Խոհեր լինելիության

Երևանի պոլիտեխնիկական հանրակացարանի թեք տանիքի տակ կառուցված սենյակի ուղղահայաց պատուհանից արևի շողերը, հաճարի ծառի ճյուղերի մեջ թափանցելով, ընկնում էին մեր նեղլիկ սենյակի պատուհանի առաջ կառուցված մի ինչ որ անիմաստ բարձրության վրա և կորչում էին մոխրագույն փայտի մեջ, այդ պատճառով էլ սենյակում միշտ լույս էր վառվում, գիշեր-ցերեկ։ Արամայիսը՝ Իրանից, սենյակի երեք բնակիչներից առաջինն էր։ Երկրորդը՝  Գևորգն էր, Հալեպից, արտակարգ ինքնամփոփ ու մաքրասեր, փակ, ինքն իրեն պատնեշած, հետագա բոլոր ընկերական և մտերիմ նիստ ու կացերի համար։ Երրորդը՝ ես։ Հետո Գևորգին հաջորդեց Սահակը՝ Երուսաղեմից, տարիքային տարբերության պատճառով, նա մնաց մեր կրտսեր եղբայրը։ Արամայիսի հետ մեր ընկերությունը կազմավորվեց և ամրապնդվեց հետագա քառասունութ տարիների համար։

Ինչպես բոլոր հանդիպումներն ու ընկերությունները, մերն էլ ուներ իր՝

նախասկիզբը, որը մեկնարկել է «մեծ գաղթի» տարիներից, երբ պարսից Թագավոր՝ Շահ Աբասը, 1604-թվականին մի քանի հարյուր հազար հայերի՝ Իրան, ժամանակի մայրաքաղաք Իսպահան, բռնագաղթեցրեց։

Մեր մանկական տարիների ընկալված սկիզբը՝ օտարությունն էր և մեծերի մշուշոտ պատմվածքները՝ զուլումի ժամանակներից, արհավիրքների տարիներից, պատառ – պատառ, սրտաճմլիկ, սրտամոտ հուշեր, մեզ դեռ անհասկանալի։ Հետո՝ հայրենակարոտ, թախծոտ երգեր, որոնք ամուր դաջվում էին մեր նման պատանիների հոգում։ Ու հետո, մի ինչ որ հեռու հայրենիքի՝ անիմանալի, անձկալի կանչ, որը երեք ու կես դար հետո էլ դեռ արթուն էր մեր հայրերի և շրջապատի մարդկանց մոտ։ Հենց դա էլ այս ժողովրդին ոտքի վրա է պահել, հայ քրիստոնիա է պահել։ Տարեցները՝ չթաքցրած հպարտությամբ ի լուր երիտասարդների, կոչ էին անում, հետևել իրենց օրինակին, իրենք համառորեն դեմ են գնացել և հաղթահարել անհամար դժվարություններ, կանգուն պահելով հայի կրոնը, մշակույթը, պատիվը, դեռ ավելին, իրենց համառությամբ, ազնվությամբ և աշխատասիրությամբ, շահել են բնիկների հարգանքը և վստահությունը․․․

 

Հետո՝ պատանեական տարիներ

Վկան՝ դասակարգային ահավոր, իրականում՝ միջնադարյան ճնշման, այդ պատճառով էլ սկիզբը՝ տեղի հասարակությունում արդարություն և հավասարություն որոնումների։ Ժամանակի քաղաքական շիկացած մթնոլորտում, նոր կյանք մտնողին թվում է, թե, դրանք չեն կարող միայն գեղեցիկ խոսքեր լինել։ Լատին Ամերիկան, Աֆրիկան, այսպես ասած երրորդ աշխարհը՝ փոթորկված են։ Կուբայում մորոքավորները, Ֆիդել Կաստրոյի ու Չե-Գևարայի գլխավորությամբ, զինյալ պայքար են սկսել, նրանք մարտնչում են հնի և մերկապարանոց դասակարգային ճնշման դեմ։ Աֆրիկայի տարբեր երկրներում ժողովուրդները ոտքի են ելել և ազգային ազատագրական պայքար են մղում գաղութարարների դեմ։ Արևմուտքի երիտասարդությունը փողոց է դուրս եկել, մերժելու իրենց իշխանությունների գաղութային քաղաքականությունը և իրենց հայրերի հնաոճ ապրելակերպը։ Ու մեզ մոտ սկսվում են նորանոր որոնումներ, որոնք էլ մեզ հայրենիք են տանում։ Որը, մեր պատկերացումներում ոչ միայն հայրենիք է, այլ մի երկիր, որտեղ կառուցվում է մարդկային հասարակարգի ավելի արդար, ավելի մարդասիրական մի նոր համակարգ․․․

Հետո՝

մեր երիտասարդական երազների, ձգտումների, գաղափարների համատեղում, որոնք մեզ դարձնում են Երևանում պոլիտեխնիկական ինստիտուտի հանրակացարանի այդ նեղլիկ սենյակի բնակիչներ․․․

Նախ, պետք էր հասկանալ այդ նորը, մարսել եղած բարքերը, որոնք այնքան հեռու էին մեր մտավոր կառուցվածից, հեռու սոցիալիզմի գաղափարախոսության մեր պատկերացումներից։ Այո, ավելի շուտ հիասթափեցնող էին: Սակայն գիտակցելով, որ հայ ժողովրդի համար չկա ավելի թանկ բան, քան խաղաղությունը, փորձում էինք, ինքներս մեզ համոզելով, հաճախ ոչ առանց ներքին և արտաքին ընդհարումների, դրանց գոյության համար արդարացուցիչ հանգամանքներ գտնել․․․

Ու հետո, գտածը, իրականը՝ խեղված, տեսանք հայրենիքը, բայց չգտանք այն՝ ինչ որ սպասում ու փնտրում էինք։ Գնալով Ճեղքված էր առաջանում մեր անձնական կյանքում, երկփեղկվածությունն էր իրեն զգացնել տալիս, օր-օրի իր տեղը չգտնելու գիտակցությունը։ Համակերպվե՞լ այդ ամենին, լռությամբ ընդունե՞լ հյուրի կարգավիճակ, թե՞ առճակատվել բութ պատեհապաշտների բանակի դեմ, ովքեր հասցրել էին խեղաթյուրել ամեն ինչ։ Նույնիսկ համատարած բռնաբարել, այլասերել էին առօրյա ճշմարտությունները։ Ամեն ոք գիտեր դա, սակայն խոստովանել անհնար էր, ավելի ճշգրիտ՝ անթույլատրելի։ Գլուխը կորցրած օտարերկրացի ուսանողը ժամանակ ու համբերություն պետք է ունենար, այդ զուգահեռը հասկանալու համար․․․

Հետո ի՞նչ։ Պարզապես ոչինչ, որովհետև արվում էր մի պատճառաբանություն, որը նման էր ինքնախաբեության։ Չպետք է ձայնակցել գաղափարական հակառակորդին և վերջ։ Գիտեինք, զգում էինք, որ առկա հակասությունները, նման մտածելակերպը, ի վերջո երկիրը դեպի փակուղի են տանելու։ Համընդհանուր գիտակցել և խոստովանել դա, կնշանակեր ընդունել սեփական պարտությունը։ Ոչ, դա չէր կարող պատահել։ Պետք էր փորձել դեմ գնալ, ո՞ւմ, ինչպե՞ս, երբ դիմացինդ՝ անզգա, անշարժ ժայռն էր հիշեցնում․․․

Սակայն դու՝ սիրելի Արամ, դու փորձում էիր, միայնակ, հաճախ  առճակատվելով շատերի հետ․․․ Առկա էր նաև երկրի անվտանգության խնդիրը, որը այդ տարիներին մեզ թվում էր համարյա թե լուծված, քանի որ ըստ պաշտոնական հայտարարությունների, որին մենք հավատում էինք, երկիրը մաս էր կազմում կայուն և խաղաղության ձգտող մի մեծ համակարգի․․․

Մենք դեռ չգիտեինք, չէինք կարող գուշակել, թե որքա՜ն երերուն էին, շատերիս կայուն թվացող այդ մեծ կայսրության հիմքերը․․․

 

Ու գալիս է հրաժեշտի պահը։

Հիշում եմ քո՝ Հայաստանից մեկնելու հրաժեշտի խոսքերը․

«Ես գնում եմ, բայց կվերադառնամ, երբեք չէի ցանկանա, որ իմ երեխաները թափառական դառնային»։

 

Մեր ծնված օրից գիտեինք, թե դա ինչ է նշանակում։ Այդ պատճառով էլ, իրոք որ դա բոլորիս երազանքն էր։ Ասում են, որ երիտասարդին վայել չէ՝ չերազել։ Սակայն ինչպե՞ս կարող էինք երազել, երբ հետագա փոթորիկները մեզ նետեցին միջազգային լարվածության այնպիսի հաջորդական հորձանուտների մեջ, որ անգամ երազել անհնար էր։ Իրոք՝ ինչպե՞ս, երբ անզոր էինք ինքնակամ լինել։ Եվ այս անգամ, իրոք որ՝ թափառական դարձանք։ Ավելորդ անգամ համոզվելով, որ իրականում մենք մեր կամքից անկախ, դարձել ենք ժամանակի միջազգային լարված մթնոլորտի և մի շարք իրադարձությունների գերին և ակամայից քշվում ենք Գերմանիա, Մոսկվա, կրկին Գերմանիա, հետո Իրան, Հայաստան, կրկին Գերմանիա, հետո Շվեդիա։ Շա՜տ չեղավ։ Թվում է վերջնական, բայց նման հեռանկարը մեզ շնչահեղձ է դարձնում, ո՞րն է հաջորդ հանգրվանը, վերջնականը։ Եթե՞ իմանայինք։ Այդ ամենին զուգակից՝ հեռվից-հեռու ահով դիտում էինք, թե՝ ինչպես են մութ ամպերը խտանում մեր այդ մի կտոր հայրենիքի երկնքում։

 

Ժամանակին բանաստեղծը համարձակվեց կանխագուշակել․

«Պարն ավարտվել է,

Ու խաղն արդեն վերջանում է։

Հանեցեք ձեր դիմակները։ ․․․

․․․Ուշացած արթնացումը

Կնմանվի մի պայթունի։ ․․․

 

Եվ եղավ այն, որից հետո մեզանից շատերը դարձյալ տագնապի մեջ էին։ Երկրաշարժ, կայսրության փլուզում։ Փլուզվեց այն, ինչը մեզ բավականին ամուր, կայուն էր թվում։ Ավաղ, դարձյալ այդ մի կտոր հողն էր, որը որերրորդ անգամ պատերազմի թատերաբեմ էր դառնում։ Անցյալում մենք միշտ վախեցել ենք այդ վախից, փորձել ենք մեզ համոզել, որ եղածը՝ միակ ելքն է և մշտական, բոլոր այլ տարբերակներից․․․

Որքա՜ն էինք սխալվում․․․

Այո, դա էր իրավիճակը հայրենիքում և դա մեզ թվում էր՝ անխնա, հուսահատեցնող։ Իրոք որ իրականությունը ցավատանջ էր, իսկ հորիզոնը՞, ավելի քան մռայլ: Սակայն օրհասական այդ պահին հաղթանակեց հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնազդը։ Ամեն մի սերունդ միայն մի անգամ է իր պայքարը մղում, մեր սերնդակիցներից շատերը իրենց կյանքի գնով այն ավարտեցին դրսի թշնամու դեմ փայլուն հաղթանակով, որին դու փորձում էիր հեռվից օգնություն կազմակերպել: Սակայն ասես որերրորդ անգամ, դարձյալ կրկնվում է պատմությունը։ Նրանցից շատերը և հայ ժողովուրդը դարձյալ պարտություն կրեցին, այս անգամ ներքին բռնապետության դեմ իրենց պայքարում…

Հիշում եմ, թե ինչպիսի մոլեռանդությամբ էիր կարողանում դարձյալ հետաքրքրվել մեր հայրենիքով և քո հոդվածներում պախարակում էիր մարդկանց, ովքեր դեռ երեկ պայքար էին մղել թշնամու դեմ, իսկ այդ օրերին գերված իշխանական աթոռի հմայքից, կորցրել էին ամեն մի չափ, ցանկանում էիր նրանց հիշեցնել, որ այո, իրոք շատ կապ կա Թանզանիայի անտառներում առյուծի վրա արձակած գնդակի և քարի տակի գյուղի վառելիք շալակած ութամյա տղայի ծակ կոշիկների հետ։ Հասկացողը հասկանում էր, իսկ այդ խոսքերի հասցեատերը՞, հազիվ։ Դու բարկացած և խոժոռ հայացքով, ես հեռվից- հեռու տեսնում էի դա,  ողբում էիր, որ ժողովրդի պայքարը ազատության համար և պարտադրված պատերազմը հաղթանակով գլխավորած անձինք, երևի թե պատրաստ էին խաղաղ ժամանակ, իրենց աթոռը պաշտպանելու համար, այդ պայքարը զիջել թշնամուն: Թվում էր թե…, այո, թվում էր թե, ժողովուրդը այլևս հոգնած, արդեն հանձնվել է: Սակայն կատարվեց նաև անհավատալին, վկան եղանք, որ գտնվեցին անձինք, ովքեր  գլխատեցին նոր ձևավորվող և այնքան հույսեր ներշնչող, բայց դեռ չամրապնդված՝ պետականությանը, որը սկիզբն էր երկու տասնամյակ տևող պետական բռնության և վերնախավի ազգակործան իշխանության էլ ավելի բարոյազրկման ժամանակաշրջանի: Նմանը գիտենք պատմությունից․․․

Հեղափոխությունն է ելքը, զինված ապստամբությունը, բարձրաձայնում էին որոշները։ Ժողովուրդների պատմությունը լի է նման օրինակներով,: Դու գիտեիր սակայն, որ հայ ժողովրդի համար դա կործանարար է լինելու և նա մերժելու է այն և եզրահանգում էիր, իսկ, ո՞վ է ասում, որ հեղափոխությունը զենքով պետք է լինի: Դա մարգարեություն է՞ր քո կողմից, թե՞, ինչ որ ցանկության բարձրաձայնում․․․

Եվ հետո՝ այդ ահավոր գուժը, որից հետո ես միշտ մտածել եմ, թե դու ինչպիսի ծանր ճիգերի գնով, փորձում էիր ինձ զգացնել չտալ, երբ այդ  չարորակը իր՝ արմատներով օրեցօր ավելի խորն էր թափանցում քո մեջ․․․

Հետո՞, այնուամենայնիվ գտնվեցին «Խելառներ», «Սասնա Ծռեր», ովքեր փորձ արին զենքով, սակայն դա հուսահատ մի քայլ էր: Ժողովուրդը որքան էլ որ ցանկանար, չէր կարող հետևել նրանց ու նրանք պարտվեցին։ Մեր փնտրտունքների ընթացքում բազմաթիվ անգամներ ենք խոսել ելքի մասին և այն, այո այն Մեսիայի մասին, ով փրկարար շունչ էր բերելու թմրյալներին․․․

Եւ ո՞վ հրաշք, հայտնվեց այդ մեկը…

2008 թվականի փետրվարյան ցույցերն էին, որոնց մենք հետևում էինք սրտատրոփ, ակնկալիքներով, վկան էինք, թե ինչպես են իշխանությունները բախումներ հրահրում, խաղաղ ցուցարարներին բռնության մղելու համար: Եվ ամենուր՝ խաղաղ բարիկադների վրա այն կրակոտ երիտասարդն էր երևում, ով հոգին բարձրախոսի մեջ դնելով, ժողովրդին պայքարի էր կոչում: Սկզբում շատ տարօրինակ էր հնչում նրա ազգանունը և մենք այդպես էլ չհասցրինք սերտել այն: Սակայն իշխանամոլները արին այն, ինչին ընդունակ էին, մահ ու սարսափ տարածելով ամենուր, լռեցրին ազատատենչ ժողովրդի ձայնը…

Որքա՜ն էինք ողբում…

Բարեբախտաբար նրանք չկարողացան ընդմիշտ ընկճել և լռեցնել հայրենի ժողովրդին: Ու հիմա ես որքա՜ն եմ ողբում, որ դու չկարողացար տեսնել այն զարթոնքը և մասնակցել նրա հաղթանակին, որը մենք երազում էինք, մեր կիրակնօրյա բազմաթիվ ու բազմաժամ հեռախոսային զրույցներում:

Այո սիրելիս,

Եվ եղավ այն, որ ընդամենը տասը տարի անց, նա, այդ կրակոտ երիտասարդը, Գյումրիից սկսեց իր «դուխով» քայլը, Երևանի վրա արշավեց իր մի տասնյակ համախոհներով և ի- լուր աշխարհի, հայտարարեց իր թավշյա հեղափոխության սկիզբը: Ու գտնվեցին այլ «դուխով» երիտասարդներ, ովքեր հավատացին՝ անհավատալիին: Պետք է տեսնեիր սիրելիս, այդ պատմական օրը, նրանց՝ այդ «դուխովների» պատմական մուտքը՝ Երևանի Հանրապետության հրապարակ, «Քայլ արա մերժիր Սերժին» կարգախոսը վանկարկելով: Հետագա օրերին ավելի համախմբվեց  հայությունը, թավշյա հեղափոխությունը հաղթանակեց և եկավ այն պատմական պահը, երբ ամբողջ աշխարհի հայությունը, ներկա, թե բացակա, հետևում էր Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքին: Այդ օրը, հայոց պատմության այն բացառիկ պահն էր, երբ ամբողջ աշխարհի ազատատենչ հայությունը միաձուլվեց, միաձուլված բռունցք դարձավ: Պետք է գիտենաս, որ այդ օրը մենք բոլորս էլ արցունք ունեինք մեր աչքերում և այն գիտակցությունը մեր սրտերում, որ հենց այդ րոպեի համար՝ արժեր ծնվել և ապրել: Այդ պահին որքա՜ն էի հուզվել, որ դու չկարողացար համայն հայության ցնծության այդ օրը, ներկա լինել: Ըմբոշխնել այն: Այո, գիտեմ, այդ պահին դու կլինեիր հրապարակում, քո «դուխով» պահվածքով, «դուխով» մարդկանց կողքին: Դա այն օրն էր, այն պահն էր, որին հայ ժողովուրդը սպասել է դարեր, հազարամյակներ: Որքա՜ն էի ցանկանում, որ այդ օրը, այդ երեկո, մենք ներկա լինեինք Հանրապետության հրապարակում և մասնակցեինք հայության այդ  տոնակատարությանը, երբ նա լիաթոք ցնծությամբ ողջունում ու ծափահարում էր իր նոր առաջնորդին, իր երկրի՝ երիտասարդ վարչապետին, ՆԻ’ԿՈԼ, ՆԻ’ԿՈԼ գոչելով…

Ու ես պատկերացնում եմ, ուշ գիշերին, երբ երևանցիները՝ արտակարգ հրաշքից արբած, արդեն դատարկելու կլինեին երևանի փողոցները, մենք Աբովյանով կքայլեինք դեպի վեր, Տերյան փողոցում գտնվող պոլիտեխնիկական ինստիտուտի հանրակացարան, կբարձրանայինք երկրորդ հարկի մեր սենյակը, չգիտես ում մոտ: Տարիներ են անցել, սակայն պատկերացնում եմ, որ քնած տնվորները առանց տրտունջի մեզ ներս կհրավիրեին և մենք տան տիրոջ իրավունքով սեղանին կդնեինք, որտեղից հրաշքով մեզ մոտ հայտնված կոնյակի շիշեր, ուտելիքներ, և ողջունելով հայոց աշխարհի, այնքա՜ն սպասված՝ նոր այգեբացին, կխմեինք՝ Հայաստանի հաղթանակած ժողովրդի, նրա նոր՝ դուխով երիտասարդության, նրա՝ երիտասարդ վարչապետի կենացը և կցանկանայինք, որ այդ հաղթանակը լինի ամուր, արդյունավետ, բոլոր ժամանակների փորձություններին դիմացող և հավիտենական․․․

Այդ ո՞վ է ասել, թե՝ «Հայերը մեծ երեխաների նման սիրում են երազել, և հետո երազում են իրենց երազներից, ասես դրանք իրական լինեն»…

Մենք մեր զրույցներում հաճախ ենք խոսել այդ առեղծվածի՝ հայրենիքի մասին: Թե որքան հանելուկային է այն, թե՞ ինչպիսի՞ ձգողական  ուժ ուներ այդ «արյան կանչը», որը, մոտ երեքուկես դարաշրջան հետո էլ այնքա՜ն արթուն էր, այնքա՜ն առարկայական, զուլումի տարիներին Իրանի խորքերը քշված սերունդների հիշողություններում, երգերում, պատմություններում, բաժակաճառերում, որին մենք նախընտրեցինք և հետևեցինք, մեր ետևում թողնելով մեր բոլոր ընտանեական կապերը։․․․

Եվ այո, սիրելիս, խոստովանության այս պահին, ես՝ միայնակ, սակայն զգալով քո ներկայությունը, դարձյալ մտորում եմ, ինչո՞ւ այդ ամենը այդպես դասավորվեց։ Մենք տեսանք Ավետյաց երկիրը, առժամյա ապրեցինք այնտեղ, սակայն մենք չգտանք մեր հոգու հայրենիքը ու դարձյալ թափառական դարձանք, թափառական դարձնելով մեր երեխաներին, մեր գալիք սերունդներին․․․

Կարո՞ղ  են նրանք, ներկայիս այս ամենակուլ հորձանուտում, հայ մնա՞լ, հայրենիք փնտրե՞լ․․․

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, մարտ-ապրիլ 2019

 

 

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net