-Դու հզոր ես:-Ծառը լսեց մարդու ձայնը:
Մարդը հեռվից էր խոսում` վախենում էր մոտենալ:
-Ինչու՞ մտածեցիր, թե հզոր եմ:
-Դիմացար կայծակի հարվածին:
-Ես ինքս հարվածն ինձ վրա վերցրի, որ քեզ չվնասի: Դու չէիր դիմանա:
-Ինչու՞ ես այդպես կարծում:
-Դուք, մարդիկդ, վախկոտ եք ու թույլ, դուք բնության հաշվին եք ապրում` շարունակ վնասելով նրան:
-Դու էլ բնության մաս ես, ինչու՞ վրեժ չես լուծում մարդուց:
-Վրեժը ձեր բնույթն է, բնությունը, այս պահին ծառերս, բարի ենք` ձեզ համար թթվածին ենք արտադրում, հով ենք անում շոգին, իսկ դուք…
Ծառը տնքաց քիչ առաջ կայծակից ստացած ցավից, պահեց իրեն, որ չարություն չհավաքվի իր մեջ:
-Ուժե՞ղ էր հարվածը,-լսվեց մարդու ձայնը:
Ծառը զսպեց տնքոցը.
-Ձեր գիտնականների լեզվով ասած` 100 հազար ամպերի ուժգնությամբ:
-Հաաա…. Ես դրան չէի դիմանա:
-Դուք ընդհանրապես ոչ մի բանի չեք դիմանում. օդը մի քիչ ցրտում է` կծկվում եք, շոգում է` ստվեր եք փնտրում, կայծակի դեմ էլ շանթարգել եք հորինել:
-Բնազդ է,-ավելի հարմար պատասխան չգտնելով` ասաց մարդը:
-Բնա՞զդ,-զայրացած վրա բերեց ծառը,- ծառ կտրե՞լն էլ բնազդ է, ձեզ ինքնակամ թթվածնից զրկե՞լն էլ բնազդ է: Դուք, մարդիկդ, գիրք կարդալ սիրում եք, բայց գրքերի իմաստություններից չեք խրատվում: Ամերիկյան գրող կա` Լենտինի, կարդացեք նրա գրած «Ծառ» գիրքը. «Մարդը ողջ մնաց բնության դեմ մղած պայքարում, իսկ ողջ կմնա՞, արդյոք, բնությունը»:
-Երբեմն մենք ստիպված ենք ծառեր կտրել,-ծառի այդ դիմացկուն պահվածքի դեմ փորձեց արդարանալ արդեն շատ խեղճացած մարդը:
-Դուք կույր եք շատ հարցերում:
-Օրինա՞կ:
-Օրինակ, դուք չեք նկատում օդը, բայց առանց օդի անմիջապես խեղդվում եք: Վայրի բնությունը ձեզ օդ, ասել է` թթվածին է մատակարարում, և այն անխնա ոչնչացնելուց հետո եք միայն զգում, թե գոյատևելու ինչ աղբյուր եք կորցրել:
Մարդը լռեց: Ծառն իրեն կարգի էր բերում այդ ահավոր հարվածից հետո: Հանկարծ, շատ անսպասելի, ծառն ասաց.
-Դու սիրու՞մ ես երաժշտություն լսել:
-Իհարկե,-արագ պատասխանեց մարդը, ուրախացած, որ ծանր թեման փոխվում է:
-Իսկ գիտե՞ս, թե ինչ է ասել անկրկնելի երաժշտությունների հեղինակ Բեթհովենը. «Իմ գլխավոր մտքերը ես քաղում եմ բնության գրկում, անտառում, զբոսանքների ժամանակ. պոետի մեջ դրանք արտահայտվում են բառերով, իսկ իմ մեջ վերածվում են ձայների»:
…Մարդը վախեցավ շարունակել զրույցը. նա ակնհայտ պարտվում էր, և ծառի հաղթ կեցվածքի դիմաց շատ խղճուկ տեսք ուներ: Եվ հեռացավ` չասած անգամ ցտեսություն: Մարդը ամաչեց ծառի այդ վեհ պահվածքից:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert