Եվ ես հոգնել եմ ձեզանից մարդիկ,
ինձ մի շղթայեք ձեր կեղծ աշխարհին,
իմ աշխարհն այնտեղ հեռու՜ հեռվում է,
ուր խենթ օվկիանում հոգիս լողում է:

Ինձ մի դարձրեք ծեր բեմին գերի,
ես խամաճիկ չեմ և ոչ դերասան,
իմը երկինքն է պարզ ու անթերի,
որտեղ սուտ ու կեղծ ժպիտներ չկան:

Եվ այո՛ խենթ եմ,խենթ եմ ու խելառ,
բայց հոգիս փուչ չէ,կեղծ չէ ու դատարկ,
ինձ պետք չեն ծափեր դահլիճից այդ պիղծ,
որտեղ մարմին են վաճառում բեմից:

Ես ծաղրածու չեմ,չեմ կարող ձեզ պես
կերպարներ կերտել բազում ու տարբեր,
մեկից սեր ուզել,մյուսին էլ սեր տալ,
իսկ երրորդի հետ գիշերս կիսել:

Ինձ թողեք հանգիստ ,թույլ տվեք ապրել,
և ինձ մի խաչեք այն բանի համար,
որ նման չեմ ձեզ ,տարբեր եմ ձեզնից,
հոգիս մանուկ է՝խենթ է ու խելառ:

Չեք հոգնել մարդիկ ձեր կեղծ դերերից,
մայթերից այս լուռ,արցունքոտ,մռայլ,
ուր ամեն գիշեր թաքուն աշխարհից
փարվում եք բարձին և մեղք եք լալիս:

Չեք հոգնել մարդիկ այս սուտ ծափերից,
առավոտներից անարև ու մութ
և այն բեմերից ,ուր սատանան անգամ
թևեր է կարում մեղքով լի մարմնին
և դիմակ հագնում անմեղ մի մանկան:

Չեք հոգնել մարդիկ,իսկ ես հոգնել եմ,
հոգնել եմ ձեր այս աշխարհից,
ուր պոռնիկները դարձել են տիկին,
իսկ այն ոհմակը՝ծարավ բաց մարմնի
դարձել պարոններ այդ տիկնանց կողքին:

Հոգնել եմ մարդիկ,ինձ թողեք հանգիստ,
ինձ մի շղթայեք ձեր կեղծ աշխարհին,
իմ աշխարհն այնտեղ հեռու՜ հեռվում է,
իմը երկինքն է պարզ ու անթերի:

Անի Հերունի Սաջյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert