:
Ու մեզնից հետո
դրախտն ու դժոխքը թողություն կտան
Մեղսավոր հոգուն ու անմեղ մարմնին,
իսկ մեզ կմնան լոկ քավարաններ,
որ վերջին անգամ կուրորեն զղջանք
մեր չգործած մեղքերի համար…
Բայց տագնապ չկա.
Սովորեցրի՛ր ինձ քայլել թևերով փակված,
որ չխաչեն ինձ իմ մահվան ճամփին.
Ես կրակին եմ տվել մաքուրը սրտիս,
որ այրվի դանդաղ, այրվի մինչև վերջ՝
Քանզի հրաժարվել եմ դրախտից անքեզ։
«Նրան» շարքից