Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիրները` 30 տարիներ տարվող հակահայ ու մարդատյաց քաղաքականության հետևանք

Lragir.am, 07.04.2019 |-  Քաղաքական-քաղաքացիական խնդիրներ– 1987-92 թ.թ. Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» կարգավորման խնդրում ունի առանցքային նշանակություն, և Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգնման հանգամանքը առանցքային գործոն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Անվտանգության և խաղաղության հաստատման համար պահանջված են, որպեսզի հայկական 2 պետությունները ճանաչեն 1987-1992 թթ. Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ից ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ոճրագործությունները որպես ցեղասպանության շարունակություն, դրանով իսկ վերահաստատելով 1990 թվականի փետրվարի 13-ի Հայկ. ԽՍՀ ԳԽ որոշումը, իրականացնեն հետաքննություն՝ վեր հանելու այն ուժերին, որոնք կազմակերպել, իրականացրել ու շարունակական են պահել հայության դեմ ցեղասպանությունը վերջին 30 տարիներին, տարածքները ճանաչեն որպես ցեղասպանից ազատագրված տարածքներ, նպաստեն այդ տարածքների իրավատիրոջ՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների վերականգմանը, աջակցեն նրանց այդ տարածքներում շարունակելու վերաբնակվել: Անհրաժեշտ է նաև, որ իշխանությունները նպաստեն և աջակցեն Արևելյան Այսրկովկասի պետականազուրկ ժողովուրդների հետ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների երկխոսության կայացմանը, ինչը կվերաբերի տարածաշրջանում ապագա անվտանգ ու ներդաշնակ կյանքի, ժողովուրդների և մարդու իրավունքների վերահաստատմանը, այդ ժողովուրդների ինքնությունը հարգող և զարգացնող համակեցության  կազմավորմանը:

Սոցիալ-հումանիտար խնդիրներ. 1987-92 թ.թ. Ադրբեջանից ավելի քան 700 000 հայ քաղաքացիներ բռնագաղթել են, Հայաստան են մտել մոտ 420 հազար փախստականներ, որոնցից 361 453-ը գրանցվել են Փախստականների հարցերի  կոմիտեում: Ներկայումս, համաձայն Միգրացիոն պետական ծառայության, նրանցից մոտ 2000-ն է, որ պահպանել են փախստականի կարգավիճակը, թեև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի տվյալներով` ընդամենը 800 հոգի: Համաձայն Միգրացիոն պետական ծառայության` 1987-92 թ.թ. ՀՀ մուտք գործած 420 000 հայերից մոտ 87 000 հայեր ստացել են քաղաքացիություն, իսկ մնացածը՝ մոտ 333 000 բռնագաղթվածներ ցեղասպան պետությունների` Ադրբեջանի և Թուրքիայի, կողմից բլոկադայի մեջ հայտնված ՀՀ-ից արտագաղթել են այլ պետություններ: ՀՀ-ում ապրող բռնագաղթվածների և փախստականի կարգավիճակ ունեցողների թվերը ճշգրտման կարիք ունեն, քանի որ հետազոտություն երբևէ չի արվել, միայն 2012 թ. իրականացվել են հարցումներ բռնագաղթվածներով և փախստականներով բնակեցված սոցիալական տներում և հանրակացարաններում:

1996 թվից պետության կողմից տարվել է այնպիսի «ինտեգրման» քաղաքականություն, երբ համոզել, «փաստացի խաբել են» փախստականներին, նրանց զրկելով փախստականի կարգավիճակից` դարձրել են ՀՀ քաղաքացի՝ բնակարան տալու խոստումի դիմաց: Արդյունքում, բռնագաղթվածների բնակարանային խնդիրները հիմնականում մնում են չլուծված, իսկ մյուս կողմից զրկել են նաև ՄԱԿ-ի, Կարմիր խաչի և այլ միջազգային կառույցների կողմից փախստականների համար իրականացվող ծրագրերին մասնակցելու հնարավորությունից: Բացի այդ, 2011-ի մայիսի 17-ին նախագահ Ս. Սարգսյանը ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի ներկայությամբ Երևանում ասաց, որ Երևանը փախստականների խնդիրը երբևէ չի քաղաքականացրել, դրանով վերջնական զրկելով հայ բռնագաղթվածներին որևէ միջազգային աջակցությունից: 2009-ից ի վեր որևէ պետական ծրագիր նրանց համար չի եղել և չի իրականացվել:

Թե՛ բռնագաղթածները, և թե՛ փախստականի կարգավիճակը պահպանածները, առ այսօր համարվում են բնակչության ամենաաղքատ և խոցելի շերտերը, որոնք ունեն մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում` բնակարանի, կրթության և զբաղվածության հարցերը: Միգրացիոն ծառայությունում գրանցված են առաջնահերթ բնակարան ստանալու նպատակով մոտ 900 ընտանիքներ, իսկ 10 000 հոգի էլ մինչ օրս բնակվում է վարձով կամ հարազատների տանը: Աղաղակող կոռուպցիայի վկայություն են Արցախի փողոցի 4-րդ նրբ. 10 շենքի և Սեբաստիա 3ա հանրակացարանների խնդիրները: 2001 թվականին կար կառավարության որոշում` հնարավորություն տալ բռնագաղթվածներին սեփականաշնորհելու հանրակացարանի իրենց զբաղեցրած մակերեսը, իսկ 2003 թվականին Սեբաստիա 3ա հանրակացարանը վաճառվում է մասնավորին, արդյունքում փողոց են նետվում տաս ընտանիքներ, որոնք էլ հեռանում են Հայաստանից, իսկ  մնացողները մինչ օրս զրկված են իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհելու հնարավորությունից: Իսկ այն ինչ կատարվում է Արցախի փողոցի 4-րդ նրբ. 10 շենքի հանրակացարանում փախստականների հետ, վկայում է Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հանդեպ շարունակական ամենաթողության և արդեն 30 տարիներ տարվող հակահայ ու մարդատյաց քաղաքականության մասին:

Բռնագաղթածների և փախստականների 1987-94 թթ կրած  նյութական վնասների փոխհատուցման հարցը մինչ օրս չի արծարծվել:

Այսօր բռնագաղթվածների և փախստականների խնդիրներով զբաղվում է Միգրացիոն ծառայությունը, սակայն պահանջված է այդ ծառայությունը վերանվանել

«Բռնագաղթվածների, փախստականների և միգրացիայի ծառայություն», քանի որ միգրանտը և փախստականը, համաձայն ՄԱԿ-ի սահմանման, տարբեր երևույթներ են: Նաև պահանջված է, որպեսզի վերոհիշյալ ծառայության գործունեությունը և ողջ տեղեկատվությունը լինի  թափանցիկ և հասանելի Հայաստանի հանրությանը, թե որ բռնագաղթածը կամ փախստականը, երբ և որ հասցեով ինչ օգնություն է ստացել:

Չճանաչված Արցախի հանրապետությունում պաշտպանություն և ապաստան գտած 30 000 հայ փախստականները ճանաչվել են որպես ներքին տեղահանվածներ: Չճանաչված պետության մեջ ապրելու փաստը զրկել է նրանց ՄԱԿ-ի կամ Կարմիր խաչի կողմից որևէ տիպի աջակցությունից: Այս փաստը մարդու իրավունքների ոտնահարում է միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին ՄԱԿ-ն է ու Կարմիր խաչը: Արցախի հանրապետությունում ներքին տեղահանվածների բնակարանային խնդիրները մասամբ է լուծված:

Ազգային ինքնության և մշակութային արժեքների պահպանման խնդիրներ. Հայաստանից դուրս ապրող ավելի քան 580 000 բռնագաղթվածների համար ազգային ինքնության պահպանումը խնդիր է, ուծացման վտանգը մեծ է:

Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում հայկական մշակութային արժեքները մնում են վտանգված, դրանք կամ ենթարկվել են վայրագ ոչնչացման, կամ էլ խաշնարածները հարմարեցնում են իրենց կենցաղին:

Չկան մշակված պետական ծրագրեր, որոնք միտված են Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի մշակութային արժեքների, այդ պատմական շրջաններում ձևավորված ծեսերի, ավանդույթների պահպանմանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը մշակել է նախագծեր, որոնք ներկայացվել են թե հանրությանը, թե իշխանություններին:

Ազատագրված տարածքներում հայ փախստականների համար քաղաքի կառուցման մեր նախագծին կարևոր արձագանք էր ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի այդ տարածքների վերաբնակեցման մասին հայտարարությունը:

Այսօր կարող ենք որպես առաջխաղացում նշել նաև, որ Ցեղասպանության ինստիտուտ-թաբգարանում բացվել է Արևելյան Այսրկովկասի հայության ցեղասպանության բաժին և ընթացքի մեջ է բաժնի կազմակերպումը:

Բացի այդ, կառավարությունը մտադրություն է հայտնել, որ ապագա «Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի պատմամշակութային թանգարանի» ձևավորման համար կարելի է ձեռնարկել մշակութային նմուշների հավաքագրումը, գույքագրումը և ցուցադրության կազմակերպումը:

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող


споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net