ատավճիռից անմիջապես հետո Գուրգեն Յանիկյանը պատասխանում է լրագրողների հարցերին (լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի)

«Ոչ ոքի դրախտ չէի ցանկանա ուղարկել, որովհետեւ շատ տխուր է լինելու այնտեղ: Դժոխք կցանկանայի իմ բոլոր ծանոթներին, եթե նրանք ցանկություն ունեն հանդիպելու իրենց ծանոթներին ու ընկերներին». ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ

Բանտում, դատավարությունից առաջ ստացա մի կարճ նամակ Նյու Յորքից: Մի հայուհի գրել էր.
«Ապրե ́ս, տղա ́ս: Եթե դրախտ կա, դու այնտեղ տեղ ունես»:
Հեղինակի ով լինելն ինձ հայտնի չէր: Անվանելով ինձ՝ 78 տարեկանիս, «տղաս»՝ ենթադրում եմ, որ ինձանից հասակով է, այսինքն 80-ն անցած պիտի լինի:
Եթե ե ́ս գրած լինեի այդ նամակը, «եթե» չէի գործածի: Մանավանդ ոչ ոքի դրախտ չէի ցանկանա ուղարկել, որովհետեւ շատ տխուր է լինելու այնտեղ: Դժոխք կցանկանայի իմ բոլոր ծանոթներին, եթե նրանք ցանկություն ունեն հանդիպելու իրենց ծանոթներին ու ընկերներին: Չեմ ուզում շատ գրել այս հարցի վերաբերյալ: Մի քանի գրքերումս ես բավական մանրամասն շոշափել եմ այդ հարցը: Չեմ գրում, որ չվիրավորեմ եկեղեցական հայերին, որոնք մեր հայապահպանման հարցում անկեղծորեն կատարում են իրենց պարտականությունը: Չնայած իմ ունեցած համոզմանը, ընդհանրապես, հավատքի կամ կրոնի վերաբերյալ եւ նրանց բացասական ընդհանուր դերին մարդկային կյանքի առաջադիմության մեջ, ես պիտի շնորհակալ լինեմ մեր նախնիներին, որ նրանք անբաժան եղան իրենց ընդունած կրոնից: Չնայած անհամար զոհերին՝ կրոնը չթողեց, որ մեր նաիրյան ցեղն անհետանա, որ մեզ մինչեւ 20-րդ դարը հասցրեց:

Որպեսզի ինձ ճանաչողները չասեն, թե կյանքի վերջալույսին վերադարձավ իր պապերի կրոնին ու դարձավ հավատացյալ, մտցնելու եմ որոշ բացատրություն: Եթե իմ ցեղը մնար արեւապաշտ (կամ ընդուներ սատանայապաշտություն) եւ երբեք չհամաձայներ միանալ ուրիշ կրոնների հետ, այլ մնար ինքնուրույն, արդյունքը կլիներ նույնը: Ոչ թե ա ́յս կամ ա ́յն կրոններն են պահպանում ազգի ինքնությունը, այլ այն, որ նրանք մնում են միշտ կպած մի տեսակետի՝ իրենց ընդունածը պաշտպանում են, նույնիսկ եթե ամենաանհավատալի ու ծիծաղելի հավատքը լինի այդ: Այդպիսիները չեն անհետանա, այլ կպահեն իրենց դիմագիծը, որպես ինքնուրույն ազգ:

Պետք է շնորհակալ լինել մեր հավատքի անցած դարերի առաջնորդներին, որ նրանք հրաժարվեցին ընդունել ուրիշ, ավելի մեծ ազգերի կրոնի ղեկավարների առաջարկը:
Գնահատելով մեր կրոնական առաջնորդների այս քայլը՝ պետք է համենայն դեպս ասեմ, որ նրանք, պահելով իրենց ինքնությունը, հեռուն չէին նայում, այլ միայն աշխատում էին չկորցնել իրենց աթոռները եւ ստացած հարգանքը: Կյանքը փաստեց, որ նրանց այս անձնական մտածողությունը շատ օգտակար եղավ մեր ցեղի համար:

Եթե այս հարցին մոտենանք լրջորեն, մեր պատմության մեջ փոփոխություններ պիտի մտցնենք: Քրիստոնեության քարոզած բարոյականությունը հիմնված է առեւտրի վրա. տո ́ւր հիմա, երբ մեռնես, այն աշխարհում վարձդ կստանաս:
«Եթե ապտակեցին քեզ, մյուս երեսդ դարձրու». ի՞նչ անշնորհք ու մարդու ինքնասիրությունը վիրավորող մի առաջարկ:
Թողնենք կրոնական հարցերը, որպեսզի ընթերցողներն ինձ անաստված չանվանեն: Միայն ասելու եմ, որ աշխարհումս ոչ մի պատերազմ այնքան արյունահեղ չի եղել, որքան կրոնական ընդհարումները: Անցած դարերը մոռացե ́ք, վերցրե ́ք մեր ներկա դարը:

Վա ́յ մարդկությանը, եթե «Աստված» կոչված մեծությունը կարող է այդպիսի մի գրություն տալ իր ստեղծածին:
Եթե մարդու մեջ ինքնասիրությունը, փառքի կարոտը, տիրելու եւ հրամայելու ցանկությունը, անձնական դրամական շահերը, փառամոլությունը եւ սրանց նման զգացումները գոյություն չունենային, կրոնները, մանավանդ քրիստոնեական կրոնը, երբեք չէին ունենալու այն դերը, որ ունեն մարդկության ներկա կյանքում: Այդ զգացումների գոյությունն ինքը՝ բնությունն է դրել մարդու մեջ: Միաժամանակ եւ դրել է տրամաբանություն ու խիղճ կոչվածները, սերն ու հարգանքը, երախտագիտությունը հանդեպ իրեն կյանք տվողները եւ այլ զգացումներ: Այս բոլորը մեծ մասամբ հակառակն են այսօրվա մեր զգացումների եւ դիպվածով ազգի հովիվներ, ղեկավարներ, առաջնորդներ կարգվածների:
Ցանկացածիս ավելի կանգնեցի կրոնի հարցի վրա, որովհետեւ նույնիսկ այստեղ՝ բանտում, հանգիստ չեն թողնում հոգու որսորդները:

Թող ընթերցողները ներեն, որ մի քիչ էլ խոսեմ այս մասին ու պատմեմ հետեւյալ դեպքը:
Սկզբնական խուցս դուռ չուներ: Երկաթե վանդակ էր, որի մեջ պահում էին ինձ, որպես մի վտանգավոր «ոճրագործի»:
Ամեն առավոտ, պատին կպցրած մի փոքր մետաղե սեղանի վրա գտնում էի զանազան քարոզչական գրքույկներ ու թռուցիկներ՝ այս կամ այն կրոնին պատկանող հայրերից: Ցանկացա իմանալ, թե ովքե՞ր են եւ ե՞րբ են դնում: Սուտ քնած ձեւանալով՝ սպասում էի այցելության: Երեկոյան ժամը 10-ին մի անձ մոտեցավ վանդակիս եւ թերթիկներ դրեց սեղանիս վրա:
— Մի ́ստիր, ասացի ես՝ վեր կենալով անկողնուց, ու նշան արեցի սպասելու:
— Հալո՜ , ինչպե՞ս ես,-որպես հին ծանոթի՝ հարցրեց գիշերային այցելուն:
— Ես լավ եմ: Ինչո՞ւ ես ամեն օր դնում այդ թղթերը սեղանիս: Քանի՜ անգամ դրանք
գցեցի միջանցքը, որ դու հասկանաս, որ դրանց կարիքը չունեմ:
— Այդպես մի ́ խոսիր, տղա ́ս (ասողը ըստ տարիքի, իմ թոռը կարող էր լինել):
— Տղա՞ս: Քանի՞ տարեկան ես, պարո ́ն, որ ինձ այդ անունով ես կանչում:
— Տարիքը կապ չունի: Հիսուսի համար բոլորը տղաք են: Իսկ ես՝ որպես նրա ներկայացուցիչը, կարող եմ այդպես անվանել բոլորին: Աստվա ́ծ է ինձ իրավունք տվել:
— Օ՜հ, Աստվա՞ծ: Ուրեմն դու նրան ճանաչո՞ւմ ես:
— Իհա ́րկե: Ի՞նչ ասել է «ճանաչո՞ւմ ես»:
— Հասցեն ունե՞ս,— ժպտալով հարցրի:
— Նա ամենուրեք է: Նա ամեն տեղ է:
— Նույնիսկ այստե՞ղ՝ բանտո՞ւմ,— շարունակեցի ես հարցապնդելով:
— Այո ́, նույնիսկ բանտում, նույնիսկ քո այս խցում: Նա ամեն տեղ է:
— Նույնպես մեր ներսո՞ւմ,— ցույց տալով՝ իբր հետաքրքրված եմ այս խոսակցությամբ՝ զարմացած հարցրի:
Այս հոգեւոր հովիվը, կարծելով թե ես իսկապես լուրջ եմ ընդունում իր խոսքերը եւ երեւի տեսնելով մի մարդ էլ դժոխքից փրկելու եւ դրախտ ուղարկելու մի պատեհություն, ավելի լուրջ ձայնով ու կեղծավոր ժպիտով պատասխանեց.
— Այո ́, նա՝ Հիսուսի հայրը, ամեն տեղ է եւ ամեն ինչ տեսնում է: Պետք է աղոթել ու խնդրել իր որդու անունով, եւ նա կլսի: Նա ամեն տեղ է, նույնիսկ քո մեջ:
— Իմ մեջ,— զարմացած ու հետաքրքրություն ցույց տալով դեմքիս՝ հարցրի:
— Այո ́, քո մեջ այդ դեղին հագուստիդ տակ,— հաղթական դեմքով պատասխանեց սեւ զգեստ հագած իմ խոսակիցը, որը թռուցիկ էր ցրում բանտում, որպեսզի նոր զոհեր գտնի, թե ́ իր օգտի համար եւ թե ́ այն կազմակերպության, որի անունից գործում է:
— Եթե նաեւ իմ մեջ է Աստված, որին դու լավ ճանաչում ես, այն ժամանակ ես քո՝ որպես միջնորդի, կարիքը չունեմ: Ես ի ́նքս կխոսեմ նրա հետ: Ես սովորություն ունեմ իմ գործերը կարգադրելու առանց միջանկյալ մարդկանց: Տեսնո՞ւմ ես՝ դրա համար էլ այս վանդակում եմ:
Ասելով այս ու մի մեծ հարցական հայացք եւ ուրախ ժպիտ նետելով նրան՝ ես նորից պառկեցի անկողնուս վրա:
Մի վայրկյան ապշած մնալով՝ նայում էր ինձ, եւ որովհետեւ նրա նմանները սովոր են շատ արագ խոսելու. ատելության մի հայացք նետելով՝ ասաց.
— Դու երբեք չպիտի կարողանաս մեղքերդ քավել: Դու դժոխքի ես արժանի եւ պիտի այնտեղ գնաս, ուր…
Ես չթողեցի, որ նա վերջացնի.
— Ուրախ եմ եւ կասկած չունեմ, որ քեզ էլ այնտեղ կհանդիպեմ: Իսկ հիմա հեռացի ́ր իմ վանդակից եւ զուր տեղը ժամանակդ մի ́ վատնիր: Ես քեզանից լավ գիտեմ քո բոլոր բոսերի (մեծավորների) հասցեները:
Այդ դեպքից հետո թռուցիկներ այլեւս չստացա: Մի քանի անգամ տեսա նրան, բայց նա աշխատում էր նայել ուրիշ կողմ՝ իբր ինձ չեր տեսնում…
Գուրգեն Յանիկյան, Սան Լուիս Օբիսպո բանտախուց 7160, 1973 թ.
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` շուտով:

 

telegram.me/araxnews
Միացեք մեզ
Arax News / کانال خبری آراکس
سايت ارمني: araxnews.com
سايت فارسي: persian.araxnews.com
ارتباط با ما: araxnews@gmail.com

————————————————————————————————

Մի բացառիկ ՀԱՅԻ Պատմություն…

 

https://youtu.be/3FeCxPHEE3Q

 

Գուրգեն Յանիկյանը հսկում է երկաթուղագծի շինարարությունը (լուսանկարը՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի)

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert